Չարլզ Ուիթմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլզ Ուիթմեն
անգլ.՝ Charles Joseph Whitman
Դիմանկար
Ծնվել էհունիսի 24, 1941(1941-06-24)[1][2]
ԾննդավայրLake Worth Beach, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 1, 1966(1966-08-01)[1][2] (25 տարեկան)
Մահվան վայրՕստին, ԱՄՆ
ԳերեզմանՖլորիդա
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՕսթինի տեխասյան համալսարան
Մասնագիտությունmass murderer, spree killer և Դիպուկահար
Պարգևներ և
մրցանակներ
Eagle Scout
 Charles Whitman Վիքիպահեստում

Չարլզ Ժոզեֆ Ուիթմեն (հունիսի 24, 1941(1941-06-24)[1][2], Lake Worth Beach, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ - օգոստոսի 1, 1966(1966-08-01)[1][2], Օստին, ԱՄՆ), ամերիկացի զանգվածային մարդասպան, որը հայտնի է նաև որպես «Տեխասյան դիպուկահար»։ 1966 թվականի օգոստոսի 1-ին դիքավորվել է Տեխասի համալսարանի 28-հարկանի աշտարակի ամենավերևում և 96 րոպե կրակել է Remington Model 700-ից փողոցում գտնվող մարդկանց վրա։ Ուիթմենի կրակոցներից սպանվել է 16 և վիրավորվել 32 մարդ։ Դա տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ Ուիթմենը սպանել է իր կնոջն ու մորը։ Արդյունքում ոստիկանները մտել են աշտարակ, որտեղից կրակում էր Ուիթմաենը, և կարճ փոխհրաձգության արդյունքում լիկվիդացրել են նրան։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Ժոզեֆ Ուիթմենը ծնվել է 1941 թվականի հունիսի 24-ին՝ Ֆլորիդա նահանգի Լեյք Ուորթ քաղաքում, հաջողակ գործարար Չարլզ Ա. Ուիթմենի ունևոր ընտանիքում։ Նա ընտանիքի երեք եղբայրներից ավագն էր։

Չարլզը փոքր տարիքում շատ խելացի էր (վեց տարեկանում IQ-ի մակարդակը որոշող թեստում նա հավաքել է 138 միավոր)։ Հինգ տարի շարունակ Չարլզը դաշնամուրի դասերի էր հաճախում։ Հարևանների խոսքով՝ Չարլզը վաղ տարիքից հետաքրքրված էր հրազենով։ Ուիթմենի հայրը հրացանների տպավորիչ հավաքածու ուներ և իր բոլոր որդիներին սովորեցրել էր, ինչպես կրակել, պահել և խնամել զենքերը։ Չարլզը նաև զբաղվում էր որսորդությամբ և խաղամոլությամբ։ Նրա հոր խոսքով՝ արդեն 16 տարեկանում Չարլզը կարող էր հանել սկյուռի աչքը։ Տեխասյան միջադեպից առաջ Ուիթմենը երբեք օրենքի հետ խնդիրներ չի ունեցել։

Երեք եղբայրներն էլ մանուկ հասակում եկեղեցում սպասավորներ են եղել։ Ուիթմենն իր կոնֆիրմացիայի ժամանակ ընտրել է Ժոզեֆ անունը։

12 տարեկանում Չարլզին շնորհվել է Eagle Scout-ի բարձրագույն սկաուտական մրցանակը։ Նա Լեյք Ուորթում եղել է ամենաերիտասարդներից մեկը, որը առաջիններից էր արժանացել մրցանակին։

1959 թվականի հուլիսի 6-ին Ուիթմենը, իր հոր կամքին հակառակ, կամավոր միացել է ԱՄՆ ծովային հետևակին։ Մինչ Չարլզը գնացքով գնում էր Փերիս-Այլենդի ուսումնական բաժին, նրա հայրը զանգահարում էր «դաշնային կառավարության իր ընկերներին»՝ փորձելով ազատել Չարլզին զինվորական ծառայությունից, բայց դա նրան չի հաջողվում։

