Ջրհեղեղից հետո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (դեկտեմբերի 21, 2017) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Ջրհեղեղից հետո
After the Deluge
տեսակգեղանկար
նկարիչՋորջ Ֆրեդերիկ Ուոթս[1]
տարի1891 և 1886[2]
բարձրություն104 սանտիմետր[3]
լայնություն178 սանտիմետր[3]
ուղղությունսիմվոլիզմ
ժանրհոգևոր արվեստ և ծովանկար
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էWatts Gallery?[1]
հավաքածուWatts Gallery?[2]
հիմնական թեմաՋրհեղեղի մասին բիբլիական պատմություն
Ծանոթագրություններ

«Ջրհեղեղից հետո» (անգլ.՝ After the Deluge), այլ անվանումները՝ «Քառասունմեկերորդ օրը» (անգլ.՝ The Forty-First Day) և «Արևը» (անգլ.՝ The Sun), անգլիացի նկարիչ Ջորջ Ֆրեդերիկ Ուոթսի նկարը՝ նկարված 1891 թվականին։

Նկարում պատկերված է ջրհեղեղի մասին առասպելի սյուժեից մի տեսարան, որտեղ 40 օր անընդհատ տեղացող անձրևից հետո Նոյը բացում է տապանի պատուհանը և տեսնում, որ այն վերջապես ավարտվել է։ Կտավը նկարված է ծովանկարչության ոճով՝ առավելապես վառ գույներով, տեսարանում գերիշխում է այն, թե ինչպես է ամպերի միջով ծակում անցնում արևի լույսը։ Նույն սյուժեն Ութսոնի կողմից օգտագործվել է 1878 թվականին «Հունական պոեզիայի հանճարը» աշխատանքում, որը, սակայն, տարբերվում է ջրհեղեղի այլ փուլի ներկայացմամբ։ Միևնույն ժամանակ «Ջրհեղեղից հետո» նկարում նկարիչն ակնհայտորեն ցանկացել է արտահայտել աշխարհի մոնոթեիստական տեսլականը՝ միտումնավոր խուսափելով արարման ժամանակ Աստծուն ուղղակիորեն պատկերելուց։ Իր գեղարվեստական կարիերայի նույն ժամանակաընթացքում Ուոթսը՝ սիմվոլիզմի ապագա ներկայացուցիչը, նկարել է ջրհեղեղի և հասարակությունն անարժան մարդկանցից մաքրելու թեմաներով բազմաթիվ կտավներ՝ ենթադրելով, որ աշխարհը կդառնա բարոյական արժեքների անկման զոհ։ Դիտմամբ պարզեցված «Արև» անվանումով նկարը ցուցադրվել է 1886 թվականին Ուայդչեպելի Սուրբ Հուդայի եկեղեցում, բայց հետագա 5 տարիների ընթացքում Ուոթսը շարունակել է աշխատել կտավի վրա։ 1891 թվականին նկարի վերջնական տարբերակը՝ «Ջրհեղեղից հետո» անվանումով, ցուցադրվել է Լոնդոնի Նոր պատկերասրահի ցուցադրության ժամանակ, իսկ 1902-1906 թվականների ընթացքում ցուցադրվել է ամբողջ երկրում։ Չնայած նկարի վերաբերյալ ժամանակակիցների ունեցած հիացական արձագանքներին՝ Ուոթսն այն չի ներառել ազգին տված պարգևների շարքում, քանի որ տվյալ աշխատանքը չէր համարում իր առավել նշանակալի ստեղծագործություններից մեկը։ 1904 թվականին՝ նկարչի մահից շատ չանցած, նկարը հանձնվել է Կոմպտոնում գտնվող Ուոթսի պատկերասրահին (Գիլֆորդ, Սուրրեյ կոմսություն, Անգլիա), որտեղ էլ այժմ գտնվում է։

Նախադրյալներ և ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Ֆրեդերիկ Ուոթս, ինքնադիմանկար, 1879

