Jump to content

Սողդիանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սողդիանան մ.թ.ա. 300 թ-ին

Սողդիանան (ինչպես նաև Սողդ և Սուղուդ հին հունարեն՝ Σογδιανή; պարս.՝ سغد - Sōġd; տաջ.՝ Суғд - Sughd; ուզբ.՝ So`g`d - Сўғд), մարզ Զարավշան և Կաշկադարյա գետերի ավազանում (այժմ՝ Ուզբեկստանի, և Տաջիկստանի տարածքում)։

Սողդիանան Աքեմենյան տիրապետության քարտեզի վրա

Տարբեր ժամանակներում Սողդիանան մտել է պարսկական Աքեմենյանների կազմի մեջ։ Դարեհ I ՄեծԲեհիսթունի արձանագրության մեջ Սողդիանան նշվում է որպես Աքեմենյան տիրապետության 19-րդ պրովինցիա։ Սողդիանան գտնվել է Բակտրիայից հյուսիս։ VII դարում գրավվել է արաբների կողմից։

Սողդի տարածքում են եղել Մարականդա (Սամարղանդ), Կիրոպոլիս և այլ քաղաքները։ Մ․ թ․ ա․ 6–4 դարերում մտել է Աքեմենյան տերության 11-րդ սատրապության կազմի մեջ։ Սողդի բնակչությունը զգալի քանակությամբ հարկ է վճարել արծաթով, մատակարարել թանկարժեք քարեր, պարսկական արքունիքին տրամադրել խոշոր զինվորական ուժեր։ Մ․ թ․ ա․ 329–328-ին Սողդի բնակիչները՝ Սպիտամենի (սպանվել է 328-ին) գլխավորությամբ, համառ դիմադրություն են ցույց տվել Ալեքսանդր Մակեդոնացու զորքերին։ Մ․ թ․ ա․ 323-ից հետո Սողդը մտել է Սելեկյանների թագավորության, մ․ թ․ ա․ 3-րդ դարից՝ Հունա-Բակտրիական թագավորության, իսկ մ․ թ․ առաջին դարերում՝ Քուշանական թագավորության կազմի մեջ։ 4–5-րդ դարերում․ Սողդը ենթարկվել է հեփթաղներին, 6–7-րդ դարերում․՝ Թյուրքական խաքանությանը։ 7-րդ դարի վերջին–8-րդ դարի սկզբին Սողդը նվաճել են արաբները։ 4–8-րդ դարերում Սողդի տարածքում գոյություն են ունեցել ինքնավար բազմաթիվ իշխանություններ (կարևոր է Սամարղանդինը)։ Սողդը զգալի դեր է ունեցել Արեևելքի տնտեսական և մշակութային կյանքում։ Մոնղոլիայից ու Չինաստանից Մերվ տանող կարավանային բոլոր ճանապարհներին գոյություն են ունեցել Սողդի առևտրա-հողագործական գաղութներ։ Սողդի բարձր մշակույթի մասին են վկայում հնագետների բազմաթիվ հայտնագործությունները նրա տարածքում։

Հին Սողդի արվեստը քիչ է ուսումնասիրված, ճարտարապետության վերաբերյալ որոշ պատկերացում են տալիս Աֆրասիաբ քաղաքատեղիի (մ․ թ․ ա․ I հազարամյակի 2-րդ կես –մ․ թ․ առաջին դարեր), Կըզըլ-Կըռայի և Թալի-Բարզոփ (երկուսն էլ՝ մ․ թ․ առաջին դարեր) հում աղյուսակերտ շինություններն ու ամրաշինական կառույցները։ Թրծած կավից առանձին իրեր վկայում են հելլենիստական գեղարվեստական սկզբունքների ներթափանցումը Սողդ, այլ իրեր ունեն զուտ տեղական բնույթ։ 5–-րդ դարերում Սողդում զարգացել են ամրացված միջնաբերդով ու պարսպապատ շահաստաններով քաղաքները։ Պալատները, տաճարներն ու քաղաքական վերնախավի հոյաշեն տները զարդարվել են թեմատիկ գեղանկարչությամբ, ինչպես նաե փորագրազարդ կավով, փայտով ու ալեբաստրով։ Քանդակագործության մեջ գերակշռում է հոյակերտ-դեկորատիվ բարձրաքանդակը։ Սողդի այդ ժամանակաշրջանի դեկորատիվ- կիրառական արվեստի իրերը (անփայլ, դաջած և ծեփածո պատկերներով զարդարուն խեցեղեն, արծաթե առարկաներ, գեղարվեստական գործվածք) ցույց են տալիս կապերը հին թյուրքական ցեղերի, Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի, Բյուզանդիայի արվեստի հետ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սողդիանա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։