Յութեր Պենդրագոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յութեր Պենդրագոն
Դիմանկար
Մասնագիտությունմիապետ
ԱմուսինԻգրեյն
Զբաղեցրած պաշտոններթագավոր
ԵրեխաներԱրթուր և Madoc ap Uthyr?
Uther Pendragon Վիքիպահեստում

Յութեր Պենդրագոն (վալլիերեն՝ Uthyr Pendragon, Uthyr Bendragon), նաև հայտնի որպես Յութեր արքա, նախահռոմեական Բրիտանիայի լեգենդար թագավոր ու Արթուր արքայի հայր։ Յութերի մասին մանր հիշատակություններ հանդիպում են հին վալլիերեն պոեմներում, իսկ նրա կենսագրությունն առաջին անգամ գրի է առել Ջոֆրեյ Մոնմուտցին իր «Բրիտանական արքաների պատմություն» աշխատության մեջ, որը հետագայում օգտագործվել է այլ գրքերում։ Գրականության մեջ ներկայացվում է որպես բավականաչափ երկդիմի անձնավորություն, որը սակայն ուժեղ թագավոր է ու իր ժողովրդի պաշտպանը։

Արթուրյան լեգենդում Մեռլինը կախարդանքով Յութերին նմանեցնում է իր թշնամի Գոռլոիսին ու նա որպես Գոռլոիս կարողանում է գիշեր անցկացնել վերջինիս կնոջ՝ Իգրեյնի հետ։ Այսպիսով «անցյալի և ապագայի թագավոր» Արթուրը ապօրինի երեխա է (սակայն հետագա լեգենդում, ինչպես նշում է Թոմաս Մելորին, նրանց մերձեցումը տեղի է ունենում Գոռլոիսի մահից հետո և երեխան օրինականացվում է Իգրեյնի հետ Յութերի ամուսնությամբ[1])։ Ապօրինության այս թեման կրկնվում է 13-րդ դարի ֆրանսիական արձակում, որտեղ Արթուրն իր խորթ քրոջից՝ Մորգեյզից, ունենում է Մորդրեդին, որն էլ Արթուրին մահացու վիրավորում է Քեմլանի ճակատամարտում։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յութերի մականունը՝ Pendragon բառացի նշանակում է «Գլխավոր վիշապ», իսկ փոխաբերական իմաստով՝ «Գլխավոր առաջնորդ», «Գլխավոր մարտիկ» և այլն[2][3]։ «Բրիտանական արքաների պատմություն» աշխատության մեջ Ջոֆրեյ Մոնմուտցին սխալ է մեկնաբանել այն, դրան տալով «Վիշապի գլուխ» իմաստը[3]։ Ըստ Ջոֆրեյի՝ Յութերը վերցրել է այս մականունը, երբ մի արտասովոր վիշապակերպ գիսաստղ է տեսել, որից ոգեշնչվելով իր դրոշների վրա վիշապներ է պատկերել։ Ըստ ֆրանսիացի բանաստեղծ Ռոբեր դե Բորոնի[4]՝ Յութերի ավագ եղբայր Աուրելիուս Ամբրոսիուսն է նկատել գիսաստղն ու վերցրել «Pendragon» անունը, իսկ Յութերն այն կրել է եղբոր մահից հետո։

Հին ուելսական պոեզիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած արթուրյան լեգենդի ուելսական ավանդությունը հատվածական է, Յութերն այնտեղ նշվում է որպես Արթուրի հայր։

Յութերը հիշատակվում է մոտավորապես 10-րդ դարի «Ի՞նչ մարդ է դռնապանը» պոեմում, այնուհետև նաև Տալիեսինի գրքի «Յութեր Պենի մահվան երգը» հատվածում[5]։

28-րդ տրիադում Յութերին անվանում են Բրիտանիա կղզու երեք մեծ կախարդանքների ստեղծող, որոնք նա սովորեցրել է կախարդ Մենուին[6] և քանի որ վերջինս կարողանում էր կերպարանափոխվել, հավանաբար Յութերը նույնպես կարողացել է։ Եվ եթե դա այդպես է, ապա Մեռլինի օգնությամբ Իգրեյնին հղիացնելու Մոնմուտցու պատմությունը վերցված է ուելսական լեգենդից, որտեղ Յութերը փոխում է իր կերպարանքը[7]։

51-րդ տրիադում հանդիպող Յութերի մասին հաջորդ հիշատակության մեջ ասվում է, որ նա Կոնստանտին III-ի որդին է ու Աուրելիուս Ամբրոսիուսի և Կոնստանս II-ի եղբայրը[8]։