Քննադատները նշում էին, որ Ջորջ Ֆրեդերիկ Ուոթսի ստեղծագործությունները ներառում են 3 հիմնական թեմաներ՝ սեր, մահ և խիղճ[4]։ Մանկության տարիներին վերապրելով մոր և 2 եղբայրների մահը՝ Ջորջ Ֆրեդերիկ Ուոթսն իր կյանքի մնացած մասը մնաց մահվան գաղափարով համակված[5]։ Դա հատկապես հստակ է երևում «Մահվան դատարան» (Թեյթ բրիտանական պատկերասրահ) նկարում, որի վրա Ուոթսն աշխատել է ավելի քան 3 տասնամյակ՝ փորձելով ցույց տալ, որ մահը բոլորին՝ և՛ հերցոգին, և՛ աղքատին, հավասար է դատում[4][6]։ Տվյալ թեմայի պատկերման ժամանակ դիմելով ալեգորիայի՝ Ուոթսն իր կտավներում այլաբանորեն ներկայացրել է արդյունաբերական դարաշրջանի իրական խնդիրները՝ որոշ դեպքերում հակվելով սոցիալական ռեալիզմի կողմը[7]։ Դեռ երեխա ժամանակ տեսնելով քաղաքային տառապանքները՝ մարմնավաճառություն, անօթևանություն և քրտնաքամ աշխատանք[4],, նա փորձում էր այդ ձևով փոխել հասարակ, սովորական մարդկանց կյանքը[7]։ Զարգացած նկարչական տաղանդի շնորհիվ վաղ տարիքից նա ինքնուրույն է փող վաստակել որպես հմուտ դիմանկարիչ[8]։ Լինելով Գեղարվեստի թագավորական ակադեմիայի դպրոցի ուսանողը՝ Ուոթսը միանգամից չսիրեց այնտեղի դասավանդման մեթոդները[9]։ Նրա աշխատանքներն ակադեմիական ցուցահանդեսներում հաջողություն էին վայելում, իսկ ինքը կյանքի մնացած մասը կարողացավ ամբողջությամբ նվիրվել իր գլխավոր մոլությանը՝ գեղանկարչությանը[10]։ 4 տարի ապրելով Իտալիայում[11]՝ Ուոթսը վերադառնում է Լոնդոն, որտեղ նրան տիրում է դեպրեսիայի նոպան, ինչը նշանավորվում է մռայլ թեմաներով նկարների մի ամբողջական շարքով[12]։ Այս անգամ նրա նկարչական վարպետությունը մեծ ճանաչում էր վայելում, և Ուոթսը որոշում է կենտրոնանալ դիմանկարչության վրա[13]։ Նրա ստեղծագործությունների դիմանկարները նույնպես ամենուր բարձր էին գնահատվում[13], և շուտով նկարիչն ընտրվում է Թագավորական ակադեմիայի անդամ[14][Ն. 1], բայց շատ շուտով հիասթափվում է այնտեղ տիրող կարգերից[17]։ Ուոթսը ձգտում էր բնությանը որքան հնարավոր է մոտ ապրել[18], հայտնի էր իր ինքնամփոփությամբ և ամեն կերպ խուսափում էր հանրային, հասարակական ակտիվությունից՝ արժանի չհամարելով հանդիպել նույնիսկ իրեն այցի եկած Վիկտորիա թագուհու հետ[7]։

Ուոթսոնն առավել հայտնի է դարձել այլաբանական և դիցաբանական թեմաներով նկարների շնորհիվ[11], նա եղել է աշխարհի ամենահարգված նկարիչներից մեկը[19]։ Մինչդեռ նա չէր կարողանում կամ էլ չէր ցանկանում միանալ գոյություն ունեցող նկարչական հոսանքներից ոչ մեկին՝ ոչ շաբլոնային պրեռաֆայելիտներին, ոչ էլ այնքան կատաղի բարոյախոսներին՝ քննադատների արձագանքներում մնալով որպես վիկտորիանական դարաշրջանի բրիտանական մշակույթի ավելի ուշ շրջանի «հերոսական անհաջողակ» կամ «մակերեսային և հավակնոտ» ներկայացուցիչներից մեկը[20]։ Եվ հենց այս շրջանում էր, որ 19-րդ դարում տիեզերքի ոլորտում արված գիտական հայտնագործությունները միաժամանակ ցնցեցին և հիացրին մարդկությանը, իսկ համոզմունքների հին համակարգը՝ համաձայն որի մարդը տիեզերքի կենտրոնն է, փոշիացվեց։ Մտավորականության համար խնդիր առաջացավ իմաստավորել նոր գիտելիքները, իսկ արվեստագետներն սկսեցին փնտրել նորարարական եղանակներ գիտության ձեռքբերումները պատկերելու համար[21]։

