Jump to content

Ոսկե բանալին կամ Բուրատինոյի արկածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկե բանալին կամ Բուրատինոյի արկածները
ռուս.՝ Золотой ключик, или Приключения Буратино
ՀեղինակԱլեքսեյ Տոլստոյ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
Բնօրինակ լեզուռուսերեն
Կերպար(ներ)Բուրատինո, Մալվինա, Արտեմոն, Պապա Կառլո, Կարաբաս Բարաբաս, Բազիլիո, Ալիսա, Տորտիլլա, Դուրեմար և Ջուզեպպե
Հրատարակման տարեթիվ1936
Թվային տարբերակaz.lib.ru/t/tolstoj_a_n/text_0320.shtml
 The Golden Key, or the Adventures of Buratino Վիքիպահեստում

Ոսկե բանալին կամ Բուրատինոյի արկածները (ռուս.՝ Золото́й клю́чик, или Приключе́ния Бурати́но), Ալեքսեյ Տոլստոյի պատմվածք-հեքիաթը, որը Կառլո Կոլլոդիի «Պինոքիոյի արկածները։ Փայտե տիկնիկի պատմությունը» հեքիաթի գրական մշակումն է։ Տոլստոյը գիրքը նվիրել է իր ապագա կնոջը` Լյուդմիլա Կրեստինսկայային։

Ստեղծման պատմություն և հրատարակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպակի ստեղծումն սկսվել է նրանից, որ 1923-1924 թվականներին Ալեքսեյ Տոլստոյը, գտնվելով արտերկրում, խմբագրել է իտալացի գրող Կառլո Կոլլոդիի «Պինոքիոյի արկածները։ Փայտե տիկնիկի պատմությունը» հեքիաթի ռուսերեն թարգմանությունը, որ կատարել էր Նինա Պետրովսկայան։ Մեկ տարի անց գիրքը լույս է տեսել Բեռլինում[1], երբ Ալեքսեյ Տոլստոյն արդեն վերադարձել էր Խորհրդային Միություն։

Այն առանձնանում է իտալական իրականության՝ ռուսականի հետ մի շարք հարմարեցումներով, ոճական փոփոխություններով (ռուսական ասացվածքներ, ասույթներ և այլն) և բնօրինակի հետ ունեցած այլ տարբերություններով[2][3], որոնք հետագայում անցել են «Ոսկե բանալին» գրքին։ Օրինակ՝ Պինոկիոյի հոր անունն այդ թարգմանության մեջ Կառլո է (բնօրինակում՝ Ջուզեպետտո)։

1933 թվականի հոկտեմբերին Ալեքսեյ Տոլստոյը «Детгиз» հրատարակչության հետ պայմանագիր է կնքել «Պինոկիոյի» իր (Նինա Պետրովսայայի հետ համահեղինակությամբ) փոխադրության վերաբերյալ, իսկ 1935 թվականի գարնանը վերադարձել է այդ հեքիաթին՝ հետաձգելով աշխատանքը «Տառապանքի ուղիներով» եռագրության վրա[2] (այդ ժամանակ գրողն ապաքինվում էր սրտամկանի ինֆարկտից հետո, որ տարել էր 1934 թվականի դեկտեմբերին)[4][5]։

Ի սկզբանե Տոլստոյը ցանկացել է ուղղակի թարգմանել սկզբնաղբյուրը, բայց հետո տարվել է օրիգինալ մտահաղացմամբ և ստեղծել հին կտավի վրա պատկերված օջախի ու ոսկե բանալու պատմությունը[6]։ Արդյունքում նա բավական հեռանում է սկզբնական սյուժեից, որովհետև այն արդեն հնացած էր սոցիալիստական ռեալիզմի դարաշրջանի համար, ինչպես նաև այն պատճառով, որ Կոլլոդիի հեքիաթը հագեցած էր բարոյախրատական և ուսուցողական խոսքերով։ Այնինչ Տոլստոյը ցանկացել է իր հերոսներին ներկայացնել ավելի հնարամիտ և ուրախ[2]։

Ես աշխատում եմ «Պինոկիոյի» վրա։ Սկզբում ուզում էի միայն ռուսերեն գրել Կոլլոդիի գրածը։ Բայց հետո հրաժարվեցի դրանից, դուրս է գալիս ձանձրալի ու անհամ։ Մարշակի օրհնությամբ գրում եմ նույն թեմայով յուրովի[7]։

