Շինուազրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չինական գյուղ Ցարսկոե Սելոյում

Շինուազրի (ֆր.՝ chinoiserie բառից, բառացի` չինականություն), ոճավորման նպատակով չինական միջնադարյան ոճական հնարքների կիրառում եվրոպական գեղնկարչության, դեկորատիվ-կիրառական արվեստում, հագուստներում, պուրակների, այգիների համալիրների ձևավորման մեջ գերազանցապես 18-րդ դարում:

Շինուազրին ոճավորման հնարք է, որ հիմնված է արևելյան արվեստի ընդօրինակման վրա, ընդ որում, տարբեր ժամանակաշրջաններում ոճավորման առարկա են դարձել ոչ միայն չինական արվեստի նմուշները, այլև Արևելքի էկզոտիկան ընդհանրապես: Այս ուղղության անգլերեն անվանումն է չայնա (անգլ.՝ china), աղավաղված` չինա: Շինուազրին օրիենտալիզմի, իսկ ավելի լայն իմաստով էկզոտիզմի տեսակներից է:

Հատկանշական է, որ շինուազրի ուղղությունը ծնվել է 17-րդ դարում` կապված Արևմտահնդկական առևտրական ընկերության գործունեության հետ: Շինուազրին հայտնի է վիեննական ռոկոկոյի (ավստրիական բարոկկո) արվեստում, պրուսական ռոկոկոյում, սաքսոնական բարոկկո ոճում Դրեզդենում, պյորտրյան բարոկկոյում Ռուսաստանում, անգլիական նեոկլասիցիզմում, կահույքի չիպենդեյլ ոճում և նույնիսկ արևմտաեվրոպական ու ռուսական մոդեռնում[1]:

Առաջացման պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյախմություն, Ժան Շարդեն
Նախաճաշ, Ֆրանսուա Բուշե

17-րդ դարի վերջում Եվրոպայի ազնվական շրջանները տարված էին չինական ճենապակիով: Ոսկյա և արծաթյա սպասքը շարունակվում էր համարվել հարստության ու ճոխության նշան, սակայն նրա հետ արդեն մրցակցում էր ճենապակյա թեթև սպասքը: Ավելին, հախճապակյա սպասքը առավել հիգիենիկ էր, և ոչ մի դժվարություն չէր ծագում նրա հարթ մակերևույթը լվանալիս: Չինական դեկորատիվ սկահակները իրենց պատվավոր տեղն էին գրավում թագավորական պալատներում:

Եվրոպական հախճապակին պատրաստվել է 1708 թվականին Սաքսոնիայում, իսկ հախճապակու առաջին գործարանը բացվել է 1710 թվականին Մեյսենում: Սաքսոնական վարպետներն այդ ժամանակ չէին փորձում ստեղծել իրենց առանձնահատուկ ձեռագիրը, այլ միայն նմանակում էին չինական ոճին:

Արևմտահնդկական ընկերության շնորհիվ Չինաստանից Եվրոպա են բերվել դեկորատիվ-կիրառական արվեստի բազմաթիվ նմուշներ` կահույք, մետաքս, պաստառներ և այլն: Չնայած բարձր գնին` այս առարկաները մեծ ուշադրության էին արժանանում եվրոպացիների կոմից[2]:

Չինական ճենապակու նկատմամբ գրավչության այս պայմաններում հետաքրքրություն է առաջանում նաև չինական կիրառական ավանդույթների հանդեպ: Սակայն այդ հետաքրքրությունը մակերեսային էր` առանց արևելյան փիլիսոփայության խորքը ներթափանցելու: Չինաստանի մասին գիտելիքները եվրոպացիների շրջանում աղքատիկ էին. այդ պատճառով 18-րդ դարի վարպետները ստիպված էին դիմել իրենց երևակայությանը` օգտագործելով իրենց պատկերացումները:

Գրեթե նույն այս շրջանում Եվրոպայում ձևավորվում է թեյախմության մշակույթը:

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառական արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Չինական այգի», Ֆրանսուա Բուշե

Չինական ոճը կամ ֆրանսերենով շինուազրին զարգացել է որպես ռոկոկո ոճի ճյուղ: Այս ուղղության նկարիչները ստեղծել են հովվերգական շքեղ և ոչ այնքան լուրջ նկարներ: «Չինական սյուժեների» նմանությամբ ստեղծված կերպարները եղել են կայսրեր, պարողներ և ռազմիկներ:

Ռոկոկո ուղղության նկարիչները նպատակ չեն հետապնդել ներկայացնելու կյանքի իրական պատկերներ. նրանց աշխարհը գեղազարդված է և իրականության հետ ընդհանուր քիչ բան ունի: Ֆրանսուա Բուշեի նկարների Չինաստանը ավելի շուտ նման է Լյուդովիկոս XVի` նման նկարների հիմնական պատվիրատուի Վերսալին:

Ֆրանսիայում ճենապակու արտադրության հովանավորը եղել է Լյուդովիկոս XV-ի սիրուհի մարքիզուհի դե Պոմպադուրը: Նա եղել է նկարչության մեջ շինուազրիի ջատագովներից: Մարքիզուհու պատվերով Ֆրանսուա Բուշեն ստեղծել է «չինական թեմայով» նկարների շարքը:

Պալատական այգիների համալիրների ձևավորման մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական կամրջակ Ցարսկոե Սելոյում

Թեյախմության հանդեպ հետաքրքրության աճի հետ պալատական այգիների համակարգերում սկսեցին ի հայտ գալ ինքնատիպ կառույցներ` «թեյի տնակներ» կամ չինական տաղավարներ: Դրա առաջին օրինակներից մեկը 17-րդ դարի չինական թաղամասն է Ստոկհոլմի մերձակայքում գտնվող Դրոթթնինգհոլմի արքայական պալատում: Նման կառույցներ ունենալու ցանկություն են ունեցել եվրոպական այլ միապետներ ևս, այդ թվում` Ֆրանսիայի արքան և Սաքսոնիայի կուրֆյուրստը: 1762 թվականին բրիտանացի ճարտարապետ Ուիլյամ Չեմբերսը Լոնդոնի մերձակայքում` Թագավորական բուսաբանական այգում հասարակության զվարճանքի համար կառուցել է Մեծ պագոդան:

«Թեյի տնակի»` աչքի ընկնող օրինակներից է Ֆրիդրիխ Մեծի նստավայր Սան Սուսիի տաղավարը (ճարտարապետ` Ի. Բյուրինգ, քանդակագործ` Ի. Բենկերտ): Կլորավուն տնակը «բնակեցված» է ոսկեզօծ «չինացիներով»: Նրանք այցելուներին դիմավորում են հենց մուտքի մոտ` կարծես նրանց թեյի հրավիրելով: Կերպարները ամբողջական հասակով են, արևելյան երևակայական հագուստներով, սակայն ունեն եվրոպական դիմագծեր: Չինացիները «ապրում են իրենց կյանքով». հանդիսատեսը նրանց տեսնում է ընթրելիս: Տաղավարի ներքին տարածությունը լի է արևելյան կյանքի պատկերներով. գեղարվեստական կոմպոզիցիան զարդարում է պատերն ու առաստաղը: Հատկապես հետաքրքիր են չինուհիները. նրանք մարմնեղ են և դժվարությամբ են հիշեցնում չինացի նրբակազմ պարուհիներին:

Դեկորատիվ-կիրառական արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետին պլանում շինուազրի ոճով ծածկավարագույր է:
Ժան Բատիստ Պիլեման, չինական ոճով նկարազարդում, 1760-ական թթ.
Չինական հովանոցով կին

Գեղանկարչության գործերի հետ միաժամանակ ի հայտ են գալիս շինուազրի ոճով շքեղ գոբելեններ: Կոմպոզոցիայով ու կոլորիտով դրանք ամբողջովին կրկնում են համանման նկարները: Չինական նախշերը կիրառում են գտել նաև պաստառներում:

Շինուազրիի հնարքները լայնորեն կիրառվել են հովհարների, հովանոցների արտադրության մեջ: Այս աքսեսուարները, եկած լինելով Չինաստանից, դարձան 18-րդ դարի ազնվականական-բուրժուական կենցաղի անբաժանելի մասը: Ճենապակյա սպասքը, ծխամորճները, սկահակները զարդարվել են չինական նախշերով: 18-րդ դարի առաջին կեսին նորաձև են դառնում «չինացի հովվուհի» թեմայով ճենապակյա արձանիկները: Հայտնի էին նաև գլուխը պտտող ծեր չինացու արձանիկները:

Այս նույն ժամանակաշրջանում ձևավորվում է «չինական լապտերների» նորաձևությունը:

Հագուստների ձևավորման մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորաձևությունը միշտ արվեստի ընդհանուր միտումների արտացոլումն է: Շինուազրի ոճի տարածումը արտահայտվել է նաև կտորների հյուսվածքներում ու նախշերում (հատկապես մետաքսի, որ բերվում էր Չինաստանից): Դրանք վառ, գունեղ նախշեր էին, որոնք կտրուկ տարբերվում էին ռոկոկո ոճի ընդհանուր միտումներից, որն ավելի շատ մեղմ գույներով էր դրսևորվում:

Կանանց` ռոկոկո ոճի հագուստներում նույնպես դրսևորվել է հեռավոր էկզոտիկ մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը: 1730-1760 թվականներին նորաձև էին «ա-լյա պագոդա» ոճի թևքերը` ժանյակների շարքերով, որոնք յուրահատուկ ձևով իջնում էին մինչև արմունկները:

Անգլիայում նորաձև էին ծղոտե գլխարկները, որոնք նման էին չինական կոնաձև գլխարկներին:

Կիրառության մեջ էին մտել նաև փոքր կոշիկները` մյուլերը, որոնք ստեղծվել էին չինական կոշիկների նմանությամբ:

Բալետում, դրամատուրգիայում ու գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական թեման պահանջված էր արվեստի այլ ուղղություններում ևս: Դրամատուրգիայում դրա դրսևորման վառ օրինակ են Կառլո Գոցցիի «Տուրանդոտ» և Վոլտերի «Չինացի որբը» պիեսները: Գոցցիի հեքիաթում գործողություններն ընթանում են երևակայական Չինաստանում: Վոլտերի «Որբը» հիմնված է իրական դեպքերի վրա. դրա հիմք է ծառայել 1730-ական թվականներին Չժաո որբանոցից տեղափոխված Ցզի Ցզյունսյանի կյանքը:

18-րդ դարի սկզբին եվրոպական լեզուներով թարգմանվում է «Փոփոխությունների գիրք» չինական տրակտատը:

Բալետում նույնպես կիրառվել է չինական ոճը: Այս շրջանում են բեմադրվել «Նրբագեղ Չինաստան», «Չինացի հովվուհի», «Մանդարին» բալետային ներկայացումները, որոնք ոչ մի ընդհանուր բան չեն ունեցել չինական իրականության հետ և տուրք էին չինական մշակույթով հետաքրքրությունների բավարարմանը:

Շինուազրին 20-րդ դարում[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբին հետաքրքրություն է առաջացել ռոկոկոյի գեղագիտության հանդեպ: Դա դրսևորվել է, օրինակ, Կոնստանտին Սոմովի ստեղծագործության մեջ: Նրա նրբագեղ աշխարհում վերակենդանանում են ոչ միայն անցյալ դարի մարդիկ, այլև շինուազրի ոճը` չինական լապտերներ, ծածկավարագույրներ, վառ կտորներ:

Մոդեռն արվեստի շրջանում շինուազրին դարձյալ պահանջարկ է վայելում: Դա հատկապես նկատելի է 1920-1930 թվականների դեկորատիվ-կիրառական արվեստում` մոխրամաններում, լամպերում, թանաքամաններում, ինչպես նաև ճենապակյա սպասքում: 1920-1930-ական թվականներին ճենապակյա արտադրության առաջատարներից է դառնում հունգարական Herend ընկերությունը:

Գերմանական «Իմ երազանքների աղջիկը» ֆիլմում (1944) կիրառվել են 18-րդ դարի շինուազրի ոճի ոճական հնարքներ:

Ներկայումս չինական փիլիսոփայության, մարտարվեստի, ֆեն-շուի հանդեպ համաեվրոպական հետաքրքրության աճի համատեքստում մեծանում է շինուազրի ոճի նկատմամբ հետաքրքրությունը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Власов, Виктор Георгиевич. Шинуазри // Власов В. Г. Новый энциклопедический словарь изобразительного искусства. В 10 т. — СПб.: Азбука-Классика. Т. Х, 2010. С. 564-567
  2. «Квартблог» 

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Иконников А. Детское Село: Китайский театр и китайщина. — М.-Л., 1931.
  • Мерцалова М. Н. История костюма. — М., 1972.
  • Иллюстрированная энциклопедия моды. — М., 1987.
  • Мода и стиль. Современная энциклопедия. — М., 2002.
  • Софья Чапкина Руга: Стиль Шинуазри в России. — М., 2010.