Սոցիալական գովազդ


Սոցիալական գովազդ, գովազդի ոչ առևտրային տեսակ, որն ուղղված է հասարակական վարքագծի մոդելների փոփոխությանը և հանրության խնդիրների վրա ուշադրություն գրավելուն[1]:
Սոցիալական գովազդը սոցիալական ապրանքի տարատեսակ է (ԱՄՆ-ում և Եվրոպայում այն նշելու համար ավանդաբար կիրառվում է PSA — public service announcement հասկացությունը), որն էականորեն տարբերվում է պետական և քաղաքական գովազդից:
Տեղական սոցիալական գովազդը ոչ առևտրային գովազդ է, որն ուղղված է տվյալ շրջանի առավել արդիական խնդիրների վրա ուշադրություն հրավիրելուն[2]:
Ավելի հաճախ այսպիսի գովազդների պատվիրատուները պետական մարմիններն են կամ ոչ առևտրային կազմակերպությունները:
Սոցիալական գովազդները հիմնականում ուղղված են թմրամիջոցների դեմ պայքարին, ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմանը, առողջ ապրելակերպի քարոզչությանը, բնապահպանությանը և նմանատիպ հարցերին:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ-ում սոցիալական գովազդի պատմությունն սկսվում է 1906 թվականից, երբ «Ամերիկյան քաղաքացիական միություն» հասարակական կազմակերպությունն ստեղծեց այդ տեսակի առաջին գովազդը, որը կոչ էր անում պահպանել Նիագարայի ջրվեժը տնտեսական ընկերությունների պատճառած վնասից[3]: Նախքան Հայրենական մեծ պատերազմը սոցիալական գովազդի առավել մեծ ծրագիր է եղել Սպիտակ երիցուկի օրը:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ` 1917 թվականին, ԱՄՆ-ում ստեղծվեց Ջեյմս Մոնտհոմերի Ֆլեգի պաստառը «Դու պետք ես ամերիկյան բանակին» վերնագրով, որի վրա Քեռի Սեմը նորակոչիկներին հորդորում էր գնալ բանակ:
1920-ական և 1940-ական թվականներին ԽՍՀՄ-ում ստեղծվեցին նմանատիպ ձևավորման և մտահղացմամբ պաստառներ` Դմիտրի Մոորի «Դու կամավո՞ր ես գրվել» և Իրակլի Թոիձեի «Մայր հայրենիքն է կանչում», որոնք հիշեցնում են Ֆլեգի պաստառը[3]:
Այդ թվականներին ստեղծված հասարակական ինֆորմացիայի կոմիտեն ակտիվ բացատրական աշխատանքներ էր իրականացնում` քաղաքացիներին տեղեկացնելով, թե ԱՄՆ-ն ինչու մտավ պատերազմի մեջ, և պարտությունը ինչով է վտանգավոր երկրի համար[4]:
«Սոցիալական գովազդ» հասկացությունը, որպես անգլերեն «public service advertising»-ի հոմանիշ, մասնագիտական միջավայրում ակտիվորեն սկսեց օգտագործվել Իգոր Բուրենկովի կողմից, ով հետագայում դարձավ Առաջին ալիքի հանրային կապերի տնօրեն[5]:
Կարգավորում և կոորդինացիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոցիալական գովազդի կոորդինացիան տարբեր երկրներում տարբեր կերպ է կազմակերպվում: Որոշ երկրներում այդ գործառույթը պատկանում է կառավարությանը, այլ երկրներում դրանով զբաղվում են հասարակական կազմակերպությունները, իսկ երրորդներում գործնականում չի իրականացվում:
ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ-ում սոցիալական գովազդի շուկայի հիմնական համակարգողը Գովազդային խորհուրդն է[6]: Այն ոչ պետական կազմակերպություն է, ստեղծվել է 1942 թվականին: Խորհրդի սկզբնական խնդիրն էր բնակչության կենտրոնացումը Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի վրա:
Հետպատերազմական տարիներին Խորհուրդն սկսեց զբաղվել սոցիալական գովազդի աշխատանքների պլանավորմամբ: Գործունեության սկզբում Խորհուրդը բավականին պահպանողական էր մոտենում գովազդային կազմակերպությունների թեմաներին, և հանրության շրջանում վեճեր կամ տարաձայնություններ չէին առաջանում: Ընկերություններն առաջարկում էին.
