Jump to content

Պելիաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պելիաս
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
Սեռարական
ՀայրՊոսեյդոն[1][2]
ՄայրՏիրո[1][2]
Քույր/ԵղբայրNeleus?[1][3][4]
ԱմուսինAnaxibia? և Philomache?
ԶավակներPisidice?[1], Acastus?[1][5][6], Pelopeia?[1], Hippothoe?[1], Alcestis?[1][7][8], Antinoe?, Evadne?, Amphinome?, Asteropeia?[9] և Peliades?
 Pelias Վիքիպահեստում

Պելիաս (հին հունարեն՝ Πελίας), հին հունական դիցաբանության թեսալիական շրջանի հերոս, Պոսեյդոնի և Տիրոյի որդին, Նելեուսի երկվորյակ եղբայրը, Իոլքոսի թագավորը։ Նա իր եղբորորդի Յասոնին ուղարկեց Կոլխիդա` Ոսկե Գեղմը բերելու, իսկ հետագայում մահացավ Մեդեայի դավադրության արդյունքում։ Պելիասի դուստրը Ալքեստիդեն էր։

Պելիասի մայրը` Տիրոն, սերում էր Էոլիդների տոհմից։ Նա Սալմոն քաղաքի հիմնադիր թագավոր Սալմոնեոսի դուստրն էր։ Հոր կողմից նա սերում էր Էլլինից և Պրոմեթևսից (համապատասխանաբար, երրորդ և հինգերորդ սերունդներից), մոր կողմից` Արկադիայի թագավորներից։ Սալմոնեոսի մահից հետո Տիրոյին դաստիարակեց իր հորեղբայր Կրեփեոսը, որը Թեսալիայի Իոլքոս քաղաքի թագավորն էր։ Տիրոն սիրահարվեց գետերի աստված Էնիպեուսին։ Տիրոյին տիրանալու համար Էնիպեուսի կերպարանքն ընդունեց Պոսեյդոնը։ Պոսեյդոնից Տիրոն ծնեց երկվորյակներ Պելիասին և Նելեուսին[10][11][12]։

Հետագայում Տիրոն դարձավ Կրեփեոսի կինը և ծնեց ևս երեք որդի` Էսոնին, Ֆերեթին և Ամիթոնին[13][11]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հեղինակները տարբեր կերպ են նկարագրում Պելիասի և Նելեոսի կյանքի առաջին տարիները։ Ըստ Ֆերեկիդեսի և Կեղծ-Ապոլոդորի, Տիրոն թաքցրել էր երկվորյակների ծնունդը։ Նա երեխաներին նետել էր դաշտում, որտեղ նրանց գտել էր մի հովիվ և որդեգրել։ Տղաներից մեկի դեմքին մի սև բիծ կար, որը նա ստացել էր ձիու կճղակի հարվածից։ Որդեգրող հայրը երեխային տվեց Պելիաս անունը («Սև»)[14]։ Սակայն Հոմերոսը գրում էր, որ Պոսեյդոնը հրամայել էր Տիրոյին սիրով մեծացնել որդիներին, առանց պատմելու որևէ մեկին, թե ով է նրանց իրական հայրը[15]։ Այդ իսկ պատճառով, Պելիասը ծնվել էր պալատում և դաստիարակվել Իոլքոս թագավորի ավագ որդի և ժառանգորդ։ Ի վերջո, ըստ Դիոդորոս Սիկիլիացու` Տիրոն բացահայտ ծննդաբերել է երկվորյակներին և պատմել, որ նրանք Պոսեյդոնի երեխաներն են։ Ծննդաբերությունը տեղի է ունեցել դեռևս Սալմոնեոսի կյանքի և կառավարման ընթացքում։ Սալմոնեոսը չէր հավատացել իր դստերը։ Տիրոյի նկատմամբ այդ վատ վերաբերմունքը դարձավ նրա մահվան պատճառը[16]։ Պելիաս անունը կարող է կապված լինել Պոսեյդոնի հետ, որին հույները պատկերում էին սև մազերով[17]։