Ծառայելով ծովային կորպուսում՝ 1961 թվականի սեպտեմբերի 15-ին Ուիթմենը, օգտվելով ծառայության շնորհիվ ստացած կրթաթոշակից, ընդունվում Է Տեխասի համալսարան՝ մեքենաշինություն մասնագիտության համար։ Այդ ժամանակ նրա հոբբիներն էին կարատեն, դայվինգը, որսը։ Որսի հանդեպ նրա սերը անախորժությունների է հանգեցնում։ Ուիթմենը կրակել է եղջերուի վրա և մարմինը մաշկազերծելու համար քարշ տվել ուսանողական հանրակացարանի լողասենյակ։ Այս միջադեպը, ակադեմիական վատ արդյունքների հետ միասին, հանգեցնում է կրթաթոշակի չեղարկմանը։ Ուիթմենը չի կարողանում շարունակել ուսումը։

1962 թվականի օգոստոսին Չարլզ Ուիթմենն ամուսնացել է Քեթլին Ֆրանսիս Լայսների հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել Քեթլինի հայրենի քաղաքում՝ Նիդվիլ քաղաքում, Տեխաս նահանգում։ Երիտասարդների պսակադրությունը կատարել է հայր Լեդուկը՝ Ուիթմեն ընտանիքի երկարամյա ընկերը։

Նույն թվականին Ուիթմենը վերադարձել է ծովային հետևակ, որտեղ հասել է կրտսեր կապրալի աստիճանի, բայց արդեն նոյեմբերին, խաղամոլության և վաշխառության համար, նա դատարանի կողմից դատապարտվել է 30 օր մնալ զինվորական կալանատանը և 90 օր քրտնաջան աշխատանք կատարել, ինչպես նաև աստիճանազրկվել է մինչև շարքային։

1964 թվականի դեկտեմբերին Ուիթմենը զորացրվել է բանակից և վերադարձել Տեխասի համալսարան սովորելու, բայց արդեն ճարտարապետական նախագծման ծրագրում։ Նախկին կրթաթոշակի բացակայության պատճառով Ուիթմենը ստիպված էր աշխատանքի անցնել Standard Finance-ում։ Ավելի ուշ նա աշխատել է որպես բանկային աշխատող Austin National բանկում։ 1965 թվականին ժամանակավորապես աշխատել է Central Freight Lines-ում որպես տեսուչ։ Նա նաև կամավոր աշխատել է որպես խորհրդատու Օսթինի սկաուտական բրիգադում, իսկ նրա կինը՝ Քեթլինը, աշխատում էր դպրոցում որպես կենսաբանության ուսուցչուհի։

Գնդակոծությունից մեկ օր առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդակոծությունից մեկ օր առաջ Ուիթմենն իր կնոջը վերցրել է աշխատավայրից որպեսզի ճաշին Wyatt սրճարանում նրա հետ միասին հանդիպի մորը, որտեղ նա աշխատում էր։

Երեկոյան ժամը 4-ի սահմաններում նրանք գնացել են այցելելու իրենց ընկերներին՝ Ջոն և Ֆրենկ Մորգաններին, ովքեր ապրում էին իրենց հարևանությամբ։ Մորգանների մոտ նրանք մնացել են մինչև ժամը 17։50-ը, որից հետո Քեթին ստիպված է եղել գնալ գիշերային հերթափոխի (18։00-22։00)։ Ժամը 18։45-ին Ուիթմենը սկսել է գրել իր ինքնասպանության գրությունը, որում ասվում էր․

Ես մինչև վերջ չեմ կարողանում հասկանալ, թե ինչն է ինձ ստիպում գրել այս նամակը։ Գուցե դա պետք է նրա համար, որ գոնե ինչ-որ բացատրություն թողնեմ վերջերս իմ կատարած գործողությունների համար։ Վերջերս ինքս ինձ այնքան էլ չեմ հասկանում։ Կարծես թե ես պետք է լինեմ սովորական խոհեմ և խելամիտ երիտասարդ։ Սակայն, վերջերս (ես չեմ կարող ճշգրիտ որոշել, թե երբ է այդ ամենը սկսվել), ես տարօրինակ և ոչ ռացիոնալ մտքերի զոհ եմ դառնում։ Այս մտքերը անընդհատ կրկնվում են, և իմ կողմից մտավոր ջանք է պահանջվում օգտակար և առաջադեմ գործերի վրա կենտրոնանալու համար[3]։

