Ռոխելիա սրտաձևաբաժակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոխելիա սրտաձևաբաժակ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Boraginales
Ընտանիք Գաղտրիկազգիներ (Boraginaceae)
Ցեղ Rochelia
Տեսակ Ռոխելիա սրտաձևաբաժակ (R. cardiosepala)
Միջազգային անվանում
Rochelia cardiosepala

Ռոխելիա սրտաձևաբաժակ (լատին․՝ Rochelia cardiosepala), գողտրիկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միամյա բույս է, որի բարձրությունը 5-20 սմ է, թեթևակի հեռացած խոզաններով։ Արմատամերձ տերևները էլիպսաձև են, ցողունայինները՝ նեղ նստադիր, վերինները՝ գծային, երկու կողմից առսեղմ խոզանավոր։ Խոզանները նստած են թմբիկների վրա։ Պտղատու ողկույզները փուխր են։ Ծաղկակոթերը բարակ են, թեքված։ Պսակը կապույտ է, համարյա բաժակին հավասար։ Բաժակաթերթերը պտղի ժամանակ մեծացող, ուղիղ սրտաձև-եռանկյուն, բրգաձև մոտեցող են։ Ընկույզիկները 2-ական են, միասերմ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Երևանի (Երանոսի լեռնաշղթա, լեռնագագաթ՝ Կոտուց) և Դարեղեգիսի (Վայքի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Հարավային Անդրկովկասը, Անատոլիան, Միջին Ասիան, Իրաքը, Իրանը, Աֆղանստանը և Պակիստանը[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1400–1800 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակին սպառնացող հիմնական վտանգներն են՝ սահմանափակ արեալը և գերարածեցումը։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողու­թյուններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոխելիա սրտաձևաբաժակ» հոդվածին։