Jump to content

Նիկոլայ Նոսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Նոսով
Ծնվել էնոյեմբերի 10 (23), 1908[1]
ԾննդավայրԿիև, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էհուլիսի 26, 1976(1976-07-26)[3][4][5] (67 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[6]
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, մանկագիր, դրամատուրգ և գիտաֆանտաստիկ գրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Ստեղծագործական շրջան1938-1976
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ
 Nikolay Nosov Վիքիպահեստում

Նիկոլայ Նիկոլաևիչ Նոսով (ռուս.՝ Николай Николаевич Носов, ուկրաիներեն՝ Микола Миколайович Носов, նոյեմբերի 10 (23), 1908[1], Կիև, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - հուլիսի 26, 1976(1976-07-26)[3][4][5], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[6]), խորհրդային մանկագիր, վիպասան, դրամատուրգ, սցենարիստ։ Ստալինյան երրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1952)[7]: Նոսովի ամենահայտնի գործերից է «Անգետիկի և նրա ընկերների արկածները»։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Նիկոլաևիչ Նոսովը ծնվել է 1908 թվականին Կիևում՝ էստրադային արտիստի ընտանիքում, ով հանգամանքներից ելնելով աշխատել է որպես երկաթուղային։ Նոսովի մանկությունն անցել է Կիևից ոչ հեռու գտնվող Իրպեն քաղաքում, որտեղ գիմնազիա է հաճախել։ Ընտանիքում եղել է երկրորդ երեխան, ունեցել է երկու եղբայր և քույր։ Դեռևս փոքր տարիքում Նոսովը սիրում էր դիտել հոր ելույթները, համերգներն ու ներկայացումները։ Ծնողները կարծում էին, որ նա էլ դերասան կդառնա։ Դպրոցական տարիներին Նոսովը երազել է երաժիշտ դառնալու մասին։ Ջութակ ունենալուց հետո հասկացավ, որ հեշտ չէ երաժշտություն սովորելը և թողեց ջութակը։

Մանկության և պատանեկության տարիներն անցել են Առաջին համաշխարհային պատերազմի և Ռուսաստանի քաղաքացիական կռիվների միջով։ Սննդի, ցուրտ ձմեռներին տաքության և ջերմության պակասի պատճառով գլուխ էին բարձրացնում հիվանդությունները։ Ամբողջ ընտանիքը հիվանդանում է տիֆով. բարեբախտաբար ոչ-ոք չի մահանում։ Նիկոլայը հիշում է՝ ինչպես էր մայրը լալիս, երբ ինքն առողջացել էր։ «Այդ ժամանակ ես հասկացա, որ լացել կարելի է ոչ միայն վշտից»[8]։

Դեռ դպրոցական տարիներին տարվել է երաժշտությամբ, թատրոնով, շախմատով, լուսանկարչությամբ, էլեկտրոտեխնիկայով և նույնիսկ ռադիոտեխնիկայով։ 14 տարեկանից աշխատել է ընտանիքին ապահովելու համար, եղել է ամսագրեր վաճառող, փորող, հնձվոր։ 1917 թվականին գիմնազիան վերամիավորվում է 7-ամյա դպրոցի, որը 1924 թվականին ավարտելով, աշխատում է Իրպենի գործարաններից մեկում որպես բանվոր, այնուհետև՝ Բուչայի աղյուսի մասնավոր գործարանում։

Քաղաքացիական պատերազմից հետո Նոսովը տարվեց քիմիայով։ Դպրոցական ընկերների հետ միասին նա ստեղծեց քիմիական լաբորատորիա իր տան ձեղնահարկում, որտեղ ընկերները տարբեր փորձեր էին կատարում։ Նոսովը հիշում է. «Դպրոցն ավարտելուց վստահ էի, որ հենց քիմիկ պետք է դառնամ։ Այն ինձ համար գիտությունների գիտությունն էր»։ Նոսովի Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետ ընդունվելու ջանքերը զուր անցան, քանի որ նա չուներ միջնակարգ դպրոցի ավարտական փաստաթղթեր։ Նա սովորեց գիշերօթիկ դպրոցում՝ պատրաստվելով ընդունվել պոլիտեխնիկական ինստիտուտ։ Միաժամանակ նա սկսեց աշխատել Իրպենի աղյուսի գործարանում։ Բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելուց առաջ, մտադրությունը փոխելով, 19-ամյա Նոսովը ընդունվեց Կիևի գեղարվեստի ինստիտուտ։ Նա սկսեց լրջորեն զբաղվել լուսանկարչությամբ և կինոմատոգրաֆիայով և 1929 թվականին տեղափոխվեց Մոսկվայի կինոմատոգրաֆիայի ինստիտուտ, որն ավարտեց 1932 թվականին։ Մինչև 1951 թվականը նա աշխատեց որպես մուլտֆիլմերի, գիտակրթական ֆիլմերի բեմադրիչ և ռեժիսոր[8]։ Մանապատանեկան տարիքի ինքնակենսագրականն ամփոփված է նրա «Ջրհորի հատակի գաղտնիքը» ստեղծագործությունում։