Գրությունը բացատրում էր, որ նա որոշում է կայացրել սպանել իր կնոջը և մորը, բայց ոչինչ չի ասել համալսարանի տարածքում սպասվող հարձակման մասին։ Իր արարքների թյուրիմացության հայտարարության հետ մեկտեղ նա դրանք միաժամանակ բացատրել է կնոջն ու մորն այս աշխարհի տառապանքներից փրկելու ցանկությամբ։

Նույն օրը, կեսգիշերից մի փոքր անց, նա սպանել է իր մորը՝ Մարգարեթին, ենթադրաբար գիտակցությունից զրկել է խեղդելով, այնուհետև դանակի մի քանի հարվածներ հասցրել կրծքին։ Նրա մարմնի մոտ նա թողել է ևս մեկ գրություն․

Ես պարզապես խլեցի մորս կյանքը։ Ես շատ տխուր եմ, որ դա արեցի։ Այնուամենայնիվ, ինձ թվում է, որ եթե դրախտ գոյություն ունի աշխարհում, ապա նա հաստատ հասել է այնտեղ, և եթե դրախտ չկա, ապա ես կարողացա նրան փրկել այս երկրի վրա եղած տառապանքներից։ Ես խորապես ցավում եմ, որ սա ինձ համար միակ միջոցն էր, որով ես կարող էի դադարեցնել նրա տառապանքը, բայց կարծում եմ, որ դա լավագույնի համար էր։ Թող կասկած չլինի, որ ես ամբողջ սրտով սիրել եմ այս կնոջը[4]։

Դրանից հետո Ուիթմենը վերադարձել է իր տուն և սպանել իր կնոջը՝ Քեթիին, դանակի երեք հարված հասցնելով նրա կրծքին, մինչ նա քնած էր։ Դրանից հետո ավարտել է գրությունը, որը սկսել էր տպել մեկ օր առաջ․

Ամեն ինչ կարծես այնպես է, որ ես դաժանորեն սպանել եմ իմ սիրած երկու մարդկանց։ Ես պարզապես փորձում էի գործս արագ և առանց ցավ չպատճառեու անել… Եթե իմ կյանքի ապահովագրությունը դեռ ուժի մեջ է, ապա խնդրում եմ դրանով ծածկել իմ ունեցած բոլոր պարտքերը, իսկ մնացորդը անանուն կերպով փոխանցել մտավոր հիվանդությունների հետազոտման որևէ կազմակերպության։ Հնարավոր է, որ ապագայում ուսումնասիրությունները կարողանան կանխել նման ողբերգությունները[3]։

Գրառումներում նա նաև խնդրել է դիահերձել իր մարմինը՝ հայտնաբերելու հնարավոր պատճառները, որոնք կարող են բացատրել իր գործողություններն ու գլխացավերը, մի քանի գրառում հասցեագրել է իր եղբայրներից յուրաքանչյուրին և իր հորը, թողել հրահանգներ, օրինակ որ իրենց շան՝ Շոցիի (Schocie), ձագը պետք է փոխանցվի Քեթիի ծնողներին[3]։

Երկուշաբթի, 1966 թվականի օգոստոսի 1-ին, առավոտյան ժամը 5։45-ին, Ուիթմենը զանգահարել է Bell System՝ Քեթիի ղեկավարին, բացատրել, որ նա հիվանդ է և չի կարողանա այդ օրը գալ հերթապահության, և մոտ հինգ ժամ անց նմանատիպ զանգ է կատարել իր մոր աշխատանքի վայր։

