Jump to content

Սուսանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուսանակ
Սուսանակի կուտուրան երկու տարբեր միջավայրերում և տարածական եռաչափ (3D) ներկայացումով
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
ՊատճառNeisseria gonorrhoeae[1]
Փոխանցման ձևսեռական ճանապարհով փոխանցվող վարակներ
Հիվանդության ախտանշաններԱրտազատում, ցավ, կոնքի շրջանի ցավ, Հեշտոցային արտադրություն, dysuria? և testicular pain?
ԲուժաքննությունԼուսային մանրադիտակ, Պոլիմերազային շղթայական ռեակցիա և մանրէաբանական կուլտուրա
Բժշկական մասնագիտությունմաշկաբանություն, ուրոլոգիա և գինեկոլոգիա
 Gonorrhea Վիքիպահեստում
Սուսանակ հիվանդության փոխանցման հոլովակ

Սուսանակ, գոնորեա (եբրայերեն՝ γουόρροία‎, γόυοζ՝ սերմ և ρέω՝ հոսել), տրիպեր, վեներական հիվանդությունների խմբի վարակիչ բորբոքային հիվանդություն, որը բնորոշվում է միզասեռական օրգանների և աչքի լորձաթաղանթի ախտահարմամբ։ Գոնորեան փոխանցվում է սեռական ճանապարհով, հազվադեպ՝ կենցաղային ճանապարհով։ ԱՄԿ տվյալներով աշխարհում յուրաքանչյուր տարի գոնորեայով վարակվում են մոտ 78 միլիոն մարդ։ Գոնորեայով վարակումը տեղի է ունենում ցանկացած տարիքում։ Բնածին կամ ձեռքբերովի անընկալություն գոնոկոկի նկատմամբ գոյություն չունի, գոնորեայով կարելի է հիվանդանալ մի քանի անգամ։ Գոնոկոկերի առկայությունը միզուկում կամ սեռական գեղձերում չի պաշտպանում օրգանիզմը կրկնակի վարակումից(սուպերինֆեկցիա)։ Հարուցիչը Նեյսերի գոնոկոկն է (լատին․՝ Neisseria gonorrhoeae), որը ձևով նման է սուրճի հատիկի (դիպլոկոկ)։

Գոնոկոկն (լատին․՝ Neisseria gonorrhoeae) իրենից ներկայացնում է զույգ կոկ(դիպլոկոկ), որի երկու կոկերը ձևով հիշեցնում են սուրճի հատիկներ՝ գոգավոր կողմերով միմյանց վրա դրված և նեղ ճեղքով բաժանված։ Գոնոկոկի միջին երկարությունը 1.25 մկ է, լայնությունը՝ 0.7-0.8 մկ։ Էլեկտրոնային մանրադիտակով երևում է, որ չնայած փոքր չափերին, գոնոկոկերն ունեն բավականին բարդ կառուցվածք։ Neisseria gonorrhoeae ախտահարում է միզուկը, արգանդի վզիկի խողովակը, նաև ուղիղ աղին, կոկորդը և կոնյուկտիվան պատող էպիթելը։ Ախտահարում են նաև միզասեռական ուղու վերին հատվածի օրգանները։ Լաբորատոր պատրաստուկներում գոնոկոկերը լավ ներկվում են անիլինային ներկերով, սակայն սպիրտի ազդեցությամբ հեշտությամբ գունազրկվում են ու նորից ներկվում երկրորդ ներկով (գրամ-բացասակա) են)։ Գոնոկոկերը բացառապես մարդկանց մակաբույծներ են, օրգանիզմից դուրս՝ հատկապես չորանալիս, ջերմության, արևի ճառագայթների, հականեխիչ դեղամիջոցների ու քիմիական նյութերի ազդեցությամբ արագ ոչնչանում են։

