Ջեյմս Քրյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Քրյուս
գերմ.՝ James Krüss
Ծնվել էմայիսի 31, 1926(1926-05-31)[1][2][3][…]
ԾննդավայրՀելգոլանդ, Պինեբերգ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա
Մահացել էօգոստոսի 2, 1997(1997-08-02)[1][2][3][…] (71 տարեկան)
Մահվան վայրԳրան-Կանարիա, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա[4]
Քաղաքացիություն Գերմանիա
ԵրկերԹիմ Թալլերը կամ վաճառված ժպիտը
Մասնագիտությունբանաստեղծ, մանկագիր, դրամատուրգ, թարգմանիչ, գրող, լրագրող և արձակագիր
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Կայքjameskruess.de

Ջեյմս Քրյուս (գերմ.՝ James Krüss, մայիսի 31, 1926(1926-05-31)[1][2][3][…], Հելգոլանդ, Պինեբերգ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա - օգոստոսի 2, 1997(1997-08-02)[1][2][3][…], Գրան-Կանարիա, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա[4]), գերմանացի մանկական գրող և բանաստեղծ։

Կյանք և կենսագործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Քրյուսը ծնվել է Հելգոլանդ կղզում բնակվող էլեկտրատեխնիկի ընտանիքում։

Պատերազմի պատճառով 1941 թվականին ընտանիքը տեղափոխվել է մայրցամաք։ 1944 թվականի օգոստոսին Քրյուսը զորակոչվել է գերմանական բանակ, պատերազմի ավարտից հետո բնակություն է հաստատել Համբուրգում։ 1948 թվականին ավարտել է Լյունեբուրգի Մանկավարժական ուսումնարանը, սակայն որպես ուսուցիչ աշխատելու փոխարեն՝ տարվել է գրականությամբ։ 1951 թվականին սկսել է ակտիվ կերպով աշխատակցել ռադիոյին և թերթերին։

1950 թվականին Էրիխ Քեսթների խորհրդով որոշում է ստեղծագործել մանուկների համար։ Նրա առաջին՝ «Հանզելմանը ճանապարհորդում է երկրի շուրջը» պատկերազարդ գիրքը հրատարակվել է 1953 թվականին։ Քրյուսը մի քանի տասնյակ արձակ և բանաստեղծական բովանդակությամբ մանկական գրքերի հեղինակ է, որոնցից ամենահայտնին «Թիմ Թալլերը կամ վաճառված ժպիտը» հեքիաթն է (1962)։ Պատանիների համար գրված արկածախնդրական այդ հեքիաթում հեղինակն օգտագործում է իրավիճակներ՝ փոխառնված դասական գրականության տարբեր ստեղծագործություններից, օրինակ՝ Գյոթեի «Ֆաուստից»։ Դիցաբանական տարրերով և գրական պատրանքներով հագեցվածությունը՝ իր ամբողջական սահմանակվածության հետ մեկտեղ, այդ վեպը դարձնում է 20-րդ դարի դասական գրականության ստեղծագործություն, որն, ի դեպ, հավասարապես հետաքրքիր է և՛ մանուկների, և՛ մեծահասակների համար։

«Թիմ Թալլերը կամ վաճառված ժպիտը» հեքիաթի համար Քրյուսը 1968 թվականին պարգևատրվել է Հանս Քրիստիան Անդերսենի շքանշանով, որին արժանանում են միայն մանկական լավագույն գրողները և մանկական գրքեր պատկերազարդող լավագույն նկարիչները։ Այս շքանշանն անվանում են նաև «Նոբելյան մրցանակ Մանկական գրողների համար»[5]։

Գրականության վերաբերյալ իր հայացքները Ջեյմս Քրյուսը շարադրել է «Միամտությունը և արվեստի ընկալումը. մտորումներ մանկական գրականության վերաբերյալ» (1969) գրքում։ Գրողի գրչին են պատկանում նաև մի շարք երգեր, ռադիոներկայացումներ, հեռուստասցենարներ և տարբեր լեզուներից գերմաներեն թարգմանված բազմազան ստեղծագործություններ։

1966 թվականին Քրյուսը սկսել է բնակվել Գրան-Կանարիա կղզում, որտեղ և 1997 թվականի օգոստոսի 2-ին մահացել է։ Գրողի աճյունը թաղված է նրա հայրենիքում՝ Հելգոլանդ կղզում։

Գրական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հանզելմանը ճանապարհորդում է երկրի շուրջը» (1953),
  • «Իմ նախապապը և ես» (1959), 1960 թվականին արժանացել է Գերմանիայի մանկական և պատանեկան լավագույն գրականության պարգևին,
  • «Երբ ես կդառնայի թագավոր» (1961),
  • «Թիմ Թալլերը կամ վաճառված ժպիտը» (1962)
  • «Իմ նախապապը, հերոսները և ես» (1967),
  • «Խոսող մեքենան» (1967)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]