1966 թվականի օգոստոսի 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կնոջը սպանելուց հետո նա մի քանի զենք, ինչպես նաև իրեն անհրաժեշտ որոշ իրեր դրել է մեծ ճամպրուկի մեջ և տպել  մի կարճ հաղորդագրություն, որը նա թողել է իր տան գրասեղանի վրա։ Այնուհետև նա, սպասելով առավոտյան, ճամպրուկը դրել է մեքենայի մեջ և մեքենայով գնացել մոտակա զենքի խանութ, որտեղ ժամը 9։15-ի սահմաններում է գնել է նաև մի քանի միավոր զենք և դրանց շուրջ 600 փամփուշտ։ Դրանից հետո մարդասպանը շարժվել է դեպի Տեխասի համալսարան։ Հետո Ուիթմենը ճամպրուկով բարձրացել է համալսարանի աշտարակի 27-րդ հարկ, որտեղ պատշգամբներից մեկում սկսել է նախապատրաստվել հրաձգության, սակայն շուտով աշտարակ են բարձրացել մի խումբ ուսանողներ։

Նրանցից ոմանք պատահաբար նայում են պատշգամբին և տեսնում Ուիթմենին, ով անմիջապես կրակ է բացում նրանց վրա պոմպային հրացանով։ Մարգարեթ Լամպորթը և Մարկ Գաբորը տեղում մահանում են։ Մնացած բոլորը խուճապի մեջ լքում են աշտարակը, և Չարլզ Ուիթմենը տեղավորվում է պատշգամբում և սկսում դիպուկահար հրացանով կրակել ներքևում գտնվող մարդկանց վրա։

Ուիթմենը աշտարակից առաջին կրակոցն արձակել է մոտավորապես 11։48-ին։ Նրա առաջին զոհը 18-ամյա Քլեր Ուիլսոնն էր, որը հղի էր։ Նա ողջ է մնացել, սակայն Ուիթմենի փամփուշտը մասնատել էր պտղի գլուխը։ Երբ գնդակը հարվածել է նրա որովայնին, նա բարձր բղավել է։ Նրա ծանոթ Թոմաս Էքմանը հարցրել է նրան․ «Ի՞նչ է պատահել», Ուիթմենի հաջորդ կրակոցը հարվածել է Թոմասի գլխին (նա ավելի ուշ մահացել է հիվանդանոցում)։

Բժեշկ Ռոբերտ Հեմիլթոն Բոյերին գնդակը դիպել է մեջքից։ Նա մահացել է բավականին արագ։

Այնուհետև աշտարակի արևմտյան կողմում՝ հաշվողական կենտրոնի մոտ, կրծքավանդակի շրջանում ծանր վիրավորվել է 22-ամյա Թոմաս Էշթոնը, որը շուտով մահացել է Բրեքենրիջ հիվանդանոցում։

Դրանից հետո ծանր վիրավորվել է 17-ամյա Կարեն Գրիֆիթը. նա մեկ շաբաթ անց մահացել է հիվանդանոցում

38-ամյա դոկտորանտ և վեց երեխաների հայր Հարի Վոլչոկը տեղում սպանվել է կրծքավանդակին դիպած գնդակից։ Ժամանած ոստիկաններն անմիջապես անցել են ուժեղ կրակի։ Ուիթմենն այնքան մեծ հաճախականությամբ էր կրակում, որ ի սկզբանե ոստիկանությունը կարծում էր, որ աշտարակի վրա առնվազն չորս դիպուկահար կա։ Որոշ ոստիկաններ պատասխան կրակ են բացել, բայց փամփուշտների մեծ մասը նույնիսկ չի մոտեցել թիրախին։ Ոստիկանության սպա Բիլի Փոլ Սփիդը սպանվել է՝ փորձելով հասկանալ, թե որտեղից են կրակում։ Առաջին ոստիկանը աշտարակի ներս է մտել միայն առաջին կրակոցներից մեկ ժամ անց՝ ժամը 12։45-ի սահմաններում։

Ընդհանուր առմամբ Ուիթմենը 96 րոպեում սպանել է 14 մարդ և վիրավորել 31-ին[5][6]։ Օսթինի երկու ոստիկան սերժանտ Ռամիրո Մարտինեսը և պարեկային Հյուսթոն Մակքոյը բարձրացել են շենքի գագաթը և գնդակահարել Ուիթմենին[7][8]։

Ուիթմենի կողմից սպանվածների և վիրավորների ցուցակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպանվածներ՝