«Քաոս», Ուոթսի վրձին

Ապագա նկարի պատկերման համար Ուոթսն ընտրել է ջրհեղեղի մասին առասպելի սյուժեից մի տեսարան, որտեղ 40 օր անընդհատ տեղացող անձրևից հետո Նոյը բացում է տապանի պատուհանը և տեսնում, որ վերջապես այն ավարտվել է[22]։ Նկարիչը որոշել է պատկերել, թե ինչպես է 40 օր ամպամած երկնքում առաջին անգամ ծագում պայծառ արևը[23]։ Դաստիարակվելով խիստ հոր կողմից, որը դավանում էր ավետարանական քրիստոնեություն, Ուոթսին մանկուց դուր չէր գալիս կազմակերպված կրոնը, չնայած նա լավ գիտեր Աստվածաշունչը[5], իսկ Նոյի և ջրհեղեղի պատկերները հետագայում հաճախ են հանդիպում նրա նկարներում[22]։ Ուոթսը հաստատապես հավատում էր, որ ժամանակակից աշխարհում հարստանալու փափագը սոցիալական արժեքներից բարձր է դասվում, և որ այդպիսի հարաբերությունները, նկարչի կողմից ներկայացված որպես «այդ հարստությունը բերող ամենօրյա զոհերի կեղծավորությամբ քողարկում»[24], ինչ-որ մի ժամանակ կհանգեցնի հասարակության անկմանը[25]։

Ըստ վիկտորիանական դարաշրջանի արվեստագետ և Սուրրեյի համալսարանի գեղանկարչության մասնագետ Հիլարի Անդերվուդի[26]՝ Ուոթսը Նոյի կյանքի վերաբերյալ այդքան շատ նկարներ ունի, որովհետև, հավանաբար, զուգահեռներ է տեսել արդի և հին ժամանակների միջև՝ ներկայացնելով այլասերվածներից հասարակությունը մաքրելու հնարավորությունը՝ պահպանելով այն մարդկանց, ովքեր դեռ պահպանում են բարոյական նորմերը[22]։ Ուոթսը մեկ անգամ չի հայտարարել, որ «ես նկարում եմ գաղափարներ, ոչ թե առարկաներ», այդ պատճառով էլ նրա համար բնապատկերներն իրենց բնական վեհությամբ միայն գործիքներ էին լայն իմաստով ամենայն գոյությունը նկարելու համար[21]։ Ուոթսի այդ ժամանակվա աշխատանքների վառ օրինակ է համարվում 1882 թվականին նկարված «Քաոս» կտավը (Թեյթ բրիտանական պատկերասրահ), որում երևում է, թե ինչպես է արևը լուսավորում ջրհեղեղի հետևանքները՝ հսկաների անկումն ու ժամանակի սկիզբը[27][28][29]։ Այդ աշխատանքի կատարմանը ոգեշնչել են Ուոթսի՝ ջրաներկով Ալպերը Կարարայում և Պիզայի աշտարակը նկարված աշխատանքները[27][28]։ Նկարի աջ կողմը, որտեղ պատկերված են հանգստացող տիտաններն ու պարող կանայք, սկզբում եղել է առանձին աշխատանք՝ «Տիտանները» անվանումով (1875)[24]։

Կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոթսի արևը
«Լույս և գույն» (Ուիլյամ Թըրներ)

Նկարը կտավի վրա պատկերված է ջրաներկով, նրա չափերը կազմում են 104 × 178 սմ [30]: Կոմպոզիցիոն աշխատանքը պատկանում է ոճավորված ծովանկարչության ձևին[23]։

Լայնարձակ և խաղաղ ծովի վրա կախվել է հսկայական, վառ շողերով ճառագող արևը՝ լուսավորելով շրջակա ամպերն ու կարծես դուրս գալով կտավի եզրերից, ակնարկելով աստղերի տիեզերական էներգիա[21][23]։ Ուոթսի այս աշխատանքի կառուցվածքը թեմատիկ ընդհանրություններ ունի Ուիլյամ Թըրների «Լույս և գույն (Գյոթեի տեսություն)։ Առավոտը ջրհեղեղին հետո։ Մովսեսը գրում է Ծննդոց գիրքը» կտավի հետ, որ նկարվել է 1843 թվականին[31]։ Թըրների նկարի կենտրոնում արևի շրջանակն է, որի ֆոնին կարելի է տեսնել մարդկային կերպարանքի ուրվագծեր, և, ի տարբերություն Ուոթսի աշխատանքի, դրանով նա ընդհուպ մոտեցել է մաքուր աբստրակցիոնիզմին[22]։

Այս առումով 1910 թվականին՝ արդեն նկարչի մահից հետո, նրա այրին՝ Մերի Ուոթսը հիշել է[23][20].

