Աղբյուրներում առաջին անգամ հիշատակված է 1469-ին։ Տեղեկություններ կան, որ Պոդգայցին 1590-ին վարձակալել է լեհաստանցի հայ Յակուբ Սերեբկովիչը։ XVII դ․ կեսին Մոլդավիայից և Վալաքիայից տեղափոխված հայերը Պոդգայցիում հիմնել են հայկական գաղթավայր։ Հայերն ունեցել են վարչաիրավական և կրոնական ինքնուրույնություն (վոյթ, դատարան, եկեղեցի), զբաղվել առևտրով և արհեստագործությամբ։ 1657-ին ականատես ուղեգիր էվլիա Չելեբին Պոդգայցին նկարագրում է որպես ծաղկուն առևտրական կենտրոն։ Ըստ նրա չափազանցված տվյալների, Պոդգայցիում եղել են 2 հզ․ կրպակ, 9 իջևանատուն, 20 մեծ ու փոքր եկեղեցի։ 1660-ական թթ․ վերջից Պոդգայցիի հայերը պայքարել են Հռոմի հետ եկեղեցական բռնի միության դեմ։ Հայկական գաղութը գոյատևել է մինչև 1676-ի թուրքական արշավանքը։
Չճշտված տվյալներով Պոդգայցի քաղաքում բնակվում էր 3 203մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 3,14կմ²։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 346)։