Նիդերլանդական արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նիդերլանդական արվեստ, գեղարվեստական միասնական դպրոց, որ զարգացել է միջին դարերում, պատմական Նիդերլանդների տարածքում և գոյատևել մինչև XVI դ․ Նիդերլանդական բուրժուական հեղափոխությունը, որի արդյունքում բաժանվել է հոլանդական և ֆլամանդական գեղարվեստական դպրոցների։ Կարոլինգյան շրջանից պատմական Նիդերլանդների տարածքում կառուցվել են բազիլիկ եկեղեցիներ (Մաաստրիխտի Օնզելիվե–Վրաու եկեղեցին, X–XVI դդ․), երբեմն կենտրոնակազմ կապելլաներ (Վալկհոֆ պալատի կապելլան Նեյմեգենում, VIII դ․, ներկայիս տեսքը՝ XI դ․)։ XI–XIII դդ․ գերիշխող է եղել ռոմանական ոճը, որի կենտրոններն էին Մաաս (Լիեժի Սեն–Բարտելեմի եկեղեցին, XI–XII դդ․) և Շելդա (Տուռնեի տաճարը, կառուցման սկիզբը՝ 1110) գետերի հովիտները․ XIII դ․ ճարտարապետական կենտրոններ էին նաև Բրաբանտը, ծովամերձ Ֆլանդրիան։ Նշանավոր են Մաաստրիխտի մանրանկարչության դպրոցի մանրանկարները, Մաասի հովտի դպրոցի բրոնզե ձուլվածքները, ոսկերչությունը։ XIII–XV դդ․ ամրոցների և շուկաների հրապարակների շուրջը կազմավորվել են քաղաքներ՝ գիլդիաների և համքարությունների տներով, ռատուշաներով, հզոր աշտարակներով ու պարիսպներով, հիմնականում՝ ճառագայթային–օղակաձև հատակագծերով։ Մաասի (Դինանի Նոտր Դամը, 1227–79) և Շելդայի (Տուռնեի տաճարի խորանը, 1243–55) հովիտների տաճարների բարդ ճարտարապետական կերպարը առաջացել է ռոմանական ոճի և գոթիկային բնորոշ գծերի զուգորդումով։ XIV դ․– XVI դ․ 1-ին կեսին կառուցվել են սրահատիպ եկեղեցիներ, Բրաբանտում ծաղկում է ապրել ուշ գոթական ճարտարապետությունը (Բրյուսելի, Մեխելենի, Անտվերպենի տաճարները, Կելդերմանս և դը Վագեմակերե ճարտարապետական ընտանիքների կառույցները Լյովենում, Ալկմարում, Գենտում, Մեխելենում, Միդդելբուրգում և այլուր)։ Նիդերլանդական ուշ գոթական աշխարհիկ շինություններից են ռատուշաները (Բրյուսելում, Բրյուգգեում, Գենտում), առևտրա–արդյունաբերական կառույցները՝ հարուստ քանդակային հարդարանքով, հանդիսավոր, ընդարձակ դահլիճներով։ Գոթական քանդակագործությունը («Աստվածամայրը» Լիեժի Սեն Ժան եկեղեցում, XIII դ․), մոնումենտալ («Խաչելություն»-ը Ուտրեխտի Սինտ Պիտերսկերկ եկեղեցում, մոտ 1300) և հաստոցային (նկարիչներ՝ Ժ․ Մալուել, Ա․ Բելշոզ, Մ․ Բրուդեռլամ) գեղանկարչությունը, հատկապես ֆրանկա–ֆլամանդական մանրանկարչությունը հետզհետե հարստացել են իրական կյանքի տպավորություններով։ Բուրգունդյան շրջանի նիդերլանդական քանդակագործները (Կ․ Մլյուտեր, Կ․ դը Վերվե, Ա․ Բոնեյո) և մանրանկարիչները (Ժակմար Հյոսդենցի, Լիմբուրգ եղբայրներ) XIV–XV դդ․ սահմանագծում դիմել են իտալական արվեստի փորձին, հող նախապատրաստելով Հյուսիսային Եվրոպայի Վաղ Վերածննդի համար։ XV դ․ նիդերլանդական Վերածննդի գեղանկարչության դպրոցը (խորանների պատկերներ, դիմանկարներ, մանրանկարներ), նորովի վերաիմաստավորելով միջնադարյան մշակույթի հոգևոր և գեղարվեստական