Մայքլ Ջեյս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Ջեյս
Ծննդյան թիվ՝հուլիսի 13, 1970(1970-07-13) (53 տարեկան) կամ հուլիսի 13, 1962(1962-07-13)[1] (61 տարեկան)
Ծննդավայր՝Պատերսոն, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասան, կինոդերասան և դերասան
IMDb։ID 0413052

Մայքլ Էնդրյու Մաքլորին (անգլ.՝ Michael Andrew Mclaurin, հուլիսի 13, 1970(1970-07-13) կամ հուլիսի 13, 1962(1962-07-13)[1], Պատերսոն, Նյու Ջերսի, ԱՄՆ), ավելի հայտնի է որպես Մայքլ Ջեյս, ամերիկացի դերասան և հանցագործ։ Առավել հայտնի է «Վահան» սերիալում ոստիկան Ջուլիան Լոուի դերով։ Բացի կինեմատոգրաֆիական գործունեությունից, Մայքլ Ջեյսը սկանդալային համբավ է ձեռք բերել 2014 թվականին այն բանից հետո, երբ մեղադրվել է կնոջ սպանության մեջ։ Այդ հանցագործության համար 2016 թվականի հունիսի 10-ին Ջեյսը դատապարտվել է ցմահ ազատազրկման[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ Ջեյսը ծնվել է 1962 թվականի հուլիսի 13-ին Պատերսոն քաղաքում։ Մայքլն իր մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Հաքենսակ քաղաքում, որտեղ հաճախել է Hackensack High School դպրոցը, որն ավարտել է 1980 թվականին։ Դպրոցական տարիներին Ջեյսը զբաղվում էր սպորտով և դպրոցական բեյսբոլի և բասկետբոլի թիմերում էր։ Դպրոցն ավարտելուց հետո Մայքլն ընդունվել է քոլեջ, որտեղ առաջին անգամ սկսել է մասնակցել թատերական ներկայացումների։ Դրանից հետո նա որոշել է փոխել իր գործունեության ոլորտը, թողել է քոլեջը և տեղափոխվել Նյու Յորք, որտեղ սկսել է հաճախել դերասանական դասընթացների։ 1980-ականների վերջին նա դերասանի աշխատանք է գտել Մանհեթենում գտնվող «Classic Stage Company» թատրոնում[3][4]։

Կինոկարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում առաջին դերը Մայքլ Ջեյսը կատարել է 1992 թվականին «Օրենք և կարգ» հեռուստասերիալի սերիաներից մեկում։ Հաջորդ երկու տարիների ընթացքում նա կատարել է մի քանի էպիզոդիկ դերեր այնպիսի հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Լոս Անջելեսի օրենքը», «Բրիսկո Քաունթի կրտսեր արկածները», «Աստղային ճանապարհ։ Խորը տիեզերք 9», «Դետեկտիվ Ռաշ»։ 1994 թվականին Ջեյսը Ֆորեսթ Գամփի ֆիլմում խաղացել է փոքրիկ, բայց հիշարժան դեր՝ որպես Սև հովազ կուսակցության անդամ։ Ֆիլմը կոմերցիոն առումով հաջող է ստացվել և արժանացել է 6 «Օսկար» մրցանակի, ինչի շնորհիվ ֆիլմում նկարահանվող շատ դերասաններ, այդ թվում նաև Մայքլ Ջեյսը որոշակի ճանաչում են ստացել։ Դրանից հետո Ջեյսը փոքր դեր է ստացել «Ուղղակի և բացահայտ սպառնալիք» ֆիլմում, նկարահանվել է հեռուստասերիալներում։ Մարմնավորել է բռնցքամարտիկ Միթչ Գրինի դերը «Թայսոն» դրամայում, որը նվիրված էր բռնցքամարտիկ Մայք Թայսոնի կենսագրությանը։ 1995 թվականին Ջեյսը նկարահանվել է «Տարօրինակ օրեր» ֆանտաստիկ թրիլերում և կատարել է իր առաջին մեծ դերը «Մեծ սպիտակ խաբեություն» կատակերգությունում։ Հետագա տարիներին նա շարունակել է նկարահանվել այնպիսի սերիալներում, ինչպիսիք են «Շտապ օգնությունը»,«Պենսակոլայի ոսկե թևերը», «Այժմ ցանկացած օր», «Նյու Յորքի ոստիկանությունը», «Արդար Էմին»։

