Jump to content

Էլեն Սքրիպս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեն Սքրիպս
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 18, 1836(1836-10-18)[1]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]
Մահացել էօգոստոսի 3, 1932(1932-08-03)[1] (95 տարեկան)
Մահվան վայրԼա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունKnox College?
Մասնագիտությունլրագրող, գրող և գործարար
 Ellen Browning Scripps Վիքիպահեստում

Էլեն Բրաունինգ Սքրիպս (անգլ.՝ Ellen Browning Scripps, 1836 թվականի հոկտեմբերի 18 - 1932 թվականի օգոստոսի 3), ամերիկացի լրագրող և մարդասեր, Հարավային Կալիֆոռնիայում մի քանի խոշոր հաստատությունների հիմնադիր։ Նա և իր խորթ եղբայրը ստեղծել են E. W. Scripps Company-ն՝ Ամերիկայի ամենամեծ թերթերի ցանցը, որը կապում էր Միջին Արևմուտքի արդյունաբերական քաղաքները Արևմուտքի արագ զարգացող քաղաքների հետ։ 1920-ականներին Էլեն Բրաունինգ Սքրիպսի կարողությունը գնահատվել է 30 միլիոն դոլար (կամ 3 միլիարդ դոլար՝ 2024 թվականի դոլարով), որի մեծ մասը նա նվիրաբերել է։

Նա հայտնվել է Time ամսագրի շապիկին Կալիֆոռնիայի Կլերմոնտ քաղաքում Սքրիպս Քոլեջի հիմնադրումից հետո[3]։ Նա նաև միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել աշխարհի տարբեր կազմակերպություններին, որոնք խոստացել են խթանել ժողովրդավարական սկզբունքներին և կանանց կրթությանը[4]։

Նա օգնել է հիմնել Սքրիպսի օվկիանոսագիտության ինստիտուտը, Սքրիպսի հետազոտական ինստիտուտը (TSRI) և Սքրիպսի բժշկական կենտրոնը, որը գտնվում է Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում։

Ընտանիք

Էլեն Բրաունինգ Սքրիպսը ծնվել է 1836 թվականի հոկտեմբերի 18-ին Լոնդոնում։ Նրա հայրը՝ Ջեյմս Մոգ Սքրիպսը (1803-1873), վեց երեխաներից ամենափոքրն էր, որը ծնվել էր լոնդոնաբնակ հրատարակիչ Ուիլյամ Արմիգեր Սքրիպսի (1772-1851) և Մերի Դիքսիի (1771-1838) ընտանիքում։ Նա աշակերտել է Լոնդոնի առաջատար կազմարար Չարլզ Լյուիսին, որտեղ սովորել է այդ արհեստը։ Ջեյմսը ամուսնացել է իր զարմիկի՝ Էլիզաբեթ Սաբեյի հետ 1829 թվականին և ունեցել երկու երեխա, որոնցից միայն մեկն է հասունացել՝ Էլիզաբեթ Մերին (1831-1914)։ Էլիզաբեթ Սաբեյը մահացել է դստեր ծննդյան հաջորդ օրը։ Երկու տարի անց Ջեյմս Մոգը ամուսնացել է Էլեն Մերի Սաունդերսի հետ։ Նրանք ունեցել են վեց երեխա, որոնցից միայն հինգն են ապրել մինչև չափահաս դառնալը՝ Ջեյմս Սքրիպսը (1835-1906), Էլեն Բրաունինգը (1836-1932), Ուիլյամ Արմինգերը (1838-1914), Ջորջ Հենրին (1839-1900) և Ջոն Մոգը (1840-1863)։ Էլեն Մերի Սքրիպսը մահացել է կրծքագեղձի քաղցկեղից 1841 թվականին[5]։

Գրքերի իր խանութի ձախողումից և երկրորդ կնոջ մահից հետո Ջեյմս Մոգը 1844 թվականի ապրիլին իր վեց երեխաների հետ գաղթել է Միացյալ Նահանգներ։ Նրանք մեկնլ են Սքրիպսի ընտանիքի մյուս անդամների մոտ։ Ջեյմս Մոգն ամուսնացել է իր երրորդ կնոջ՝ Ջուլիա Օսբորնի հետ 1844 թվականի նոյեմբերին։ Նրանք ունեցել են հինգ երեխա՝ Ջուլիա Էննը (1847-1898), Թոմաս Օսբորնը (1848-1853), Ֆրեդերիկ Թյուդորը (1850-1936), Էլիզա Վիրջինիան (1852-1921) և Էդվարդ Ուիլսը (1854-1926), հայտնի թերթի մագնատ և The E.W. Scripps Company-ի հիմնադիր[6]։

