Պատմության կեղծարարությունն Ադրբեջանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատմության խեղաթյուրումն Ադրբեջանում, բնորոշում, որ մի շարք պատմաբանների կարծիքով արտահայտում է ադրբեջանական պետական մասնակցությամբ պատմական փաստերի խեղաթյուրմանը։ Նման ազգայնական խեղաթյուրման նպատակներն են աղվանների ներկայացումը որպես ադրբեջանցիների նախնիների, և իրենց բնակեցրած տարածքների մաքրումը հայկական ժառանգությունից[1][2]։

Նման հայացքները լայն քննադատության են արժանացել ինչպես հայ[3], այնպես էլ այլազգի պատմաբանների կողմից՝ Վիկտոր Շնիրելման, Ջավադի, Ֆիլիպ Կոլ, Շիրին Հանթեր և այլք։

Ադրբեջանցիների պատմական կեղծարարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարդարի պալատում

1. 16-րդ դարի սկզբին Պարսկաստանում հաստատվել էր Սեֆյան արքայական ընտանիքը։ Նրա ներկայացուցիչները սերում էին Իրանական Ատրպատականի Արդաբիլ քաղաքից։ Արաբերեն տառադարձմամբ Ատրպատականը («ատր»-կրակ, «պատական» կամ «պայական»՝ հեթանոս) հնչում է որպես Ազարբայեջան (آذربايجان)։ Երկիրն այդպես է կոչվել հարյուրամյակներ շարունակ՝ սկսած 7-րդ դարից, և, ըստ էության, դուրս է մղել իրանական ծագում ունեցող «Ատրպատան» եզրույթը։ Սա հիմք է տալիս ադրբեջանցիներին պնդել, որ շահական Պարսկաստանը ավելի քան 200 տարի իշխած Սեֆյան դինաստիայի (1502-1722) ներկայացուցիչները ադրբեջանցիներ էին[4][5], իսկ Սեֆյան Իրանը՝ ադրբեջանական պետություն։ Սակայն ժամանակակից Ադրբեջանի Հանրապետությունը քարտեզի վրա հայտնվել է միայն 20-րդ դարում՝ Իրանական Ադրբեջանի տարածքներից դուրս՝ կապ չունենալով վերջինիս հետ, թեպետ կոչվել Իրանի Ադրբեջան (Ատրպատական) նահանգի անունով[6][7]։ Ադրբեջան և ադրբեջանցի տերմինները ժամանակակից ըմբռնումով սկսել են գործածվել միայն 1918 թվականից, երբ պատմական քրիստոնյա Աղվանք երկրի տարածքում առաջացավ մուսուլմանական Ադրբեջանը։ Հետևաբար Սեֆյանների շրջանում՝ 16-18-րդ դարերում, նման հասկացություններ ուղղակի չկային։

Երևանի Կարմիր կամուրջը

2. Թուրքմենական ցեղերից Երևանը գրավելուց հետո Սեֆյան Շահ Իսմայիլը կուսակալության ղեկավար է նշանակում իր հարազատներից մեկին, որը Երևանի անունով կոչվում է Ռևան-ղուլու խան, թարգմանաբար՝ Երևանի ծառա։ Նա դառնում է Երևանի կուսակալության առաջին ղեկավարը։ Ադրբեջանցիների պնդմամբ՝ 1512 թվականին նա ամայի տեղում կառուցել է Երևան բերդաքաղաքը իր անունով կոչել «Ռեվան» կամ «Իրավան», որտեղից գալիս է Երևան անունը[4]։ Հետևաբար, քանի որ նա Սեֆյան ադրբեջանական ընտանիքից էր, ուրեմն հիմնել է ադրբեջանական քաղաք[4][5]։ Այս կեղծ վարկածը ադրբեջանցիները առաջ էին քաշել 2012 թվականին՝ բերդի 500-ամյակը նշելու (1512-2012) և միջազգային հանրության ուշադրությունը գրավելու համար[4][5]։ Իրականում բերդը կառուցվել է Ռևան ղուլու կուսակալից 70 տարի անց՝ 1582-1583 թվականներին թուրքական բանակի զորահրամանատար Ֆարհադ փաշայի կողմից, երբ օսմանյան զորքերը տիրացել էին Արևելյան Հայաստանին[6]։ Բերդը կառուցվել էր վաղնջագույն հայկական ամրոցի հիմքի վրա։ Ըստ 7-րդ դարի պատմիչ Սեբեոսի՝ Երևանի բերդը համառ դիմադրություն է ցույց տվել արաբական զորքերին՝ նրանց արշավանքների ժամանակ (640, 642-643, 650)։

