Jump to content

Հանրակրթություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հանրակրթություն, պարտադիր ուսուցում, երկրում ժողովրդական կրթության համակարգի կազմակերպման սկզբունք ու արդյունք, որի դեպքում որոշակի տարիքի երեխաները, բնակչության առանց բացառության բոլոր դասերի, շերտերի և սոցիալական խմբերի ներկայացուցիչներն ստանում են նվազագույն ծավալով կրթական նախապատրաստություն, որը սահմանվում է պետության օրենքներով։

20-րդ դարում աշխարհի երկրներն անկախ իրենց հասարակական-քաղաքական կառուցվածքից ապահովել են անվճար համընդհանուր կրթություն՝ առնվազն տարրական մակարդակով։ Հաճախ այն ամրագրվել է սահմանադրություններում՝ որպես քաղաքացիական հիմնարար իրավունքներից մեկը։

Կախված տնտեսական զարգացման մակարդակից, ներքին քաղաքականության սոցիալական կողմնորոշվածության աստիճանից և նյութական նախադրյալների առկայությունից (դպրոցների շենքեր, ուսուցիչների պատրաստման և աշխատանքի վարձատրության բյուջեի հնարավորություններ)՝ անվճար տրամադրվող համընդհանուր կրթության նվազագույն ծավալը կարող է տարատեսակ լինել․ ամենաքիչ զարգացած երկրներում՝ մինչև տարրական կրթություն (որպես կանոն՝ ոչ պակաս, քան 3-4 տարի), և ավելի զարգացած երկրներում՝ մինչև միջնակարգ կրթություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համընդհանուր կրթության շարժումը սկսվել է Եվրոպայում 17-18-րդ դարերում և հիմնականում կապված էր բողոքական պետություններում յուրաքանչյուր մարդու կողմից Աստվածաշնչի ընթերցանության պահանջի հետ։ Համընդհանուր կրթության մասին առաջին օրենքները ընդունվել են գերմանական պետություններում։ 1619 թվականին նման օրենք ընդունվել է Վեյմարյան իշխանությունում, իսկ 17-րդ դարի կեսերին՝ Գոթայում։ 1717 թվականին Պրուսիայում, իսկ ավելի ուշ՝ 18-րդ դարում, մի շարք գերմանական երկրներում համընդհանուր ուսուցման մասին օրենք է ընդունվել[1]։

Դանիայում համընդհանուր տարրական կրթության մասին օրենքն ընդունվել է 1814 թվականին, Շվեդիայում՝ 1842 թվականին, Նորվեգիայում՝ 1848 թվականին, Միացյալ Նահանգներում՝ 1852-1900 թվականներին (տարբեր նահանգներում), Ճապոնիայում՝ 1872 թվականին, Իտալիայում՝ 1877 թվականին, Անգլիայում՝ 1880 թվականին, Ֆրանսիայում՝ 1882 թվականին։

Ռուսական կայսրությունում 1910 թվականին 4-ամյա ուսուցում է հաստատվել արդեն գոյություն ունեցող բոլոր տարրական դպրոցների համար[2]։ Թեև համընդհանուր տարրական կրթության մասին օրինագծի քննարկումը հետաձգվել է մի քանի անգամ, և 1912 թվականի հունիսի 6-ին Պետական խորհուրդը օրինագիծը մերժել է[3]․ «1908 թվականի մայիսի 3-ի օրենքի հրապարակումից ի վեր Ռուսաստանում սկսում են անցկացվել երկրում համընդհանուր կրթության ներդրման նախագծի իրականացման հետ կապված առաջին միջոցառումները, ինչը ենթադրում էր տարրական ուսումնական հաստատությունների դպրոցական ցանցերի ստեղծում»։ Այդ միջոցառումները (ներառյալ դպրոցների թվի ավելացումը և դրանց հասանելիությունը ոչ ավելի, քան 3 վերստ շառավղով) իրականացվել են անշեղորեն ընդհուպ մինչև 1917 թվականը (այդ թվում՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ)[4]։ Համընդհանուր պարտադիր տարրական կրթությունը ԽՍՀՄ-ում ներդրվել է 1930 թվականին՝ դառնալով մշակութային հեղափոխության մի մասը երկրի սոցիալիստական վերափոխումների ընթացքում։

20-րդ դարում բոլոր զարգացած երկրներում պարտադիր կրթության ժամկետներն ավելացել են, պարտադիր ուսուցման միջին տևողությունը 6-ից դարձել է 10 տարի։ Միացյալ Նահանգներում առաջին անգամ զանգվածային անվճար միջնակարգ դպրոցների համակարգը ստեղծվել է 19-րդ դարի վերջին[5]։

2015 թվականի տվյալներով՝ աշխարհի 200 երկրներից միայն 55-ն է ապահովում նախնական կրթությանը համընդհանուր հասանելիություն, աշխարհի 1,9 միլիարդ երեխաներից 75 միլիոնը դպրոց չի հաճախել, որից 41 միլիոնը աղջիկներ են[6]։ 2003 թվականի տվյալներով՝ 101 երկրում տարրական դպրոցում ուսման համար վճար է գանձվել[7]։