Կենսագրություն

Վաղ տարիներ

Քոլեջ, որտեղ սովորել է Էլեն Բրաունինգը

Էլեն Բրաունինգ Սքրիպսը ծնվել է Լոնդոնում և մեծացել Իլինոյս նահանգի Ռաշվիլ շրջանում։ Վաղ տարիքից զբաղվել է ընթերցանությամբ և սովորելով։ 1855 թվականին՝ քոլեջ ընդունվելուց մեկ տարի առաջ, նա ստացել է ուսուցչի դիպլոմ և սկսել դասավանդել Իլինոյս նահանգում։ Նա իր տասը բարեկամնից միակն էր, ով հաճախել է Իլինոյս նահանգի քոլեջներից մեկը՝ այն սակավաթիվ հաստատություններից մեկը, որտեղ կանայք էին ընդունվում։ 1859 թվականին ավարտել է քոլեջը մաթեմատիկայի գերազանցությամբ՝ ստանալով ավարտական վկայական։ Դրանից հետո նա վերադարձել է Իլինոյս նահանգի Ռաշվիլ շրջան՝ դասավանդելու մեկ սենյականոց դպրոցում[4][7]։

Լրագրություն

Քաղաքացիական պատերազմից հետո Սքրիպսը դադարել է աշխատել որպես դպրոցի ուսուցիչ և գնացել է Դետրոյթ, որն այն ժամանակ արագ զարգացող արդյունաբերական կենտրոն էր Արևմուտքում։ Նա միացել է իր եղբորը՝ Ջեյմս Սքրիպսին, խմբագրելով The Detroit Evening News-ում, որը փոքր, էժան և քաղաքականապես անկախ թերթ էր, կենտրոնացած քաղաքի բանվոր դասակարգի վրա։ Դա Սքրիպսների ընտանիքի բարգավաճման սկիզբն էր։

Որպես բաժնետեր Էլեն Սքրիփսը կարևոր դեր է խաղացել Սքրիպսի խորհուրդներում։ Նա բիզնես խորհուրդներ է տվել իր կրտսեր խորթ եղբորը և ընտանեկան ֆինանսական վեճերում նրա կողմն է անցել։ Նա նշել է, որ իր եղբորը շատ անգամներ փրկել է ֆինանսական կործանումից[8][4]։ 1880-ականներին եղբոր փորձը՝ տիրանալ Scripps Publishing Company-ին, ձախողվել է, ինչի արդյունքում դատավարություն է սկսվել, որի հետ խզվել է իր և խորթ եղբոր կապը[9][4]։

Ճամփորդություններ

1881 թվականին Էլենը և իր եղբայրը՝ Էդվարդ Ուիլսը, մեկնել են Եվրոպա, որպեսզի վերջինս կարողանա հանգստանալ աշխատանքից և բարելավել առողջությունը։ Նրանք երկաթուղային տրանսպորտով Ֆրանսիայի միջով գնացել են Միջերկրական ծով, նավով անցել Ալժիր, այնուհետև շարժվել դեպի հյուսիս՝ Իտալիա, Ավստրիա և Գերմանիա։ Էլենը շաբաթական նամակներ էր գրում The Detroit Evening News-ում իրենց ճանապարհորդությունների մասին՝ նկարագրելով իր տպավորությունները[4][10]։ Հետո նա սկսել է տասնամյա ճանապարհորդություն՝ այցելելով Ամերիկայի Հարավ, Նոր Անգլիա, Կուբա և Մեքսիկա։ 1888-1889 թվականներին նա երկրորդ ուղևորությունն է կատարել դեպի Եվրոպա, որը ներառել է Փարիզի համաշխարհային ցուցահանդես այցելելը և երեք ամիս Իսպանիայում մնալը։ Տասը տարի անց նա շրջագայել է Ֆրանսիայում, Բելգիայում և Անգլիայում[5]։

Կալիֆոռնիա

1887 թվականին Էլենի քույր՝ Ջուլիա Էննը, տեղափոխվել է Ալամեդա, Կալիֆոռնիա՝ ծանր ռևմատոիդ արթրիտի բուժում ստանալու համար։ Մտահոգված լինելով քրոջ բարեկեցությամբ՝ Էլենն իր առաջին ուղևորությունը կատարել է Կալիֆոռնիա 1890 թվականի ձմռանը։ Դրանից անմիջապես հետո Էլենն ու նրան եղբայրը հող գնեցին Սան Դիեգոյում և իրենց մյուս եղբոր՝ Ֆրեդի հետ միասին հիմնեցին Միրամար ռանչոն։ Այն գտնվում էր ժամանակակից Scripps Ranch-ում։ Ռանչոն տունը քանդվել է 1973 թվականին[11][12]։

1897 թվականին Սքրիպսը տեղափոխվել է ծովափնյա Լա Ջոլա գյուղ, որտեղ նա կառուցել է համեստ տուն, որը կոչել է South Molton Villa՝ ի պատիվ Լոնդոնի այն փողոցի, որտեղ նա ծնվել էր։ Տունը այրվել է 1915 թվականին, որից հետո Սքրիպսը ճարտարապետ Իրվինգ Ջիլին հանձնարարել է նախագծել նոր հրակայուն բետոնե կառույց նույն ժամանակակից ճարտարապետական ոճով, ինչ Բիշոփի դպրոցը, La Jolla Woman's Club-ը։ Այն նկարագրվել է որպես Գիլի «գլուխգորխոցներից» մեկը[13]։ Նրա տունը ներկայումս Սան Դիեգոյի ժամանակակից արվեստի թանգարանն է։ Հաջորդ երեք տասնամյակների ընթացքում նա և իր խորթ քույրը՝ Վիրջինիան, ստեղծել են Սքրիպս ընտանեկան համալիր, որը ներառում էր ընդարձակ այգիներ, Վիստերիա քոթեջ (այժմ ՝ La Jolla Historical Society), գրադարան, հյուրերի բունգալոներ և երկու ավտոտնակ։

Լա Ջոլայում Էլենը աստիճանաբար դուրս է եկել իր մտերիմների շրջանակից և սկսել է ձեռք բերել կին ծանոթների։ Լա Ջոլան ամբողջ տարվա ընթացքում աճող թվով բնակիչներ ուներ, որոնցից շատերը չամուսնացած կանայք կամ այրիներ էին։ Նա նշել է, որ սկզբնական օրերին «Դա կանանց քաղաք էր»[4]։ Բաի մի շարք այլ կազմակերպությունների, նա Լա Ջոլայի գրադարանային ասոցիացիայի և Լա Ջոլայի կանանց ակումբի հիմնադիր անդամ էր։

Հարստություն

Էլեն Բրաունինգ Սքրիպսը հարստություն է ձեռք բերել՝ ներդրումներ կատարելով Արևմուտքում եղբոր աճող թերթերի ցանցում։ 1894 թվականին նրա Էդվարդ Ուիլսը համագործակցել է Միլթոն Ա. Մաքրեյի հետ, ով հետագայում դարձել է Սքրիպսի գլխավոր օգնականներից մեկը։ Ջորջ Սքրիպսը միացել է նրանց ընկերությանը 1895 թվականին։ Խումբը ղեկավարել են The Cincinnati Post, The Cleveland Press, The St. Louis Chronicle, The Toledo News-Bee և the Kansas City Star թերթերը։ 

1890-ականների վերջին Էլենի եղբայրը՝ Էդվարդ Ուիլսը, սկսել է ձեռք բերել թերթեր Կալիֆոռնիայում, այդ թվում՝ The Los Angeles Record, The San Diego Sun և The San Francisco News։ Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտքում թերթերի աճող շահութաբերությունը հանգեցրել է The Seattle Star-ի, The Spokane Press-ի, The Tacoma Times-ի և The Portland News-ի զարգացմանը[14][15]։