- նամակներ գրել Կորեայում ծառայող զինվորներին,
- կապել մեքենաների ամրագոտիները,
- անտառները պահպանել հրդեհներից:
Ժամանակի ընթացքում Խորհուրդը փոխեց իր քաղաքականությունը: Սկսեցին ընտրել առավել բուռն և սուր թեմաներ, ինչպես օրինակ` ուշադրություն դարձնել անգրագիտությանը, երեխաների հանդեպ բռնությանը, ՁԻԱՀ-ին[7]:
Կառավարությունն ակտիվորեն զբաղվում է սոցիալական գովազդով: 1993-2000 թվականներին միայն թմրամոլության դեմ պայքարի համար Քլինթոնի կառավարությունը սոցիալական գովազդի վրա ծախսել է 1.8 միլիարդ դոլար[1]:
Մեծ Բրիտանիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ Բրիտանիայում սոցիալական գովազդը օրենսդրորեն չի կարգավորվում: Կառավարությունը պատվիրում է գովազդ և ֆինանսավորում բյուջեից, իսկ մնացածը որոշվում է գովազդային արդյունաբերության ինքնակարգավորման շրջանակներում: Իշխանությունները ԶԼՄ-ներին չեն պարտադրում կառավարության պատվիրած սոցիալական գովազդները տեղադրել անվճար, և դրանք ֆինանսավորվում են սովորական առևտրային պատվերի նման: BBC ընկերությունն իր կանոնադրության մեջ հատուկ կետ է հատկացրել սոցիալական գովազդի տեղադրմանը[8]:
Երկրում սոցիալական գովազդի համակարգման գործառույթն իրականացնում է «Կառավարության տեղեկատվության կենտրոնական գրասենյակը», որը գործում է 1946 թվականից: Կազմավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գործող քարոզչության նախարարության հիմքի վրա: Հաստիքը բաղկացած է 450 հոգուց: Այն կառավարական մարմիններից հավաքագրում է պատվերները և բաշխում գովազդային տարբեր ընկերությունների միջև: Հանդիսանում է ԶԼՄ-ների միակ պատվիրատուն: Տարեկան ընդհանուր բյուջեն կազմում է 300 միլիոն եվրո, որից գովազդի վրա տարեկան ծախսը կազմում է 195 միլիոն եվրո: Գրասենյակը չի զբաղվում քաղաքական գովազդով և ընտրական կազմակերպություններով[8]:
Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստանի օրենսգրքի «Գովազդի մասին» բաժնում (13.03.2006 N 38-ФЗ) նշված է. «սոցիալական գովազդը տեղեկատվություն է, որն ուղղված է բարեգործական կամ հասարակայնորեն օգտակար նպատակների իրականացմանը, ինչպես նաև պետության հետաքրքրությունների ապահովմանը»[9]:
2011 թվականին ընդունվեց երկու օրենք, որոնք բարելավում են սոցիալական գովազդի ստեղծման և տեղադրման իրավական հիմքերը[10]:
1993 թվականին ստեղծվեց ոչ պետական Գովազդի խորհուրդ, որի կազմի մեջ մտան ինչպես գովազդի արտադրողներ, այնպես էլ տարածողներ: Խորհրդի հիմնական նպատակներից էր ստեղծել սոցիալական խնդիրներին ուղղված գովազդային միասնական արտադրանք: Խորհրդի անդամները մշակեցին, մասնավորապես, սոցիալական ընկերությունների մակետներ տպագիր ԶԼՄ-ների համար, տեսա և ձայնահոլովակներ[11]:
Սոցիալական գովազդի ոլորտում աշխատող տարածքային ոչ առևտրային կազմակերպությունների թվի աճի հետ մեկտեղ 2008 թվականին Մոսկվայում ստեղծվեց ոչ առևտրային կազմակերպությունների կոալիցիա` ուղղված երկրում սոցիալական գովազդի և բարեգործության զարգացմանը[12]:
2011 թվականին Մոսկվայում ստեղծվեց սոցիալական գովազդի հանձնաժողով[13]:
Բելառուս[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոցիալական գովազդը Բելառուսի «Գովազդի մասին» օրենքում բնութագրվում է հետևյալ կերպ. «քաղաքացիների կամ կազմակերպությունների հետաքրքրությունները պահպանող օրենքների, առողջ ապրելակերպի, բնակչության անվտանգության, սոցիալական պաշտպանության, հանցագործությունների կանխարգելման, շրջակա միջավայրի պահպանության, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման, բելառուսական մշակույթի և արվեստի զարգացման, միջազգային մշակութային համագործակցության, առողջապահության, կրթության, մշակույթի և սպորտի ոլորտում պետական ծրագրերի կամ սոցիալական բնույթի այլ դրսևորումների (միջոցառումների) գովազդ, որն ուղղված է հասարակական կամ պետական հետաքրքրությունների պաշտանությանը կամ բավարարմանը, չի կրում առևտրային բնույթ, իսկ գովազդատուները հանդիսանում են պետական մարմինները»[14]:
Այդ կերպ սոցիալական գովազդը Բելառուսում օրենսդրորեն կենտրոնացած է բացառապես պետության ձեռքում[14]:
Միտումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոցիալական գովազդի բուռն զարգացումը տեղի է ունեցել 20-րդ դարի 80-90-ական թվականներին: ԱՄՆ-ի Գովազդային խորհրդի գնահատմամբ 2000 թվականին Խորհրդին անվճար տրվող ընդհանուր հեռուստաեթերի ծավալը կազմել է 316 միլիոն դոլար, իսկ PSA-ին տրամադրվող ընդհանուր ժամանակը կազմել է ամբողջ գովազդային շուկայի շուրջ 6%-ը[15]:
Նույն տարում ԱՄՆ-ի «National Association of Broadcasters»-ը վերլուծել է, որ տեղական ԶԼՄ-ները սոցիալական գովազդին հատկացրել են 5.6 միլիարդ դոլար, որից 1.8 միլիարդը հատկացվել է հեռուստատեսությանը[15]:
Փառատոններ և մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
IAA Responsibility Awards-ը սոցիալական գովազդի միջազգային փառատոն է: Կազմակերպվել է Միջազգային գովազդային ասոցիացիայի (անգլ.՝ International Advertising Association) կողմից 2008 թվականին և կրում է ամենամյա բնույթ[16]:
Ռուսաստանում սոցիալական գովազդի զարգացման մեջ կարևոր դարձավ 2006 թվականին ձևավորված սոցիալական գովազդի ամենամյա ազգային մրցույթը[17][18]: Մրցույթի նպատակը կազմակերպիչները համարում են երեխաների, երիտասարդների և մասնագետների շրջանում բարոյականության, դրական և ստեղծարար մտածողության զարգացումը[19]: Պարբերաբար իրականացվում են նաև սոցիալական գովազդին նվիրված մասնագիտացված միջոցառումներ[20][21]:
2000 թվականից Ուկրաինայում անցկացվում է «Նոր անուններ գովազդում» խորագիրը կրող սոցիալական գովազդի ամենամյա մրցույթ, իսկ 2007 թվականին ստեղծվեց «Սոցիալական գովազդի բորսա»[22]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Государство и социальная реклама»։ Արխիվացված է օրիգինալից 2008-07-02-ին։ Վերցված է 2017-01-28
- ↑ Кузнецов П.А, Социальная реклама. Теория и практика: учебное пособие. — Юнити-Дана, 2012. — 175 с. — ISBN 978-5-238-01829-4
- ↑ 3,0 3,1 «Краткая история социальной рекламы»։ Արխիվացված է օրիգինալից 2008-07-02-ին։ Վերցված է 2017-02-01
- ↑ «Уроки дяди Сэма»։ Արխիվացված է օրիգինալից 2008-08-28-ին։ Վերցված է 2017-02-01
- ↑ «Игорь Буренков: «Социальная реклама — это составляющая гражданского общества»»։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-17-ին։ Վերցված է 2017-02-01
- ↑ Рекламный Совет США
- ↑ Защитите водопад!
- ↑ 8,0 8,1 «Социальная реклама в Великобритании»։ Արխիվացված է օրիգինալից 2005-02-21-ին։ Վերցված է 2017-02-04
- ↑ Федеральный закон «О рекламе» от 13.03.2006 N 38-ФЗ
- ↑ Справка об изменениях в регулировании социальной рекламы от 2011 года // Diplomat. — 2011.
- ↑ «Социальная реклама в России: особенности развития»։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-18-ին։ Վերցված է 2017-02-04
- ↑ «Коалиция НКО по содействию развитию социальной рекламы и благотворительности в России»։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-01-ին։ Վերցված է 2021-03-05
- ↑ Комиссия АКАР по социальной рекламе
- ↑ 14,0 14,1 Закон Республики Беларусь от 10 мая 2007 г. № 225-З «О рекламе»
- ↑ 15,0 15,1 «Тенденции развития социальной рекламы в Соединенных Штатах Америки»։ Արխիվացված է օրիգինալից 2005-02-25-ին։ Վերցված է 2017-02-04
- ↑ IAA Responsibility Awards
- ↑ «Национальный конкурс социальной рекламы «Новое пространство России»»։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-27-ին։ Վերցված է 2017-02-04
- ↑ «МОО «Национальным советом социальной информации»»։ Արխիվացված է օրիգինալից 2009-11-05-ին։ Վերցված է 2017-02-04
- ↑ Национальный конкурс социальной рекламы «Новое пространство России» 2009-10 гг
- ↑ Московский фестиваль социальной рекламы
- ↑ «Фестиваль социальной рекламы «Glass»»։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-27-ին։ Վերցված է 2017-02-04
- ↑ Биржа социальной рекламы