Բրիտանական արքաների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բրիտանական արքաների պատմություն» գրքի 15-րդ դարի ուելսական տարբերակում Յութեր Պենդրագոնի թերավարտ պատկերում

Յութերը լավ հայտնի է Ջոֆրեյի «Բրիտանական արքաների պատմություն» գրքից (1136), որտեղ նա Բրիտանիայի թագավոր Կոնստանտին III-ի որդին է։ Իրենց հոր մահից հետո նրա ավագ եղբայր Կոնստանսը հաջորդում է նրան գահի վրա, սակայն սպանվում է իր խորհրդական Վորտիգերնի կողմից, որն էլ խլում է գահը։ Մանկահասակ Յութերն ու Աուրելիուս Ամբրոսիուսը փախչում են Բրետան, որտեղից վերադառնում են արդեն չափահաս դարձած ու Աուրելիուսը, իր դղյակում Վորտիգերնին վառելով, թագավոր է դառնում։

Յութերն օգնում է Մեռլինին Սթոունհենջի քարերն Իռլանդիայից Բրիտանիա տեղափոխել։ Հետագայում, երբ Աուրելիուսը հիվանդանում է, Յութերն է առաջնորդում բանակն ընդդեմ Վորտիգերնի որդի Պասչենտի ու վերջինիս անգլոսաքս դաշնակիցների դեմ։ Ճակատամարտի վայրը մեկնելիս նա վիշապակերպ գիսաստղ է տեսնում, որը Մեռլինը մեկնաբանում է որպես Աուրելիուսի մահվան ու Յութերի փառավոր ապագայի կանխտեսում։ Յութերը հաղթում է ճակատամարտը, ընդունում «Պենդրագոն» մականունն ու վերադառնում։ Պարզվում է, որ Աուրելիուսը թունավորվել է մի մարդասպանի կողմից․ նա թագավոր է դառնում ու հրամայում երկու ոսկե վիշապ պատրաստել, որոնցից մեկն օգտագործում է իր դրոշի վրա։

Նա ապահովում է Բրիտանիայի սահմանները և ճնշում սաքսոնների ապստամբություններն իր համախոհների օգնությամբ, որոնցից մեկը Քորնուոլի դուքս Գոռլոիսն էր։ Հաղթանակը նշելու խնջույքի ժամանակ Յութերը սիրհարվում է վերջինիս կնոջը՝ Իգրեյնին, ու նրանց միջև պատերազմ է սկսվում։ Գոռլոիսը կնոջն ուղարկում է անառիկ Թինթաջել ամրոցը, իսկ ինքը մեկ այլ վայրում պաշարվում Յութերի կողմից։ Վերջինս Մեռլինի օգնությամբ կերպարանափոխվում է Գոռլոիսի ու Թինթաջել ամրոցում գիշեր անցկացնում Իգրեյնի հետ՝ նրան Արթուրով հղիացնելով, իսկ հաջորդ օրը պարզվում է, որ Գոռլոիսն սպանվել է։ Յութերն ամուսնանում է Իգրեյնի հետ ու նրանք Աննա անունով դուստր են ունենում (որը հետագա պատմություններում ստանում է Մորգեյզ անունն ու համարվում Իգրեյնի դուստրը նախորդ ամուսնությունից)։ Մորգեյզն ամուսնանում է Լոթիանի թագավոր Լոթի հետ ու ծնունդ տալիս Գավեյնին ու Մորդրեդին։

Հետո Յութերը հիվանդանում է ու սաքսոնների դեմ պատերազմն սկսում է վատ ընթացք ստանալ։ Նա պնդում է, որ իր բանակն ինքը պետք է առաջնորդի, ու չնայած սաքսոնները նրան «կիսամեռ թագավոր» են անվանում, կարողանում է հաղթել նրանց։ Սաքսոնները սակայն գտնում են նրան սպանելու ձևը և թունավորում այն աղբյուրը, որից նա ջուր էր խմելու[9]։

Յութերի ընտանիքը սերում է պատմական անձանցից․ Կոնստանտինը պատմական Կոնստանտին III-ն է, որը 407-411 թվականներին բռնազավթել էր հռոմեական գահը, Կոնստանսը նրա որդին է, Աուրելիուս Ամբրոսիուսը պատմական Աուրելիուս Ամբրոսիուսն է, թեև վերջինիս կապը Կոնստանտինի ու Կոնստանսի հետ փաստագրված չէ։