1935 թվականի օգոստոսին հեքիաթն ավարտվել է և հանձնվել «Դետգիզ» հրատարակչությանը՝ զուգահեռաբար մաս-մաս տպագրվելով «Պիոներսկայա պրավդա» թերթում[8] (7 նոյեմբերի – 30 դեկտեմբերի, 1935 թվական և 2-18 հունվարի, 1936 թվական)[9] և շուտով լույս ընծայվել առանձին հրատարակությամբ[10]։

1936 թվականին Տոլստոյը գրել է «Ոսկե բանալին» պիեսը Կենտրոնական մանկական թատրոնի համար[11]` դրա հիմնադիր Նատալյա Սացի խնդրանքով, իսկ 1939 թվականին պիեսի հիման վրա գրել է սցենար նույնանուն ֆիլմի համար, որը նկարահանել է Ալեքսանդր Պտուշկոն։

Մինչև 1986 թվականը հեքիաթը հրատարակվել է ԽՍՀՄ-ում 182 անգամ և թարգմանվել 47 լեզվով։ Ընդհանուր տպաքանակը կազմել է 14,587 միլիոն օրինակ[12][13]։

Թխակապույտ Քիթ մականունով ծերունի հյուսն Ջուզեպպեի ձեռքն է ընկնում փայտի մի կտոր։ Ջուզեպպեն սկսում է այն տաշել կացնով, որպեսզի նրանից սեղանի ոտք պատրաստի, բայց փայտի կտորը ծվծվում է մարդկային ձայնով։ Այդ ժամանակ Ջուզեպպեն որոշում է ազատվել այդ տարօրինակ առարկայից ու այն նվիրում է իր ընկերոջը՝ նախկին երգեհոնահար Կառլոյին՝ խորհուրդ տալով այդ փայտից տիկնիկ պատրաստել։ Նվիրելու պահին ճոնը հարվածում է Կառլոյի գլխին, ու նա մի քիչ վիճաբանում է Ջուզեպպեի հետ, բայց ընկերներն արագ հաշտվում են։

Կառլոն փայտի կտորը տանում է իր աղքատիկ խուցը և նրանից տիկնիկ պատրաստում։ Կախարդական կերպով այն կենդանանում է հենց նրա ձեքերի մեջ։ Հազիվ է Կառլոն հասցնում իր պատրաստած տիկնիկին կոչել «Բուրատինո», երբ նա դուրս է փախչում խցից դեպի փողոց։ Կառլոն նետվում է նրա հետևից։ Բուրատինոյին կանգնեցնում է ոստիկանը՝ բռնելով նրա քթից, բայց երբ վրա է հասնում Կառլո հայրիկը, Բուրատինոն մեռած է ձևանում։ Անցորդները որոշում են, որ Կառլոն «նրան ծեծելով մահվան դուռն է հասցրել», և ոստիկանը Կառլոյին տանում է ոստիկանական բաժանմունք՝ պարզելու կատարվածը։

Բուրատինոն միայնակ վերադառնում է սանդղատակի խցիկը, որտեղ հանդիպում է Խոսող Ծղրիդին (այլ թարգմանությամբ՝ Խոսող Ճռիկ)։ Վերջինս Բուրատինոյին խորհուրդ է տալիս իրեն լավ պահել, լսել Կառլո հայրիկին ու դպրոց գնալ։ Սակայն Բուրատինոն պատասխանում է, որ ինքը նման խորհուրդների կարիք չունի, և որ իրեն աշխարհում ամենից շատ դուր են գալիս սարսափելի արկածները, և որպես իր խոսքերի ապացույց՝ նույնիսկ մուրճը նետում է Խոսող Ծղրիդի վրա։ Նեղացած Ճռիկն ընդմիշտ հեռանում է խցից, որտեղ ապրել էր ավելի քան հարյուր տարի՝ վերջում փայտե տղայի համար կանխագուշակելով մեծ անախորժություններ։

