Վերին հոսանքում Օրինոկոն բաժանվում է Կասիկյարե գետը։ Մինչև Մետայի գետաբերանը Օրինիկոն սահանքավոր է։ Դելտան (մոտ 20 հզ․ կմ2) բաժանվում է 36 բազուկի։ Մակարեո բազուկով կատարվում է նավագնացություն։ Ծովային մակընթացությունը տարածվում է գետաբերանից 400 կմ։ Հիմնական վտակները՝ Կաուրա, Կարոնի, Չուրան, ձախակողմյան՝ Գուավյարե, Մետա, Արաուկա, Ապուրե։ Աշխարհի առավել ջրառատ (29 հազար մ³/վրկ) գետերից է (նույնիսկ այն պայմանում, որ վերին հոսանքում ջրի հոսքի 1/3-ը Կասիկյարե գետով հոսում է Ամազոնի ավազան)։ Ծովային նավերը բարձրանում են մինչև Սյուդադ Բոլիվար, իսկ գետայինները՝ Պուերտո Այակուչո քաղաքը (հորդացումների ժամանակաշրջանում՝ էլ ավելի վեր)։ Նավագնացությունը տեղ-տեղ ընդհատվում է սահանքների պատճառով։ Կան մի շարք ջրվեժներ, այդ թվում՝ աշխարհի ամենաբարձր՝ (1054մ) Անխել ջրվեժը Չուրուն վտակի վրա։ Օրինոկոյի վրա ստեղծված է ջրէկների կասկադ։
Օրինոկոյի անվանումն առաջացել է գետի տարածաշրջանում բնակվող հնդկացիական տամանակներ ցեղի լեզվով օրինուկու (բառացի «մեծ գետ») բառից, որը իսպաներենի ազդեցությամբ փոխվել է Օրինոկոյի (Orinoco):
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։