Էլեն Սքրիպսը զգալի ժառանգություն է ստացել իր եղբայր Ջորջ Սքրիպսից, որը մահացել է 1900 թվականին՝ թողնելով կտակ, որը նկարագրվում է որպես «ատելության Ժառանգություն»։ Evening News-ի իր բաժնետոմսերը նա նվիրել է Էդվարդ Ուիլսին, որին Ջեյմս Սքրիպսը համարում էր ոխերիմ թշնամին։ Միևնույն ժամանակ, Էլենը ստացել է Ջորջի բաժնետոմսերը Scripps Publishing Co.-ում։ Սա հանգեցրել է տասնմեկ տարվա դատական պայքարի, որտեղ շահել են Էդվարդ Ուիլսը և Էլենը[5]։

Մարդասիրություն

Սքրիպս Մեմորիալ ծովային կենսաբանական լաբորատորիա, Սքրիպսի օվկիանոսագիտության ինստիտուտ
Սքրիպս Քոլեջը Կալիֆոռնիայում

Հետաքրքրվելով գիտությամբ և կրթությամբ՝ Էլեն Բրաունինգ Սքրիպսը իր կարողության մեծ մասը նվիրաբերել է Կալիֆոռնիայի Կլերմոնտ քաղաքում գտնվող Սքրիպսի օվկիանոսագիտության ինստիտուտին, Բիշոփի դպրոցին և Սքրիպսի քոլեջին[16]։

Նա աջակցել է համայնքային նախաձեռնություններին, ինչպիսիք են La Jolla Women's Club-ը և La Jolla Recreation Center-ը, և ֆինանսական ներդրում է ունեցել ափամերձ տարածքների բարելավման նախագծերում, ինչպիսիք են Մանկական լողավազանի կառուցումը։ La Jolla Park-ը 1927 թվականին վերանվանվել է Ellen Browning Scripps Memorial Park՝ ի պատիվ Լա Ջոլային արված բազմաթիվ նվերների։

La Jolla Woman's Club

Առողջության նկատմամբ նրա հետաքրքրությունը թույլ է տվել նրան աջակցել Scripps Memorial Hospital-ին, այժմ Scripps Health-ին և Scripps Metabolic Clinic-ին, Այժմ Scripps Research-ին[7]։

Սքրիպսը ֆինանսավորել է վայրի բնության պահպանման բազմաթիվ նախաձեռնություններ, ներառյալ Սան Դիեգոյի կենդանաբանական այգին։ Նա նաև աջակցել է Վայրի բնության մասին գրքերի հրատարակմանը, ինչպիսիք են Ուիլյամ Լեոն Դոուսոնի «Կալիֆոռնիայի թռչունները»[7]։

1920-ականներից Սքրիպսը Սան Դիեգոյի բնական պատմության թանգարանի գլխավոր բարերարն էր՝ ֆինանսավորելով դրա կառուցումը և կրթական ծրագրերը[17]։ 1933 թվականին թանգարանին նվիրաբերել է ավելի քան 1000 ջրաներկ նկարներ[18][19]։

Նրա գրադարանի գրքերի հավաքածուից ավելի քան 2500 գիրք նվիրաբերվել է Կլերմոնտի քոլեջներին։

The New York Times-ը գնահատել է, որ իր կյանքի ընթացքում Էլենը Սքրիպսը տվել է նվերներ և նվիրատվություններ բարեգործական նպատակների համար, որոնք ընդհանուր առմամբ կազմում էին ավելի քան 2 միլիոն դոլար, որը համարժեք է 44,663,000 ԱՄՆ դոլարին 2023 թվականի դոլարի դիմաց[20]։

Չնայած Սքրիպսը մեծ ուշադրություն է ստացել հասարակության կողմից իր բարեգործական նախագծերի շնորհիվ, նա խուսափել է գովազդել իր նվերները և ուշադրություն հրավիրել իր վրա, քանի որ «հրապարակայնությունը տհաճ է միսս Սքրիփսի համար»[4]։

Մահ

Էլեն Բրաունինգ Սքրիպսը մահացել է իր տանը, 1932 թվականի օգոստոսի 3-ին, 95 տարեկանում։ Կարճ ժամանակ անց Editor & Publisher առաջատար ամսագիրը բարձր է գնահատել նրա ներդրումը ամերիկյան լրագրության մեջ. «Շատ կանայք ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստել են ամերիկյան մամուլի զարգացմանը, բայց նրանցից ոչ մեկը այնքան ազդեցություն չի ունեցել կամ այնքան օգուտ չի բերել, որքան Էլեն Բրաունինգ Սքրիփսը»[8]։ Միևնույն ժամանակ, The New York Times-ը ճանաչել է նրան որպես «ամերիկյան ժամանակակից լրագրության ռահվիրաներից մեկը»։ Մահախոսականում նրա մասին խոսվել է որպես կնոջ, որը կատարելապես տիրապետել է «ապրելու արվեստին», ինչպես նաև նվիրելու արվեստին[4]։