Ժամանակի ընթացքում Պելիասը դարձավ Իոլքոսի թագավորը։ Դիոդորուսի կողմից ներկայացված վարկածներից մեկի համաձայն, Միմանտը նրան վտարել է Էլիդայից, նվաճել Սկիաթոս և Պեպարեֆ կղզիները, այնուհետև վերաբնակվել Թեսալիայում` կենտավրոս Խիրոնի հրավերով[16]։ Մեկ այլ տարբերակի համաձայն, Պելիասը և Նելեուսը, որոնք մեծացել են հովվի ընտանիքում, մեծանալով իմացել են, թե ով է իրենց մայրը և սպանել իրենց ստորացնող խորթ մորը՝ Սիդերոյին, որն իր ձեռքերով կառչել էր Հերա աստվածուհու զոհասեղանից (այդ պատճառով նրանք դաժանորեն վիրավորեցին աստվածուհուն)[14][18]։ Դրանից հետո նրանք ուժով իշխանությունից հեռացրեցին Կրեփեոսի ավագ որդի Էսսոնին[10]։ Այս կապակցությամբ աղբյուրները գրում են «ապստամբության» մասին[19]։ Մեկ այլ աղբյուրում պնդվում է, որ Էսսոնը կամավորաբար հանձնեց իշխանությունը Պելիասին, մինչև իր որդի Յասոնը չափահաս դառնա։ Ի վերջո, Պելիասը, բնական ճանապարհով, կարող էր դառնալ թագավոր՝ որպես Կրեփեոսի[20] ենթադրյալ ավագ որդի։

Հետագայում երկվորյակները բաժանվեցին (ըստ Կեղծ-Ապոլոդորի, սկսվող թշնամանքի պատճառով[21])։ Նելեուսը մեկնեց Մեսինիա, որտեղ հիմնեց Պիլոսը, իսկ Պելիասը մնաց Իոլքոսում։ Նրա հարազատ եղբայրներից Ամիաֆոնը ևս գնաց Պիլոս, Ֆերետը` Թեսալիա և հիմնադրեց Ֆերա քաղաքը, իսկ Էսսոնը շարունակեց ապրել Իոլքոսում (որպես բանտարկյալ` տարբերակներից մեկին համաձայն)։ Վերջինիս որդի Յասոնը, մեծացել է Պելիոն լեռան վրա՝ Խիրոնի խնամքի տակ և մեծ տարիքում վերադարձել իր հայրենի քաղաք։ Նրան աջակցում էր Հերան, որը ցանկանում էր վրեժխնդիր լինել Իոլքոսի թագավորից՝ հին վիրավորանքների համար։ Պելիասը լուրջ հիմքեր ուներ կասկածելու իր զարմիկին` վտանգի աղբյուր համարելու համար։ Բացի այդ, նա ստացել էր մի գուշակություն, որ իրեն կկործանի մեկ սանդալ հագած մարդ, իսկ Յասոնը, Անավրոս գետը անցնելիս, իրոք կորցրել էր ձախ ոտքի կոշիկը։ Այդ իսկ պատճառով, Պելիասը կեղծավորաբար համաձայնեց թագավորական իշխանությունը Էսսոնին վերադարձնելու պահանջին, սակայն հայտարարեց, որ մինչ այդ Յասոնը Կոլխիդայից պարտավոր է բերել Ոսկե Գեղմը (հաշվարկելով, որ Յասոնը չի վերադառնա վտանգավոր ճանապարհորդությունից)։ Նա ուղևորվեց նավարկության «Արգո» նավով[22][23]։

