Ռոանոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Ուոյտի կողմից 1585 թվականին կազմված Հյուսիսային Կարոլինայի առափնյա քարտեզը (Բրիտանական թանգարան): Ռոանոկ կղզին պատկերված է վարդագույնով

Ռոանոկի գաղութ (անգլ.՝ The Roanoke Colony, հայտնի է նաև որպես «Կորուսյալ գաղութ», անգլ.՝ Lost Colony), անգլիական գաղութ համանուն կղզում (ներկայում՝ ԱՄՆՀյուսիսային Կարոլինա նահանգի Դեյր շրջանում)՝ հիմնված Եղիսաբեթ I թագուհու հովանու ներքո գործող Ուոլտեր Ռելիի միջոցներով, որի նպատակն էր Հյուսիսային Ամերիկայում անգլիական մշտական առաջին գաղութի հիմնումը:

Կատարվել է առաջին գաղութի ստեղծման մի քանի փորձ: Գաղութարարների առաջին խումբը ստիպված է եղել լքել կղզին ստեղծված ճգնաժամային իրավիճակի պատճառով: Հետագայում նրանց աջակցելու և գաղութը համալրելու նպատակով կղզի ժամանած 400 հոգուց կազմված խումբը, տեսնելով լքված բնակավայրը, վերադարձել է Անգլիա՝ թողնելով կղզում 15 մարդ: Երրորդ խումբը, որը կազմված էր մոտ հարյուրից ավել մարդուց, համարվում է անհետ կորած: Վերջին խմբի ղեկավար Ջոն Ուոյտը, ով Անգլիա էր վերադարձել աջակցություն ստանալու նպատակով, վերադարձին կղզին հայտնաբերել է անմարդաբնակ: Նրա մարդկանցից ոչ մի հետք չկար, բայց ծառերից մեկի վրա անգլերեն տառերով գրված «Cro» (Կրո) բառից, որն, ըստ ենթադրությունների, հանդիսանում է Կրոատոան կղզու անվան սկզբնական տառերը:

«Անհետ կորած այս գաղութի» պատմությունը անմիջականորեն կապվում է հարևան հնդկացի կրոատոան գաղութի հետ և բազմաթիվ գեղարվեստական ստեղծագործությունների ու ֆիլմերի ստեղծման հիմք է հանդիսացել: Ամենից շատ տարածված է այն կարծիքը, որ գաղութարարները ենթարկվել են տեղացի հնդկացի ցեղերի հարձակման կամ էլ գերի են վերցվել իսպանացիների, միգուցե նաև ծովահենների կողմից:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սըր Ուոլտեր Ռելի, Նիկոլաս Հիլիարդի մանրանկար (ջրաներկ), մոտավորապես 1585 թ., Ազգային դիմանկարների պատկերասրահ, Լոնդոն

1584 թվականի մարտի 25-ին Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I Ուոլտեր Ռելիին տվեց գաղութացման թույլտվություն: Եղիսաբեթ I-ի հրամանը հստակեցնում էր, որ Ռելիին տրվում է 1 տարի, որպեսզի նա Հյուսիսային Ամերիկայում հիմնի գաղութ, հակառակ դեպքում նա կկորցնի գաղութացման իր իրավունքը[1]: Ռելին և Եղիսաբեթ թագուհին կազմակերպեցին այդ միջոցառումը՝ գիտակցելով, որ այն իրենց առջև կբացի Նոր Աշխարհի հարստությունները, և նոր գաղութը կծառայի որպես ռազմածովային հենակետ Իսպանական Ամերիկայի գաղութների և նավատորմի վրա հարձակման համար:[2]:

Ռելին երբեք չէր այցելել Հյուսիսային Ամերիկա, բայց 1595 և 1617 թվականներին ղեկավարել էր դեպի Հարավային Ամերիկայում գտնվող Օրինոկո գետի արշավախմբերը, որոնք փնտրում էին առասպելական Էլդորադո քաղաքը:

Բնակիչների առաջին խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1584 թվականի ապրիլի 27-ին Հյուսիսային Ամերիկայի արևելյան ափերը հետազոտելու նպատակով Ռելին ուղարկեց արշավախումբ, որը ղեկավարում էին Ֆիլիպ Ամադեսն ու Արթուր Բառլոուն: Արշավախումբը Ռոանոկ կղզի ժամանեց հուլիսի 4-ին[1] և կարճ ժամանակ անց կապեր հաստատեցին տեղացի հնդկացի Սեկոտան և Կրոատան ցեղերի բնակիչների: Բառլոուն Անգլիա վերադարձավ երկու կրոատանցիների հետ, որոնց անուններն էին Մանտեո և Ուանչիզ: Վերջիններս Ռելիին ներկայացրեցին իրենց շրջանի քաղաքականությունն ու նկարագրեցին աշխարհագրությունը[1]: Հիմնվելով երկու կրոատանցիներից ստացած տեղեկատվության վրա՝ Ռելին Հյուսիսային Ամերիկա ուղարկեց երկրորդ արշավախումբը սըր Ռիչարդ Գրենվիլի գլխավորությամբ: Նրան հանձնարարված էր տվյալ շրջանը լրացուցիչ հետազոտել և վերադառնալ Անգլիա հաջողված գործողության հաշվետվությամբ:

Գրենվիլի նավախումբը նավարկությունը սկսեց Պլիմուտից 1585 թվականի ապրիլի 9-ին: Այն կազմված էր 5 նավերից՝ «Վագր» (Գրենվիլի նավ), «Այծյամ», «Կարմիր Առյուծ», «Եղիսաբեթ» և «Դորոտի»: Պորտուգալիայի ափերի մոտ նավախումբը բախվեց փոթորկի, ինչի պատճառով «Վագր» անունը կրող նավը ետ մնաց մնացյալ նավերից[1]:Նման դեպքերի համար նավապետերն ունեին գործողությունների ծրագիր, որի համաձայն նրանք պետք է հանդիպեին Պուերտո Ռիկոյում: Մայիսի 11-ին «Վագրը» ժամանեց «Մուսկիտոյի ծովախորշ»[3]:

«Մուսկիտոյի ծովախորշում» կառուցված ռազմական ամրության պատկերը (ջրաներկ): Այն որոշակի նմանություններ ունի Ռոանոկ կղզում կառուցված ռազմական ամրության հետ

Գրենվիլը առաջինը հասավ «Մուսկիտոյի ծովախորշ»: Մինչ նա սպասում էր մյուս չորս նավերի ժամանմանը՝ կապեր հաստատեց Ամերիկայում գտնվող իսպանական գաղութների բնակիչների հետ: Բացի այդ, նա նաև կառուցեց ռազմական ամրություն: «Եղիսաբեթ» նավը սահմանված վայր ժամանեց ամրության կառուցումից անմիջապես հետո[4]: Գրենվիլը չսպասեց մյուս երեք նավերի ժամանմանը և նավարկությունը սկսեց հունիսի 7-ին: «Մուսկիտոյի ծովախորշում» Գրինվիլի կառուցած ռազմական ամրությունը լքվեց, իսկ նրա գտնվելու վայրն այդպես էլ անհայտ մնաց:

Հունիսի 26-ին «Վագրը» նավարկեց մինչև Օկրակոկ Ինլետ, սակայն հայտնվեց ծանծաղուտում՝ կորցնելով սննդամթերքի պաշարների մեծ մասը[1]: Վերանորոգումից հետո հուլիսի սկզբին «Վագրը» հանդիպեց «Այծյամին» և «Դորոտիին», որոնք ժամանել էին Արտաքին ծանխաղուտների ջրեր «Կարմիր Առյուծի» հետ միասին մի քանի շաբաթ առաջ: Սակայն «Կարմիր Առյուծն» իջեցրեց իր ուղևորներին, իսկ նավի անձնակազմը մեկնեց Նյուֆաունդլենդ, որպեսզի զբաղվի կապերությամբ[1]:

Նոր աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

1585 թվականի հուլիսի 29-ին արշավախումբը հասավ Ամերիկայի ափ: Մայրցամաքի առափնյա հատվածի ու տեղաբնիկ հնդկացիների բնակավայրերի սկզբնական հետախուզությունից հետո անգլիացիները Ակվակոկոկ գյուղի բնիկներին արծաթյա բաժակի գողության մեջ: Գյուղն ամբողջությամբ ավերվեց և հրդեհվեց տեղաբնիկների առաջնորդի հետ միասին[1]: Այս իրադարձությունը նկարագրել է նաև Ռիչարդ Հակլուտը: Նրա հաշվետվությունները հիմնված են տարբեր բանկիրների, այդ թվում նաև՝ հենց Ուոլտեր Ռելիի ասածների վրա: Ինքը՝ Հակլուտը, երբեք չի եղել Նոր աշխարհում[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 David B. Quinn. Set Fair for Roanoke: Voyages and Colonies, 1584-1606. — UNC Press Books, 1985-01-01. — 496 p. — ISBN 9780807841235.(անգլ.)
  2. Karen Ordahl Kupperman. Roanoke, the Abandoned Colony. — Rowman & Littlefield, 1984-01-01. — 194 с. — ISBN 9780847673391.(անգլ.)
  3. Teacher Handbook to Roanoke Revisited - Fort Raleigh National Historic Site. U.S. National Park Service.
  4. Giles Milton. Big Chief Elizabeth: The Adventures and Fate of the First English Colonists in America.Macmillan Publishers, 2001-10-19. — 372 p. — ISBN 9780312420185.
  5. Irwin Blacker. Hakluyt's Voyages: The Principle Navigations Voyages Traffiques & Discoveries of the English Nation. — New York: Viking Press, 1965.(անգլ.)