Ներառական կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտավորապես 93 միլիոն երեխա ամբողջ աշխարհում հաշմանդամ է։ Ինչպես բոլոր երեխաները, այնպես էլ հաշմանդամություն ունեցող երեխաները հավակնություններ ու երազանքներ ունեն իրենց ապագայի վերաբերյալ։ Ինչպես բոլոր երեխաները, նրանց նույնպես անհրաժեշտ է որակյալ կրթություն՝ իրենց հմտությունները զարգացնելու և իրենց ամբողջ ներուժն իրացնելու համար։

Այնուամենայնիվ, հաշմանդամություն ունեցող երեխաները հաճախ անտեսվում են քաղաքականության մշակման գործընթացում՝ սահմանափակելով նրանց կրթության մատչելիությունը և սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքին մասնակցելու ունակությունը։ Համաշխարհային մասշտաբով այս երեխաները, ամենայն հավանականությամբ, դպրոցից դուրս մնալու շարքում են։ Նրանք բախվում են կրթության շարունակական խոչընդոտների, որոնք բխում են խտրականությունից, խարաններից և որոշումներ կայացնողների սովորական ձախողումից` դպրոցներում հաշմանդամություն ներառելու մեջ։

Հաշմանդամությունն ամբողջ աշխարհում կրթության միակ լուրջ խոչընդոտն է։ Զրկվելով սովորելու իրավունքից՝ հաշմանդամություն ունեցող երեխաները հաճախ զրկվում են իրենց համայնքներին մասնակցելու, աշխատելու հնարավորությունից։

Ներառական կրթությունը բոլոր երեխաներին դպրոց հաճախելու արդար հնարավորություն ընձեռելու, սովորելու և անհրաժեշտ հմտություններ զարգացնելու ամենաարդյունավետ միջոցն է։

Ներառական համակարգերը փոփոխություններ են պահանջում հասարակության բոլոր մակարդակներում։

Դպրոցական մակարդակում ուսուցիչները պետք է վերապատրաստվեն, շենքերը պետք է նորոգվեն, և աշակերտները պետք է ստանան հասանելի ուսումնական նյութեր։ Համայնքների մակարդակում պետք է հաղթահարել խտրականությունը և փոխել հասարակության վերաբերմունքը։ Ազգային մակարդակում կառավարությունները պետք է համապատասխանեցնեն օրենքներն ու քաղաքականությունը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիային։

Կրթության իրավունքը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ սահմանադրության մեջ կան հոդվածներ՝ կապված կրթության իրավունքի հետ, որոնք ներկայացված են ստորև․

  • Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք։
  • Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է (ՀՀ Սահմանադրություն, հոդված 38)։
  • 12‐ամյա միջնակարգ կրթությունը պարտադիր է և անվճար՝ բոլորի համար (Հանրակրթության մասին օրենք, հոդված 4)։
  • Հայաստանի Հանրապետությունն ապահովում է կրթության ժողովրդավարական և աշխարհիկ բնույթը (Հանրակրթության մասին օրենք, հոդված 4)[8]։

Ըստ ՀՀ սահմանադրության․

Հանրակրթության բնագավառում պետությունը պետք է երաշխավորի մի շարք սկզբունքների ապահովումը, այդ թվում.

  • Հանրակրթության հավասար հնարավորությունները և մատչելիությունը,
  • Հանրակրթության որակի շարունակական բարելավումը,
  • Անհատի ազատ և համակողմանի զարգացման առաջնայնությունը,
  • Քաղաքացիական գիտակցության կարևորումը,
  • Սովորողների վերլուծական, քննադատական մտածողության, գիտելիքների ինքնուրույն ձեռքբերման և կիրառման, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ունակությունների զարգացման առաջնայնությունը,
  • Ուսումնական հաստատությունների ինքնավարության և պետական վերահսկողության հավասարակշռումը։

ՀՀ Հանրակրթության մասին օրենք, հոդված 5, կետ 2

Կրթության որակի սահմանումը՝ ՀՀ օրենսդրության մեջ

Կրթության որակը սահմանվում է որպես «կրթական քաղաքականությամբ սահմանված նպատակների և խնդիրների իրագործմանը միտված կրթության կազմակերպման չափելի արդյունք, որը գնահատվում է՝ հաշվի առնելով սովորողի անհատական կարիքները, կրթության կազմակերպման միջավայրը, ուսուցման ծրագրային բովանդակությունը, կրթության կազմակերպման գործընթացը, և ուսումնառության գնահատված արդյունքները՝ համաձայն սահմանված չափանիշների»։

Կրթության մասին ՀՀ օրենքը, հոդված 3[9][10]

UNICEF-ի աշխատանքը ներառական կրթությունը խթանելու ուղղությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության բացը լրացնելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցում է կառավարության ջանքերին՝ ներառական կրթության համակարգերը խթանելու և վերահսկելու ուղղությամբ։ Կազմակերպության աշխատանքը կենտրոնացած է չորս հիմնական ոլորտի վրա.

