Սուսաննա Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուսաննա Գրիգորյան
Ծնվել էսեպտեմբերի 3, 1928(1928-09-03)
Մեղրի
Մահացել էհունվարի 4, 1999(1999-01-04) (70 տարեկանում)
Երևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտությունկենսաբան և ֆիզիոլոգ
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան

Սուսաննա Մուշեղի Գրիգորյան (1928, սեպտեմբերի 3, Մեղրի - 1999, հունվարի 4, Երևան), հայ կենսաբան-ֆիզիոլոգ, պալեոգենի կենսաշերտագրության և հնէաբանության մասնագետ։ Կենսաբանահանքաբանական գիտությունների դոկտոր (1989)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուսաննա Գրիգորյանը ծնվել է 1928 թվականին Մեղրիում։ 1939 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ 1946-1951 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետում և ստացել կենսաբան-ֆիզիոլոգի որակավորում։ 1952 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ լաբորանտ, ասպիրանտ, ավագ գիտաշխատող, հնէաբանության և շերտագրության լաբորատորիայի վարիչ։ 1956-1959 թվականներին՝ ասպիրանտուրայում ուսանելու տարիներին ակադեմիկոս Արշալույս Գաբրիելյանի ղեկավարությամբ գիտահետազոտական աշխատանքներ է կատարել Մերձերևանյան և Վայքի շրջաններում, հայտնաբերել և ուսումնասիրել է բրածո նումուլիտների մի քանի տասնյակ ձևեր, որի արդյունքներն ամփոփվել են «ՀԽՍՀ հարավարևմտյան մասի վերին Էոցենի և օլիգոցենի նստվածքների շերտագրությունը և նումուլիտների ֆաունան» ատենախոսության մեջ[2]:

Իր գիտական գործունեության ընթացքում Գրիգորյանը ուսումնասիրություններ է կատարել Հայաստանի տարածքում, հետազոտել վերին կավճի (կամպան, մաաստրիխիտ) և պալեոգենի (պալեոցեն, էոցեն, ստորին և միջին օլիգոցեն) հասակների նումուլիտների և օրբիտոիդների ֆաունայով հարուստ մի քանի տասնյակ նոր ստուգանմուշային և շերտատիպային կտրվածքներ, այդ թվում Արարատի մարզի Ուրցաձոր և Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղերի շրջակայքի խոշոր նումուլիտներ՝ Nummulites millecaput (120-160 մմ տրամագծով) պարունակող վերին էոցենի և միջին և վերին էոցենը սահմանազատող ստուգանմուշային կտրվածքները։ Գրիգորյանը հնէաբանական ուսումնասիրություններ է կատարել նաև Նախիջևանի շրջանում, որտեղ նրան հաջողվել է առաջին անգամ ճշգրիտ հիմնավորել «Փարադաշի» շերտախմբի վերին մասի միջին էոցենյան հասակը[2]: Միջազգային համագործակցության շրջանակներում համեմատական ուսումնասիրություններ է կատարել Հունգարիայում:

Ղեկավարել է № 96-107 «Հայաստանի ֆաներոզոյի հնէաբանա-շերտագրական հուշարձանների ատլասը» գիտական թեման։ 1960-1970 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետում։ Եղել է ԽՍՀՄ և Կովկասի պալեոգենի միջգերատեսչական շերտագրական հանձնաժողովի անդամ, ԽՍՀՄ հնէաբանական ընկերության անդամ։ Բազմիցս մասնակցել է պալեոգենի շերտագրությանն ու հնէաբանությանը նվիրված հանրապետական, միութենական ու միջազգային գիտաժողովներին[2]:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ և համահեղինակ է 5 մենագրությունների, 28 գիտական հոդվածների և 10 ձեռագիր հաշվետվությունների։ Հոդվածների մի մասը թարգմանվել է անգլերեն և ֆրանսերեն, ինչպես նաև տպագրվել է արտասահմանյան գիտական պարբերականներում։ Ռուսերեն գրել է «Հայկական ԽՍՀ նումուլիտները և օրբիտոիդները» մենագրությունը (Երևան, 1986)։ Աշխատության մեջ նկարագրվել են վերին կավճի և պալեոգենի հասակի նումուլիտների և օրբիտոիդների ավելի քան 100 տեսակներ և ենթատեսակներ,այդ թվում միայն էոցենի նստվածքային ապարներից գիտության համար նոր 4 տեսակ և 5 ենթատեսակ։

1980-ական թվականներին Գրիգորյանը հանդիսացել է «Էոցենի և օլիգոցենի սահմանագծի երկրաբանական իրադարձությունները» № 174 միջազգային ծրագրի համաղեկավարներից մեկը։ Այդ ուսումնասիրությունների հիմնական արդյունքները նա հրատարակել է 1981 թվականին Մոսկվայում լույս տեսած «ԽՍՀՄ տարածքի ուշ էոցենի-վաղ օլիգոցենի երկրաբանական և կենսաբանական իրադարձությունները» մենագրության համապատասխան բաժնում։

Հայտանբերված դիսկոցիկլինների նոր ձևը Գրիգորյանն անվանել է ի պատիվ իր ուսուցիչ ակադեմիկոս Ա. Գաբրիելյանի։

Գրիգորյանի ուսումնասիրությունների արդյունքները ընդգրկվել են իսպանացի խոշոր գիտնական Ջոզեֆ Սեռա-Կիելիի 1998 թվականին Ֆրանսիայում տպագրված հիմնարար աշխատության մեջ՝ նվիրված Թետիսի պալեոգենի խոշոր ֆորամինիֆերների զոնալ կենսաշերտագրական սանդղակի (SBZ) ճշգրտմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. 2,0 2,1 2,2 ՀՀ ԳԱԱ տեղեկագիր, Գիտություններ երկրի մասին տեղեկագրի խմբագրություն