Սովածանալով՝ Բուրատինոն նետվում է դեպի վառարանն ու քիթը մտցնում կրակի վրա եռացող կաթսայի մեջ, սակայն պարզվում է, որ այն նկարված է, ու Բուրտինոն միայն իր երկար քթով ծակում է կտավը։ Հետո նա գտնում է ձու և ջարդում այն, որպեսզի ուտի, բայց նրա մեջից դուրս է գալիս ճուտիկ, որը շնորհակալություն է հայտնում Բուրատինոյին իրեն ազատելու համար, դուրս նետվում խցիկի պատուհանից ու վազում իր մայրիկի մոտ։

Նույն օրվա երեկոյան հատակի տակից հայտնվում է ծեր առնետ Շուշարան։ Բուրատինոն քաշում է նրա պոչից, բայց առնետը զայրանում է, բռնում նրա կոկորդից ու քարշ տալիս սանդուղքի տակ՝ ընդհատակ։ Բայց այդ ժամանակ ոստիկանական բաժանմունքից վերադառնում է Կառլոն, փրկում Բուրատինոյին ու կերակրում նրան սոխով։ Հետո նա Բուրատինոյի մարմնին թղթից հագուստ է սոսնձում՝ թղթե դարչնագույն պիջակ և վառ կանաչ անդրավարտիք։ Նա հին կոշիկի ճտքերից ոտնամաններ է պատրաստում, հին գուլպայից՝ սրածայր գլխարկ։

Հիշելով Խոսող Ծղրիդի խորհուրդը՝ Բուրատինոն Կառլոյին ասում է, որ ինքը դպրոց կգնա։ Այբբենարան գնելու համար Կառլոն ստիպված է լինում վաճառել իր միակ պիջակը։

Բուրատինոն քիթը մտցրեց Կառլո հայրիկի բարի ձեռքերի մեջ։

– Կսովորեմ, կմեծանամ, քեզ հազար հատ նոր պիջակ կգնեմ...

Հաջորդ օրը Բուրատինոն առավոտյան գնում է դպրոց, սակայն ճանապարհին լսում է երաժշտություն և վազում ծովափ, որտեղ մարդկանց հրավիրում էին տիկնիկային թատրոնի ներկայացման։ Բուրատինոն, տոմսի փող չունենալով, չորս սոլդոյով մի տղայի վաճառում է իր այբբենարանն ու գնում տոմս «Երկնագույն մազերով աղջիկը, կամ երեսուներեք հարված վզակոթին» ներկայացման համար։ Ներկայացման ժամանակ տիկնիկները ճանաչում են Բուրատինոյին[14]։

Սա Բուրատինոն է, Բուրատինո՜ն։ Մեզ մոտ, մեզ մոտ արի, ուրախ չարաճճի Բուրատինո:

Բուրատինոն բեմ է բարձրանում, բոլոր տիկնիկները երգում են «Թռչնակի պոլկան», և ներկայացումը խառնվում է։ Տիկնիկային թատրոնի տերը և տիկնիկային գիտությունների դոկտոր սինյոր Կարաբաս Բարաբասը միջամտում է և Բուրատինոյին հանում բեմից, ապա սպառնում տիկնիկներին յոթպոչանի մտրակով՝ նրանց հրամայելով շարունակել ներկայացումը։ Ընթրիքի ժամանակ Կարաբաս Բարաբասը ցանկանում է Բուրատինոյին օգտագործել որպես վառելափայտ։ Բուրատինոյին հաջողվում է պատմել իր մասին։ Երբ նա նշում է խցիկում գտնվող նկարված օջախի մասին, Կարաբաս Բարաբասն ակնարկում է ինչ-որ գաղտնիքի մասին։

Ուրեմն, նշանակում է՝ ծերունի Կառլոյի նկուղո՜ւմ է գտնվում գաղտնի...