  • Մարգարետ Ուիթմեն (մայր), սպանվել է իր տանը
  • Քեյթի Ուիթմեն (կին), սպանվել է իր տանը քնած ժամանակ
  • Էդնա Թաունսլի (ադմինիստրատոր), գնդակահարվել է
  • Մարգարետ Լամպորտ, գնդակահարվել է աստիճանների վրա
  • Մարկ Գաբոր, գնդակահարվել է աստիճանների վրա
  • Թոմաս Էկմեն, վիրավորվել է գլխից, մահացել հիվանդանոցում
  • Ռոբերտ Բոյեր (ֆիզիկայի պրոֆեսոր), մահացել է մեջքի վնասվածքից
  • Թոմաս Էշթոն, մահացել է կրծքի վնասվածքից
  • Թոմաս Կար, մահացել է մեջքի վնասվածքից
  • Բիլի Սպիդ (ոստիկան), մահացել է կրծքի և գլխի վնասվածքից
  • Հարրի Ոլչակ, գնդակահարվել է
  • Փոլ Զոնտագ, գնդակահարվել է
  • Կլաուդիա Ռատ, գնդակահարվել է երբ փորձել է օգնել Փոլ Զոնտագին
  • Ռոյ Շմիդտ (էլեկտրիկ), գնդակահարվել է իր մեքենայի մեջ
  • Կարեն Գրիֆիտ, վիրավորվել է կրծքից, մեկ շաբաթ անց մահացել հիվանդանոցում
  • Չծնված երեխա, սպանվել է Ուիթմենի գնդակից, երբ հարվածել է մոր որովայնին

Վիրավորվել են՝ Ալլեն, Ջոն Սքոթ, Բեդֆորդ, Բիլի, Էլկ,Ռոնալդ, Էվջենայդս, Էլեն, Էսպարսա, Ավելինո, Ֆոսթեր, Ֆրեդ, Ռոբերտ, Գաբոր, Մերի Ֆրենսիս, Մայքլ, Գարիսա, Իրմա, Հարվի, Նենսի, Գանբի, Դավիթ, Հերդ, Ռոբերտ, Էրնանդես, Ալեքս, Հոհման, Մորիս, Հաֆման, Դևրո, Քելլի, Օմար Ջ. Քաշաբ, Աբդուլ, Լիթլֆիլդ, Բրենդա Գեյլ, Լիթլֆիլդ, Ադրիան, Մարտինես, Դելյո, Մարտինես, Մարինա, Մաթսոն, Դեյվիդ, Օրտեգա, Դելորես, Պաուլոս, Ջանեթ, Ֆիլիպս, Լանա, Ռովելա, Օսկար, Սնոուդեն, Բիլի, Ստյուարտ, Սի. Ա. Ուիլսոն, Քլեր, Ուիլսոն, Սանդրա, Ուիլեր, Կարլա Սյու։

Չարլզ Ուիթմենի մահը և նրա մարմնի դիահերձման արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամը 13:24-ին Օսթինի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցներ Հյուսթոն Մակքոյը և Ռամիրո Մարտինեսը մտել են աշտարակի 27-րդ հարկում գտնվող դիտահարթակ։ Տեսնելով ոստիկաններին՝ կրակողը երկու անգամ կրակել է նրանց ուղղությամբ, բայց վրիպել է։ Մարտինեսը և Մակքոյը շրջանցել են նրան թիկունքից և, զենքերը Ուիթմանի վրա ուղղելով, հրամայել հանձնվել։ Մարդասպանին հասցրել է իր կարաբինը շրջել ոստիկանների ուղղությամբ և փորձել կրակել, սակայն նրանք ավելի արագ են արձագանքել և կրակ բացել նրա վրա։ Չարլզ Ջոզեֆ Ուիթմանը ստացել է 8 վիրավորում և տեղում սպանվել։

Ուիթմենի գրավոր ցուցումների և նրա հոր հավանության համաձայն՝ նրա մարմինը մահից հետո դիահերձվել է բժիշկ Քոլման դե Չենարի կողմից։ Դիահերձումը հայտնաբերել է գլխուղեղի ուռուցք, որը նույնականացվել է որպես աստրոցի։ Ավելի ուշ պարզվել է, որ դա գլիոբլաստոմա է։ Բժշկական եզրակացության մեջ ասվել է, որ «հնարավոր է, որ անկառավարելի էմոցիաների և գործողությունների պատճառ հանդիսացել է հենց ուռուցքը»[9]։