Պելիասը և Յասոնը

Ըստ առասպելի տարբերակներից մեկի, Պելիասը ստացավ մի կեղծ լուր այն մասին, որ բոլոր արգոնավորդները սպանվել են, և որոշեց ոչնչացնել Յասոնի ամբողջ ընտանիքին։ Նա ստիպեց Էսսոնին ինքնասպան լինել՝ խմելով եզան արյուն։ Էսսոնի մյուս որդին՝ Պրոմախը սպանվեց, իսկ նրա մայր Ամֆինոման նետվեց արքայական համհարզի սրի վրա[24] կամ կախվեց[25]։ Երբ արգոնավորդները վերադարձան Թեսալիա, Յասոնի ուղեկցուհի Մեդեան որոշեց Պելիասից վրեժխնդիր լինել։ Նա, ներկայանալով որպես քրմուհի, պատմեց թագավորի դուստրերին, որ գիտի, թե ինչպես վերադարձնի Պելիասի երիտասարդությունը։ Նրա խոսքերով, անհրաժեշտ էր Պելիասի մարմինը կտրատել կտորների և եփել կաթսայի մեջ։ Նրանց համոզելու համար Մեդեան դա արեց խոյի հետ, որը վերածվեց գառնուկի։ Արքայադուստրերը սպանեցին հորը և եփեցին, բայց նա, հակառակ նրանց ակնկալիքների, չվերակենդանացավ[25][26][27][28]։

Դրանից հետո Պելիասի դուստրերը ցանկացան ինքնասպանություն գործել, սակայն Յասոնը նրանց հետ համոզեց[29]։ Մեդեայի դավադրությունը այնպես վրդովեցրեց Իոլքոսի բնակիչներին, որ թե նա, և թե Յասոնը վտարվեցին քաղաքից, իսկ գահը անցավ Պելիասի որդուն[30]։

Դուստրերը սպանում են Պելիասին (Ժորժ Մորե դե Տուր, 1878 թվական)

Պելիասը ամուսնացած էր Բիանտայի դուստր Անակսիբիայի հետ, կամ Ամֆիոնի և Նիոբեի դուստր Ֆիլոմախի հետ։ Այս ամուսնությունից ծնվեց նրանց միակ որդին` Ակաստը, և դուստրերը[11]։ Ըստ Կեղծ-Ապոլլոդորոսի, նրանք էին` Պեյսիդիկան, Պելոպիան, Հիպոտոյան և Ալքեստան (Ալքեստիդան)[31], ըստ Գիգինոսի, նրանք և Մեդուսան[27], ըստ Դիոդորոսի` Ալքեստան, Ամֆինոման և Էվադնան[32]։ Վերջապես, Պաուսանիասը, նկարագրելով Միկոնոսի պատկերը, նշում է Աստերոփիայի և Անտինոայի անունները[33]։ Ամֆինոմային Դիոդորոսը անվանում է, որպես  Լեոնտեոսի եղբայր Անդրեոնուսի կին, իսկ Էվադնային` ֆոկեացիների թագավոր Կեփալոսի որդի Կանի կին[32]։ Ալքեսան դարձավ իր զարմիկ Ադմետոսի կինը, որը Ֆերետի որդին էր։ Միայն նա կարողացավ կատարել Պելիասի պահանջը․ առյուծին և վայրի վարազին լծել կառքին և մի շրջան քշել ողջ հիպոդրոմով (արենա)[34]։

Պելիասը դարձել է մի շարք գրական ստեղծագործությունների հերոս, որոնց մեծ մասը նվիրված են արգոնավորների ճանապարհորդությանը։ Հնարավոր է, որ այս թեմային նվիրված պատմական պոեմները հայտնվել են մինչև «Ոդիսականի» հայտնվելը, իսկ հետո արծարծվել Ապոլոնիում Հռոդոսցու և Գայոս Վալերիուս Ֆլակկոսի, նույնանուն, «Արգոնավորդներ» պոեմներում։ Պելիասը հանդես է եկել նաև հունական մի շարք ողբերգությունների մեջ, ընդ որում միայն երկրորդական դերերում[35] (ամեն դեպքում, «Պելիաս» անունով պիես չի հիշատակվում աղբյուրներում)։ Նա, ամենայն հավանականությամբ, եղել է Սոփոկլեսի «Տիրո» ողբերգության և մի քանի դրամատուրգների «Պելիադա» կոչվող ստեղծագործությունների հերոս (նրանցից ոչ մեկը չի պահպանվել)[36]։