Ժառանգություն

Սքրիպսը առաջադրվել և ընդգրկվել է Սան Դիեգոյի կանանց փառքի սրահում 2007 թվականին, որը կազմակերպվել է Կալիֆոռնիայի կանանց թանգարանի, Սան Դիեգոյի կալիֆոռնիական համալսարանի, Սան Դիեգոյի Կանանց կենտրոնի և Սան Դիեգոյի պետական համալսարանի կողմից։ Scripps-ը նաև առաջադրվել է

Էլեն Բրաունինգ Սքրիպսի կողմից ստեղծվել և ֆինանսավորվել են մի շարք հաստատությունները։

Ծաոթագրություններ

  1. 1,0 1,1 http://www.fembio.org/biographie.php/frau/frauendatenbank?fem_id=24926
  2. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. «In California: Miss Ellen Scripps...another Oxford Rises». Time Magazine. February 22, 1926.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 McClain, Molly (June 2017). Ellen Browning Scripps: New Money and American Philanthropy (անգլերեն). U of Nebraska Press. ISBN 978-1-4962-0114-0.
  5. 5,0 5,1 5,2 Schaelchlin, Patricia A. (2003). The Newspaper Barons: A Biography of the Scripps Family. San Diego, CA: San Diego Historical Society. ISBN 978-0967007649.
  6. Scripps, James E. (1903). A Genealogical History of the Scripps Family and Its Various Alliances. Detroit, MI : Private Circulation. էջեր 21–23.
  7. 7,0 7,1 7,2 Britt, Albert (1960). Ellen Browning Scripps: journalist and idealist. Oxford : Printed for Scripps College at the University Press. էջեր 19–24.
  8. 8,0 8,1 Baldasty, Gerald J. (2000). "Scripps, Ellen Browning" in American National Biography Online. Oxford University Press.
  9. McClain, Molly (Spring 2010). «The Scripps Family's San Diego Experiment». The Journal of San Diego History. The San Diego History Center. 56 (1–2): 1–30. Վերցված է 20 August 2016-ին.
  10. Scripps College (1973). A Sampling From Travel Letters, 1881–1883. Claremont, CA : Scripps College.
  11. Preece, Charles (1990). E.W. and Ellen Browning Scripps: An Unmatched Pair. Chelsea, MD: Bookcrafters. էջ 116. ISBN 978-0-9619349-2-7.
  12. «Miramar Ranch (Scripps Castle)». Hidden San Diego. Վերցված է 22 August 2016-ին.
  13. Hines, Thomas S. (2000). Irving Gill and the Architecture of Reform. New York: The Monicelli Press. էջ 179. ISBN 978-1580930161.
  14. «E.W. Scripps Company History». Վերցված է August 21, 2016-ին.
  15. Baldasty, Gerald J.; Jordan, Myron K. (1993). «Scripps' Competitive Strategy: The Art of Non-Competition». Journalism Quarterly. American Association of Schools and Departments of Journalism. 70 (2): 265–75. doi:10.1177/1077699016659075. S2CID 148172739.
  16. The Philanthropy Hall of Fame, Ellen Browning Scripps Արխիվացված 2015-09-24 Wayback Machine
  17. Engstrand, Iris; Bullard, Anne (1999). Inspired by Nature: The San Diego Natural History Museum after 125 years. San Diego: San Diego Natural History Museum. էջեր 64–65. ISBN 978-0918969040.
  18. Kamerling, Bruce (Summer 1978). «Anna and Albert Valentien: The Arts and Crafts Movement in San Diego». Journal of San Diego History. 24 (3): 343–65.
  19. Dykens, Margaret N. (2003). Plant portraits: the California Legacy of A.R. Valentien. Irvine, Calif.: Irvine Museum. ISBN 978-0971409255.
  20. «MISS ELLEN SCRIPPS DIES AT AGE OF 95». The New York Times. August 4, 1932. Վերցված է 12 February 2016-ին.

Գրականություն

Արտաքին հղումներ