Ռոբեր Կամպեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբեր Կամպեն
Ծնվել է1375[1][2][3][…]
ԾննդավայրՎալանսեն[4][5][6]
Վախճանվել էապրիլի 26, 1444[5][6]
Մահվան վայրՏուրնե, Ֆրանսիա[7][5][6]
ՔաղաքացիությունՀյուսիսային Նիդերլանդներ
Մասնագիտություննկարիչ և գծագրող
Ոճվաղ հոլանդական գեղանկարչության[8]
Ժանրկրոնական նկարչություն[8], հոգևոր արվեստ[9], դիմապատկեր[9] և պատմական գեղանկարչություն[9]
Թեմաներվաղ հոլանդական գեղանկարչության
Ուշագրավ աշխատանքներThe Werl Triptych? և Nativity?
ԱշակերտներՌոգիր վան դեր Վայդեն
 Robert Campin Վիքիպահեստում
Ավետման եռապատկեր, հոկտեմբեր 1427–1432, Քլոյստերս, Նյու Յորք

Ռոբեր Կամպեն (հոլ.՝ Robert Campin, 1375[1][2][3][…], Վալանսեն[4][5][6] - ապրիլի 26, 1444[5][6], Տուրնե, Ֆրանսիա[7][5][6]), ֆլամանդացի նկարիչ, վաղ հոլանդական նկարչության ավանդույթի ենթադրյալ հիմնադիրը։ Եղել է Ռոգիր վան դեր Վայդենի ու Ժակ Դարեի ուսուցիչը[10] և եվրոպական նկարչության առաջին դիմանկարիչներից մեկը։ Կամպենը նույնացվում է Ֆլեմալյան վարպետի հետ[11][12]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ Ռոբեր Կամպենի մասին, որին վերագրվում են Ֆլեմալյան վարպետի նկարները, շատ տեղեկություններ կան։ Ենթադրվում է, որ Ռոբեր Կամպենը ծնվել է Վալենսիեն քաղաքում՝ Էնո կոմսության երբեմնի ծաղկուն մայրաքաղաքում (Գեննեգաու)։ Նրա ծննդյան ամսաթվի վերաբերյալ գիտնականների կարծիքները տարբեր են։ Նրանք նշում են տարբեր ամսաթվեր, որոնք տատանվում են 1375 և 1380 թվականների միջև։ Կամպենի անունը փաստաթղթերում հանդիպում է սկսած 1406 թվականից։ 1410 թվականին նա քաղաքացիության իրավունք է ստացել ֆլամանդական Տուրնե խոշոր քաղաքում՝ դառնալով քաղաքային նկարիչ։ Քաղաքի արխիվային փաստաթղթերում պահպանվել են տվյալներ այն մասին, որ նրան են պատկանել մի քանի տներ Տուրնեում, ինչը վկայում է Կամպենի որոշակի նյութական բարեկեցության մասին։ Աղբյուրները հավաստում են, որ նկարիչն ունեցել է մեծ արվեստանոց, որտեղ սովորել են բազմաթիվ աշակերտներ (այդ արվեստանոցն առաջին անգամ հիշատակվել է 1418թվականին), որոնց թվում եղել են ապագա հայտնի նկարիչներ, ինչպիսիք էին Ռոգիր վան դեր Վայդենը (աշակերտի ընդգրկման փաստաթղթում նշված է Ռոժելե դե լա Պաստորե անունը, բայց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դա նույն Ռոգիր վան դեր Վայդենն է) և Ժակ Դարեն, որը հիշատակվում է որպես նրա աշակերտ 1427 թվականից մինչև 1432 թվականը։ Կարծիք կա, որ 1427 թվականին Տուրնե է այցելել Յան վան Էյքը, որը, ըստ երևույթին, քաղաք էր ժամանել Կամպենի արվեստին ծանոթանալու համար։ Կամպենը այդ ժամանակ կարևոր դեր է խաղացել քաղաքի հասարակական կյանքում, նա ստանձնել է ամենաբազմազան աշխատանքներ՝ որմնանկարներից մինչև ստվարաթուղթ զարդապաստառների համար, ինչպես նաև ավելի խոշոր պատվերներ։ Միակ ստույգ թվագրված աշխատանքը, որը վերագրվում է Կամպենին, «Վերլի խորանը» ստեղծագործությունն է, որն ստեղծվել է 1438 թվականին և ներկայում գտնվում է Մադրիդի Պրադո թանգարանում։ 1423 թվականի Կամպենը մասնակցել է քաղաքացիական ելույթներին ընդդեմ Տուրնեում իշխող պատրիցիատի, որից հետո ընդգրկվել է քաղաքային նոր կառավարության անդամների թվում։ Սակայն շուտով պատրիցիաները նորից վերադարձրել են իշխանությունը, իսկ նկարիչը ենթարկվել է հետապնդումների։ Կարծիք կա, որ այդ ամենը տեղի է ունեցել Ֆրանսիայի թագավորի նկատմամբ Կամպենի քաղաքական համակրանքի պատճառով, ինչը եղել է Բուրգունդիայի դքսության և Ֆրանսիայի թագավորության միջև սուր հակամարտության ժամանակաշրջանում։