Այլ միջնադարյան գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբեր դե Բորոնի «Մեռլին» պոեմում սաքսոնական առաջնորդի կողմից մահափորձի ենթարկվելուց հետո Յութերն սպանում է նրան ու Մեռլինը նրա համար ստեղծում է «Կլոր սեղանը»։ «Լանսելոթ-Գրեյլ» արձակում Յութեր Պենդրագոնը ծնվում է Ֆրանսիայի Բուրժ քաղաքում։

Յութեր Պենդրագնի ծագման մասին մեկ այլ տարբերակ է նկարագրվում Վոլֆրամ ֆոն Էշենբախի «Պարցիֆալ» ասպետական վեպում։ Ոմն Մազադան Տերդելասչոյե անունով փերիի հետ մեկնում է Ֆեյմուրգան երկիրը, որտեղ նրանք երկու որդի են ունենում՝ Լազալիեզն ու Բրիկուսը։ Բրիկուսից ծնվում է Ուտերպենդրագունը՝ Արթուրի հայրը, իսկ ավագ որդին՝ Լազալիեզը, ծնունդ է տալիս Գանդին Անժուացուն՝ Գահմուրետի հորը, որից էլ ծնվում է Պերցիֆալը։ Որոշ վաղ գերմանական աղբյուրներ նշում են Յութերի՝ փերիներից սերման մասին, որով էլ բացատրվում է Արթուրի կապն Էվըլոնի հետ, որտեղ նրան տեղափոխում են բուժելու։

Յութերը նաև հիշատակվում է «Սըր Քլեգես» ասպետական վեպում որպես թագավոր, որի համար սըր Քլեգեսը բերում է կախարդանքով ձեռք բերած ամանորյա բալերը [10]։

Ժամանակակից գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեծյալ Յութերը, որը ծպտվել է Պելլեասի նման, նայում է, թե ինչպես է Իգրեյնը ծաղիկներ հավաքում

Յութեր Պենդրագոնը շարունակում է մնալ ժամանակակից արթուրյան գրականության և այլ արձակի ամենահիշատակվող հերոսը։

  • Տերենս Հենբերի Ուայթի «Անցյալի և ապագայի թագավորը» քառահատորյակում Յութեր Նվաճողն Անգլիայի նորմանացի թագավորն է։
  • Վիպասան Մերի Ստյուարտի արթուրյան սագայի առաջին երկու գրքերը՝ «Բյուրեղապակյա քարանձավն» ու «Սնամեջ ժայռերը» Յութերին ներկայացնում են որպես Մեռլինի հորեղբայր, որը մեծ մասամբ պարկեշտ, բայց բավականին հիպերսեքսուալ կերպար է, որն աճուկային շրջանում ստացած վնասվածքից իմպոտենտ է դառնում։
  • «Քեյմլոթ» հեռուստասերիալում Մորգանա փերին թունավորում է Յութերին հենց առաջին էպիզոդում։ Այստեղ նա Յութերի դուստրն է, որին Իգրեյնի հետ ամուսնանալուց հետո հայրն ուղարկել էր մենաստան։
  • 2017 թվականին նկարահանված Գայ Ռիչիի «Կլոր սեղանի ասպետները։ Արքա Արթուր» ֆիլմում Էրիկ Բանան մարմնավորում է Յութեր Պենդրագոնին, որին իր եղբայր Վորտիգերնը դավաճանում ու սպանում է Քեյմլոթին տիրանալու համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Malory Thomas (1997)։ Morte d Àrthur 
  2. Geiriadur Prifysgol Cymru, University of Wales Press, Vol III, 1994, p. 2726-2739, "pen", "pendragon"; Vol I, 1963 p. 1081, "dragon".
  3. 3,0 3,1 Bromwich, Trioedd Ynys Prydein, p. 512–513.
  4. de Boron, Robert. Merlin and the Grail. Tr. Nigel Bryant. Cambridge: D.S. Brewer, 2001.
  5. "The death-song of Uther Pendragon"
  6. The Hergest Triads
  7. Bromwich, Trioedd Ynys Prydein, p. 56
  8. Bromwich, Trioedd Ynys Prydein, pp. 132–133
  9. Geoffrey of Monmouth, Historia Regum Britanniae 6.5–9, 8.1–24
  10. Laura A. Hibbard, Medieval Romance in England. New York Burt Franklin, 1963. p.79.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rachel Bromwich (2006). Trioedd Ynys Prydein: The Triads of the Island of Britain. University of Wales Press. 0-7083-1386-8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Uther at The Camelot Project