Մամակ Մամիկոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մամակ Մամիկոնյան
 
Ծննդյան օր 6-րդ դար
Վախճանի օր 7-րդ դար
Դինաստիա Մամիկոնյաններ
Քաղաքացիություն  Մեծ Հայք

Մամակ Մամիկոնյան (6-րդ դար - 7-րդ դար), հայ նախարար Բյուզանդական Հայաստանում, Մամիկոնյանների նախարարական տոհմից[1][2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

595 թվականին, Մամակ Մամիկոնյանը, Ատատ Խորխոռունին, Սամուել Վահևունին, Ստեփանոս Սյունին, Կոտիտ Ամատունին, Թեոդորոս Տրպատունին ու այլ նախարարներ՝ 2000 հեծելազորով Թրակիա բանակաթեմում ապստամբություն են բարձրացնում Բյուզանդիայի Մորիկ կայսեր դեմ և իրենց ենթակա զորքով անցնում Հայկական մարզպանություն[3]։ Ենթադրվում է, որ ապստամբության շարժառիթը Հուստինիանոս Ա կայսեր բարեփոխումներն էին, որոնք խիստ թուլացրել էին 591 թվականին կնքված նոր պայմանագրով Բյուզանդիային անցած Հայաստանի արևմտյան հատվածի դիմադրողականությունը[2]։

Սասանյան արքա Խոսրով Բ Փարվեզը օգտվելով Բյուզանդիայի դեմ բռնկված ապստամբությունից, իր մոտ է ընդունում փախստական հայ նախարարներին, մեծարում և արժանացնում պարգևների[3]։ Ապստամբ նախարարները մտադիր չէին ենթարկվել պարսիկներին, այլ նոր ուժեր հավաքելու համար էին ներթափանցել Մարզպանական Հայաստան։ Նրանք մտադրվել էին ազատվել պարսկական ու բյուզանդական տիրապետությունից հոների հետ դաշնակցելու միջոցով։ Խոսրով Բ-ն տեղեկանալով նրանց մտադրությունների մասին, փոխում է իր քաղաքականությունը, դուրս գալիս նախարարների դեմ և դիմում կայսեր օգնությունը։ Մորիկի հրամանով Բյուզանդական Հայաստանում գտնվող բյուզանդական զորքը՝ Հերակլիոսի գլխավորությամբ, Նախճավանի մոտ միանում է պարսիկներին և շարժվում ապստամբների դեմ։ Մորիկը և Խոսրովը միաժամանակ պատգամավորություն են ուղարկում ապստամբների մոտ՝ առաջարկելով առանց կռվի հնազանդվել, խոստանալով շնորհել ներում։ Տեղի ունեցած բանակցությունները քայքայում են ապստամբության հետագա ծրագրերը։ Մամակ Մամիկոնյանը, Կոտիտ Ամատունին, Ստեփանոս Սյունեցին և այլ նախարարների ենթարկվում են Պարսկաստանին։ Ատատ Խորխոռունին և Սամուել Վահևունին իրենց զորքերով շարժվում են Աղվանք՝ անցնում Կուր գետը և բանակ դնում նրա ձախ ափին, բայց հոներից սպասվող վարձկան զորք չստանալով, ստիպված են լինում ենթարկվել Բյուզանդիային։ Վերջինիս կողմն է անցնում նաև Թեոդորոս Տրպատունին[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 180․
  2. 2,0 2,1 2,2 «Հայ Ժողովրդի պատմություն», Երևան, 1984, հատոր 2, էջ 273-274․
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Սեբեոս․ Պատմություն», Գուրգեն Խաչատրյան, Վանո Եղիազարյան, Երևան, 2005, էջ 92-95․