Նույն ժամանակահատվածում նա երկրորդ պլանի դերեր է կատարել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Բուգի ոճով գիշերները», «Կապիկների մոլորակը», «Կրկնորդիչներ», «Օրորոցից մինչև գերեզման»։ 1999 թվականին Մայքլ Ջեյսը ստացել է իր կարիերայի միակ գլխավոր դերը՝ Մայքլ Ջորդան. Ամերիկայի հերոս սպորտային դրամայում, կատարելով Մայքլ Ջորդանի դերը։ 2001 թվականին նա կատարել է գլխավոր դերերից մեկը «Նրա գրած սպանությունը. Վերջին մարդը» լիամետրաժ ֆիլմում, որը հիմնված է «Նրա գրած սպանությունը» հեռուստասերիալի վրա։ 2002 թվականին Մայքլը ստացել է «Վահան» հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկը։ Ընդհանուր առմամբ թողարկվել է 6 եթերաշրջան, և Մայքլ Ջեյսը մասնակցել է սերիալի բոլոր 89 դրվագների նկարահանումներին։ Սերիալը կոմերցիոն հաջողություն է ունեցել և 5 անգամ առաջադրվել է Էմմի մրցանակի։ 2002 թվականին սերիալը ստացել է 2 Ոսկե գլոբուս մրցանակ Լավագույն հեռուստատեսային դրամատիկական սերիալ և Սերիալի լավագույն դերասան անվանակարգերում։ Հետագայում սերիալը ևս երեք անգամ առաջադրվել է Ոսկե գլոբուսի։ 2006 թվականին սերիալը արժանացել է Peabody Award մրցանակի։ Վերջին սեզոնը 2008 թվականին արժանացել է AFI Award մրցանակի։ Ջեյսի հայտնիության գագաթնակետը եղել է այդ տարիներին[5]։ 2010-ականներին նա շարունակել է նկարահանվել սերիալներում և հեռուստատեսությունում։ Այդ տարիներին նա հայտնվել է մի շարք սերիալներում։ Մայքլ Ջեյսի համար կինոյում վերջին աշխատանքը եղել է «Սաութլենդ» քրեական հեռուստասերիալի նկարահանումներին մասնակցելը, որից հետո օրենքի հետ կապված խնդիրների պատճառով նա 2014 թվականին ստիպված է եղել ավարտել կինոկարիերան[6]։

Խնդիրներ օրենքի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մայիսի 19-ի երեկոյան Լոս Անջելեսի Հայդ-Պարկ կոչվող թաղամասում գտնվող իր տանը Մայքլ Ջեյսը երկարատև վիճաբանության ժամանակ գնդակահարել է իր կնոջը՝ 40-ամյա Էյփրիլ Ջեյսին, ընդ որում սպանությանն ականատես են եղել Մայքլի և Էյփրիլի երկու անչափահաս երեխաները։ Հարևանները, լսելով կրակոցները, զանգահարել են ոստիկանություն։ Սպանությունից կարճ ժամանակ անց Մայքլ Ջեյսը նույնպես զանգ է կատարել ոստիկանություն և հայտարարել իր կնոջ սպանության մասին, որից հետո ձերբակալվել է կանչին ներկայացած իրավապահ մարմինների կողմից հենց իր տան շեմին[7][8]։  Նրան մեղադրանք է առաջադրվել երկրորդ աստիճանի սպանության համար[9]։

Ձերբակալությունից հետո Ջեյսի նախկին կինը, որից նա բաժանվել էր 2002 թվականին, հայտարարել է, որ նույնպես ընտանեկան բռնության է ենթարկվել Մայքլի կողմից, իսկ 1997 թվականին ծեծի արդյունքում գանգուղեղային վնասվածք է ստացել։ Պարզվել է նաև, որ սպանությունը կատարելուց առաջ Ջեյսը ֆինանսական դժվարություններ է ունեցել, սնանկության դիմում է ներկայացրել և ծանր հոգեկան վիճակում է եղել[10]։ Դատավարությունը սկսվել է 2016 թվականի մայիսին։ Ջեյսը և նրա փաստաբանները պնդում էին, որ դերասանը հանցագործություն չի պլանավորել, այլ կատարել է չկանխամտածված՝ ինքնապաշտպանության ընթացքում, սակայն Ջեյսի երեխաների ցուցմունքները և զոհի վնասվածքների բնույթը ցույց են տվել, որ դերասանը երեք անգամ կրակել է կնոջ վրա՝ գտնվելով նրա թիկունքում[11]։ Ի վերջո, 2016 թվականի մայիսի 31-ին Մայքլ Ջեյսը մեղավոր է ճանաչվել երկրորդ աստիճանի սպանության մեջ[12], որի հիման վրա դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «'Shield' actor Michael Jace gets 40 years for murder. June 11, 2016». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 7-ին.
  3. «Who Is Michael Jace? 8 Things You Need to Know.May 20, 2014». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 7-ին.
  4. «Michael Jace Biography». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 7-ին.
  5. «'Shield' actor Michael Jace gets sentenced for murdering his wife. Jun 10, 2016». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
  6. «Michael Jace Actor. Filmography». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 7-ին.
  7. «Michael Jace Charged For Shooting &Killing Wife In Front Of Kids.MAY 20, 2014». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
  8. «The Shield actor Michael Jace arrested in wife's shooting death. 20 May 2014». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
  9. «'The Shield' actor Michael Jace guilty of second-degree murder of his wife. May 31, 2016». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
  10. «'The Shield' actor Michael Jace charged in wife's shooting death. May 21, 2014». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
  11. «Michael Jace trail: "Shield" actor wanted to wound wife, not kill her. MAY 26, 2016». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
  12. «'The Shield' actor Michael Jace found guilty of his wife's second-degree murder. 31 May 2016». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
  13. «Actor Michael Jace sentenced to 40 years to life in wife's slaying. JUNE 10, 2016». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.