Չերքեզ Ահմեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չերքեզ Ահմեդ
թուրքերեն՝ Cherkes Ahmet
ԾննդավայրՍերես, Օսմանյան կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 6, 1915(1915-09-06)
Մահվան վայրԴամասկոս, Օսմանյան կայսրություն

Չերքեզ Ահմեդ (թուրք.` Cherkes Ahmet, ծնվ. Սերես - մահ. սեպտեմբերի 6, 1915, Դամասկոս, Սիրիա), թուրքական ռազմական հանցագործ։ Հայոց ցեղասպանության ժամանակ, ունենալով պետության հովանավորչությունն ու աջակցությունը, իր ավազակախմբով զբաղվել է սպանություններով ու դիակապտությամբ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չերքեզ Ահմեդը ծնվել է հունական Սերես քաղաքում[1], որն այն ժամանակ Օսմանյան կայսրության կազմի մեջ էր և հավանաբար ուներ չերքեզական ծագում։ 1913 թվականին, պետական հեղաշրջման ժամանակ սատարել է «Միություն և առաջադիմություն» կուսակցությանը, որից հետո Վանում եղել է Հատուկ կազմակերպության ակտիվ անդամ[2]։ Հայոց ցեղասպանության ժամանակ համագործակցել է այն ժամանակվա Վանի նահանգապետ Ջևդեթ բեյի հետ[3]։

1915 թվականի հուլիսին, Ուռհայում, Չերքեզ Ահմեդն ու իր ավազակները, աքսորի ճանապարհին սպանել են հայ նշանավոր գրող Գրիգոր Զոհրապին և հեղափոխական գործիչ, ազգային պատգամավոր Վարդգես Սերենգյուլյանին[1][4]։ Գրիգոր Զոհրապին սպանելուց հետո կողոպտել են նրա ձեռքի ժամացույցը, մատանին ու պայուսակը, որոնք վաճառել են Ուռհայի շուկայում։

1915 թվականի սեպտեմբերին Չերքեզ Ահմեդն ու ևս երկու մարդասպան` Հալիլն ու Նազըմը, Ջեմալ փաշայի կողմից Դամասկոսում դատապարտվել են մահապատժի։ Թուրք պատմաբան և գրող Ահմեդ Ռեֆիք Ալթընայը 1919 թվականին հրատարակված իր «Երկու կոմիտե, երկու ոճիր» գրքում նշել է ձերբակալվելուց հետո Չերքեզ Ահմեդի հետ հանդիպման և նրա հետ զրուցելու մասին։ Վերջինս դժգոհել է.

«Եղբայր, այս վիճակը իմ պատվին է դիպչում։ Ես ծառայել եմ այս հայրենիքին։ Գնացեք և տեսեք` Վանն ու շրջակայքը վերածել եմ Քաաբայի։ Այսօր այնտեղ գեթ մեկ հայի չեք կարող հանդիպել։ Ես այդքան ծառայեցի հայրենիքիս, իսկ հետո Թալեաթի նման սրիկաները Ստամբուլում պիտի սառը գարեջուր վայելեն, բայց ինձ ոստիկանների ուղեկցությամբ այստե՞ղ բերեն։ Դա վիրավորում է իմ արժանապատվությունը»։

Հարցին, թե Զոհրապի հետ ի՞նչ պատահեց, նա ասել է.

«Վայ, մի՞թե չեք լսել, բոլորին սատկեցրել եմ։ Հալեպից արդեն դուրս էին եկել։ Ճանապարհին անմիջապես շուրջկալի մեջ առա նրանց ավտոմեքենան։ Միանգամից հասկացան, որ սատկելու են։ Վարդգեսը (ի նկատի ունի Վարդգես Սերենգյուլյանին) ասաց. «Շատ լավ, Ահմեդ բեյ, մեզ հետ այդպես եք վարվում, իսկ արաբներին ի՞նչ եք անելու, չէ որ նրանք էլ գոհ չեն ձեզանից»։ «Դա քո գործը չէ, լակոտ»,- ասացի ես և մաուզերով կրակեցի` ուղեղը ջնջխելով։ Հետո Զոհրապի օձիքից բռնելով, գլուխն առա ոտքերիս տակ ու նույնպես ջնջխեցի»։ (Ahmet Refik Altınay, «İki Komite İki Kıtal», Bedir Yayınevi, İstanbul, 1999, ss. 49-52):

1916 թվականին Չերքեզ Ահմեդի ավազակախմբի կողմից կատարված սպանությունները հիմք հանդիսացան Օսմանյան խորհրդարանի կողմից հետաքննություն սկսելուն, որը ղեկավարում էր Հալեպից ընտրված պատգամավոր Արթին Բոշգեզենյանը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Dadrian, Vahakn (1991). Documentation of the Armenian Genocide in Turkish Sources. Institute on the Holocaust and Genocide.
  2. Kevorkian, Raymond (2011). The Armenian Genocide: A Complete History (անգլերեն). I.B.Tauris. էջեր 327. ISBN 978-1-84885-561-8.
  3. Kevorkian, Raymond (2011), p.329
  4. Hovannisian, ed. by Richard H. (2006). Armenian Tigranakert/Diarbekir and Edessa/Urfa. Costa Mesa, Calif.: Mazda Publ. էջ 486. ISBN 1568591535. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)
  5. Raymond H. Kévorkian (ed.) (1995). Revue d'histoire arménienne contemporaine. Paris: Tome 1. էջ 254. {{cite book}}: |author= has generic name (օգնություն)