Jump to content

Մասնակից:Գայա1975/Սևագրություն 5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալալա Յուսուֆզայ, կանանց կրթության ջատագով և Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը:

Երիտասարդների հզորացում, գործընթաց, որի ընթացքում երեխաներին և երիտասարդներին խրախուսում են պատասխանատվություն ստանձնել

իրենց կյանքի համար: Նրանք նախ գիտակցում են իրենց առջև ծառացած խնդիրները, այնուհետև քայլեր են ձեռնարկում բարելավելու իրենց կարողությունները: Բացի այդ, նրանք աշխատում են փոխել իրենց մտածելակերպը և գիտակցությունը՝ վերափոխելով իրենց համոզմունքները, արժեքները և վերաբերմունքը[1]: Այս գործընթացը օգնում է նրանց ավելի լավ վերահսկել իրենց կյանքը և կատարել դրական փոփոխություններ: Երիտասարդների հզորացումն ուղղված է բարելավելու կյանքի որակը: Երիտասարդների հզորացումն իրականացվում է երիտասարդական ծրագրերին մասնակցության միջոցով: Սակայն, գիտնականները կարծում են, որ երեխաներին պարզապես իրենց իրավունքների և դրանց հետ կապված ընթացակարգերի մասին սովորեցնելը բավարար չէ[2]: Նրանք պնդում են, որ երեխաների համար կարևոր է իրականում զգալ այդ իրավունքնեն իրենց առօրյա կյանքում: Կան բազմաթիվ մոդելներ, որոնք օգտագործվում են երիտասարդների հզորացման ծրագրերի կողմից՝ նպաստելու երիտասարդների հզորացմանը: Երիտասարդների հզորացման տարբեր նախաձեռնություններ են իրականացվում ամբողջ աշխարհում: Այս ծրագրերը կարող են իրականացվել հասարակական կազմակերպությունների, պետական հաստատությունների, դպրոցների կամ մասնավոր կազմակերպությունների միջոցով:

Երիտասարդների հզորացումը տարբերվում է երիտասարդության զարգացումից. մինչդեռ զարգացումը կենտրոնանում է անհատների հզորացման վրա, հզորացումը նպատակ ունի խթանել համայնքային փոփոխությունները, որոնք կախված են անհատական ​​կարողությունների հզորացումից[3]:

Հզորացման շարժումները, այդ թվում՝ երիտասարդների հզորացումը, սկիզբ են առնում, թափ են հավաքում, դառնում են իրագործելի և  ինտեգրվում հասարակության կայացած ինստիտուտներին[1]: Երիտասարդների հզորացումը հաճախ դիտարկվում է որպես միջսերնդային հավասարության, քաղաքացիական ներգրավվածության և ժողովրդավարության կառուցման ուղի: Հզորացմանն ուղղված գործողությունները կարող են կենտրոնանալ երիտասարդների վրա հիմնված լրատվամիջոցների, երիտասարդների շահերի պաշտպանության, երիտասարդական խորհուրդների, երիտասարդական ակտիվիզմի, համայնքային որոշումների կայացման մեջ երիտասարդների ներգրավվածության և այլ մեթոդների վրա[4]:

Հզորացման տարրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հզորացման տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հզորացման տեսությունը շեշտը դնում է այն գործընթացների վրա, որոնք ապահովում են մասնակցությունը, համատեղ որոշումների կայացման միջոցով ուժեղացնում վերահսկողությունը, ստեղծում են սովորելու, իրենց կարողությունները կիրառելու և կատարելագործելու  հնարավորություններ[5][6]: Հզորացման տեսությունը ենթադրում է, որ երիտասարդների ներգրավումը հասարակության համար շահավետ, իմաստալից գործունեության մեջ, որը վերահսկվում է հենց երիտասարդների կողմից, զգալիորեն նպաստում է նրանց զարգացմանը: Նման միջոցառումներին մասնակցելով՝ երիտասարդները ձեռք են բերում էական հմտություններ, հասկանում են իրենց դերերի և պարտականությունների կարևորությունը ու վստահություն են ձևավորում իրենց կարողությունների նկատմամբ: Այս հատկությունները հիմնարար նշանակություն ունեն արդյունավետ և առողջ չափահաս դառնալու համար[7]:

Հզորացման տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդների հզորացումն ուսումնասիրում է վեց փոխկապակցված հարթություններ՝ հոգեբանական, համայնքային, կազմակերպչական, տնտեսական, սոցիալական և մշակութային[1][8]: Հոգեբանական հզորացումն ուժեղացնում է անհատի գիտակցությունը, վստահությունն իր կարողությունների նկատմամբ, իր կյանքի որակի վրա ազդող մարտահրավերներին դիմակայելու կարողությունը, ինչպես նաև օգնում է  ավելի իրազեկ դառնալ իր կյանքում հանդիպող խնդիրների մասին և գիտելիքներ ձեռք բերել այդ խնդիրների արդյունավետ լուծման ուղիների մասին[1]։ Այս հարթությունը ձգտում է խթանել ինքնավստահությունը և երիտասարդներին զինել գիտելիքներ ձեռք բերելու կարողություններով[8]: Համայնքային հզորացումը կենտրոնանում է համայնքի հզորացման վրա՝ առաջնորդության զարգացման, հաղորդակցության բարելավման, և միմյանց աջակցելու միջոցով՝ խնդիրների լուծման համար մոբիլիզացնելով համայնքը[1]: Կազմակերպչական հզորացումը նպատակ ունի համայնքի համար ստեղծել ռեսուրսների բազա, որտեղ ներառված են կամավոր կազմակերպությունները, միությունները և ասոցիացիաները, որոնք նպատակ ունեն հովանավորել, օժանդակել և պաշտպանել անզորներին[1]: Տնտեսական հզորացումը սովորեցնում է ձեռնարկատիրական հմտություններ, ինչպես արդյունավետ կառավարել և օգտագործել իրենց ակտիվներն ու ինչպես ապահովել կայուն եկամուտ[8]: Սոցիալական հզորացումը երիտասարդներին սովորեցնում է սոցիալական ներգրավման և գրագիտության մասին, ինչպես նաև օգնում է նրանց գտնել անհրաժեշտ ռեսուրսներ՝ իրենց համայնքներում ակտիվ դերեր ստանձնելու համար[8]: Մշակութային հզորացումը նպատակ ունի վերակենդանացնել մշակութային սովորությունները և վերասահմանել երիտասարդների համար մշակութային կանոններն ու նորմերը[8]: Հզորացման այս հարթությունների շնորհիվ ծրագրերը կարող են օգնել երիտասարդներին հզորանալ իրենց կյանքի տարբեր ոլորտներում:

Հզորացման նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդների հզորացման ծրագրերը նպատակ ունեն բարելավել անապահով կամ ռիսկային խմբի երիտասարդների առողջությունն ու կյանքի որակը[1]: Առողջ երիտասարդի հինգ հիմնական հատկանիշներն են՝ (1) դրական ինքնագնահատական, (2) ինքնատիրապետում, (3) որոշումներ կայացնելու հմտություններ, (4) բարոյական համոզմունքների համակարգ և (5) առողջ հարաբերություններ սոցիումի հետ: Երիտասարդների աճն ու զարգացումը խթանող ծրագրերը պետք է հիմնված լինեն այս կարևոր իրավասությունների վրա, քանի որ դրանք ապահովում են երիտասարդների ընդհանուր բարեկեցությունն ու հաջողությունը[1]:

Չափելի հզորացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին երկու տասնամյակների ընթացքում կյանքի որակը (QOL) դարձել է հզորացման ծրագրերի հաջողության գնահատման համար կարևոր չափման միավոր[1]: Այն օգտագործվում է որպես ծրագրերի նպատակ, ինչպես նաև՝ արդյունավետության ցուցիչ: Այնուամենայնիվ, կյանքի որակի համար մեկ միասնական սահմանում չկա: Մարդու կյանքի որակը կախված է տվյալ անհատի կյանքի առանձին ասպեկտների սուբյեկտիվ գնահատումից[1]:

Դրական զարգացման պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդների հզորացման ծրագրերը լավ են գործում այն ​​միջավայրերում, որոնք նպաստում են դրական աճին և զարգացմանը:

Դրական զարգացմանը նպաստող միջավայրերը կարևոր դեր են խաղում երիտասարդների կյանքի տարբեր ասպեկտների բարելավման գործում, օրինակ՝ խրախուսում են  սովորել և զարգացնել հմտությունները կյանքի տարբեր ոլորտներում, խթանում են ինքնավստահությունը և օգնում են ստեղծել բովանդակալից կապեր սոցիումի անդամների հետ[9]։ Երիտասարդների դրական զարգացմանը նպաստող երկու կարևոր ասպեկտներն են՝ աջակցող հարաբերությունները և հնարավորությունների ու ռեսուրսների տրամադրումը, որոնք օգնում են երիտասարդներին զգալ արդյունավետ, ընդունակ և գնահատված իրենց միջավայրում: Աջակցող հարաբերությունները երիտասարդների ու ընտանիքի անդամ չհանդիսացող մեծահասակների շփումն է, որը հիմնված է վստահության և հարգանքի վրա: Որպեսզի երիտասարդներն իրենց միջավայրում իրենց արդյունավետ, ընդունակ և գնահատված զգան, պետք է ակտիվ դերակատարում ունենան իրենց համայնքներում դրական փոփոխություններ կատարելու գործում, պետք է ներգրավվեն քննարկումների և որոշումների մեջ, որոնք ազդում են իրենց և իրենց համայնքների վրա, ինչպես նաև համայնքի մեծահասակները պետք է ընդունեն ու գնահատեն երիտասարդների տեսակետներն ու կարծիքները, լրջորեն և հարգանքով վերաբերվեն նրանց գաղափարներին[9]:  