Հիվանդության փոխանցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարակի աղբյուրը սուսանակով հիվանդն է։ Բացի հիմնական՝ սեռական ճանապարհից, սուսանակով երբեմն կարող են վարակվել հիվանդների օգտագործած իրերի (սպիտակեղեն, երեսի սրբիչ, գիշերանոց են) հետ շփվելիս։ Թաքնված սուսանակով հիվանդ հղի կանանց պտուղը վարակվում է ծննդաբերության ժամանակ։

Բնածին կամ ձեռքբերովի անընկալություն գոնոկոկի նկատմամբ գոյություն չունի, սուսանակով հնարավոր է վարակվել մի քանի անգամ։ Հիվանդությունը ժառանգաբար չի փոխանցվում։ Գաղտնի շրջանը 3-5 օր է (երբեմն մինչե 2-3 շաբաթ)։ Գոնոկոկերը, ընկնելով միզասեռական օրգանների լորձաթաղանթների վրա, արագորեն բազմանում են և առաջացնում բորբոքում՝ սկզբնական շրջանում որպես միզուկաբորբ և արգանդի վզիկի բորբոքում, ապա միզասեռական օրգանների ախտահարումներ։ Ախտահարված օջախներում սկզբում գոյանում է ինֆիլտրատ, այտուց, կարմրություն և թարախային արտադրություն։ Հետագայում ինֆիլտրատը սպիանում է, և միզասեռական ուղիներում գոյանում են սեղմվածքներ։ Տղամարդկանց ամորձիներում, կանանց արգանդափողերում սպիական փոփոխությունները հանգեցնում են ստերջության։ Ախտահարման առաջնային օջախներից գոնոկոկերը կարող են ընկնել արյան հունի մեջ, որտեղ նրանց մեծ մասը ոչնչանում է՝ արտադրելով գոնոտոքսին, որն առաջացնում է գլխացավեր, ախորժակի անկում և այլ ընդհանուր երևույթներ։

Neisseria gonorrhoeae

Գոնոկոկերի մի մասը կարող է տեղակայվել հոդերում, սրտամկանում, այլ օրգաններում՝ առաջացնելով տարբեր ծանրության կլինիկական երևույթներ։ Սուսանակի ընթացքը, ծանրության աստիճանը կախված են մարդու օրգանիզմի ռեակտիվությունից և հարուցիչի ախտածնության ուժգնությունից։ Հիվանդությունը բարդանում է նաև սեռական ճանապարհով փոխանցվող այլ վարակիչ հիվանդությունների (արիխոմոնոզ, վիրուսային ու խլամիդային հիվանդություններ են) առկայությունից։

Գոնորեայի կլինիկական դասակարգումը կատարվում է ըստ գործընթացի վաղեմության, ընթացքի ծանրության տեղակայման և այլն։

Ժամանակագրական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում և շատ այլ երկրներում գերազանցապես կիրառում են գոնորեայի այսպես կոչված ժամանակագրական դասակարգումը, ըստ որի տարբերում են՝

  • Թարմ գոնորեա՝
    • սուր
    • ենթասուր
    • թաքնված կամ թառամ
  • Խրոնիկական գոնորեա
  • Թաքնված գունորեա

Եթե հիվանդության սկզբից անցել է 2 ամիս, սուսանակը համարվում է թարմ, իսկ եթե ավելի՝ քրոնիկական։ Թաքնված սուսանակով հիվանդների օրգանիզմում կլինիկական ախտանշաններ և գոնոկոկեր չեն հայտնաբերվում, մինչդեռ նրանք վարակի աղբյուր են։ Կա նաև այսպես կոչված գոնոկոկակրություն, երբ ախտանշանների բացակայությանը հակառակ, գոնոկոկեր հայտնաբերվում են։

Տղամարդկանց թարմ սուսանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուսանակ հիվանդություն