Երևանի բերդը

3. Ըստ ադրբեջանցիների՝ բերդը հիմնադրելիս Ռևան խանը և նրա հաջորդները այն կառուցապատում են մզկիթներով ու պալատներով, շուկաներով ու բաղնիքներով[4][5]։ Իրականում Երևանի բերդի տարածքում առաջին մզկիթը կառուցվել է միայն 1725 թվականին՝ Ռևան ղուլու խանից 200 տարի անց։ Կառուցել է օսմանյան զորահրամանատար Ռեջեբ փաշան, երբ օսմանցի թուրքերը դարձյալ գրավել էին Երևանը[6]։ Թուրքական մզկիթը վերածվել է ռուսական եկեղեցու՝ սուրբ Նիկոլայ[8]։ Երկրորդ՝ պարսկական մզկիթը կառուցվել է արքայազն Աբբաս-Միրզայի օրոք՝ 1800-ական թվականներին, և կոչվել «Խանի մզկիթ»[6]։ Նախախորհրդային Երևանում կար 8 մզկիթ, որոնցից 1-ը կիսավեր է, իսկ մյուսը (Երևանի կապույտ մզկիթ)՝ վերականգնվել է և հանձնվել Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Երևանի տարածքում ևս մեկ հուշարձան, որը կառուցվել է թուրքմենական շրջանում, հանձնվել է Թուրքմենստանի դեսպանությանը։ Մնացած 6 մզկիթները, ինչպես նաև սուրբ Պողոս-Պետրոս, սուրբ Գրիգոր Լուսավորիչ, սուրբ Նիկոլայ, Գեթսեմանի և շատ այլ եկեղեցիներ հիմնովին քանդվել են խորհրդային իշխանության ժամանակ՝ 1920-1930-ական թվականների ընթացքում, ոչ թե Հայաստանի գոյության տարիներին (1918-1920)։ Ոչնչացվել է նաև Երևանի բերդը։

Սարդարի պալատը

4. Ադրբեջանական մամուլը ներկայացնում է ևս մեկ կեղծ փաստարկ, ըստ որի Սարդարի պալատը նույնպես Ռևան խանի օրոք է կառուցվել։ Իրանական ժամանակագրական մատյաններում նշվում է, իսկ պեղումներով՝ հաստատվում, որ Ռևան ղուլու խանից մեկ դար անց միայն՝ Ամիրգունա խանի (1604-1628) օրոք, հիմնվել է սարդարի պալատը։ Այն իր տեսքը ստացել է Մեհմեդ խանի օրոք (1784-1804)՝ 1780-90-ական թվականներին[6]։ Այսինքն՝ Սարդարի պալատը այնպիսին, ինչպիսին պատկերված է, կառուցվել է ռուսական զորքերի կողմից Երևանի ազատագրումից ընդամենը 30 տարի առաջ։ Նրա տեղում այժմ Երևանի գինու և կոնյակի գործարանն է։

Երևանի սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին

5. Ադրբեջանցիների համոզմամբ՝ ռուսական զորքերի և հայ կամավորական ջոկատների կողմից Երևանը ազատագրելուց առաջ քաղաքն ունեցել է բացառապես ադրբեջանական բնակչություն, իսկ հայերը բնակվել են շրջակա գյուղերում ու արվարձաններում[4][5]։ Սակայն դեռևս 15-րդ դարում, երբ Երևանը դարձել էր թուրքմենական կուսակալության կենտրոն, ուներ 15,000 զուտ հայկական բնակչություն, կառուցապատված էր եկեղեցիներով ու վանքերով, որոնցից ամենահայտնին սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին էր (այժմ՝ քանդված, տարածքում՝ Մոսկվա կինոթատրոն)։ Ամբողջ կուսակալության տարածքում, այդ թվում՝ Կարսի շրջանում, հաշվվում էր մոտ 500,000 մարդ, որոնցից հայեր էին 400,000-ը[9]։ 1603-1604 թվականներին Շահ Աբբաս Առաջինի կողմից Պարսկաստան է բռնագաղթեցվում ավելի քան 300,000 հայ[7][10][11]։ Շարունակվող պատերազմների[7], ինչպես նաև Կարսի շրջանի՝ Թուրքիային միանալուց հետո 1639 թվականին (Հայաստանի չորրորդ բաժանում), հայերի թիվը այդպես էլ չի աճում[7], և տատանվում է 40-50 հազարի շրջանում[7]։ Մուսուլմանների՝ թուրքերի, քրդերի, կովկասյան թաթարների ու պարսիկների ընդհանուր քանակը չէր հասնում 100,000-ի[6][7][11]։ Միայն այդ ժամանակահատվածում է, որ Երևանի բերդում բնակվել են մուսուլմաններ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. George A. Bournoutian. A brief history of the Aghuankʻ region. Mazda Publishers, 2009. ISBN 1-56859-171-3. էջ. 9-10.
  2. Шнирельман: Войны памяти էջ 216—222
  3. Տե՛ս К освещению проблем истории и культуры Кавказской Албании и восточных провинций Армении. Составитель: П. М. Мурадян; Издательство Ереванского гос. университета, 1991.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Երևանի բերդի մասին ադրբեջանական կայք
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Ադրբեջանական» քաղաք Երևան
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Большая российская энциклопедия
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 The persian khanate of Erevan, Iranica
  8. Эривань // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  9. Massoume Price. Iran’s diverse peoples: a reference sourcebook
  10. James Stuart Olson, Lee Brigance Pappas, Nicholas Charles Pappas. An Ethnohistorical dictionary of the Russian and Soviet empires
  11. 11,0 11,1 Hewsen, Robert H. (2001). Armenia: A Historical Atlas. Chicago: University of Chicago Press. p. 168. ISBN 0-226-33228-4.