Նկարելու ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամպենը, լինելով ձեռագրերի նկարազարդման վրա աշխատող մանրանկարիչների ժամանակակից, կարողացել է հասնել ռեալիստականության և դիտարկման այնպիսի մակարդակի, որը ոչ մի նկարչի նրանից առաջ չէր հաջողվել։ Սակայն նրա գործերն ավելի արխայիկ են, քան նրա երիտասարդ ժամանակակիցների գործերը։ Կենցաղային դետալներում զգալի է դեմոկրատականություն, երբեմն առկա է կրոնական թեմաների կենցաղային մեկնաբանություն, ինչը հետագայում բնորոշ է դարձել հոլանդական նկարչությանը։

Հյուսիսային Վերածննդի հիմնադիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր տյուրբանով տղամարդու դիմանկար, Լոնդոնի ազգային պատկերասրահ

Արվեստի պատմաբանները վաղուց փորձել են գտնել Հյուսիսային Վերածննդի ակունքները, պարզել, թե ով է եղել առաջին վարպետը, որը հիմնադրել է այդ ոճը։ Երկար ժամանակ համարվում էր, որ առաջին նկարիչը, որը մի փոքր հեռացել է գոթիկայի ավանդույթներից, եղել է Յան վան Էյքը։ Սակայն 19-րդ դարի վերջին պարզ է դարձել, որ Վան Էյքին նախորդել է մեկ այլ նկարիչ, որի վրձնին է պատկանում է Ավետման եռապատկերը, որը նախկինում պատկանել է կոմսուհի Մերոդեին (այսպես կոչված «Մերոդի խորան»), ինչպես նաև այսպես կոչված Ֆլեմալյան խորանը։ Ենթադրվել է, որ այդ երկու գործերն էլ պատկանում են Ֆլեմալյան վարպետի վրձնին, որի ինքնությունն այդ ժամանակ դեռ հաստատված չէր։

Անվան որոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարում որոշ գիտնականներ ենթադրել են, որ Ֆլեմայան վարպետը նույն Ռոբեր Կամպեն է, որը փաստաթղթերում հիշատակվում է 1406 թվականից որպես վարպետ-գեղանկարիչ Տուրնեում։ Այս վարկածն առաջին անգամ նշել է Յուլեն դե Լոոն 1909 թվականին։ Որպես ապացույցը ծառայել է մի փաստաթուղթ, որում նշվում էր, որ երկու աշակերտներ՝ Ժակ Դարեն և Ռոժելե դե լա Պաստորեն, ընդունվել են նրա ստուդիա 1427 թվականին։ Վերջինը, ամենայն հավանականությամբ, եղել է Ռոգիր վան դեր Վայդենը։ Դարեի միակ պահպանված եռապատկերում նկատվում է նմանություն Ֆլեմալյան վարպետի գործերի հետ։ Նույն գծերը առկա են նաև վան դեր Վեյդենի աշխատանքներում։ Այդպիսով, ենթադրվում է, որ նրանք երկուսն էլ եղել են Ֆլեմալյան վարպետի, այսինքն՝ Ռոբեր Կամպենի աշակերտները։ Մեկ այլ վարկածում նշվում է, որ Ֆլեմալյան վարպետի աշխատանքներն ստեղծել է վան դեր Վեյդենն այն ժամանակ, երբ նա դեռ չէր բոլորել երեսունը։ Արվեստի որոշ պատմաբաններ դրանք մինչ այժմ համարում են վան դեր Վեյդենի վաղ շրջանի աշխատանքներ։

Տարբերություն Վան դեր Վեյդենից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլեմալյան վարպետի գործերը տեխնիկապես փոքր-ինչ ավելի կոպիտ են, քան Վան դեր Վեյդենի գործերը։ Նրանք տարբերվում են ավելի կոնտրաստային լուսաստվերային մոդելավորմամբ։ Բացի այդ, նրանք այնքան էլ նուրբ և արիստոկրատ չեն իրենց կերպարների բնույթով։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Վերոնիկա

