Սերժ Սարգսյանի համահայկական ուղևորություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սերժ Սարգսյանի համահայկական ուղևորությունները, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2009 թվականի հոկտեմբերի 1-7-ը նախաձեռնված համահայկական ուղևորություն[1], որը նպատակ էր հետապնդում խորհրդակցել հայկական սփյուռքի հետ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը միտված նախաստորագրված արձանագրությունների և դրանց վերջնական ստորագրման նպատակահարմարության վերաբերյալ։

Համահայկական ուղևորությունը հայ-թուրքական արձանագրային գործընթացի շուրջ նախաձեռնված վեցշաբաթյա հանրային քննարկումների բարձրակետն էր, որի արդյունքները ամփոփվեցին հոկտեմբերի 8-ին հրավիրված Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում։ Համահայկական ուղևորությանը նախորդել էին լայն հանրային քննարկումներ երկրի հասարակական-քաղաքական շրջանակների հետ։

Համահայկական ուղևորության ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցում էին Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Համահայկական ուղևորությունը, որպես նախադեպ, հիմք դրեց նոր ինստիտուտի՝ համազգային նշանակության որոշումներ կայացնելուց առաջ լսելու աշխարհասփյուռ հայության տարբեր հատվածների ձայնը, մեկտեղելու մայր հայրենիքի և աշխարհասփյուռ հայության մոտեցումները, համատեղելու ջանքերը։

Ուղևորության նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համահայկական ուղևորությունը նպատակ[2] ուներ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը միտված արձանագրությունների ստորագրման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելուց առաջ բաց երկխոսություն ծավալել աշխարհասփյուռ հայկական սփյուռքի տարբեր գաղթօջախները ներկայացնող հասարակական, քաղաքական, հոգևոր և այլ շրջանակների հետ, լսել հայության շրջանում գոյություն ունեցող տեսակետները և մտահոգությունները՝ կապված արձանագրությունների բովանդակության և զարգացումների հնարավոր հեռանկարների հետ։

Համահայկական ուղևորությունը նպատակ էր հետապնդում նաև մեկ անգամ ևս միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Հայոց Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության վրա (ինչի խորհրդանիշը համահայկական ուղևորությունը Փարիզում՝ Կոմիտասի արձանին ծաղկեպսակ զետեղելու արարողությամբ սկսելու որոշումն էր) կանխել արձանագրային գործընթացի համատեքստում աշխարհասփյուռ հայության տարբեր հատվածների միջև անվստահություն և պառակտում մտցնելու փորձերը, լայն հնչողություն հաղորդել Հայաստանի դիրքորոշումներին՝ կապված Թուրքիայի բարձրագույն ղեկավարության կողմից բանակցային գործընթացին զուգահեռ պարբերաբար կատարվող հայտարարությունների անընդունելիությանը։

Արձանագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համահայկական ուղևորության ընթացքում արձանագրվեց՝

  • արձանագրային գործընթացի համատեքստում Հայաստանի համար անընդունելի է որևէ նախապայմանի առաջքաշումը՝ կապված Արցախյան հակամարտության կարգավորման հետ,
  • Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում և երբևէ կասկածի տակ չի առել ու չի առնի ցեղասպանության փաստը․ արձանագրություններից մեկում տեղ գտած դրույթը չի նշանակում Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը քննարկման առարկա դարձնելու պարտավորություն կամ պատրաստակամություն։
  • տարածաշրջանում առաջ եկած նոր իրողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս արձանագրային գործընթացի, տեսնում է հնարավորություն՝ հասնելու առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման՝ այդ կերպ նպաստելով տարածաշրջանում ընդհանուր լարվածության թուլացմանը և փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը։

Ուղևորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Ուղևորությունների
թիվը
Ֆրանսիա Փարիզ 2
Նյու Յորք Նյու Յորք 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես 1
Լիբանան Բեյրութ 1
Ռուսաստան Ռոստովի մարզ 1

Փարիզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համահայկական ուղևորության առաջին կանգառը Փարիզն[3] էր։ Համահայկական ուղևորությունը մեկնարկեց Կանադայի հրապարակում Կոմիտասի արձանին ծաղկեպսակ դնելու արարողությամբ, արձանագրային գործընթացի դեմ բողոքող մեր հայրենակիցների հետ զրույցով և ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի հետ առանձին հանդիպմամբ։

Հոկտեմբերի 2-ի երեկոյան Փարիզում[4] տեղի ունեցավ ՀՀ նախագահի հանդիպումը եվրոպական հայաշատ համայնքների կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների հետ։

Նյու Յորք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերի 3-ի երեկոյան Նյու Յորքում տեղի ունեցավ նախագահ Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ-ի Արևելյան ափի և Կանադայի հայաշատ համայնքների կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների հետ։

Լոս Անջելես[խմբագրել | խմբագրել կոդը]

Համահայկական ուղևորության հաջորդ կանգառը Լոս Անջելեսն[5] էր, որտեղ նախագահ Սարգսյանը հոկտեմբերի 4-ին հանդիպում ունեցավ ԱՄՆ-ի Արևմտյան ափի և Լատինական Ամերիկայի երկրների հայաշատ համայնքների ներկայացուցիչների հետ։

Լոս Անջելեսում գտնվելու ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հեռախոսազրույց ՀՀ նախագահի հետ, որի ընթացքում նախագահ Օբաման իր աջակցությունը հայտնեց՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ նախագահի ջանքերին և վերահաստատեց ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը՝ կապված Թուրքիայի կողմից հնչեցվող նախապայմանների անընդունելիության հետ։

Բեյրութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերի 6-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում[6] տեղի ունեցավ ՀՀ նախագահի հանդիպումը Մերձավոր Արևելքի, Եգիպտոսի, Իրանի և Պարսից Ծոցի երկրների հայաշատ համայնքների ազգային կազմակերպությունների ու կառույցների ավելի քան հարյուր ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը զուգահեռ, ինչպես Նյու-Յորքում, այնպես էլ՝ Լոս Անջելեսում, հազարավոր սփյուռքահայեր իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում՝ արձանագրությունների ստորագրումը համարելով հայության շահերի ոտնահարում։

Ռոստով[խմբագրել | խմբագրել կոդը]

Համահայկական ուղևորությունն ավարտվեց հոկտեմբերի 7-ին, Դոնի Ռոստովում[7], Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հայաշատ համայնքների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպմամբ։

Համահայկական ուղևորության ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտելով համահայկական ուղևորությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 8-ին հրավիրեց Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որտեղ ամփոփվեցին համահայկական ուղևորության արդյունքները։ Ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամներն իրենց աջակցությունը հայտնեցին նախաստորագրված արձանագրություններին։

Համահայկական ուղևորության ընթացքում ՀՀ նախագահն ունեցավ տասնյակ ելույթներ, պատասխանեց հարյուրավոր հարցերի և տվեց տասնյակ հարցազրույցներ։ Այսպիսով, համահայկական ուղևորության հետագիծը կազմել է մոտավոր 47 000 կմ, որը նախագահական ինքնաթիռն անցել է 53 ժամ 30 րոպեում։

Տարածության և ժամանակային չափումներով համահայկական ուղևորությունը աննախադեպ էր պետությունների ղեկավարների երբևէ ունեցած ուղևորությունների պատմության մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Լիբանանահայությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղևորության մասին». armenpress.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  2. Համահայկական ուղևորությունների նպատակը(չաշխատող հղում)
  3. «Նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորությունը սփյուռքահայ գաղթօջախներ - Արտերկրյա այցեր - Լրատվություն - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  4. «Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորությունը սկսվել է բողոքի ակցիայից». PanARMENIAN.Net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  5. «Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Մերձավոր Արեւելքի, Եգիպտոսի, Իրանի եւ Ծոցի երկրների հայաշատ համայնքների ներկայացուցիչներին - Մամլո հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  6. «Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորության հաջորդ կանգառը Բեյրութն է». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  7. «Առաջարկել է գնել Արարատ սարը». Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]