Այցելուն տեսավ «Ջրհեղեղից հետո» նկարը և նշեց, որ, ըստ իր զգացողության, այդպիսի գունային գամմայով միանգամայն հնարավոր կլիներ պատկերել Արարչի կերպարը։ «Ոչ»,- պատասխանեց պարոն Ուոթսը:- «Բայց ես իսկապես ուզում էի, որ իմ նկարը նայողը պատկերացներ հենց այդ։ Արարչի ձեռքը կրկին ստեղծում է արևի և ջերմության շնորհիվ։ Ես չեմ փորձել նկարել արևի պատկերը. այդպիսին չես նկարի, բայց ես ցանկացել եմ տպավորություն թողնել՝ նրան հաղորդելով վիթխարի ուժ»։

Ուոթսն իր կարիերայի ինչ-որ պահից սկսած ամբողջովին կենտրոնացած էր լայնածավալ բնական երևույթների և Աստծո կամքի հետ դրանց ունեցած կապի սյուժեներով կտավներ նկարելու վրա[23]։ Արևի նկատմամբ ուշադրության կենտրոնացումն արտացոլում էր նրա վաղեմի հետաքրքրությունը երկնային տվյալ մարմնի նկատմամբ՝ որպես աստվածային խորհրդանիշի։ Օրինակ՝ 1865 թվականին նկարված «Նոյի զոհաբերությունը» կտավում երևում է, թե ինչպես է Նոյը զոհ մատուցում արևին՝ որպես երախտագիտություն իր ընտանիքը ջրհեղեղից փրկելու համար[22]։ Ուոթսի՝ արևի նկատմամբ ունեցած այդ հետաքրքրությունը, հնարավոր է, աճել է նկարիչ Մաքս Մյուլլերի հետ ծանոթությունից հետո, ով նկարում էր արևային առասպելներ[22]։

«Հունական պոեզիայի հանճարը»
«Համակարգ սերմանողը»

Լայնարձակ ծովի վրա նարնջագույն արևի պատկերն առկա է նաև Ուոթսի ավելի վաղ արված «Հունական պոեզիայի հանճարը» նկարում, որը նկարիչն սկսել է 1865 թվականին՝ Հալիկառնաս կատարած այցելության ժամանակ և ավարտել 1878 թվականին[32][33]։ Ընդ որում, այդ աշխատանքի կոմպոզիցիան հիմնովին տարբերվում է «Ջրհեղեղից հետո» նկարից[23]։ Եթե «Հունական պոեզիայի հանճարը» նկարը բնության ուժերի անձնավորման և մարդկանց կերպարանքներով աստվածների (նրանց մեջ առանձնանում է Հանճարի կարևոր կերպարը) միջոցով դիտողին համակում է պանթեիզմի գաղափարներով[33], «Ջրհեղեղից հետո» նկարում Ուոթսը ներկայացրել է աշխարհի միաստվածային պատկերը՝ արտահայտելով ամենակարող Աստծո՝ արարման գլխավոր հերոսի մեծությունն ու ողորմածությունը[23]։

1902 թվականին՝ իր մահից քիչ առաջ, Ուոթսը «Համակարգ սերմանողը» նկարում վերադարձել է արարման թեմային, իր բոլոր աշխատանքների մեջ նկարն առաջին անգամ ներառել է Աստծո ուղղակի պատկերն այնպիսի կեցվածքով, որը նկարիչը նկարագրել է որպես «կարևոր մարմնաշարժում, որից կախված է այն ամենը, ինչ գոյություն ունի»[34]։ Այս նկարը, հավանաբար, Ուոթսը նկարել է Ջեյմս Սաութի աստղադիտակով աստղերը դիտելուց ոգեշնչված, և արտացոլում է նկարչի սերն աստղագիտության նկատմամբ[20]։