Դրանից հետո նա խնայում է Բուրատինոյին և նույնիսկ նրան հինգ ոսկե մետաղադրամ է տալիս և պատվիրում առավոտյան վերադառնալ տուն և փողը տալ Կառլոյին, որ նա չմեռնի սովից ու ցրտից ու ոչ մի դեպքում չհեռանա իր խցիկից։ Բուրատինոն մնում է գիշերելու տիկնիկային ննջարանում։

Առավոտյան Բուրատինոն գնում է տուն, սակայն ճանապարհին հանդիպում է երկու խաբեբաների՝ Ալիսա աղվեսին և Բազիլիո կատվին, որոնք ձևանում են փողոցային մուրացկաններ։ Նրանք, փորձելով խաբեությամբ փողը խլել Բուրատինոյից, նրան առաջարկել են ոչ թե տուն գնալ, այլ Հիմարների Երկիր։

Հիմարների երկրում կա կախարդական դաշտ, կոչվում է «Հրաշքների դաշտ» ... Այս դաշտում փորիր փոսը, ասա երեք անգամ։ Առավոտյան փոսից մի փոքր ծառ է աճում, տերևների փոխարեն ոսկե մետաղադրամներ կախված կլինեն։

Որոշ տատանումներց հետո Բուրատինոն համաձայնում է։ Մինչև երեկո նրանք թափառում են մոտակայքում, մինչև հայտնվում են «Երեք խարակաձուկ» պանդոկի մոտ, որտեղ Բուրատինոն պատվիրում է երեք կտոր հաց, իսկ կատուն ու աղվեսը՝ պանդոկում մնացած ամբողջ ուտելիքը։ Ընթրիքից հետո Բուրատինոն և նրա ուղեկիցները մեկ ժամ հանգստանում են։ Կեսգիշերին պանդոկի տերն արթնացնում է Բուրատինոյին և հայտնում, որ աղվեսն ու կատուն հեռացել են ավելի վաղ և հրահանգել հասնել իրենց։  Բուրատինոն ստիպված է լինում մեկ ոսկի վճարել ամբողջ ընթրիքի համար և ճանապարհ ընկնել։

Գիշերը ճանապարհին Բուրատինոյին հետապնդում են ավազակները, որոնք գլխներին հագցրել էին պարկեր՝ աչքերի համար կտրած անցքերով։ Դրանք շորերը փոխած Ալիսան և Բազիլիոն էին, որոնց Բուրատինոն չի ճանաչում։ Երկար հետապնդումից հետո Բուրատինոն մարգագետնում տեսնում է մի տնակ և սկսում է հուսահատորեն հարվածել դռանը ձեռքերով և ոտքերով, բայց նրան ներս չեն թողնում։

— Աղջիկ, բացեք դուռը, ինձ հետապնդում են ավազակները։

— Ախ, ինչ անհեթեթություն։— ասաց մի աղջիկ հորանջելով:— Ես ուզում եմ քնել, ես չեմ կարող բացել իմ աչքերը…
Նա բարձրացրեց իր ձեռքերը, քնկոտ ձգվեց և թաքնվում է պատուհանից։

Ավազակները բռնում են Բուրատինոյին և երկար տանջում, որպեսզի ստիպեն նրան տալ ոսկեդրամները, որոնք նա հասցրել էր թաքցնել բերանում։ Ի վերջո, նրանք Բուրատինոյին գլխիվայր կախում են կաղնու ճյուղից՝ հույս ունենալով, որ ոսկեդրամները կընկնեն նրա բերանից, իսկ իրենք լուսաբացին գնում են փնտրելու ինչ-որ պանդոկ։

Այն ծառի մոտ, որից կախված էր Բուրատինոն, անտառային տնակում ապրում էր Մալվինան՝ երկնագույն մազերով աղջիկը, որին սիրահարված էր Պիերոն։ Ժամանակին նա փախել էր Կարաբաս Բարաբասի կոպտություններից իր հավատարիմ պուդելի՝ Արտեմոնի հետ և հասցրել էր ընկերանալ անտառի բնակիչների հետ, որոնք նրան «ապահովում էին կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչով»։ Մալվինան նկատում է գլխիվայր կախված Բուրատինոյին, կարգադրում նրան իջեցնել ծառից ու տանել տուն։ Տուժածի բուժման համար նա հրավիրում է անտառի բժիշկներին՝ նշանավոր բժիշկ Բուին և ժողովրդական հեքիմ Աոթարարին։ Նրանք երեքով երկար վիճում են, թե արդյոք կենդանի է Բուրատինոն, մինչև նա ինքն է ուշքի գալիս։ Արդյունքում նրան տալիս են գերչակի յուղ ու հանգիստ թողնում։

