Մասնակից:Իրենա Թովմասյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆաշիստների բրիտանական միությունը (անգլ.՝ British Union of Fascists) քաղաքական միավորում է, որն առաջացել է Մեծ Բրիտանիայում Մեծ ճգնաժամի պայմաններում և դարձել միջպատերազմյան ժամանակահատվածի բրիտանական ֆաշիտական ամենազանգվածային կազմակերպությունը, որի գործունեությունը 30-ական թվականներին զգալի ազդեցություն է ունեցել երկրի հասարակական-քաղաքական կյանքի վրա: 1936 թվականին կուսակցությունը վերանվանվել է «Ֆաշիստների և նացիոնալ-սոցիալիստների բրիտանական միություն», իսկ 1937 թվականին սկսել է անվանվել «Բրիտանական միություն»՝ գործելով այդ անվան տակ մինչև 1940 թվականին արգելվելը:

Կուսակցության կազմավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաշիստների բրիտանական միությունը հիմնադրվել է 1932 թվականի հոկտեմբերի 1-ին Լոնդոնում անգլիացի արիստոկրատ Օսվալդ Մոսլիի կողմից, ով եղել է միության մշտական ղեկավարն ու գլխավոր գաղափարակիրը դրա գոյության ամբողջ ընթացքում: Մոսլին Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է, որի ավարտից հետո սկսել է քաղաքական կարիերա պահպանողական կուսակցության շարքերում, հետո անցել լեյբորիստների կողմը, եղել լեյբորիստական երկրորդ կառավարության անդամ, որը լքել է 1930 թվականին: 30-ական թվականների սկզբներին երկրում խորացող տնտեսական ճգնաժամի պայմաններում Մոսլին, հիասթափվելով ավանդական քաղաքական կուսակցություններից և ընդհանրապես խորհրդարանական համակարգից, որոշեց միացնել և իր ղեկավարության տակ առնել երկրի ծայրահեղ աջակողմյան բոլոր ուժերը:

Միության ղեկավարը պաշտպանում էր հակաժողովրդավարական, հակակոմունիստական, ազգայնական հայացքներ: Ֆաշիստների քաղաքական բարեփոխումների ծրագիրը նախատեսում էր խորհրդարանական համակարգի աստիճանական ոչնչացում, երկրում բռնապետության հաստատում, բրիտանական հասարակության կյանքի գրեթե բոլոր կարևորագույն ասպարեզների ենթարկում պետությանը: 30-ական թվականների սկզբին Մոսլիի նմանակման գլխավոր օրինակը ֆաշիստական Իտալիան էր, որը նա բազմիցս այցելել էր և որտեղ հանդիպել էր Մուսոլինիի հետ:

Ֆաշիստների բրիտանական միությունը ուներ կիսառազմական կառուցվածք: Կազմակերպության գլուխը միության ղեկավարն էր՝ Օսվալդ Մոսլին, որը միության ներսում ուներ անսահմանափակ իշխանություն: Ըստ միության հիերարխիկ սանդուղքի՝ ավելի ցածր դիրքում էին համազգային, շրջանային ղեկավարները, սպաներն ու շարքայինները: Վերջիններս միավորված էին վաշտերի, դասակների, օղակների մեջ: Վաշտը բաղկացած էր հինգ դասակից, դասակը՝ հինգ օղակից, օղակը՝ վեց շարքայինից: Բարձրագույն ղեկավարները, սպաներն ու ակտիվիստները համազգեստ կրելու իրավունք ունեին. սև վերնաշապիկներ ու սև (կամ մոխրագույն) տաբատներ: Ֆաշիստների բրիտանական միության խորհրդանիշը (մինչը 1935 թվականի վերջը) իշխանության հին հռոմեական խորհրդանիշն էր. ժապավենով կապված ճյուղերի տրցակ՝ մեջտեղում կացին:

Զարգացման սկզբնական փուլում միության ղեկավարները աջակցություն ստացան բրիտանական հասարակության որոշ ազդեցիկ և հարուստ ներկայացուցիչների կողմից: Նրանց շարքերում էր լորդ Ռոթերմիրը (հայտնի «Daily Mail» հրատարակության սեփականատերը), ավտոմեքենաների մագնատ լորդ Նաֆիլդը, միլիոնատեր տիկին Հաուսթոնը և ուրիշներ: Նրանց աջակցությամբ, ինչպես նաև ստանալով դրամական խոշոր նպաստներ Մուսոլինիից, Ֆաշիստների բրիտանական միությունը իր գոյության առաջին տարիներին արագ զարգացավ: 1933 թվականի վերջից միության ղեկավարները պարբերաբար զանգվածային հանրահավաքներ և երթեր էին անցկացնում երկրի խոշորագույն քաղաքներում, հրատարակում թերթեր, որոնց մեջ առաջատարը «Blackshirt»-ն էր («Սև վերնաշապիկ»)՝ «Ամեն ինչից առաջ Բրիտանիան» կարգախոսով:

1934 թվականի հունվարի 1-ին Ֆաշիստների բրիտանական միության ղեկավարների կողմից հիմնադրվեց «Հունվարյան ակումբը», որտեղ ընդգրկվեցին անգլիական հասարակության երևելի դեմքերը: Խմբի նախագահ Ջոն Սքուայրը՝ «London Mercury» թերթի խմբագիրը, ասում էր, որ խմբի անդամները «մեծմասամբ համակրանք են տածում ֆաշիստական շարժման նկատմամբ»: Խմբի մեջ ներառված էր մոտ 450 մարդ, այդ թվում լոնդոնյան ապահովագրական ընկերության տնօրեն Վինսենթ Վիքերսը, Մումբայի նախկին նահանգապետ լորդ Լոյդը և ուրիշներ:

1934 թվականի ամռանը Ֆաշիստների բրիտանական միությունը ուներ տասնյակ բաժանմունքներ ամբողջ Մեծ Բրիտանիայում և նրա սահմաններից դուրս՝ Իտալիայում և Գերմանիայում: Ստեղծվեցին կանանց, երիտասարդների ֆաշիստական կազմակերպություններ, Բրիտանացի բանվորների ֆաշիստական միությունը, Բրիտանական համալսարանական ֆաշիստական ասոցիացիայի դաշնությունը՝ Օքսֆորդում, Քեմբրիջում ներկայացուցչություններով: Միության գոյության սկզբնական փուլում զգալի դեր խաղացին գրոհիչ ջոկատները՝ Ֆաշիստների բրիտանական միության այսպես կոչված պաշտպանական ուժերը, որոնք 1934 թվականի սկզբին ամեն կերպ ամրացվում և ընդլայնվում էին ղեկավարների կողմից: Այդ ժամանակ միության որոշ բաժանմունքներ վերածվում էին զորանոցների, ձևավորվում էին տրանսպորտային բաժիններ (ֆաշիստներին օպերատիվ կերպով երկրի տարբեր շրջաններ տեղափոխելու համար), ստեղծվում առաջին բուժօգնության ծառայություններ, արյան փոխներարկման բաժին:

1934 թվականի ամռանը Ֆաշիստների բրիտանական միության շարքերում կար 40-ից 50 հազար մարդ: Միության սոցիալական կազմը տարբերվում էր տարասեռությամբ: Ֆաշիստական կազմակերպության շարքերում կարելի էր հանդիպել բրիտանական հասարակության սոցիալական գրեթե բոլոր շերտերից ներկայացուցիչների՝ արիստոկրատներից մինչև գործազուրկների: Միջին օղակի ղեկավարները հիմնականում միջին շերտերի ներկայացուցիչներն էին և պաշտոնաթող սպաները: Ֆաշիստների բրիտանական միությունում շատ էին երիտասարդները, որոնք, պարզվեց, առավելապես են ընկալունակ ազգայնական կարգախոսների և սոցիալական ամբոխավարության նկատմամբ: Երիտասարդների վրա ոչ պակաս ազդեցություն էր թողնում նաև Ֆաշիստների բրիտանական միության ներքին ատրիբուտիկան՝ համազգեստ կրելը, միության կիսառզմական կարգապահությունը, ֆաշիստների ղեկավարների կողմից կազմակերպվող զանգվածաային երթերն ու ցույցերը: