Jump to content

Սղագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
սղագրություն

Սղագրություն, արագ գիր, որ հիմնված է նշանների, կրճատված բառերի և բառակապակցությունների հատուկ համակարգի կիրառման վրա։ Սղագրման արագությունը գերազանցում է սովորականին 4-7 անգամ։ Սղագրությունը հայտնի էր վաղ անցյալում։ Առաջին արժանահավատ հուշարձաններից մեկը Աթենքի Ակրոպոլիսի մարմարյա սալաքարի վրա մ․ թ․ ա․ 350 թվականին կատարված գրառումն է (սղագրական նշաններով)։ Հին Հռոմի դպրոցներում մինչև 11-րդ դարում սովորական գրին զուգընթաց դասավանդվում էր արագ գիր՝ «տիրանյան նշաններով» (դրանք ստեղծողի՝ Տիրանի (մ․ թ․ ա․ 1-ին դարում) անվամբ)։

17-րդ դարից սկսած առաջարկվել է սղագրության մոտ 3 հազար տարբերակ։ Ժամանակակից սղագրության մեջ տարբերակվում են շեղագիր և երկրաչափական համակարգեր, որոնք հայտնագործվել են Անգլիայում (երկրաչափականը՝ Ջոն Ուիլիսը 1602 թվականին, շեղագիրը՝ Ս․ Բոդլին 1789 թվականին)։ Շեղագիր համակարգում ձայնավորի համար նշանները վերցված են սովորական գրից՝ զուգակցված միացման գծերով, երկրաչափականում՝ նշանները բաղկացած են երկրաչափական պատկերներից՝ առանց միացման գծերի։ Երկրաչափական համակարգը ընդունվել է համեմատաբար կարճ բառերով լեզուների համար (անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն), շեղագիրը՝ երկար բառերով լեզուների համար (սլավոներեն, սկանդինավերեն, գերմաներեն

Հիմնական ուղղություններն են.

  1. սղագրական նշանների ավելի մոտեցում սովորական գրի տարրերին
  2. համակարգից այնպիսի նշանների վերացում, որոնք խանգարում են բաղաձայնների միասնականացմանը և ձայնեղացմանը
  3. միավորյալ նշանների քանակի նվազեցում։

Հայկական ինքնուրույն սղագրության հեղինակի՝ Շաքե Ծերոնյանի և կատարելագործող Պողոս Վարդանյանի «Ծերոնյան մեթոդը» պետականորեն հաստատվել է 1957 թվականի դեկտեմբերին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ։ Այն հիմնված է հայոց լեզվի հնչյունական, քերականական օրենքների և հայերենի հնչյուններից բխող առանձնահատկությունների վրա։ Տառերը կազմված են երկրաչափական ձևերից և արտահայտվում են բաղադրյալ տառերի, հանգուցային միջոց հանդիսացող ձայնավորների միացությունների կանոններով, պայմանական նշաններով և կրկնավոր բարդ ու ածանցավոր բառերի, բառի մեջ նույն տառի կրճատման հատուկ կանոնների, նշանների օգնությամբ։

Հայերենի ամենագործածական «Ն» և «Ր» բաղաձայններն ունեն իրենց հատուկ կանոնները։ Հայկական սղագրությունը գրվում է տողի վրա։ Ձայնավորների գրաված կայուն տեղի պատճառով տողի վերին և ներքին մասերում առաջանում է բաղադրյալ նշանների 16 խմբավորում, որոնք բաղաձայնական ընդհանուր օրենքի համաձայն ներառնում են 525 նշան, օրինակ, պար, փիր, բեր, փըռ և այլն։ Տառակապակցությունների այդ խմբերը վանկեր ներկայացնող կայուն զուգորդումներ են։ Հատուկ կանոնի են ենթարկվում երկհնչյունները։ Կա պայմանական ամենագործածական բառարմատների 90 նշան։ Հայկական սղագրությունը, ի տարբերություն այլ մեթոդների, գրվում է ինքնահոսով, ոչ թե դաստակի, այլ մատների շարժումով, րոպեում կարելի է գրել 130-140 բառ, տետրի մեկ էջի վրա՝ մինչև 1800 բառ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 448
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սղագրություն» հոդվածին։