Առավոտյան Բուրատինոն ուշքի է գալիս տիկնիկային տնակում։ Նրան փրկելուց անմիջապես հետո Մալվինան ձեռնամուխ է լինում նրան սովորեցնելու վարվեցողության կանոնները, թվաբանություն և վայելչագրություն։ Բուրատինոյի կրթությունը հաջողությամբ չի պսակվում, որովհետև նա չէր ուզում սովորել, և Մալվինան դաստիարակչական նպատակներով նրան փակում է խորդանոցում։ Բուրատինոն քիչ ժամանակ է մնում փակված և փախչում է առնետի սողանցքով։ Ճանապարհը նրան ցույց է տալիս չղջիկը, որը նրան տանում է Ալիսա աղվեսի ու Բազիլիո կատվի մոտ։ Վերջիններս իրենց հերթին նրան տանում են Հիմարների քաղաք, որտեղ գտնվում է Հրաշքների դաշտը, որն իրականում ամայի տեղ է և ծածկված է տարատեսակ աղբով։

Բուրատինոն, հետևելով հրահանգներին, թաղում է մնացած չորս ոսկեդրամները, վրան աղ ցանում, ջրում և կարդում կախարդական խոսքերը՝ «կրեկս, ֆեկս, պեկս», և նստում է սպասելու, թե երբ պետք է աճի փողի ծառը։ Աղվեսն ու կատուն, չսպասելով Բուրատինոյի քնելուն կամ այդտեղից հեռանալուն, որոշում են արագացնել դեպքերի ընթացքը։ Աղվեսը գնում է Հիմարների երկրի ոստիկանական բաժանմունք և հերթապահ բուլդոգին հայտնում Բուրատինոյի մասին, մինչդեռ վերջինս դեռ նստած էր Հրաշքների դաշտում, որտեղ էլ նրան բռնում են երկու խուզարկուները՝ դոբերման-պինչերները, և տանում բաժանմունք։

Որսալով հարմար պահը՝ Ալիսա աղվեսն ու Բազիլիո կատուն վերցնում են ոսկեդրամներն ու անմիջապես սկսում են վիճել դրանք բաժանելու համար, բայց հետո հավասար կիսում են փողն ու հեռանում։ Այդ ժամանակ հերթապահը հայտարարում է Բուրատինոյի դատավճիռը.

— Դու երեք հանցանք ես գործել, սրիկա՛. դու անապաստան ես, առանց անձնագրի և գործազուրկ։ Քաղաքից դուրս տարե՛ք սրան և խեղդե՛ք արհեստական լճակում։

Բուրատինոն Պիերոյին տանում է տիկնիկային տնակի մոտ, սակայն հազիվ է Պիերոն հասցնում ուրախանալ Մալվինայի հետ հանդիպման համար, նրանք ստիպված են լինում նորից փախչել։ Մալվինան ու Արտեմոնը հավաքում են իրերը, բայց հեռու փախչել տիկնիկները չեն հասցնում. անտառի եզրին նրանց դեմ են ելնում Կարաբաս Բարաբասն ու ոստիկանական շները։ Բուրատինոն Մալվինային ու Պիերոյին հրամայում է փախչել դեպի կարապների լճակը, իսկ ինքն Արտեմոնի հետ միասին կռվի է բռնվում Կարաբաս Բարաբասի ու բուլդոգների հետ։ Նա օգնության է կանչում անտառի բոլոր բնակիչներին։ Մանգաղաթևերը, ուրուրը, դոդոշները, ոզնիները, իշամեղուներն ու բազմաթիվ այլ կենդանիներ պաշտպան են կանգնում տիկնիկներին։ Դուրեմարը վախից թաքնվում է թփերի հետևում։

Ոստիկանական շներին պարտության են մատնում Արտեմոնն ու օգնության հասած անտառի բնակիչները, իսկ Բուրատինոն միայնակ հաղթում է Կարաբաս Բարաբասին՝ նրա վրա նետելով իտալական սոճու երկու կոներ և նրա մորուքը սոսնձելով ծառի բնին։ Ոստիկանական շների հետ մարտից հետո Բուրատինոն, Պիերոն, Մալվինան ու մարտում վիրավորված Արտեմոնը թաքնվում են անձավում։