Բացի Ֆլեմալյան խորանից և Մերոդե խորանից, Կամպենին են վերագրվում ևս մեկ տասնյակ գործեր, ներառյալ՝ երկթև սրբանկարն Էրմիտաժի Դմիտրի Տատիշչևի հավաքածուից, Վերլի խորանի բացառիկ որակի երկու փեղկերը Պրադոյում, վաղ «Տեղավորում գերեզմանում» աշխատանքը Կուրտոյի արվեստի ինստիտուտում, զույգ դիմանկարը Լոնդոնի ազգային պատկերասրահում և «Քրիստոսի ծնունդը» (1420) Դիժոնի թանգարանից։ Բոլոր աշխատանքների վերագրումը Կամպենուին վիճելի է. հնարավոր է, որ որոշ աշխատանքներ պատկանում են նրա աակերտներից մեկին (օրինակ՝ Ժակ Դարեին)։

Ֆլեմալյան խորան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայում գտնվում է Շտեդելևյան արվեստի ինստիտուտում (Մայնի Ֆրանկֆուրտ)։ Անունն ստացել է Ֆլեմալյան աբբայությունից (Լիեժի մոտ), որովհետև նախկինում սխալմամբ համարվել է, որ այն ստեղծվել է այդտեղ։ Պահպանվել է 4 փեղկ, որոնցից 3-ը պատկանում են Ֆլեմալյան վարպետին՝ «Սուրբ Երրորդություն», «Կույս Մարիամը նորածնի հետ» և «Սուրբ Վերոնիկա» (շուրջ 1410)։

Մերոդե խորան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերոդե խորանը կամ Ավետման եռապատկերը թվագրվում է մոտ 1427-1432 թվականներին։ Ներկայում նա գտնվում է Նյու Յորքի Քլոյսթերս թանգարանում։ Կամպենի հեղինակությունը վիճարկվում է արվեստի քննադատների կողմից․ հնարավր է, որ այն նկարել է (որպես բնօրինակ խորանային նկարի պատճեն) վարպետի տաղանդավոր աշակերտը։ Նույն եռյակի կենտրոնական վահանակի մեկ այլ տարբերակ ցուցադրվում է Բրյուսելում, և, հնարավոր է, այն բնօրինակն է և պատկանում է Կամպենի վրձնին։ Քլոյսթերսում ցուցադրված Ավետարանի պատմությունը ներկայացնող եռապատկերը երկար ժամանակ պատկանել է ֆլամանդական (բելգիական) Մերոդե ազնվական ընտանիքին, ում անունով էլ այն հայտնի է։

Էրմիտաժի երկթև սրբապատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը երկփեղկ է, նկարվել է նույն չափի երկու կաղնու տախտակի վրա՝ 34,3 × 24,5: Աշխատանքը նվիրված է քրիստոնեության երկու հիմնական դոգմաներին` մարմնավորում ու փրկագնում։ Աջ կողմում ներկայացված են Մարիամ Աստվածածինը և Քրիստոսի մանկությունը (մարմնավորում), ձախ կողմում՝ Քրիստոսի մարմնի իջեցումը խաչից (փրկագնում)։ Նաև ձախ թևում ցույց է տրված քրիստոնեության երրորդ դոգմա՝ Սուրբ Երրորդությունը։ Ստեղծման ժամանակը՝ 1430-ական թվականներ։ Երկու թևերն էլ շրջանակված են նույն զարդանախշով, որը նկարվել է շատ ավելի ուշ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Никулин Н. Н. Золотой век нидерландской живописи. М., 1981
  • Erwin Panofsky. Early Netherlandish painting: its origins and character. New York: Harper & Row, 1971. ISBN 0-06-430002-1
  • Martin Davies. Rogier van der Weyden: an essay, with a critical catalogue of paintings assigned to him and to Robert Campin. London: Phaidon, 1972 ISBN 0-7148-1516-0
  • Albert Châtelet. Robert Campin. Le Maître de Flémalle. La fascination du quotidien. Antwerpen: Mercatorfonds, 1996 ISBN 90-6153-364-3
  • Stephan Kemperdick. Der Meister von Flémalle: Die Werkstatt Robert Campins und Rogier van der Weydens. Tournhout: Brepols, 1997 ISBN 2-503-50566-X
  • Felix Thürlemann. Robert Campin. Monografie und Werkkatalog. München: Prestel Verlag, 2002. ISBN 3-7913-2807-7
  • Felix Thürlemann. Robert Campin. A Monographic Study with Critical Catalogue. München: Prestel Verlag, 2002. ISBN 3-7913-2778-X
  • Campbell, Lorne. The Fifteenth Century Netherlandish Paintings. National Gallery, 1998. 978-1-85709-171-7
  • Foister, Susan; Nash, Susie. Robert Campin: new directions in scholarship. London: National Gallery, 1996
  • Jacobs, Lynn. Opening Doors: The Early Netherlandish Triptych Reinterpreted. University Park, PA: Pennsylvania State University Press, 2011. 0-271-04840-9

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]