Ռուսաստանի բանկի մետաղադրամ, «Ռուսաստանի նվիրյալներ» շարք, թողարկվել է մանկագիր Նիկոլայ Նոսովի ծննդյան 100-ամյակի առթիվ, արծաթ, 2 ռուբլի

Մահացել է Մոսկվայում, 1976 թվականին։ Թաղված է Մոսկվայի Կունցևյան գերեզմանատանը[9]։

1997-1999 թվականներին FAF Entertainment նկարահանել է «Անգետիկը լուսնի վրա» մուլտֆիլմը Նոսովի համանուն գրքի հիման վրա։

2008 թվականին Նոսովի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ ՌԴ կենտրոնական բանկը թողարկել է արծաթե մետաղադրամ[10]։

Գրական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականից Նոսովը սկսում է գրել մանկական պատմություններ, բայց պրոֆեսիոնալ գրող դառնում է Հայրենական մեծ պատերազմից հետո։ Առաջին պատմությունը՝ «Հնարամիտները», տպագրվել է 1938 թվականին, որից հետո տպագրվել են «Կենդանի գլխարկը», «Վարունգներ», «Միշկինի շիլան», «Բանջարաբույծները», «Ֆանտազյորները»։ Ստեղծագործությունները հիմնականում տպագրվել են մանկական «Մուրզիլկա» ամսագրում[11]։

Նոսովը մանուկների համար սկսել է գրել պատահական։ Սկզբում նա տղայի և նրա ընկերների համար պատմություններ էր պատմում։ «Կամաց-կամաց ես հասկացա, որ երեխաների համար ստեղծագործելն ամենալավ աշխատանքն է, որը պահանջում է մեծ, և ոչ միայն գրական գիտելիքներ…»[11]

Նիկոլայ Նոսովը հետաքրքրվել է երեխաների հոգեբանությամբ։ Ըստ նրա երեխաներին պետք է վերաբերվել ջերմությամբ և մեծ հարգանքով[11]։

1947 թվականին լույս է տեսնում «Զվարճալի պատմվածքներ» ժողովածուն։ Նոսովին մեծ ժողովրդականություն են բերում «Ուրախ ընտանիք» (1949), «Կոլյա Սինիցինի օրագիրը» (1950), «Վիտյա Մալեևը դպրոցում և տանը» (1951) ստեղծագործությունները։ 1952 թվականին «Վիտյա Մալեևը դպրոցում և տանը» ստեղծագործության համար Նոսովը ստանում է Ստալինյան երրորդ աստիճանի մրցանակ։ 1954 թվականին այս պատմվածքի հիման վրա նկարահանվում է «Երկու ընկեր» մանկական գեղարվեստական ֆիլմը։

1953 թվականին հրատարակվում է «Բլրակի վրա» պատմվածքների ժողովածուն, 1956 թվականին՝ «Տափկնոցի», 1958 թվականին՝ «Զվարճալի պատմվածքներ ու վեպեր»։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Նոսովն ամուսնացել է երկու անգամ։ Առաջին կինը՝ Ելենան, մահացել է, երբ նրանց որդին՝ Պյոտրը, 15 տարեկան էր։ Երկրորդ կնոջից՝ Տատյանայից, երեխաներ չի ունեցել։ Գրողը նրան է նվիրել «Անգետիկի և նրա ընկերների արկածները» ստեղծագործությունը։

Որդին՝ Պյոտր Նոսովը (1931–2002), եղել է դասական ժանրի ֆոտոլրագրող, զբաղվել է ռեպորտաժային լուսանկարչությամբ[12]։ Թոռը՝ Իգոր Նոսովը (1962), լուսանկարիչ է, գրող։ Ծոռը՝ Իվան Նոսով։

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1967)
  • Կարմիր աստղի շքանշան (1.10.1943)
  • Մեդալ 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում անվեհեր գործունեության համար
  • Երրորդ աստիճանի ստալինյան մրցանակ (1952) «Վիտյա Մալեևը դպրոցում և տանը» ստեղծագործության համար (1951)[7]
  • Կրուպսկայայի անվան ՌԽՖՍՌ պետական մրցանակ (1969) «Անգետիկ» եռերգության համար[13]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 parish register
  2. 2,0 2,1 2,2 Носов Николай Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 672—674. — ISBN 5-94848-262-6
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #106847090 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. 7,0 7,1 "Постановление СМ СССР о присуждении Сталинских премий в области искусства и литературы за 1951 год.
  8. 8,0 8,1 «Наталья Буртовая "«Взглянуть на мир глазами ребёнка». О творчестве Н.Н.Носова"». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
  9. «Кунцевское кладбище». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
  10. Детский писатель Н. Н. Носов — 100 лет со дня рождения (23.11.1908).
  11. 11,0 11,1 11,2 «сайт "Ребёнок- существо разумное" - Николай Носов». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
  12. Игорь Носов: «В дедушкиной квартире книги, как у Знайки, были везде: и на столе, и под столом, и на кровати, и под кроватью…» Արխիվացված 2014-12-20 Wayback Machine.
  13. «Большая советская энциклопедия -статья "Носов Николай Николаевич"». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Նոսով» հոդվածին։