Ճակատագիր և քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի անավարտ տարբերակը՝ «Արևը» անվանումով, ցուցադրվել է 1886 թվականին Ուայդչեպելի Սուրբ Հուդայի եկեղեցում[22]։ Այդ տեսակի ցուցահանդեսները եկեղեցու փոխանորդ Սամյուել Բարնետտի և նրա կնոջ՝ Հենրիետտայի կողմից (նրանք իրենց համարում էին «քաղաքակրթության միսիոներներ») հատուկ կազմակերպվում էին բնակչության անգրագետ հատվածի համար։ Այդպիսի միջոցառումների օգնությամբ Բարնետտը ցանկանում էր աղքատների կյանքում ինչ-որ գեղեցկություն մտցնել[35]։ Ուոթսը հաճախ և միտումնավոր պարզեցնում էր նման ցուցահանդեսների համար նախատեսված իր աշխատանքների անվանումները, բացառություն չէր և այս նկարը[23][22]։ Բարնետտը և Ուոթսը մտերիմ ընկերներ էին, և փոխանորդն իր ցուցահանդեսների համար հաճախ էր վերցնում նկարչի աշխատանքները[36], մի անգամ նույնիսկ եկեղեցու ճակատը զարդարեց Ուոթսի՝ «Ժամանակ, Մահ և Դատարան» անվանումով մեծ խճանկարով[35]։ Այդ ցուցահանդեսից հետո Ուոթսը ևս 5 տարի աշխատեց նկարի վրա[23]։

Նոր պատկերասրահի կենտրոնական սրահը

Նկարի պատրաստի տարբերակը՝ «Ջրհեղեղից հետո» անվանումով, ցուցադրվել է 1891 թվականին Լոնդոնի Նոր պատկերասրահում[22]։ Նկարը հայտնի է նաև որպես «Քառասունմեկերորդ օրը»[5]։ 1891 թվականին, հետագայում նաև 1897 թվականին Նոր պատկերասրահում տեղի ունեցած ցուցադրության ժամանակ նկարի կողքին դրված է եղել բացատրական գրություն, որը, ինչպես ենթադրում են քննադատները, հնարավոր է՝ գրել է հենց Ուոթսը[23].

Լույսի և ջերմության տրանսցենդենտ ուժը պայթում է նոր արարման ժամանակ, խավարը ցրված է, ջրերը՝ հնազանդ բարձրագույն ուժին, արդեն ցրվել են եթերային մշուշում և գնացել դեպի երկրի մակերես։

1902-1906 թվականների ընթացքում նկարը ցուցադրվել է ամբողջ աշխարհում՝ Կորկից և Էդինբուրգից մինչև Մանչեստր և Դուբլին, այդ թվում նաև Լիթլ-Հոլլանդ-հաուսում գտնվող Ուոթսի պատկերասրահում[37]։ Հատկանշական է, որ դեռ 1881 թվականին նա իր տան համար կառուցել է ապակե տանիք և հանգստյան օրերին այն բացել հասարակության համար, ինչը նկարչին ավելի մեծ հռչակ է բերել[38]։

1904 թվականին՝ նկարչի մահից քիչ անց, նկարը տրվեց Կոմպտոնում գտնվող Ուոթսի նորաբաց պատկերասրահին (Գիլդֆորդ, Սուրրեյ կոմսություն, Անգլիա)[37]։ Չնայած իր ամբողջ կարիերայի ընթացքում Ուոթսը բացառիկ բնանկարներ է նկարել, սակայն նա այդպիսի աշխատանքները չէր համարում իր ստեղծագործությունների գագաթնակետը։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ նկարչի կողմից ազգին որպես պարգև տրված առավել կարևոր նկարների շարքում չկա ոչ մի բնանկար[39][40]։ 1883 թվականից Ուոթսն իր բոլոր կարևոր համարվող դիմանկարները նվիրաբերեց Դիմանկարների ազգային պատկերասրահին[38]։ 1886 թվականին նա 9 նկար տվեց Հարավային Կենսինգտոնի թանգարանին (այժմ՝ Վիկտորիայի և Ալբերտի թանգարան)[41]։ Եվս 18 կտավներ նվիրաբերեց 1897 թվականին բացված Բրիտանական արվեստի ազգային պատկերասրահին (այժմ՝ Թեյթ բրիտանական պատկերասրահ), իսկ հետագայում Ուոթսն այդ պատկերասրահին հանձնեց իր աշխատանքներից ևս 5-ը[39]։ Արդյունքում Թեյթի պատկերասրահին նվիրած 23 նկարների թվում էին «Ամենաթափանց», «Քաոս», «Կլիտիա», «Մահվան դատարան», «Մահը թագադրում է անմեղությունը», «Բեռնաքաշ ձիեր», «Նկուղի բնակիչը», «Եվա Ապաշխարողը», «Հավատ», «Նա մեծ կալվածք ուներ», «Հույս», «Հովնան», «Սեր և մահ», «Սեր և կյանք», «Հաղթանակած սեր», «Մամոնա», «Դեսպանորդը», «Մինոտավր», «Նա պիտի կին կոչվի», «Sic Transit», «Քրիստոնյայի ոգի», «Ժամանակ, Մահ և Դատարան»[39] կտավները։

Որպես հետևանք այդ նվիրատվությունների՝ «Ջրհեղեղից հետո» նկարը չդասվեց Ուոթսի առավել հայտնի ստեղծագործությունների շարքին, չնայած որ այն բարձր էր գնահատվել ժամանակակիցների և այլ նկարիչների կողմից[42]։ Մասնավորապես, 1907 թվականին նկարիչ Ուոլթեր Բայեսը գրել է, որ «Ջրհեղեղրից հետո» կտավը «իր ծագմամբ բնանկար է, որը մենք կապում ենք պարոն Ուոթսի անվան հետ, բնանկար, որից հանվել են բոլոր ակնհայտ կոպիստ իրերը, իսկ մնացածն իր ծագմամբ համարվում է բնության բոլոր հնարավոր բանաստեղծական տարրերի սուբլիմացիա»[43]։ Որոշ քննադատներ նաև կարծում են, որ Ուոթսի կտավն առաջին ցուցադրությունից հետո 2 տասնամյակների ընթացքում ազդել է այնպիսի նկարիչների աշխատանքի վրա, ինչպիսիք են Մորիս Շաբասը, Ջուզեպպե Պելլիցցա դա Վոլպեդոն, Էդվարդ Մունկը, Ալբերտ Թրաքսելը, Յենս Վիլլումսեն, Էժեն Յանսոնը, Պոլ Սերյուզեն[44][42]։ Այսպես, կարելի է նշել Մունկի «Արև» կտավը[45], դա Վոլպեդոյի՝ «Արևածագը»[44]։ Հատկապես աչքի է ընկնում Ուոթսի և Վինսենթ վան Գոգի գեղարվեստական մոտեցումների նմանությունը, ովքեր իրենց աշխատանքներում պատկերել են բնության շարունակական փոփոխությունը, այն, ինչ տեղի է ունենում ինքն իրեն, մարդկային գործունեությունից անկախ[21]։ Զուգահեռներ կարելի է անցկացնել նաև Վան Գոգի «Ցորենի դաշտերը» աշխատանքի հետ[46]։