Ուիթմենի և նրա մոր համատեղ կաթոլիկ հիշատակի արարողությունը տեղի ունեցավ Լեյք Ուորթում, Ֆլորիդա, 1966 թվականի օգոստոսի 5-ին։ Նրանց թաղեցին Ֆլորիդայի Հիլկրեստ հուշահամալիրում։ Քանի որ նա բանակի վետերան էր, հուղարկավորվեց զինվորական պատիվներով։ Նրա դագաղը փաթաթված է եղել ամերիկյան դրոշով։

Եզրակացություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տեխասյան դիպուկահարի» դեպքը խթան է հանդիսանում ԱՄՆ-ում հատուկ նշանակության ուժերի՝ SWAT-ի ստեղծման համար, որի գործառույթն է մասնագիտորեն լուծել հենց այնպիսի արտակարգ իրավիճակները, որոնք ոստիկանությունը չի կարող հաղթահարել[10]։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1968 - Պիտեր Բոգդանովիչի ֆիլմի գլխավոր հերոսը, որն իր մեջ ուներ Ուիթմենի բնավորության գծերից։
  • 1974 - «Մարդ, որը կրում է մահ», գիտնականը հիշատակում է Ուիթմենի և նրա ուռուցքի մասին։
  • 1975 - «Մահվան աշտարակ», Կուրտ Ռասելը մարմնավորել է Չարլզ Ուիթմենին։
  • 1982 - «Սպանելով Ամերիկան» վավերագրական ֆիլմում պատմվում և վերլուծվում են 20-րդ դարի երկրորդ կեսին ԱՄՆ-ում տեղի ունեցած հանցագործությունները, այդ թվում հիշատակվում է նաև Ուիթմենը։
  • 1987 - «Ամբողջապես մետաղական թաղանթ» - ԱՄՆ Ծովային հետևակի ուսումնական կենտրոնի սերժանտ Հարթմանը կուրսանտներին որպես գերազանց հրաձիգ և նախկին ծովային, օրինակ է բերում Ուիթմենին։
  • 1990 - «Ծուլություն» ֆիլմում հերոսներից մեկը պատմում է այն մասին, որ կարող էր հայտնվել գնդակոծվող վայրում։
  • 1991 - Հիշատակվում է Սթիվեն Քինգի «Պետքական բաներ» վեպում։
  • 2011 - Հիշատակվում է Նոա Հոուլիի «Լավ հայր» թրիլերում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 3,2 Whitman, Charles. «Whitman Letter.» Արխիվացված 2011-07-08 Wayback Machine The Whitman Archives. Austin American-Statesman. July 31, 1966.
  4. Whitman, Charles. «Whitman Note Left with Mother’s Body.» Արխիվացված 2003-08-04 Wayback Machine The Whitman Archives via Austin American-Statesman, August 1, 1966.
  5. Lavergne, Gary M. A Sniper in the Tower. — Denton, Texas: University of North Texas Press, 1997. — С. 223. — ISBN 978-1-57441-029-7
  6. «96 Minutes». Texas Monthly (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  7. Cardenas, Cat (2016 թ․ օգոստոսի 1). Ramiro-Martinez-remembers-feeling-sense-of-duty-to-stop-whitman «Austin Police officer Ramiro Martinez remembers feeling sense of duty to stop Whitman». The Daily Texas. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  8. See, reprint of Washington Post article, "50 years after the University of Texas Tower shooting", New Orleans Times-Picayune on-line, July 31, 2016 at http://www.nola.com/crime/index.ssf/2016/07/50_years_after_the_university.html Արխիվացված 2017-10-21 Wayback Machine.
  9. «Deranged tower sniper rained death on UT campus.» Արխիվացված 2017-12-15 Wayback Machine Houston Chronicle. Retrieved: November 2, 2010.
  10. When and where were SWAT units first created? Արխիվացված 2013-01-26 Wayback Machine // Answered by Discovery Channel «as well as the sniper attack at the University of Texas at Austin a year later, drove home the feeling that changes in law enforcement tactics and equipment were needed.»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Ուիթմեն» հոդվածին։