Ռուպնիկի գիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուպնիկի գիծ
Նկարագրություն
ՏեսակԲազա ռազմական, ամրաշինական գիծ և ֆորտիֆիկացիա
Վարչական միավորԿրայնա
Երկիր Սլովենիա
Կառուցված1937
ՊատվիրողLeon Rupnik?
Շինանյութբետոն
ՃակատամարտերԵրկրորդ համաշխարհային պատերազմ
 Rupnik Line Վիքիպահեստում

Ռուպնիկի գիծ ( սլովեն.՝ Rupnikova linija ), պաշտպանական գիծ, որը Հարավսլավիան կառուցել է իր ցամաքային արևմտյան և հյուսիսային սահմանի երկայնքով 1937-1941 թվականներին։ Անվանվել է Հարավսլավիայի թագավորության բանակի գեներալ, սլովենիացի Լեոն Ռուպնիկի պատվին[1]։ Ամրությունների գծի կառուցումն անվտանգության միջոց էր, որը ձեռնարկվել էր Ալպյան պատի կառուցմանը, Իտալիայի կողմից կառուցված ամրությունների սահմանային գծին, ինչպես նաև Ավստրիայի անշլյուսից հետո գերմանական հնարավոր ներխուժման սպառնալիքին դիմակայելու համար։

Ռուպնիկի գիծը Հարավսլավիայում կառուցվել է ոգեշնչվելով տարբեր այլ ֆորտիֆիկացիոն համակարգերից, որոնք կառուցվել էին հիմնականում Ֆրանսիայի (Մաժինոյի գիծ), Չեխոսլովակիայի[2] և հարևան Իտալիայի (Ալպիական պատ) սահմանների երկայնքով։ Գիծը ստեղծվել է գոյություն ունեցող պետական սահմանը պաշտպանելու, ինչպես նաև հնարավոր ներխուժումը հետ մղելու համար։

Թեև գիծն իր գագաթնակետին ունեցել է մոտ 15,000 զինվոր, որը կարող էր ընդլայնվել մինչև 40,000, ամրացման համակարգը երբեք չի օգտագործվել իր ողջ ներուժով, քանի որ այն հիմնականում պատրաստ չէր Հարավսլավիա 1941 թվականի ապրիլին Առանցքի ուժերի ներխուժելու ժամանակ, և լքվել է[3]։

Պլանավորում և շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավսլավիայի հետ Իտալիայի սահմանի երկայնքով ամրություններ կառուցելու գաղափարը ծագել է 1935 թվականին՝ որպես հակազդեցություն Ալպյան պատի ամրությունների կառուցմանը երկու պետությունների միջև հարաբերությունների աստիճանական վատթարացման ֆոնին։ 1936 թվականին պաշտոնապես ընդունվել է հրամանագիր սահմանի երկայնքով պաշտպանական կառույցների նոր համակարգ մշակելու մասին։ Շինարարությունն ինքնին սկսվել է միայն 1937 թվականին[1][4] կամ 1938 թվականին[5][6]։ Նման լայնածավալ շինարարությունը զգալիորեն նվազեցրել է տարածաշրջանում շարունակվող տնտեսական ճգնաժամի ազդեցությունը, ինչպես նաև բարձրացրել կենսամակարդակը, քանի որ շտաբում սկզբում զբաղված են եղել մոտ 15000 աշխատող, իսկ 1941 թվականին գագաթնակետի ժամանակ այդ թիվն ավելացել է հանելով 60 000-ի, որոնցից 40 000-ը եղել են բանակի պահեստազորայիններ[1]։ Մոտ 4000 բունկեր և ստորգետնյա համալիրներ ավարտվել կամ մասամբ կառուցվել են մինչև Առանցքի ներխուժումը[5]։

Կազմակերպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուպնիկի գիծը ըստ սեկտորների
Ռուպնիկի գծի փոքր օբյեկտի ամենատարածված MT7 տարբերակի հատակագիծ: Կրակակետերի և օպտիկական ազդանշանային անցքերի պտույտը տարբեր օբյեկտների դեպքում տարբեր է եղել:
Հապավումներ
P1 - հրակնատ (ծանր գնդացիր)
P3 - հրակնատ (թեթև գնդացիր)
PER – պերիսկոպ (առաստաղ կամ պատ)
OPS - անցք օպտիկական ազդանշանի համար
G – նռնականետ
VENT – մեխանիկական ներծծմամբ օդափոխման մուտք
V - օդափոխության արտանետման ելք