ավանդույթները, դարձել է ամենանշանավորը հյուսիս–եվրոպական դպրոցներից։ Այն աչքի է ընկել մարդու և բնության նկատմամբ սուր հետաքրքրությամբ, աշխարհի բնապաշտական–կենսախինդ ընկալումով, տարածության, լույսի, առարկաների կառուցվածքի և մակերեսի խոր ուսումնասիրությամբ։ Իրականության բյուրգերյան–կենցաղային և դրամատիկական կողմերը առաջին անգամ շեշտված բացահայտվել են Ռ․ Կամպենի աշխատանքներում։ Դպրոցի խոշորագույն վարպետն էր Յա․ վան Էյքը, բարդ, բազմակողմանի բնութագրումներով կերպարներ ստեղծողը։ Նրա ավանդույթները շարունակել են Պ․ Քրիստուսը, Դ․ Բաուտսը, Գերտգեն տոտ Սինտ Յանսը։ XV դ․ կեսին Ռոգիր վան դեր Վեյդենը բացահայտել է անձի պատկերման նոր, հոգեբանորեն խոր դիտակետեր, իսկ Հ․ վան դեր Գուսը կերպարներին հաղորդել է դրամատիկական լարվածություն։ Ավելի իդեալականացված, քնարական բնույթի են Հ․ Մեմլինգի և Դ․ Դավիդի գունանկարները։ XV–XVI դդ․ սահմանագծում Հ․ Բոսխը իր սիմվոլիկ–այլաբանական և երգիծական–բարոյախոսական նկարներում դիմել է ժողվրդական միջնադարյան մշակույթի ժառանգությանը, նախապատրաստել ժանրային և բնանկարչական մոտիվների երփնագրային նոր մեկնաբանում։ XV դ․ ի հայտ է եկել փայտագրությունը (եվրոպական առաջին թվագրված գործն է «Աստվածամայրը», 1418), զարգացել է փայտի քանդակագործությունը (Յա․ Բորման, Ա․ վան Վեսել)։ XVI դ․ Իտալիայից և Ֆրանսիայից Նիդերլանդներ են թափանցել Վերածննդի ճարտարապության դասական սկզբունքները։ Աշխարհիկ շինություններում գոթական ճարտարապետական ավանդական կառուցվածքը լծորդվել է Վերածննդի ճարտարապետական առատ մոտիվներով (Անտվերպենի ռատուշան, 1561–65, ճարտարապետ Կ․ Ֆլորիս), ձևավորվել են միատիպ շենքերի պատկառազդու անսամբլներ (Բրյուսելի Գրանդ–պլաս հրապարակը)։ Հումանիստական գաղափարների ազդեցությամբ զարգացել են կերպարվեստի աշխարհիկ ժանրերը՝ դիմանկար (Ա․ Մոր, Ֆ․ Պաուրբյուս), խմբանկար (Յա․ վան Սկորել, Դ․ Յակոբս, Դ․ Բարենդս), բնանկար (Յո․ Պատինիր, Հ․ Մետ դե Բլես), կենցաղային ժանրը (Ք․ Մասեյս, Լուկաս Լեյդենցի)։ Իտալական արվեստին ուղղակիորեն ընդօրինակող «ռոմանտիզմ» էկլեկտիկ հոսանքին (Յա․ Գոսսարտ, Բ․ վան Օռլեյ, Ֆ․ Ֆլորիս) հակադրվել են դեմոկրատ վարպետները (Յա․ վան Ամստել, Պիտեր Արտսեն, Յո․ Բյոկելար, ամենանշանավորը՝ Պ․ Բրեյգել), արտացոլելով ժողովրդական կյանքը, նախահեղափոխական և հեղափոխական ժամանակաշրջանների հակասությունները։ Դեկորատիվ քանդակագործության վարպետներից էին Կ․ Ֆլորիսը և Ժ․ Դյուբրոկը։ XV– XVI դդ․ զարգացել են շպալերների արտադրությունը, ոսկերչությունը, ասեղնագործությունը, XVI դ․ վերջից՝ նշանավոր ժանյակագործությունը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Всеобщая история искусств, т․ 2, кн․։ 1, М․, I960, т․ 3, М․, 1966;
  • Гершензон-Чегодаева Н․ М․, Возрождение в нидерландском искусстве, в сб․։ Ренессанс․ Барокко․ Классицизм, (сб․ ст․), М․, 1966․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 276