Կառլո Գոցցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Կարլո Գոցցի
Carlo Gozzi.jpg
Ծնվել է դեկտեմբերի 131720
Ծննդավայր Իտալիա Իտալիա, Վենետիկ
Վախճանվել է ապրիլի 4, 1806 (85 տարեկանում)
Վախճանի վայր Վենետիկ
Մասնագիտություն դրամատուրգ
Ազգություն իտալացի
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա
Ստեղծագործական շրջան 1720-1806
Carlo Gozzi Վիքիպահեստում

Կառլո Գոցցի (Gozzi, Carlo, 1720–1806), իտալացի թատերգակ (դրամատուրգ)։ Ծնվել է 1720թ. դեկտեմբերի 13-ին Վենետիկում։ Ստացել է տնային կրթություն։ 16 տարեկան հասակում զինվորագրվել է, ծառայել Դալմաթիայում, երեք տարի անց վերադարձել հայրենիք։ Լինելով բնավորությամբ ազնվական և պահպանողական հանդես էր գալիս ցանկացած գրական նորամուծությունների դեմ։ Հակադրվելով իրեն ժամանակակից վենետիկյան թատերգակ Կառլո Գոլդոնիին, որը ռեալիզմի կողմնակից էր՝ Գոցցին պաշտպանում էր վենետիկյան ավանդական «կոմեդիա դել արտե» թատերական ժանրը՝ դիմակ կրող գործող անձանցով։ Ձգտելով վերակենդանացնել «դիմակների կատակերգությունը» գրել է մի շարք հեքիաթային թատերախաղեր, որը նա անվանել է «ֆաբիաներ»։ Թատերախաղերն առանձնանում են անսովոր տեսարաններով, հրաշալի կերպարանափոխություններով և վենետիկյան ավանդական թատրոնի դիմակավոր գործող անձանցով, որոնք են Պանտալոնեն, Տրուֆալդինոն, և այլն։ Օգտագործելով բանահյուսական ստեղծագործությունների սյուժետային մոտիվները և դել արտե կոմեդիայի որոշ սկզբունքներ (դիմակ, բարբառ, իմպրովիզացիա), ստեղծել է թատերական հեքիաթի ինքնատիպ ժանր՝ ֆիաբ, որին բնորոշ են չարի և բարու, պաթետիկայի և բուֆոնադայի, գրական հնաոճ լեզվի և վենետիկյան առօրյա խոսակցական լեզվի հակադրությունները։

Գրական ժառանգությունը[խմբագրել]

Ֆիաբներում («Սեր առ երեք նարինջները»,1761, «Ագռավ», 1761, «Արքա-եղջերուն», 1762, «Տուրանդոտ», 1762, «Կանաչ թռչնակ», 1765 և այլն) դրվատել է մարդկային առաքինությունները, ծաղրել բուրժուական եսապաշտությունը։ Գոցցին գրել է նաև քսաներեք տրագիկոմեդիա և «Անօգուտ հուշեր» (1797) երկը։

Կարլո Գոցցին Իտալիայում շուտ մոռացվեց, բայց նրա ֆիաբները հետաքրքրեցին գերմանացի և ֆրանսիացի ռոմանտիկներին (Ֆ․ Շիլլերը «Տուրանդոտ»-ը վերամշակեց Վայմարի թատրոնի համար)։ Ե․ Վախթանգովը Մոսկվայի՝ ներկայումս իր անունը կրող թատրոնում 1922-ին իրականացրեց «Տուրանդոտ»-ի մինչև օրս ներկայացվող բեմադրությունը։ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրվել է (1959) Գոցցիի «Ագռավը»։

1761թ. հունվարի 25-ին շլացուցիչ հաջողությամբ ներկայացված «Սեր առ երեք նարինջ» (L'amore delle tre melarance) «Տուրանդոտ» (Turandot, 1762) թատերախաղերի հիման վրա արդեն 20-րդ դարում համանուն օպերաներ են գրել համապատասխանաբար Սերգեյ Պրոկոֆևը և Ջակոմո Պուչչինին։ Ընդամենը Գոցցին գրել է 10 հեքիաթ-պիես, այդ թվում (բացի վերոնշյալներից)` «Ագռավը» (Il Corvo, 1761)[1], «Կանաչ ճնճղուկը» (L'augellino bel verde, 1765), «Եղջերու-արքան» (Il re cervo, 1762), «Կին-օձը» (La donna serpente, 1762) և այլն։

Շուրջ 1780թ. սկսել է աշխատել հուշագրությունների վրա, որոնք լույս են տեսել «Անպետք հիշողություններ» վերնագրի տակ (Memorie inutili, 1797)։

Մահացել է Գոցցին 1806թ. ապրիլի 4-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. թարգմանվել է հայերեն. Ագռավը : [Թատերական հեքիաթ] / Կ. Գոցցի; Ռուս թարգմ.՝ Մ. Մարգարյան; Խմբ.՝ Հ.Հ. Դանիելյան; Նկ.՝ Վ.Մ. Ավակիմյան. - Երևան : Սովետական գրող, 1976. - 151 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png