Անտիկ նկարիչները պատկերել են Տիրոյի առաջին հանդիպումը իր չափահաս որդիների հետ՝ Պելիասի հանդիպումը Յասոնի հետ, Պելիասի սպանությունը դուստրերի կողմից[37]։ Պոլիգնոտոսի նկարի մանրակրկիտ նկարագրությունը, որի վրա պատկերված էր նաև Պելիասը` բազկաթոռում նստած ալեհեր, մորուքավոր ծերունին, պահպանվել է Պավսիանոսի կողմից[38]՝ «Էլլադայի նկարագրությունները» աշխատությունում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Любкер Ф. Pelias (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 998—999.
  2. 2,0 2,1 Н. О. Пелий (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1898. — Т. XXIII. — С. 113.
  3. Любкер Ф. Neleus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 911.
  4. Neleus // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 19. — P. 352.
  5. Любкер Ф. Acastus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 5.
  6. Acastus // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 1. — P. 111.
  7. Альцеста (ռուս.) // Энциклопедический лексиконСПб.: 1835. — Т. 2. — С. 59.
  8. Альцеста (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. Iа. — С. 592—593.
  9. Hoefer U. Asteropeia 1 (գերմ.) // Kategorie:RE:Band II,2 — 1896.
  10. 10,0 10,1 Мифы народов мира, 1988, с. 297
  11. 11,0 11,1 11,2 Pelias 2, 1937, s. 317
  12. Грейвс, 2005, с. 319—320
  13. Аполлодор, I, 9, 7—8
  14. 14,0 14,1 Аполлодор, I, 9, 8
  15. Гомер, Одиссея, XI, 235—252
  16. 16,0 16,1 Диодор Сицилийский, VI, фр. 7
  17. Pelias 2, 1937, s. 317—318
  18. Грейвс, 2005, с. 320
  19. Диодор Сицилийский, IV, 68, 3
  20. Pelias 2, 1937, s. 318—319
  21. Аполлодор, I, 9, 9
  22. Pelias 2, 1937, s. 319—320
  23. Грейвс, 2005, с. 759—761
  24. Диодор Сицилийский, IV, 50, 1-2
  25. 25,0 25,1 Аполлодор, I, 9, 27
  26. Диодор Сицилийский, IV, 52, 2
  27. 27,0 27,1 Гигин, Мифы, 24
  28. Pelias 2, 1937, s. 320—321
  29. Диодор Сицилийский, IV, 52, 5
  30. Грейвс, 2005, с. 804
  31. Аполлодор, I, 9, 10
  32. 32,0 32,1 Диодор Сицилийский, IV, 53, 2
  33. Павсаний, VIII, 11, 3
  34. Грейвс, 2005, с. 323
  35. Pelias 1, 1909, s. 1857
  36. Pelias 2, 1937, s. 322
  37. Pelias 1, 1909, s. 1857—1861
  38. Павсаний, X, 30, 4
  1. «Аполлодор. Мифологическая библиотека». Сайт «История Древнего Рима». Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  2. «Гай Юлий Гигин. Мифы». Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  3. «Гомер. Одиссея». Сайт «История Древнего Рима». Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  4. «Диодор Сицилийский. Историческая библиотека». Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  5. «Павсаний. Описание Эллады». Сайт «История Древнего Рима». Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Грейвс Р. Мифы Древней Греции. — Екатеринбург: У-Фактория, 2005. — 1008 с. — ISBN 5-9709-0136-9
  2. Мифы народов мира. — М.: Советская энциклопедия, 1988. — Т. 2. — 719 с.
  3. Scherling K. Pelias 2 // Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. — 1937. — Bd. XXIII, 1. — Kol. 317—326.
  4. Weizsäcker P. Pelias 1 // Ausführliches Lexikon der griechischen und römischen Mythologie. — 1909. — Bd. III, 2. — Kol. 1848—1861.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պելիաս» հոդվածին։