Հարավսլավիայի ղեկավարությունը մեծամասշտաբ պաշտպանական դիրքեր պլանավորելու փոքր փորձի հետևանքով Ռուպնիկի գիծը հիմնականում ոգեշնչվել է տարբեր նմանատիպ ֆրանսիական համալիրներից, հիմնականում Մաժինոյի գծից։

Ծրագրված է եղել կառուցել միմյանց հետ կապված բունկերների երկու զուգահեռ գծեր։ Դիրքերը չեն քողակվել՝ ամրությունների տեսքով հակառակ կողմի վրա հոգեբանական ազդեցությունը զգալիորեն ուժեղացնելու համար։

Ամբողջ գիծը բաժանված էր 6 սեկտորի։ Սեկտորները համարակալվել են ոչ թե ըստ իրենց աշխարհագրական դիրքի, այլ ըստ ռազմավարական նշանակության, ընդ որում առավել կարևորը ամենափոքր սեկտորներն են եղել[7].

1-ին սեկտոր: Ամենակարևոր վայրը Պոստոյնայի դարպասն էր, ամենացածր լեռնանցքը, որը թույլ է տալիս անցնել Դինարյան բարձրավանդակը։ Գտնվում էր Լյուբլյանայից արևմուտք։ Հրամանատարական շտաբը` Վրհնիկայում էր։ Պաշտպանում էր Տրիեստ-Լյուբլյանա ուղղությունը։

2-րդ սեկտոր: Գտնվել է Սուշակից հյուսիս, հրամանատարական շտաբը Կամենյակում և պետք է կանխեր թշնամու ներթափանցումը Ռիեկայից դեպի Զագրեբ և Դալմաթիա։

3-րդ սեկտոր: Ապահովել է Շկոֆյա Լոկա և Վրհնիկա քաղաքների միջև պաշտպանությունը, կենտրոնակայանը` Վրհնիկայում։ Այն փակել է մուտքը դեպի Լյուբլյանա` Պոլյանսկա հովտի երկայնքով, և դեպի հյուսիս՝ Պորեզեն և Բլեգոշ լեռնագագաթների միջև ընկած լեռնաշղթայով, իսկ հարավում՝ Ժիրովսկի բարձունքի (Žirovski vrh) բնակավայրով։

4-րդ սեկտոր: Ապահովել է Սելկա հովտի և լեռնաշղթայի երկայնքով Սորիշկա պլանինայից մինչև Ռատիտովեց պաշտպանությունը` Ժելեզնիկիի և Սավա գետի վերին հովտի շուրջ։ Հրամանատարական շտաբը գտնվել է Ժելեզնիկիում։

5-րդ սեկտոր: Ապահովել է Չաբար և Ցերկնիցա քաղաքների միջև սահմանի պաշտպանությունը։ Բազան Ցերկնիցա քաղաքում էր։ Այս սեկտորը փակել է դեպի Լյուբլյանա մուտքը Ռակիտնայով և դեպի արևելք միջանցքը՝ Վելիկե Լաշչեով (Velike Lašče):

6-րդ սեկտոր: Դրա շինարարությունը սկսվել է ավելի ուշ` Ավստրիայի անշլուսից հետո՝ ավստրիական տարածքով հնարավոր ներխուժմանը դիմակայելու համար։ Գտնվում էր Գորնյա Ռադգոնա և Դրավոգրադ քաղաքների միջև։ Ընդգրկել է Չռնա նա Կորոշկեմի և Մարիբորի միջև ընկած տարածքը։ Շտաբը Մարիբորում էր[3][5]։

Պաշտպանության զուգահեռ գծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրքերը բաժանվել են պաշտպանության երկու հիմնական գծերի.

Պաշտպանության 1-ին գիծ: Պաշտպանական համալիրի ճակատային մաս, որը բաղկացած էր տարբեր ձևերի և չափերի գնդացրային բունկերներից, որոնցից ամենատարածված կառուցված ձևը աշտարակն էր։

Հրետանային գիծ: Այս գիծը բաղկացած էր հակատանկային, արգելապատնեշային, լեռնային և կազմատային ամրացումներից։ Լեռնային ամրություններն ամենախոշորներից էին, քանի որ նախատեսվում էր, որ դրանցից մի քանիսի երկայնքով հիմնական միջանցքներով շարժը իրականացվելու էր ավտոտրանսպորտի միջոցով[5]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

photo of a small bunker in the woods
Ռուպնիկի գծի պահպանված բունկերից մեկը: Փոքր տիպիկ օբյեկտ Ժիրովսկի բարձունքում` սրբ. Ուրբանա բնակավայրի տարածքում։ Ձախ կողմում` դիմային պատը և աշտարակը` P3 հրակնատի անցքերով, որը պաշտպանում է շենքի ճակատը, աջ կողմում` կողային պատը` P1 հրակնատի անցքվ:

Ռուպնիկի գիծը առանցքի ներխուժման ժամանակ` 1941 թվականի ապրիլին դեռևս բավարար պատրաստված չի եղել, քանի որ դրա շինարարությունը տևելու էր մինչև 1947 թվականը։ Հարավսլավիայի ռազմական բյուջեն հիմնականում սպառվել էր ներխուժման ժամանակ, և երկու հարձակվող ուժերն էլ զգալիորեն գերազանցում էին իրենց թվաքանակով։ Արդյունքում, Իտալայի և Գերմանիայի ներխուժման ժամանակ Ռուպնիկի գիծը վատ պաշտպանված է եղել և հիմնականում լքվել է։ Դրավոգրադի մերձակայքում գտնվող 6-րդ սեկտորի մի մասին հաջողվել է երեք օր պահել դիրքերը՝ նահանջելուց առաջ[8]։ Դիմադրության այլ ուշագրավ դեպքեր եղել են ապրիլի 8-ին Բլեգոս լեռան վրա, Գոզդ Մարթուլջեկում և ապրիլի 9-ին Ռիեկայի մոտ գտնվող Կաստավայում։ Որոշ ուժերի հաջողվել է հետ մղել զավթիչներին դեպի Ցերկնո, բայց ի վերջո նրանք նույնպես ստիպված են եղել նահանջել[3]։

Իտալիայի բռնակցված գոտու` Լյուբլյանա պրովինցիայի օբյեկտների մեծ մասը ոչնչացվել է թշնամու` Հարավսլավիայի ժողովրդական ազատագրական բանակի կողմից դրանց օգտագործումը կանխելու, ինչպես նաև այդ ամրությունների պատերի ներսում գտնվող խիստ անհրաժեշտ մետաղներին հասնելու համար[5]։

Պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմից հետո ամրությունները մնացել են սոցիալիստական Հարավսլավիայի տարածքում։ Շենքերի մեծ մասը լքված է եղել, բացառությամբ մի քանիսի, որոնք օգտագործվել են Հարավսլավիայի ժողովրդական բանակի զինվորականների կողմից։ Հարավսլավիայի փլուզումից հետո Ռուպնիկի գիծը համբավ է ձեռք բերել և զբոսաշրջիկների համար կազմակերպվել է թեմատիկ արահետ, թեև տարածքը դեռ գտնվում է Սլովենիայի պաշտպանության նախարարության իրավասության ներքո։ Զբոսաշրջային ծառայությունների համար վերանորոգվում են Գոլի գագաթի և Հրաստ բլրի ամրությունները[9][10]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլեգոշ գագաթին գտնվող գնդացրային կետ։ Այն փակ է, բայց ռադիոսիրողների համար ծառայում է որպես բազա Գոլի բարձունքի անավարտ մնացած ստորգետնյա ամրության մուտք Շրջանաձև գնդացիր բույն MG/0 տանիքով Բլեգոշի լանջին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Rupnikova linija». Poljanski portal (սլովեներեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 22-ին.
  2. «Logatec - Rupnikova linija in Alpski zid» (սլովեներեն). Logatec.si. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 22-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Rupnikova linija» (սլովեներեն). Ars-cartae.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 22-ին.
  4. «Obcina GVP» (սլովեներեն). Obcina-gvp.si. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 22-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Gore-Ljudje» (սլովեներեն). Gore-ljudje.net. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 22-ին.
  6. «Železniki» (սլովեներեն). Pd-zeleznki.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 22-ին.
  7. «Rupnikova linija & Vallo Alpino». web.archive.org. 2013 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 9-ին.
  8. «Bajta» (սլովեներեն). Bajta.si. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 22-ին.
  9. «Delo» (սլովեներեն). Delo.si. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 22-ին.
  10. Draškić Perak, Linda (2014 թ․ դեկտեմբերի 19). «Zavirili smo u bunker izgrađen za vrijeme Kraljevine Jugoslavije» [A Peek Inside a Bunker Built in Times of the Kingdom of Yugoslavia]. Večernji list (խորվաթերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուպնիկի գիծ» հոդվածին։