Jump to content

Ջալլադ (Երվանդ Բաբերյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջալլադ
ԾննդավայրԳյումրի
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Ազգությունհայ
Մայրենի լեզուհայերեն, ռուսերեն
Մասնագիտությունհեղափոխական գործիչ
Գործունեություն1880-ական թվականներից 1903 թվական
ԿուսակցությունՀայ Յեղափոխական Դաշնակցություն

Ջալլադ (Երվանդ Բաբերյան), Հայ ազատագրական շարժման գործիչ, Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծննդյան և մահվան թվականներն անհայտ են։ Հայ ազատագրական շարժման գործիչ, Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Ջալլադը (Երվանդ Բաբերյան) ծնվել է Ալեքսանդրապոլում (Գյումրի)։ 1880–ական թվականների վերջին միացել է Թիֆլիսի շրջանում իր գործունեությունը ծավալած ղաչաղ դաղեթցի Աբրահամի ավազակախմբին։ Բայց, Ջալլադի «ավազակություն»–ը երկար չի տևել։ 1890 թվականին Ջալլադը, բաժանվելով իր ընկերներից, անցել է Կարս, ուր միացել է Հովսեփ Արղությանի (Իշխան) ղեկավարած «ուխտավորներ»–ի խմբին և նրանց հետ անցել Արևմտյան Հայաստան՝ նպատակ ունենալով ուսումնասիրել արևմտահայության վիճակն ու այդ մասին տեղեկություններ տալ Թիֆլիսում գործող «Երիտասարդ Հայաստան» կազմակերպությանը։ Այս նպատակով «ուխտավորներ»–ի խումբը հանդիպումներ է ունեցել Տարոնի հայդուկապետ Արաբոյի (Առաքել) և Մշո սուրբ Կարապետ վանքի վանահայր, Տարոնի հոգևոր առաջնորդ Ներսես վարդապետ Խարախանյանի հետ։ Արևմտյան Հայաստանից վերադառնալուց հետո 1890 թվականի սեպտեմբերին Ջալլադն ընդգրկվել է ուսանող Սարգիս Կուկունյանի (Ավետիսյան) գլխավորած արշավախմբում։ Արշավախմբի ձախողումից հետո կարողացել է խուսափել ձերբակալությունից։ Այնուհետև, միանալով Գալուստ Ալոյանին (Դավրիշ, Մնձուրի առյուծ) և Տիգրան Ստեփանյանին, Ջալլադը նույն թվականի վերջին անցել է Պարսկաստան։ 1891 թվականին նա անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։ Նույն թվականի մարտին Սալմաստից անցնելով Վան՝ Ջալլադը ՀՅԴ ականավոր գործիչ Պետոյի (Ալեքսանդր Պետրոսյան) հետ հայ հեղափոխականների համար կազմակերպել է սուրհանդակային կայաններ և վերադարձել Պարսկաստան։ Շուտով Ջալլադը տիրացուի պաշտոնով հաստատվում է Դերիկի վանքում՝ միաժամանակ շարունակելով իր հեղափոխական գործունեությունը։ Դերիկի վանքում Ջալլադը ծանոթացել և մտերմություն է հաստատել Սևքարեցի Սաքոյի (Սարգիս Ծովիանյան) հետ, որն այդ շրջանում վանքի մշտական բնակիչներից էր։ 1893 թվականի վերջին Ջալլադը ՀՅԴ ականավոր գործիչներ Ղարա–Մելիքի (Բարսեղ Մելիք–Գրիգորյան) և Քեռու (Արշակ Գավաֆյան) հետ անցել է Էրզրում (Կարին1893–1896 թթ. գործելով Էրզրումում՝ միաժամանակ հարաբերություններ է ունեցել նաև հայդուկապետ Աղբյուր Սերոբի (Սերոբ Վարդանյան) և իր խմբի մարտիկների հետ։ 1896 թվականի սկզբին Ջալլադն անցել է Կարս։ 1896 թվականի դեկտեմբերին ձախողել է իր գլխավորած ՀՅԴ 20 հոգուց բաղկացած ձիավոր խմբի սահմանանցումը Արևմտյան Հայաստան, որի համար ՀՅԴ «Ջրաբերդ» կենտրոնական կոմիտեի որոշմամբ 1898 թվականի հունվարից վտարվել է ՀՅԴ շարքերից։ Այս որոշումը հետագայում վերանայվել է 1904 թ. կայացած ՀՅԴ 3–րդ ընդհանուր ժողովում, ուր որոշվել է հանձնարարել ՀՅԴ Բաքվի «Ոսկանապատ» կենտրոնական կոմիտեին վերաքննել Ջալլադի գործը։ 1903 թվականին Ջալլադը Բաքվում ղեկավար դերակատարություն է ունեցել հայ եկեղեցական գույքի բռնագրավման վերաբերյալ ցար Նիկոլայ 2–րդի 1903 թ. հունիսի 12–ին հրապարակած հրամանագրի կենսագործման դեմ հայության մղած պայքարում։ Ջալլադը մահացել է թշվառության մեջ՝ գրեթե ամենքից լքված վիճակում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]