Խիստ տուժած Կարաբաս Բարաբասը, ուշքի գալով, Դուրեմարի (որը սոճուց պոկում է նրա մորուքը) հետ գնում է «Երեք խարակաձուկ» պանդոկը, որպեսզի ուժ հավաքեն փախստականներին որոնելու գնալուց առաջ։ Քաջ Բուրատինոն գնում է պանդոկ, թաքնվում կավե սափորի մեջ և խնջույքի ժամանակ Կարաբաս Բարաբասից իմանում ոսկե բանալու գաղտնիքը։

Պանդոկ են մտնում Ալիսա աղվեսն ու Բազիլիո կատուն։ Նրանք Դուրեմարին ու Կարաբաս Բարաբասին խոստանում են, որ տասը ոսկեդրամի դիմաց նրանց ձեռքը կտան Բուրատինոյին «առանց այստեղից շարժվելու», ինչից հետո չարագործներին ցույց են տալիս սափորը, որի մեջ թաքնվել էր Բուրատինոն։ Կարաբաս Բարաբասը ջարդում է սափորը, սակայն Բուրատինոն դուրս է վազում փողոց, բռնվում աքաղաղի պոչից և սուրում դեպի իր ընկերները։ Սակայն նա անձավում ոչ ոքի չի գտնում։ Գետնի տակից դուրս է գալիս մի խլուրդ և Բուրատինոյին պատմում այն մասին, թե ինչ է պատահել նրա ընկերների հետ։ Պարզվում է, որ Բուրատինոյի բացակայության ընթացքում նրա ընկերներին գտել են Հիմարների երկրի խուզարկուները և ձերբակալել նրանց։

Բուրատինոն գնում է գտնելու ընկերներին։ Նա պատահականորեն հանդիպում է Աղվեսին՝ Հիմարների երկրի նահանգապետին, նրա խորհրդականին՝ ոսկե ակնոցով գեր կատվին, երկու դոբերմաններին ու ձերբակալված տիկնիկներին։ Բուրատինոն փորձում է փախչել, բայց դա հանգեցնում է նրա ընկերների անսպասելի ազատմանը և նահանգապետի ու խուզարկուների ամոթալի փախուստին։ Նրանք արդեն գրեթե փախել էին, երբ նրանց ճանապարհը կտրում են Կարաբաս Բարաբասը, Դուրեմարը, Ալիսա աղվեսն ու Բազիլիո կատուն։ Սակայն հենց այդ պահին վրա է հասնում Կառլո հայրիկը, որը հալածում է չարագործներին.

Նա ուսով հրեց Կարաբաս Բարաբասին, արմունկով՝ Դուրեմարին, մահակով հարվածեց Ալիսա աղվեսի մեջքին, ոտքի հարվածով Բազիլիո կատվին շպրտեց մի կողմ...

Չնայած Կարաբաս Բարաբասը պնդում է, որ տիկնիկներն իրեն են պատկանում, Կառլո հայրիկը վերցնում է Բուրատինոյին, Պիերոյին, Մալվինային ու Արտեմոնին և վերադառնում քաղաք՝ իր խցիկը։ Այնտեղ Բուրատինոն իր ընկերների համար բացահայտում է գաղտնիքը։ Նա Կառլո հայրիկին խնդրում է հանել կտավը, որի հետևում գտնվող դուռն էլ բացում է ոսկե բանալիով։ Դռան հետևում եղած գետնուղով, որը հերոսներին տանում է ոչ մեծ սենյակ.

Լայն շողերը, որոնց մեջ պար էին գալիս փոշու հատիկներ, լուսավորում էին դեղնավուն մարմարից շինված մի կլոր սեղան։ Այդ սենյակի կենտրոնում դրված էր հրաշալի գեղեցկության մի տիկնիկային թատրոն։ Նրա վարագույրի վրա փայլում էր կայծակի ոսկեգույն մի շեղագիծ։

Վարագույրի կողքերից բարձրանում էին երկու քառակուսի աշտարակներ, որոնք այնպես էին ներկված, ասես շարված էին փոքրիկ աղյուսներից։ Կանաչ թիթեղից շինված բարձր կտուրները պայծառ փայլում էին։
Ձախակողմյան աշտարակին բրոնզե սլաքներով մի ժամացույց կար։ Թվացույցի վրա ամեն մի թվի դիմաց նկարված էին տղայի և աղջկա ծիծաղկոտ դեմքեր։