Շահերի պաշտպանություն - ՅՈՒՆԻՍԵՖ-ը խթանում է ներառական կրթությունը քննարկումների, բարձր մակարդակի միջոցառումների և իրազեկման այլ ձևերի՝ ուղղված քաղաքականություն մշակողներին և հասարակության լայն շերտերին։

Իրազեկության բարձրացում - ՅՈՒՆԻՍԵՖ-ը ուշադրության կենտրոնում է պահում հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքները՝ իրականացնելով հետազոտություններ և հյուրընկալելով կլոր սեղաններ, սեմինարներ և այլ միջոցառումներ կառավարության գործընկերների համար։

Կարողությունների զարգացում - ՅՈՒՆԻՍԵՖ-ը ստեղծում է կրթական համակարգերի կարողությունները գործընկեր երկրներում՝ ուսուցիչների, ադմինիստրատորների և համայնքների վերապատրաստմամբ և կառավարություններին տեխնիկական աջակցություն ցուցաբերելով։

Իրականացման աջակցություն - ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցում է գործընկեր երկրներում մոնիտորինգին և գնահատմանը՝ քաղաքականության և պրակտիկայի միջև իրականացման խզումը վերացնելու համար[11]։

UNICEF-ը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավիճակը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ UNICEF-ի պաշտոնական կայքէջի՝

Չնայած կրթության իրավունքի իրացման գործընթացում արձանագրված հսկայական ձեռքբերումներին՝ բնակչության խոցելի խմբերի երեխաները Հայաստանի կրթական համակարգում հաճախ ենթարկվում են խարանի ու խտրականության, ինչպես նաև հաճախ տարանջատվում են համակարգից։ Նրանք չեն հայտնվում ազգային վիճակագրական տվյալներում՝ այդպիսով որոշում կայացնողների, ծառայություն մատուցողների ու հանրության համար դառնալով «անտեսանելի»։

Հանրակրթության համակարգում համախառն ընդգրկվածության մակարդակը վերջին տարիներին կազմել է միջինը մոտ 90%, մինչդեռ ընդգրկվածությունը միջնակարգ կրթության բարձր դասարաններում կազմում է մոտ 74%։ Այն պարագայում, երբ չկան համապետական մեխանիզմներ՝ հայտնաբերելու և հետևելու դպրոցից դուրս մնացած կամ դուրս մնալու վտանգի առջև կանգնած երեխաներին։ Դպրոց չհաճախելու ամենատարածված ռիսկային գործոններն են հաշմանդամությունը, ծայրահեղ աղքատությունը, երեխայի աշխատանքը, էթնիկական ծագումը և փախստականի կարգավիճակը։

Հաշմանդամություն ունեցող երեխաները, մասնավորապես՝ հոգեկան խնդիրներ ունեցող աղջիկները և տղաները, կրթական ու սոցիալական ծառայություններից օգտվելիս շարունակում են բախվել արգելքների՝ գերիշխող այն կարծրատիպի պատճառով, ըստ որի՝ մտավոր խնդիրներ ունեցող երեխան պետք է ապրի և կրթություն ստանա շուրջօրյա հաստատությունում[12]։

Համաձայն Հայաստանում երեխայի կարիքների 2016 թվականի հետազոտության արդյունքների՝ հարցվածների 71%-ը համաձայն է, որ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխան պետք է հաճախի հանրակրթական դպրոց, մինչդեռ մտավոր խնդիրներ ունեցողների դեպքում հարցվածների միայն 40%-ն էր համաձայն։

Ներառական կրթության ոլորտի բարեփոխումները շարունակում են սևեռված մնալ կրթության միայն տարրական ու միջնակարգ փուլերում՝ ոչ բավարար ջանքեր ուղղելով նախադպրոցական կրթությանը, մասնագիտական վերապատրաստմանը, բարձրագույն մասնագիտական կրթությանն ու ցկյանս ուսումնառությանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Развитие образования в Западной Европе в XVII – XVIII вв.
  2. Л. В. Милов. История России XX — начала XXI века. /Л. В. Милов. С. В. Воронкова, А. И. Вдовин, А. С. Барсенков. М. 2006, С. 226
  3. Программа реформ П. А. Столыпина. Документы и материалы. О введении всеобщего начального обучения в Российской империи Т. 1 М.: «Российская политическая энциклопедия», 2002
  4. Сапрыкин Д. Л. «Образовательный потенциал Российской Империи» (ИИЕТ РАН, М., 2009)
  5. СТАРШАЯ ШКОЛА И ЕЕ АЛЬТЕРНАТИВЫ В СОВЕТСКОЙ И РОССИЙСКОЙ ПРАКТИКЕ
  6. «За чертой грамотности». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 2-ին.
  7. ЮНЕСКО представляет отчет по программе "Образование для всех"
  8. «կրթություն» (PDF).
  9. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2021 թ․ մայիսի 14-ին.
  10. «կրթության իրավունք» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 14-ին.
  11. «Search | UNICEF». www.unicef.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 14-ին.
  12. «Կրթության իրավունք | UNICEF Հայաստան». www.unicef.org. Վերցված է 2021 թ․ մայիսի 14-ին.

Աղբյուրներ և գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 106