Սեռական վարակման ժամանակ գոնոկոկերն սկզբում ընկնում են, որպես կանոն, միզուկի լորձաթաղանթի վրա, պայմանավորելով նրա բորբոքումը՝ միզուկաբորբը(ուրեթրիտ)։ Ներթափանցելով ենթալորձային շարակցական հյուսվածքի մեջ, գոնոկոկերն առաջացնում են բորբոքում, որի ազդեցության տակ սեղի է ունենում միզուկի գլանաձև էպիթելի մասնակի մահ, և նրան փոխարինում է բազմաշերտ տափակ էպիթելային հյուսվածքը։ Սակայն առողջացման պրոցեսում տեղի է ունենում ախտահարված լորձաթաղանթի գլանաձև էպիթելի մասնակի կամ լրիվ վերականգնում։

Վերջին տարիներին համեմատաբար ավելանում է գոնորեայի թառամ ձևերով վարակվածների քանակը։ Գաղտնի շրջանի տևողությունը կազմում է միջինը 3-5 օր, սակայն հնարավոր են տատանումներ 1-ից մինչ 12 օր։ Ինչքան ավելի երկար է գաղտնի շրջանը, սովորաբար այնքան ավելի թառամ է ընթանում գոնորեային միզուկաբորբը։ Միզուկաբորբը սկսվում է միզուկի թեթև այտուցի և խուտուտի զգացումով, աննշան լորձային արտադրությամբ, որը սոսնձում է միզուկի արտաքին բացվածքը։ Արտադրությունը դառնում է թարախային, կանաչադեղնավուն, առատ։ Քսուքում հայտնաբերվում են մեծ թվով գոնոկոկեր։ Շոշափելիս միզուկի պատերի մեջ հայտնաբերվում են կոշտացումներ։

Սուր առաջային թարմ գոնորեային միզուկաբորբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուր առաջային թարմ գոնորեային միզուկաբորբի ժամանակ բորբոքման նշաններն արագորեն աճում են, արտադրությունը դառնում է թարախային, կանաչադեղնավուն, առատ, սպիտակեղենի վրա թողնում է բծեր։ Միզուկի արտաքին բացվածքի շրթերը կարմրում են ու ուռչում։ Երբեմն միանում են ընդհանուր ախտանիշներ՝ տկարություն, ջարդվածություն, գլխացավ, վատ քուն, գրգռվածություն, սարսուռ։

Ենթասուր թարմ առաջային միզուկաբորբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթասուր թարմ առաջային միզուկաբորբի ժամանակ վերոնշյալ բոլոր ախտանիշները ավելի քիչ են արտահայտված. կարմրությունն ու այտուցը միզուկի արտաքին բացվածքի շրջանում աննշան են, արտադրությունը առատ չէ, թարախալորձային է, սուբյեկտիվ խանգարումները՝ միզելու ժամանակ թեթև այրոցը, քորը միզուկում կամ խուտուտը քիչ են անհանգստացնում, ընդհանուր երևույթները բացակայում են։

Թառամ թարմ գոնորեայի միզուկաբորբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թառամ թարմ գոնորեայի միզուկաբորբի ժամանակ պրոցեսը հենց սկզբից ընթանում է թառամ, բորբոքային փոփոխություններ միզուկի արտաքին բացվածքի շրջանում չկան, նշվում են միայն շուրթերի թեթև խոնավություն ու սոսնձվածություն առավոտյան ժամերին, արտաթորանքն աղքատ է՝ լորձաթարախային կամ թարախային բնույթի։ Երբեմն արտաթորանքն այնքան քիչ է, որ չի նկատվում, մանավանդ, որ տորպիդ միզուկաբորբը կարող է չուղեկցվել որևէ սուբյեկտիվ խանգարմամբ։