Աջակողմյան աշտարակի վրա խայտաբղետ ապակիներով մի կլոր պատուհան կար։

Ընկերները որոշում են առավոտյան սովորել դպրոցում, իսկ երեկոյան խաղալ «Կայծակ» հրաշալի տիկնիկային թատրոնում։

Հեքիաթը վերջանում է թատրոնի առաջին ներկայացումով՝ «Ոսկե բանալին կամ Բուրատինոյի ու նրա բարեկամների արտասովոր արկածները» կատակերգությունով։ Կարաբաս Բարաբասի բոլոր տիկնիկները, չցանկանալով այլևս տանել նրա ծաղրը, փախչում են նրանից և գնում նոր թատրոն։ Նույնիսկ Դուրեմարը, համոզվելով, որ տզրուկների վաճառքն իրեն եկամուտ չի բերում, նույնպես աշխատանքի է անցնում այդ թատրոնում (վառելու մոմերը կամ ավլելու հատակը)։ Իսկ Կարաբաս Բարաբասը մնում է առանց ոչնչի։

Դրական հերոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բուրատինո – փայտե տիկնիկ, որին պատրաստել է հյուսն Կառլոն,
  • Կառլո հայրիկ – երգեհոնահար, որը փայտի կտորից տաշել է Բուրատինոյին,
  • Ջուզեպպե (Թխակապույտ Քիթ) – հյուսն, Կառլոյի ընկերը,
  • Մալվինա – տիկնիկ, երկնագույն մազերով աղջիկ,
  • Արտեմոն – պուդել, Մալվինայի հավատարիմ ընկերը,
  • Պիերո – տիկնիկ, բանաստեղծ, սիրահարված է Մալվինային,
  • Առլեկին – տիկնիկ, Պիերոյի խաղընկերը բեմում,
  • Տորտիլա կրիա – ապրում է Հիմարների երկրի մոտ գտնվող լճակում, Բուրատինոյին է նվիրում ոսկե բանալին,
  • Խոսող Ծղրիդ (այլ թարգմանությամբ՝ Խոսող Ճռիկ) – Բուրատինոյի համար կանխագուշակում է նրա ճակատագիրը։

Բացասական հերոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կարաբաս Բարաբաս – տիկնիկային գիտությունների դոկտոր, տիկնիկային թատրոնի տեր,
  • Դուրեմար – բուժական տզրուկներ վաճառող,
  • Ալիսա աղվես – ավազակ մեծ ճանապարհից,
  • Բազիլիո կատու – ավազակ մեծ ճանապարհից։

Այլ հերոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տոմսավաճառ Կարաբաս Բարաբասի թատրոնում
  • Տղա, որը գնում է Բուրատինոյի այբբենարանը
  • Ոստիկան
  • Քաղաքապետ
  • Առնետ Շուշարա
  • «Երեք խարակաձուկ» պանդոկի տեր

«Ոսկե բանալին...» մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը դուր եկավ փոքրերին և մեծերին հրատարակչության առաջին օրվանից։ Միակ թերությունը, որ նշել են քննադատները, Կոլլոդիի գրքի համեմատությամբ երկրորդային է։ Տոլստոյի հեքիաթը 1936 թվականից շատ տարբեր ձևերով վերահրատարակվել է և թարգմանվել։ Ստեղծվեցին էկրանավորումներ ֆիլմի տեսքով, տիկնիկների և դերասանների հետ. մուլտֆիլմ, պիես, օպերա և բալետ։ Հայտնի դարձավ «Բուրատինոյի» բեմադրությունը Սերգեյ Օբրազցովի թատրոնում[15]։ Խորհրդային տարիներին ստեղծվեց «Ոսկե բանալի» սեղանի խաղը։ Հայտնվեցին Բուրատինո հյութեր և «Ոսկե բանալի կոնֆետներ»[16]։ Գրքի հերոսներն ու նրանց արտահայտությունները մտան ռուսերեն լեզու, դարձան ժողովրդական արվեստի մի մաս[17]։ Գրականագետ Միրոն Պետրովսկին այսպես է գրել Տոլստոյի գրքի մասին. «Գրքի հմայքն անանց է։ Այն լի է հանելուկներով։ Միևնույն ժամանակ, այն նոր ժանր է. սա ոչ միայն հեքիաթ է փոքրերի համար, այլ հեքիաթային պատմվածք է` սատիրայի տարրերով»։