«Արև», Մունկ «Արևածագ», դա Վոլպեդո «Սերմնացանը», Վան Գոգ

Ներկայումս «Ջրհեղեղից հետո» նկարը ներառված է Ուոթսի պատկերասրահի հավաքածուի կազմում[30][47]։ Այն ցուցադրվել է Իզաբել Գոլդսմիթ Պատինոյի պատկերասրահում, որն այդպես էր կոչվում ի պատիվ թանգարանի գլխավոր հովանավորի[48]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թագավորական ակադեմիկոսի կոչումն ամենաբարձր պարգևն էր այդ ժամանակվա արվեստի գործիչների համար[11], որովհետև այնպիսի պատիվ, ինչպիսին է, օրինակ, ասպետությունը, շնորհվում էր միայն խոշոր հաստատությունների նախագահներին, բայց ոչ նկարիչներին, թեկուզ առավել հայտնի[15]։ 1885 թվականին լրջորեն քննարկման ներկայացվեց Ուոթսոնին պերի կոչման ներկայացնելու հնարավորությունը, ինչի արդյունքում նա կարող էր դառնալ առաջին նկարիչը, որն արժանացել է նման պատվի, սակայն դա տեղի չունեցավ[16]։ Նույն թվականին նա սեփական նախաձեռնությամբ հրաժարվեց բարոնի տիղոսից[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://artuk.org/discover/artworks/after-the-deluge-13387
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://artuk.org/discover/artworks/after-the-deluge-13387
  3. 3,0 3,1 ARTUK: After the Deluge
  4. 4,0 4,1 4,2 Маккарти, Фиона (7 августа 2004). «England's Michelangelo». The Guardian. Վերցված է 7 июля 2017-ին.
  5. 5,0 5,1 5,2 Bills, Bryant, 2008, էջ 20
  6. «The Court of Death (c.1870–1902)». Британская галерея Тейт. Վերցված է 7 июля 2017-ին.
  7. 7,0 7,1 7,2 Хьюс, Кэтрин (10 марта 2017). «GF Watts: the Victorian painter who inspired Obama». The Guardian. Վերցված է 7 июля 2017-ին.
  8. Bills, Bryant, 2008, էջ 21
  9. Bills, Bryant, 2008, էջ 22
  10. Bills, Bryant, 2008, էջ 23
  11. 11,0 11,1 11,2 11,3 Warner et al, 1996, էջ 238
  12. Bills, Bryant, 2008, էջ 29
  13. 13,0 13,1 Bills, Bryant, 2008, էջ 33
  14. [1]
  15. Robinson, 2007, էջ 135
  16. Tromans, Grant, 2011, էջ 69
  17. Bills, Bryant, 2008, էջ 40
  18. Richard Cork (1 февраля 2016). «Window on the world of two artistic idealists». Financial Times. Վերցված է 7 июля 2017-ին.
  19. Bills, Bryant, 2008, էջ xi
  20. 20,0 20,1 20,2 Simon Grant (1 мая 2011). «G.F. Watts: symbolist and star-gazer». Британская галерея Тейт. Վերցված է 10 октября 2016-ին.
  21. 21,0 21,1 21,2 21,3 «Symbolist Landscape in Europe 1880-1910». Национальная галерея Шотландии. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 10 октября 2016-ին.
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 22,5 22,6 22,7 22,8 Staley, Underwood, 2006, էջ 44
  23. 23,00 23,01 23,02 23,03 23,04 23,05 23,06 23,07 23,08 23,09 Bills, Bryant, 2008, էջ 234
  24. 24,0 24,1 Bills, Bryant, 2008, էջ 232
  25. Bills, Bryant, 2008, էջ 230
  26. «Hilary Underwood». Университет Суррея. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 10 октября 2016-ին.
  27. 27,0 27,1 Staley, Underwood, 2006, էջ 19
  28. 28,0 28,1 Staley, Underwood, 2006, էջ 31
  29. «Chaos (c.1875–82)». Британская галерея Тейт. Վերցված է 4 июля 2017-ին.
  30. 30,0 30,1 «After the Deluge». Художественный совет Англии. Վերցված է 9 октября 2016-ին.
  31. «Light and Colour (Goethe's Theory) - the Morning after the Deluge - Moses Writing the Book of Genesis». Британская галерея Тейт. Վերցված է 10 октября 2016-ին.
  32. Bills, Bryant, 2008, էջ 196
  33. 33,0 33,1 Bills, Bryant, 2008, էջ 198
  34. Warner et al, 1996, էջ 136
  35. 35,0 35,1 Tromans, Grant, 2011, էջ 23—24
  36. Tromans, Grant, 2011, էջ 23
  37. 37,0 37,1 Bills, Bryant, 2008, էջ 233
  38. 38,0 38,1 Bills, Bryant, 2008, էջ 42
  39. 39,0 39,1 39,2 Bills, 2011, էջ 44
  40. Staley, Underwood, 2006, էջ 12—13
  41. Tromans, Grant, 2011, էջ 22
  42. 42,0 42,1 Staley, Underwood, 2006, էջ 13
  43. Bayes, 1907, էջ xi
  44. 44,0 44,1 Clair, 2000, էջ 120
  45. Gould, 2004, էջ 34, 88
  46. Wilton et al, 1997, էջ 180
  47. «After the deluge». Британская галерея Тейт. Վերցված է 10 октября 2016-ին.
  48. «Blenheim House Construction, is a turning point». Галерея Уоттса. 3 июня 2010. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 10 октября 2016-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]