Երիտասարդների հզորացման ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհում կան տարբեր տեսակի բազմաթիվ հզորացման ծրագրեր, որոնք երիտասարդներին հզորացնելու համար օգտագործում են տարբեր մարտավարություններ և մոտեցումներ: Ծրագրերը կարող են իրականացվել տարբեր միջավայրերում: Ծրագրերի մեծ մասն իրականացվում է մի քանի համատեքստերում, ինչը կարող է զգալիորեն նպաստել դրանց արդյունավետությանը[10]: Երիտասարդների հզորացման ծրագրերը դրական ազդեցություն են ունենում մասնակիցների վրա։ Մասնավորապես՝ երիտասարդները զարգացնում են արդյունավետ հաղորդակցվելու ավելի լավ կարողություններ, դրական փոփոխություններ են գրանցվում նրանց վարքագծում, բարելավվում է նրանց ակադեմիական կատարողականը, բարձրանում ինքնագնահատականը և հավատն իրենց ուժերի նկատմամբ[11]։

Անկախ նրանից, թե հզորացման ջանքերն ունեն կոնկրետ նպատակներ, թե հետևում են որոշակի մեթոդների՝ դրանց արդյունքներից են կանանց բարեկեցության, վստահության և հաջողության հասնելու կարողության խթանումը, ինչպես նաև սոցիալական կարգավիճակի բարձրացումը՝ տեխնիկական և կազմակերպչական հմտությունների ուսուցման միջոցով[8]:

Երիտասարդների հզորացման մի խումբ այլ ծրագրեր կենտրոնացած են աղքատության հաղթահարման ուղղությամբ: Աղքատության մեջ ապրողների կենսամակարդակը նվազում է՝ հանգեցնելով սննդի, ռեսուրսների և կրթության հետ կապված զրկանքների[12]: Այն ծրագրերը, որոնք նպատակ ունեն հզորացնել տնտեսապես անապահով երիտասարդներին, կենտրոնանում են կա՛մ նրանց ներկայիս կենսամիջոցները պաշտպանելու, կա՛մ դրանք բարելավելու վրա[12]:

Բացի այդ, կան հզորացման շարժումներ, որոնք կիրառում են սոցիալական գործողությունների մոդելը՝ նպատակ ունենալով հզորացնել, կազմակերպել և կրթել անապահով անհատներին, որպեսզի նրանք կարողանան փոփոխություններ կատարել իրենց համայնքներում[1]: Այս ծրագրերը խրախուսում են դրական և լուծումներին միտված քննարկումները, որոնք ուղղված են անապահով մարդկանց սոցիալական ազդեցության մեծացմանը: Մեկ այլ մոտեցում 5 C-երի մոդելն է, որն ընդգծում է կոմպետենտության, վստահության, կապերի, բնավորության և հոգատարության կարևորությունը (անգլերեն՝ competence, confidence, connection, character, caring)[13]: Հետագայում ավելացվեց վեցերորդ C-ն, որը հասարակության կյանքում ներդրում ունենալն է (անգլերեն՝ contribution to society)[13]: Այս մոդելը շեշտում է ներգրավվածությունը՝ որպես երիտասարդության դրական զարգացման կարևոր ցուցիչ՝ ընդգծելով նրանց նախաձեռնությունները խրախուսելու կարևորությունը: Երիտասարդների և մեծահասակների համագործակցությունը հզորացման մեկ այլ մեթոդ է, որն օգտագործվում է ամբողջ աշխարհում: Այս մեթոդը սահմանվել է որպես զարգացման գործընթաց և համայնքային գործունեություն: Գործընկերությունը ենթադրում է տարբեր տարիքի անհատներ, որոնք երկար ժամանակ միասին աշխատում են համայնքային խնդիրների շուրջ[9]: Մոտեցումը կարևորում է մեծահասակների և երիտասարդների միջև փոխադարձ հարգանքն ու համագործակցությունը՝ շեշտը դնելով  համատեղ որոշումների կայացման և փոխադարձ ուսուցման վրա: Երիտասարդներին հզորացնելու համար հիմնարար է որոշումների կայացման գործընթացում նրանց ներգրավվումը։ Դա նրանց քաջություն է տալիս լավ գործեր անել:

Երիտասարդների հզորացումը կարող է օգնել նաև կանխել նրանց շրջանում բռնության դեպքերը, ինչպես նաև նվազեցնել դրանց թիվը[7][14]: Հետազոտությունները ցույց են տալիս, որ երիտասարդների հզորացման այս ծրագրերը կարող են բարելավել հակամարտություններից խուսափելու և դրանք կարգավորելու հմտությունները, խթանել խմբերում առաջնորդելու կարողությունները և հավատը՝ քաղաքացիական ու քաղաքական գործունեությանն արդյունավետ մասնակցելու իրենց կարողության նկատմամբ[14], ինչպես նաև կարող են օգնել ավելի շատ կապված զգալ իրենց մշակութային կամ էթնիկ ծագմանը և նվազեցնել ռասայական հիմքով ընդհարումները[15]:

Երիտասարդների հզորացման ծրագրերի օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ աշխարհում գոյություն ունեն հզորացման տարբեր ծրագրեր, որոնք կենտրոնացած են տարբեր խնդիրների վրա, և ստորև ներկայացվողը համապարփակ ցուցակ չէ: Երիտասարդների հզորացման անհաջող ծրագրերը մանրակրկիտ չեն փաստաթղթավորվել կամ չեն հրապարակվել[1]:

Հնդկաստանում Երիտասարդների հզորացման հիմնադրամը, որը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, կենտրոնացած է անապահով երիտասարդներին աջակցելու վրա՝ նրանց կարիերայի համար ամուր հիմքեր ստեղծելու, ինչպես նաև անհատական հմտությունները զարգացնելու համար տրամադրելով բազային կրթություն ՝ գիտակցելով, որ երիտասարդությունը երկրի ապագան է:

Նամիբիայում հայտնի ծրագրերից մեկը «Հույսի կաթսաներ» հզորացման ծրագիրն է: Ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի նկատմամբ երիտասարդության խոցելիությունը՝ կրթության, տեղեկատվության, իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև կայուն եկամուտների ապահովմանն ուղղված նախագծերի միջոցով[16]: «Հույսի կաթսաներ» ծրագիրն աշխատում է՝ կրթելով և խորհրդատվություն տրամադրելով նրանց, ովքեր ապրում են գյուղական համայնքներում և հասանելիություն չունեն նման ռեսուրսներին[16]: Այս ծրագիրը կենտրոնացած է համայնքի ներսում կազմակերպչական կարողությունների հզորացման վրա:

Միացյալ Նահանգներում կան երիտասարդների հզորացման բազմաթիվ  ծրագրեր: «Urban 4-H»-ը ծավալում է համայնքային գործունեություն, որն

Երիտասարդները մասնակցում են «4-H»-ի ծրագրերին. երիտասարդների հզորացման կազմակերպություն, որը հիմնականում գործում է Միացյալ Նահանգներում:

ուղղված է մշակութային տարբեր ծագում ունեցող համայնքի անդամների կարիքները բավարարելուն։ Ծրագիրը երիտասարդության հզորացման գործում ներգրավում է ընտանիքներին, երիտասարդներին և համայնքին[17]: «Urban 4-H»-ը ուշադրություն է դարձնում հզորացման և՛ տնտեսական, և՛ սոցիալական ասպեկտներին: Ծրագիրն օգնում է երիտասարդներին հմտություններ ձեռք բերել՝ տնտեսական և սոցիալական մարտահրավերները հաղթահարելու համար՝ ընդգծելով ինքնուրույն ուսուցման նշանակությունը նրանց աճի համար: «Urban 4-H»-ը նպատակ ունի հզորացնել երիտասարդներին՝ ուսուցանելով նրանց քննադատական ​​մտածողության հմտություններ, խթանելով միջմշակութային հաղորդակցությունը և զարգացնելով նրանց առաջնորդական կարողությունները[17]:

Հնդկաստանում երիտասարդները ղեկավարում են երիտասարդների հզորացմանն ուղղված այլ կազմակերպություններ ևս: «Երիտասարդ Հնդկաստան» հիմնադրամը Հնդկաստանում երիտասարդների հզորացման առաջամարտիկն է եղել, որը երիտասարդներին ուղղակիորեն ներգրավում է ընտրությունների հետ կապված գործընթացների մեջ[18]:

Միավորված ազգերի կազմակերպությունն ունի զարգացման բազմաթիվ ծրագրեր, որոնցից մեկը երիտասարդների հզորացման ծրագրերն են: Միավորված ազգերի կազմակերպությունն աջակցում է հինգ տարածաշրջաններում հզորացման ազգային քաղաքականության մշակմանը[19]: Կազմակերպությունը նպաստում է երիտասարդների հզորացմանը՝ առաջարկելով հետազոտությունների և ապացույցների վրա հիմնված խորհրդատվություն և օգնություն: Բացի այդ, նրանք խրախուսում և խթանում են երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը հասարակության տարբեր ասպեկտներում: Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) ակտիվորեն պաշտպանում է երիտասարդների ներառական ներգրավվածությունը կառավարման տարբեր ասպեկտներում՝ նպատակ ունենալով ապահովել նրանց բովանդակալից մասնակցությունը ժողովրդավարական գործընթացներին: Բացի այդ, այն աջակցում է երիտասարդության տնտեսապես հզորացմանն ուղղված նախաձեռնություններին, փորձում է բարձրացնել նրանց դերը համայնքի կողմից մարտահրավերներին և ճգնաժամերին դիմակայելու ջանքերում ու ակտիվորեն ներառում է նրանց հետագա զարգացման օրակարգերի վերաբերյալ քննարկումներում և խորհրդակցություններում[19]: Միավորված ազգերի կազմակերպության երիտասարդության հզորացման ծրագրերը ձգտում են բարելավել երիտասարդության հզորացման չորս չափորոշիչներից յուրաքանչյուրը:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ) երիտասարդության հզորացման ծրագրեր է նախաձեռնել ամբողջ աշխարհում, որոնք ուղղված են քաղաքացիական ներգրավմանը և երիտասարդներին տրամադրում են միջոցներ՝ իրենց անհրաժեշտ ռեսուրսները ձեռք բերելու և օգտվելու կրթության և աշխատանքի հնարավորություններից՝ դրանով իսկ աջակցելով նրանց ընդհանուր զարգացմանն ու բարեկեցությանը[20]:

Կառավարության ներգրավվածությունը հզորացման գործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդների հզորացումը հաճախ դիտարկվում է որպես միջսերնդային հավասարության, քաղաքացիական ներգրավվածության և ժողովրդավարության խթանման ուղի: Տեղական, նահանգային, մարզային, տարածաշրջանային, ազգային և միջազգային կառավարական հաստատությունները, և ոչ առևտրային համայնքային կազմակերպությունները նախաձեռնում են ծրագրեր, որոնք կենտրոնացած են երիտասարդության հզորացման վրա[21]: Այդ ծրագրերից են երիտասարդների կողմից ղեկավարվող լրատվամիջոցները, երիտասարդների իրավունքների պաշտպանությունը, երիտասարդական խորհուրդների ստեղծումը, երիտասարդների ներգրավվածությունն ակտիվիստական գործողություններին, համայնքային որոշումների կայացման գործընթացներին մասնակցությունը և այլն[4]:

Միացյալ Նահանգների բոլոր խոշոր կուսակցությունները՝ ներառյալ Հանրապետական, Դեմոկրատական և Կանաչների կուսակցությունները, ինչպես նաև եվրոպական, աֆրիկյան, հարավամերիկյան (Պերու) և ավստրալական մի քանի խոշոր կուսակցությունները հանդես են եկել երիտասարդության հզորացմանն աջակցելու հայտարարություններով: Երիտասարդների հզորացումը նաև ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոնվենցիայի կենտրոնական դրույթն է, որը ստորագրել են աշխարհի բոլոր երկրները (բացառությամբ ԱՄՆ-ի և Հարավային Սուդանի):

Եվրամիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Եվրոպական միության ինստիտուտների՝ 15-ից 29 տարեկան անձինք պատկանում են «երիտասարդություն» կատեգորիային[22]:

Անցած հարյուրամյակի ընթացքում ԵՄ-ում մշակութային բազմաթիվ շարժումներ են ի հայտ եկել, որոնք ուղղված են երիտասարդության հզորացմանը[23]: Վերջին շրջանի ուշագրավ շարժումներից են «Ուրբաթները հանուն ապագայի», «Ապստամբություն բնաջնջման դեմ» և 2009 թվականի ուսանողական բողոքի ցույցերն Ավստրիայում: Երիտասարդներին հզորացնելու այլ եղանակների հետ մեկտեղ գոյություն ունի պատմական կապ Եվրամիության և մշակութային շարժումների միջև, ինչպիսին է փանք ենթամշակույթը:

ԵՄ-ում երիտասարդության հզորացման հիմքը դրվել է Եվրոպական միության գործունեության մասին պայմանագրի (TFEU) 165-րդ և 166-րդ հոդվածներում[24]: Պայմանագրում ամրագրված երիտասարդների հզորացման նպատակներն ուղղված են երիտասարդների և սոցիալ-կրթական մենթորների (երիտասարդական աշխատողների) միջև փոխանակումների խրախուսմանը, ինչպես նաև Եվրոպայի ժողովրդավարական կյանքում երիտասարդների մասնակցության ակտիվացմանը:

Երիտասարդներին ներգրավելու և հզորացնելու առաջնային պատասխանատվությունը դրված է Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդարանի վրա: Այս հաստատությունները տարբեր նախաձեռնություններ և նախագծեր են մշակում այդ նպատակներին հասնելու համար, որոնց թվում են՝ Էրազմուս ծրագիրը, «Youth Guarantee»-ն, Եվրոպական համերաշխության կորպուսը, Եվրոպական երիտասարդության շաբաթը, Եվրոպական երիտասարդական միջոցառումը, Երիտասարդական համաժողովը և Կառուցվածքային երկխոսությունը:

Եվրոպայի խորհուրդը ևս ունի երիտասարդների հզորացման մեխանիզմներ, ինչպիսիք են Երիտասարդության հարցերով խորհրդատվական խորհուրդը և Եվրոպայի երիտասարդական կենտրոնների ցանցը:

ԵՄ կառույցներն իրականացնում են երիտասարդների հզորացման ծրագրեր՝ սերտ համագործակցելով միջազգային ՀԿ-ների հետ, ինչպիսիք են Եվրոպական երիտասարդական ֆորումը և Ազգային երիտասարդական խորհուրդները:

Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդների հզորացումը տեղի է ունենում տարբեր միջավայրերում, այդ թվում՝ տներում, դպրոցներում, երիտասարդական կազմակերպություններում, կառավարության կողմից քաղաքականությունների մշակման և համայնքներում կոնկրետ խնդիրների շուրջ մարդկանց մոբիլիզացնելու շրջանակներում: Երիտասարդների հզորացումը տարածվում է համայնքի որոշումների կայացման, կազմակերպչական պլանավորման և հասարակության ներսում կրթական բարեփոխումների վրա: Այն կարևորում է երիտասարդների ներգրավվածությունը տեղական կառավարման, կազմակերպչական ռազմավարությունների և կրթական բարելավման գործում՝ ընդգծելով նրանց ակտիվ մասնակցության կարևորությունը հասարակական տարբեր ոլորտներում որոշումների կայացման գործընթացներին:

Երիտասարդների հզորացմանն ուղղված կրթական նախաձեռնությունները ներառում են ուսանողակենտրոն ուսուցումը, հանրակրթությունը և համայնքին ծառայելու ուսուցումը: Անվճար դպրոցներն ու երիտասարդների կողմից ղեկավարվող մեդիա կազմակերպությունները հաճախ հայտարարում են երիտասարդներին հզորացնելու իրենց հանձնառության մասին՝ աջակցելով այնպիսի նախաձեռնություններին, ինչպիսիք են երիտասարդության ձայնը լսելի դարձնելը, համայնքի երիտասարդների զարգացմանը նպաստելը և երիտասարդների շրջանում առաջնորդության կարողություններ ձևավորելուն միտված ծրագրերը խթանելը: Երիտասարդների հզորացումն ուսումնասիրվում է մի շարք գիտնականների կողմից, ինչպիսիք են՝ Շոն Ջինրայթը, Հենրի Ժիրուն, Բարրի Չեքոուեյը և Մայք Մեյլսը: Նրանց հետազոտությունները ուշադրության են արժանանում և աջակցություն ստանում հայտնի ակտիվիստների կողմից, այդ թվում՝ Ուիլյամ Ափսքի Ուիմսաթի, Ալեքս Քորոքնի-Պալիչի, Սալոմե Չասնոֆի և Ադամ Ֆլեթչերի։ Միացյալ Նահանգներում նշանակալի նախաձեռնություն է «Youth Empowerment Initiative»-ը, որին աջակցում է Օբամա հիմնադրամի երիտասարդական խումբը:

Իռլանդիայի Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Իռլանդիայի Հանրապետության տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններում, որպես Երեխաների ազգային ռազմավարության բաղադրիչ, ստեղծվեցին Երիտասարդական խորհուրդներ (իռլանդերեն՝ Comhairle na nÓg): Այս խորհուրդներին կոչ է արվում իրենց ծրագրերում ներգրավել սոցիալ-տնտեսական տարբեր կարգավիճակ, մշակութային ծագում, աշխարհագրական դիրք, կրթական մակարդակ և կյանքի փորձ ունեցող երիտասարդների և կենտրոնանալ տեղական խնդիրները լուծելու վրա, որոնք անմիջականորեն ազդում են երիտասարդության վրա: Երիտասարդական խորհուրդները կառավարվում են Երեխաների և երիտասարդության հարցերով նախարարության շրջանային կամ քաղաքային խորհուրդների կողմից: Դրանք Իռլանդիայի կառավարության կողմից ճանաչված քաղաքական կազմակերպություններ են: Երիտասարդական խորհուրդների ղեկավար մարմինը Երիտասարդական խորհուրդների ազգային գործադիր կոմիտեն է (Comhairle na nÓg National Executive): Ազգային գործադիր կոմիտեն ներառում է մեկական անդամ  յուրաքանչյուր Երիտասարդական խորհրդից և անդրադառնում է երիտասարդների համար կարևոր հարցերի: Այս հարցերն առաջադրվում են հենց երիտասարդների կողմից երկու տարին մեկ կայացող ամենամյա համընդհանուր ժողովում: Ազգային գործադիր կոմիտեն կարող է իր տեսակետը հայտնել տարբեր մեթոդներով, այդ թվում՝ ուսումնասիրությունների հիման վրա կազմված զեկույցների տեսքով,  գովազդային արշավների, կոնֆերանսների, սեմինարների միջոցով կամ էլ այդ տեսակետներն ուղիղ ներկայացնելով քաղաքականություն մշակողներին:

Ազգերի համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգերի համագործակցության անդամ բոլոր 53 երկրներն էլ ստորագրել են Համագործակցության՝ Երիտասարդների հզորացման գործողությունների ծրագիրը : Գործողությունների ծրագիրն ընկած է Համագործակցության երիտասարդական ծրագրի գործունեության հիմքում: Ըստ Համագործակցության սահմանման՝ «երիտասարդները հզորանում են, երբ գիտակցում են, որ ունեն կյանքում ընտրություն, հասկանում են այդ ընտրության պոտենցիալ ազդեցությունը, ազատորեն կայացնում են իրազեկ որոշումներ, գործում այդ որոշումների հիման վրա և պատասխանատվություն են կրում այդ որոշումների հետևանքների համար: Երիտասարդների հզորացումը ներառում է այնպիսի պայմանների ստեղծում և խրախուսում, որոնք նրանց հնարավորություն կտան ինքնուրույն և իրենց նախասիրություններին համապատասխան քայլեր ձեռնարկել, այլ ոչ թե ուղղորդվել ուրիշների կողմից:

Երիտասարդների հզորացման գործողությունների ծրագիրը մշակվել է Համագործակցության քարտուղարության կողմից՝ սերտորեն աշխատելով երիտասարդության նախարարների և հենց երիտասարդների հետ: Այն երաշխավորում է, որ երիտասարդության հետ կապված խնդիրները մնան կառավարությունների ուշադրության կենտրոնում և նախանշում տասներեք քայլեր, որոնք կառավարությունները պետք է իրականացնեն երիտասարդության հզորացմանն ու զարգացմանն աջակցելու համար: Դրանցից առաջինն է. «մշակել և իրականացնել երիտասարդների տնտեսական հզորացմանը նպաստող միջոցառումներ»: Սա ներառում է մի շարք ռազմավարություններ, ինչպիսիք են միկրովարկերի տրամադրումը, ձեռնարկատիրական կրթությունը և մակրոտնտեսական պլանավորման ու առևտրային քաղաքականության վերանայումը երիտասարդների վրա դրանց ազդեցությունը գնահատելու համար: Մյուս քայլերը վերաբերում են գենդերային հավասարությանը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին, կրթությանը, շրջակա միջավայրին, որոշումների կայացմանը երիտասարդների մասնակցությանը, ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին:

Հզորացման առավելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդները տարբեր առավելություններ են ստանում՝ մասնակցելով հզորացման ծրագրերին: Երբ կազմակերպությունները և համայնքները հետևողականորեն ներգրավում և հզորացնում են երիտասարդներին, այդ պրակտիկան դառնում է այդ կազմակերպությունների և համայնքների մշակույթի ու արժեքների բնականոն և անբաժանելի մասը[3]: Մեծահասակները և կազմակերպությունները նույնպես օգտվում են հզորացման ծրագրերից: Նրանք դառնում են ավելի հաղորդակցվող, ճկուն և գործուն՝ երիտասարդների կարիքները բավարարելու հարցում, ինչը ոչ միայն բարձրացնում է ծրագրերի որակը, այլև խթանում է երիտասարդների մասնակցությունը[3]:

Երիտասարդների հզորացման քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդների հզորացմանն ուղղված էական քննադատություններից մեկն այն է, որ ծրագրերի մեծամասնությունն ընդունում է ռիսկայնության վրա հիմնված մոտեցում[13]: Զգալի ուշադրություն է դարձվում երիտասարդների առջև ծառացած մարտահրավերներն ընդգծելուն, այլ ոչ թե նրանց հաջողությունները կարևորելուն: Չափազանց շատ կենտրոնանալով երիտասարդների կյանքի բացասական կողմերի վրա, թվում է, թե երիտասարդներն իրենք են այն խնդիրը, որը պետք է լուծվի: Սա կարող է երիտասարդներին հետ պահել երիտասարդության զարգացման ծրագրերին միանալուց: Ռիսկի վրա հիմնված մոդելը կարող է ստվերել այն փաստը, որ պատանեկությունը մի ժամանակաշրջան է, երբ երիտասարդները նոր են կատարելագործում իրենց հմտություններն ու գաղափարները[13]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Kar, Snehendu B; Pascual, Catherine A; Chickering, Kirstin L (1999-12-01). «Empowerment of women for health promotion: a meta-analysis». Social Science & Medicine. 49 (11): 1431–1460. doi:10.1016/S0277-9536(99)00200-2. PMID 10515628.
  2. Golay, Dominique; Malatesta, Dominique (2014). Children's councils implementation : a path toward recognition ? In D. Stoecklin & J.-M. Bonvin (Eds.), Children's Rights and the Capability Approach. Challenges and Prospects. Dordrecht: Springer. էջեր 109–130.
  3. 3,0 3,1 3,2 Ledford, Meredith King; Lucas, Bronwyn (2013). «Youth Empowerment: The theory and its implementation» (PDF). Youth Empowerment Solutions. Վերցված է November 21, 2015-ին.
  4. 4,0 4,1 Sazama, J. & Young, K. (2006) 15 Points to Successfully Involving Youth in Decision-Making, Boston: Youth jHGbagY On Board.
  5. Zimmerman, Marc A. (2000-01-01). «Empowerment Theory». In Rappaport, Julian; Seidman, Edward (eds.). Handbook of Community Psychology (անգլերեն). Springer US. էջեր 43–63. doi:10.1007/978-1-4615-4193-6_2. ISBN 9781461368816.
  6. Zimmerman, Marc A. (1995-10-01). «Psychological empowerment: Issues and illustrations» (PDF). American Journal of Community Psychology (անգլերեն). 23 (5): 581–599. doi:10.1007/BF02506983. hdl:2027.42/117117. ISSN 1573-2770. PMID 8851341.
  7. 7,0 7,1 Reischl, Thomas M.; Zimmerman, Marc A.; Morrel-Samuels, Susan; Franzen, Susan P.; Faulk, Monique; Eisman, Andria B.; Roberts, Everett (2011-12-01). «Youth empowerment solutions for violence prevention». Adolescent Medicine: State of the Art Reviews. 22 (3): 581–600, xiii. ISSN 1934-4287. PMID 22423465.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Reischl, Thomas M.; Zimmerman, Marc A.; Morrel-Samuels, Susan; Franzen, Susan P.; Faulk, Monique; Eisman, Andria B.; Roberts, Everett (2011-12-01). «Youth empowerment solutions for violence prevention». Adolescent Medicine: State of the Art Reviews. 22 (3): 581–600, xiii. ISSN 1934-4287. PMID 22423465.
  9. 9,0 9,1 9,2 Krauss, Steven Eric; Collura, Jessica; Zeldin, Shepherd; Ortega, Adriana; Abdullah, Haslinda; Sulaiman, Abdul Hadi (2013-10-12). «Youth–Adult Partnership: Exploring Contributions to Empowerment, Agency and Community Connections in Malaysian Youth Programs» (PDF). Journal of Youth and Adolescence. 43 (9): 1550–1562. doi:10.1007/s10964-013-0027-1. ISSN 0047-2891. PMID 24122395.
  10. Catalano, Richard F.; Berglund, M. Lisa; Ryan, Jean A. M.; Lonczak, Heather S.; Hawkins, J. David (2004-01-01). «Positive Youth Development in the United States: Research Findings on Evaluations of Positive Youth Development Programs». The Annals of the American Academy of Political and Social Science. 591 (1): 98–124. doi:10.1177/0002716203260102. ISSN 0002-7162.
  11. «Youth empowerment programs». County Health Rankings & Roadmaps. Վերցված է 2015-11-09-ին.
  12. 12,0 12,1 Matin, I., & Hulme, D. (2003). Programs for the poorest: Learning from the IGVGD program in Bangladesh. World Development, 31(3), 647-665.
  13. 13,0 13,1 13,2 13,3 Guerra, Nancy G.; Bradshaw, Catherine P. (2008-12-01). «Linking the prevention of problem behaviors and positive youth development: Core competencies for positive youth development and risk prevention». New Directions for Child and Adolescent Development. 2008 (122): 1–17. doi:10.1002/cd.225. ISSN 1534-8687. PMID 19021244.
  14. 14,0 14,1 Franzen, Susan; Morrel-Samuels, Susan; Reischl, Thomas M.; Zimmerman, Marc A. (2009-10-16). «Using Process Evaluation to Strengthen Intergenerational Partnerships in the Youth Empowerment Solutions Program». Journal of Prevention & Intervention in the Community. 37 (4): 289–301. doi:10.1080/10852350903196290. ISSN 1085-2352. PMID 19830624.
  15. Fuentes, Vanessa E.; Goncy, Elizabeth A.; Sutherland, Kevin S. (2016-05-17). «Cross-Cultural Perspectives After Participation in the YES Program: A Pilot Study». Journal of Youth Development (անգլերեն). 10 (3): 64–73. doi:10.5195/JYD.2015.8. ISSN 2325-4017.
  16. 16,0 16,1 Mutumbulwa, Fransina. "Empowering youth and women through Pots of Hope." Sister Namibia 20.3 (2008): 16+. Global Issues In Context. Web. 9 Oct. 2015.
  17. 17,0 17,1 Landrieu, Josey; Pierson Russo, Jessica. "The What, How, and Why of 21st Century Urban Youth Development". Reclaiming Children & Youth. Vol. 23 (Issue 3): p48–52. ISSN 1089-5701. Retrieved October 9, 2015.
  18. «Young India Foundation – Empowering young people from the Panchayat to the Parliament».
  19. 19,0 19,1 «Youth empowerment». UNDP. Վերցված է 2015-11-09-ին.
  20. «Global Highlights: USAID Youth Programs». www.usaid.gov. 2012-08-10. Վերցված է 2015-11-09-ին.
  21. (1998) "Examining empowerment: A 'how-to' guide for youth development professionals" Journal of Extension, December 1998
  22. Youth - Overview Eurostat, accessed September 2020
  23. Van der Steen, Bart (2016). A European Youth Revolt. UK: Pelgrave UK. ISBN 978-1-137-56570-9.
  24. Fact Sheet on the European Union- Youth Fact Sheet, January 2020

Կատեգորիա:Երիտասարդների հզորացում Կատեգորիա:Երիտասարդների իրավունքներ Կատեգորիա:Երիտասարդություն Կատեգորիա:Էգալիտարիզմ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]