Քննադատ Մարկ Լիպովեցկին Բուրատինոյի գիրքն անվանել է կարևոր հուշարձան ռուսական գրականության համար։

Էկրանավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ոսկե բանալին» – 1939 թվականի գեղարվեստական ֆիլմ տիկնիկների ու կենդանի դերասանների մասնակցությամբ, ռեժիսոր՝ Ալեքսանդր Պտուշկո,
  • «Բուրատինոյի արկածները» – 1959 թվականի նկարված մուլտֆիլմ, ռեժիսորներ՝ Իվան Իվանով-Վանո և Դմիտրի Բաբիչենկո,
  • «Բուրատինոյի արկածները» – 1975 թվականի հեռուստատեսային ֆիլմ (երկու սերիա), ռեժիսոր՝ Լեոնիդ Նեչաև,
  • «Բուրատինոյի նորագույն արկածները» – 1997 թվականի երաժշտական ֆիլմ, ռեժիսոր՝ Դին Մախմատդինով,
  • «Անգետիկն ու Բարաբասը» – 2004 թվականի ռուսական մուլտֆիլմ, ռեժիսոր՝ Սվետլանա Գրոսու,
  • «Ոսկե բանալին» – 2009 թվականի ամանորյա ֆիլմ-մյուզիքլ («Ռոսիա» հեռուստաալիք), ռեժիսոր՝ Ալեքսանդր Իգուդին,
  • «Բուրատինոյի վերադարձը» – 2013 թվականի մուլտֆիլմ, ռեժիսոր՝ Եկատերինա Միխայլովա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Коллоди К. Приключения Пиноккио / Перевод с итальянск. Нины Петровской. Переделал и обработал Алексей Толстой. Илл. Льва Малаховского. — Берлин: Накануне, 1924. — [Сер. «Детская библиотека „Накануне“»]. — 102 с. [1]
  2. 2,0 2,1 2,2 Петровский, 2008
  3. Գիրքը նկարազարդել է Լև Մալախովսկին՝ «Ոսկե բանալին» գրքի առաջին նկարազարդող Բրոնիսլավ Մալախովսկու հարազատ եղբայրը։
  4. Марк Липовецкий. Утопия свободной марионетки, или Как сделан архетип : Перечитывая «Золотой ключик» А. Н. Толстого. — НЛО. 2003, 60.
  5. Толстая Е. Д. Буратино и подтексты Алексея Толстого // Известия АН. Серия литературы и языка. 1997. Т. 56. № 2. С. 28—39.
  6. Досье на длинный нос, колпачок и кисточку
  7. Толстой А. Н. Лит. наследство. 1963. Т. 70. С. 420.
  8. «Произведения А. Толстого». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 28-ին.
  9. Пионерская правда, 1935, № 147—152, 154—157, 159—167 (7 ноября — 30 декабря); 1936, № 2—9 (2—18 января).
  10. Толстой А. Н. Золотой ключик или Приключения Буратино. Л.: Детиздат, 1936. 127 с.
  11. драматург Алексей Толстой
  12. Книгоиздание СССР. Цифры и факты. 1917—1987 / Е. Л. Немировский, М. Л. Платова. — М.: Книга, 1987. — С. 300. — 320 с. — 3000 экз.
  13. Карайченцева С. А. Русская детская книга XVIII—XX вв. Монография — Москва: МГУП, 2006. — 294 с. — ISBN 5-8122-0870-0
  14. Տվյալ տեսարանը կրկնում է «Պինոկիոյի արկածները» ստեղծագործության նույնատիպ տեսարանը։ Ըստ էության, դա ակնարկ է այն բանի, որ Բուրատինոն կոմեդիա դել'արտեի Բուրատտինո կերպարն է։
  15. «Մեծ տիկնիկագործ Սերգեյ Օբրոզցովը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 6-ին.
  16. «"Красный Октябрь" հրուշակեղենի գործարան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 6-ին.
  17. Անեկդոտներ Բուրատինոյի մասին

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկե բանալին կամ Բուրատինոյի արկածները» հոդվածին։