Խրոնիկական գոնորեա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե այս կամ այն պատճառով սուր գոնորեային միզուկաբորբը չի ապաքինվում, ապա հետագա անատոմիական փոփոխությունների հետևանքով առաջանում է խրոնիկական գոնորեային միզուկաբորբ։ Այսպիսով, խրոնիկական գոնորեային միզուկաբորբը կամ սուր գոնորեայինի անբավարար բուժման, կամ այն բանի հետևանքով է, որ թարմ միզուկաբորբը ընթացել է սակավ ախտանիշներով, թառամ, և հիվանդը, չնկատելով, չի դիմել բժշկի օգնությանը։ Բորբոքային պրոցեսը խրոնիկական գոնորեայի ժամանակ կրում է օջախային բնույթ, ընդ որում ամենից ավելի արտահայտված փոփոխություննները տեղի են ունենում առաջային միզուկում։ Հաճախ նշվում է միզուկային գեղձերի և Մերգանի փոսիկների բորբոքում։ Եթե գեղձերի արտահանիչ ծորանները սեղմվում են ինֆիլտրատի կողմից, ապա առաջանում են ռետենցիոն կիստաներ։ Խրոնիկական գոնորեային միզուկաբորբը, որպես կանոն, թառամ ընթացք ունի, պարբերաբար առաջացնելով սրացումներ, որոնք կլինիկորեն հիշեցնում են սուր կամ ենթասուր թարմ միզուկաբորբ։ Հաճախ սրացումներին նախորդում են սեռական գրգռումները, ալկոհոլի օգտագործումն ու ռեժիմի այլ խանգարումները։

Կանանց սուսանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոնորեայի միկրոգրաֆ

Կանանց սուսանակը սկսվում է արգանդի վզիկի, ապա միզուկի լորձաթաղանթի ախտահարումից, սակայն բորբոքային պրոցեսն ընթանում է թույլ, «համր», որի պատճառով, երկար ժամանակ չիմանալով հիվանդության մասին, նրանք շարունակում են սեռական կյանքը, դառնալով վարակի աղբյուր։ Բուժման բացակայության և անբարենպաստ ռեժիմի պայմաններում գոնոկոկերը շարունակում են բազմանալ ու տարածվել, ընդգրկելով միզասեռական ուղիների ստորին և վերին հատվածները։ Բորբոքումը կարող է անցնել նաև փոքր կոնք։

Կարող են զարգանալ նաև սուսանակային հոդաբորբ և այլ օրգանների ախտահարումներ։ Չեն ախտահարվում միայն արտաքին սեռական օրգանները և հեշտոցը։ Ի տարբերություն տղամարդկանց սուսանակի, կանանց սուսանակը բնորոշվում է բազմաօջախային բորբոքումներով։ Արգանդի վզիկի խողովակի սուր ախտահարման ախտանշաններն են՝ թարախային արտադրություն հեշտոցից, լորձաթաղանթի կարմրություն, այտուց։ Քրոնիկական շրջանում նշված երեույթները խիստ մեղմանում են, շատ դեպքերում լորձաթաղանթը գրեթե ընդունում է բնական ւոեսք։ Միզուկաբորբի ժամանակ որոշ հիվանդներ (20-30%) գանգատվում են այրոցի ու ցավի զգացումից, որոնք ուժեղանում են միզարտադրության ժամանակ, իսկ երբ միանում է միզապարկի վզիկի բորբոքումը՝ նաև միզելու վերջում։ Հաճախակի են հաստ աղիքի ստորին հատվածի (գո նոռեային պրոկտիտ) և բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումները (գոնոռեային ստոմատիտ, ֆարինգիտ)։

Աղջիկների սուսանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոնոկոկալ ուրետրիտ

Աղջիկների սուսանակը մեծ մասամբ հանդիպում է 2-8 տարեկանում, դեպքերի 85-95%-֊ը հետեանք է արտասեռական վարակման։ Ընդ որում վարակի աղբյուրը գերազանցապես մայրերն են։ Սուսանակն առավելապես ընթանում է սուր՝ ընդգրկելով արտաքին սեռական օրգանները, հեշտոցը, միզուկը, հաստ աղիքը։ Տղաները սուսանակով խիստ հազվադեպ են հիվանդանում։ Նորածին երեխաների սուսանակ, անկախ սեռից, հազվադեպ արձանագրվում է աչքերի լորձաթաղանթի բորբոքում (գոնոբլենոռեա)՝ ծնվելիս, մայրերից վարակվելու հետեանքով։ Նորածին աղջիկներին բնորոշ է նաև արտաքին սեռական օրգանների սուսանակ։

Գոնորեայի միզուկաբորբի բարդություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարդություններ առաջանում են ինչպես թարմ, այնպես էլ խրոնիկական գոնորեայի միզուկաբորբի ժամանակ, բայց տարբեր հաճախականությամբ։ Թարմ գոնորեայի միզուկաբորբի ժամանակ նրանք համեմատաբար հազվադեպ են, քանի որ ժամանակին սկսված ու լիարժեք բուժման դեպքում գոնոկոկերն արագորեն մահանում են։ Ընդհակառակը, հիվանդության ձգձգված ու խրոնիկական ձևերի ժամանակ գրեթե միշտ առկա են բարդություններ։ Հաճախ դրանք կապված են միզուկը շրջապատող, նրան մոտ կամ հեռու գտնվող օրգանների ու հյուսվածքների մեջ գոնոկոկերի անմիջական ներդրման հետ։ Գոնոկոկերը այնտեղ կարող են թափանցել արյան կամ ավշի միջոցով։ Սեռական գեղձերի մեջ հարուցիչները սովորաբար ընկնում են արտազատիչ ծորանների միջոցով։ Բորբոքումը միզուկի առաջային հատվածից կարող է անցնել ետին հատված․ միզելը դառնում է հաճախակի, ցավոտ, հաճախ արյան կաթիլի արտադրությամբ։ Նկատվում են հաճախակի ու ցավոտ անդամալարումներ (էրեկցիա), երազախաբություններ։ Եթե սուր, ենթասուր կամ թառամ ընթացող թարմ միզուկաբորբը չի ապաքինվում, ապա 2 ամսից հետո ընթացքը դառնում է խրոնիկական։ Բարդությունները կարող են պայմանավորված լինել ինչպես հենց գոնոկոկերով, այնպես էլ նրանց միացող երկրորդային ինֆեկցիայով։

Տարբերում են՝

  • սեռական օրգանների բարդություններ՝ հարմիզուկաբորբ, առնանդամի գլխիկի ու ծայրային թլիփի ներսային թերթիկի բորբոքում, շագանակագեղձի բորբոքում, սերմնաբշտերի բորբոքում և այլն
  • միզատար ուղիների բարդություններ՝ միզուկի սպիական նեղացում, միզուկը շրջապատող բջջանքի թարախային բորբոքում, միզապարկի բորբոքում, երիկամների ավազանների ու երիկամների բորբոքում
  • աղիների բորբոքումներ և այլն

Անտիբիոտիկներ, սուլֆանիլամիդային դեղամիջոցներ, ջերմային, օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող և ֆիզիոթերապետիկ ու առողջարանային միջոցներ։ Կանխարգելումը․ ԽՍՀՄ-ում սուսանակի դեմ տարվող պայքարում ընդգրկվում էին ոչ միայն մաշկավեներական դիսպանսերները, այլև մանկաբարձագինեկոլոգիական, ուրոլոգիական, սանհամաճարակային, բուժկանխարգելիչ հիմնարկները՝ նախարարությունների ու գերատեսչությունների աջակցությամբ։ Կանխարգելումն ընդգրկում է հասարակական և անհատական միջոցառումներ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Մաշկային և Վեներական Հիվանդություններ» Օ.Կ.Շապոշնիկով 1981 թ.
  • «Ժամանակակից Վեներոլոգիա» Խաչիկ Խաչիկյան 2008 թ.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Disease Ontology — 2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուսանակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 197