Չոնգրադ (հունգ.՝ Csongrád, ռումիներեն՝ Ciongrad, սերբ.՝ Чонград / Čongrad, նաև՝ Црноград / Crnograd), քաղաք Հունգարիայի հարավային մասում, նույնանուն մեդյեում (կոմսությունում, մարզում)[2]։ Ընկած է Տիսա գետի ափին, Սենտեշ և Կիշկունֆելդհազա քաղաքները կապող 451-րդ ավտոմայրուղու վրա[3]։ Բնակչության թվաքանակը 2012 թվականի տվյալներով եղել է 16 846[4]:
Բնակավայրը հիմնել են սլավոնները, անվանել Չեռնիգրադ (Черниград,, որ նշանակել է «սև բերդ»)։ Այն եղել է բուլղարների սահմանապահ ամրացված բնակավայրերից մեկը[5]։ Հունգարական նվաճումների ժամանակաշրջանում՝ 9-րդ դարի վերջերին, Մարոշի ողջ հարթավայրի հետ ընկել է մադյարների տիրապետության տակ։ Իշտվան I թագավորը (1000—1038) Չոնգրադը դարձրել է վարչական կենտրոն, նրա անունով կոչել նաև ողջ կոմսությունը։ Երկու դար անց մոնղոլների արշավանքի (1240—1242 թթ.) հետևանքով բերդն ու բնակավայրը լրջորեն վնասվել են, կորցրել իրենց նախկին դերը, և 1247 թվականին Բելա IV թագավորը կոմսության աթոռանիստը տեղափոխել է Սեգեդ։ Չոնգրադը քաղաքի կարգավիճակ կարողացել է վերստանալ միայն 1920 թվականին[6]։