Մայա Բրոտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայա Բրոտեն
Ծնվել էհունվարի 15, 1896(1896-01-15)[1][2][3][…]
ԾննդավայրՍունդսվալ, Վեսթերնորլանդ, Շվեդիա[1][2][3]
Վախճանվել էմայիսի 24, 1973(1973-05-24)[2] (77 տարեկան)
Մահվան վայրՄարիա Մագդալենա ծխական համայնք, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունարվեստագետ

Աննա Մարիա Լոուս (Մայա) Բրոտեն (շվեդ.՝ Anna Marie Lous (Maja) Braathen, հունվարի 15, 1896(1896-01-15)[1][2][3][…], Սունդսվալ, Վեսթերնորլանդ, Շվեդիա[1][2][3] - մայիսի 24, 1973(1973-05-24)[2], Մարիա Մագդալենա ծխական համայնք, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]), շվեդ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայա Բրոտենը ծնվել է 1896 թվականին, Սունդսվալում։ Նրա ծնողները` Գուստաֆ Պետերը և Աննա Լոուս Բրոտենը, ծագումով Նորվեգիայից էին։ Դեռևս վաղ տարիքից Մայան սկսել է հետաքրքրություն դրսևորել երաժշտության և նկարչության նկատմամբ։ 1910-ականների երկրորդ կեսից սովորել է Գյոթեբորգում՝ Բիրգեր Սիմոնսսոնի մոտ Սիրի Ռատսմանի հետ, իսկ հետո Օսլոյում՝ Հենրիկ Սյորենսենի հետ։ 1920 թվականին Մայա Բրոտենն ամուսնացել է իր մանկության ընկեր Գուննար Յուհանսսոնի հետ։ 1924 թվականին նրանք բնակություն են հաստատել Հելսինկիում, որտեղ Մայան գումար է վաստակել կերամիկական քանդակներ պատրաստելով։ 1929 թվականին նրա ամուսինը մահացել է, և Մայան վերադարձել է Շվեդիա, նախ՝ Սունդվալ, այնուհետև` Ստոկհոլմ, որտեղ ապրում էին նրա մայրն ու եղբայրը[4]։

1930-ական թվականներին Մայա Բրոտենը ընդունվել է Մայ Բրինգի գեղարվեստի դպրոց, որտեղ փորձեր է կատարել տարբեր տեխնիկայով և ձևաչափերով՝ սեփական ոճը որոնելու համար։ Մայ Բրինգի և Վերա Նիլսսոնի հետ մտերմությունը մեծ ազդեցություն է ունեցել նրա վրա։ Նա դարձել է նկարիչների և արվեստի այլ գործիչների ընկերակցության մի մասը, որոնք պարբերաբար հավաքվում էին Մայ Բրինգի մոտ կամ Լիդինգյոում գտնվող Սիրի Դերկերտի արվեստանոցում, որոնց թվում էին Մոլլի Ֆաուստմանը, Նիննան Սանտեսսոնը, Էլեն Իսերֆերը, Նաիմա Վիֆսթրանդը և Աննա Կասպարսոնը։ 1934 թվականին Մայան նկարիչ Էբբա Հելստրմի հետ միասին մեկնել է Եմթլանդ լենի Էդսոսեն քաղաք, որը նրան այնքան է դուր եկել, որ նա ամեն ամառ մի քանի տարի շարունակ մեկնել է այդտեղ, հետագայում, 1940-ականների վերջին նա այնտեղ տուն է կառուցել, որն անվանել է «Արարատ»։ Այստեղ նա ապրել և աշխատել է՝ ստեղծելով բնանկարներ լեռներով, այծերով և տեղի բնակիչներով։ Բացի այդ, նկարիչը ճանապարհորդել է ողջ Եվրոպայում, այդ թվում Ֆրանսիայում, Իտալիայում և Էստոնիայում։ 1938 թվականին Մայա Բրոտինը բավականին երկար ժամանակ մնացել է Փարիզում, որտեղ բնակվել է Մոնպառնասում և հաճախել Կոլարոսի ակադեմիա։ Հաճախ այցելել է փարիզյան թանգարաններ, այդ թվում Լուվրի, Ռոդենի և Գիմե թանգարան։ Նրա հաջորդ այցը Փարիզ տեղի է ունեցավ 1946 թվականին, նա մեծապես տպավորվել է Ժերմեն Ռիշիեի քանդակներից և Պիկասոյի նկարներից[4]։

Մայա Բրոտենի առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 1941 թվականին։ Սակայն նա ճանաչման է հասել միայն 1949 թվականին անհատական ցուցահանդեսից հետո, որտեղ ցուցադրվել են նրա Փարիզի ժամանակաշրջանի գործերը և Էդսոսենում ստեղծված նկարները։ 1950-60-ական թվականների ընթացքում նկարիչը կազմակերպել է ևս մի քանի անհատական ցուցահանդես, այդ թվում 1954 թվականին Օսլոյում կայացած հետահայաց ցուցահանդեսը[4]։

Մայա Բրոտենը մահացել է 1973 թվականին, Ստոկհոլմում։ Նրա մահվանից մեկ տարի անց Նկարիչների տանը (Konstnärhuset) կազմակերպվել է ցուցահանդես, որում ներկայացվել են նրա 150 աշխատանքները։ Մայա Բրոտենի արվեստն ազդել է շվեդ նկարիչների հաջորդ սերնդի վրա, ներառյալ Էլլինոր Տաուբեն և Բերտա Հանսսոնը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Helena Persson. «Anna Marie Lous (Maja) Braathen». Svenskt kvinnobiografiskt lexikon (անգլերեն).
  • «Работы художницы в Музее современного искусства». Moderna Museet.