Հերակլիոս Ավագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերակլիոս Ավագ
Revolt of the Heraclii solidus, 608 AD.jpg
Ծնվել է 6-րդ դար
Ծննդավայր Կարին, Էրզրում, Թուրքիա
Մահացել է 610
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններ հինհռոմեացի սենատոր
Երեխաներ Հերակլիոս Ա և Theodore

Հերակլիոս Ավագ (լատ.՝ Heraclius, հուն.՝ Ἡράκλειος) (մահացել է 610 թվականին), հայազգի բյուզանդական հրամանատար և բյուզանդացի կայսր Հերակլիոս Ա-ի հայրը (գահակալած 610–641 թթ.)։ Հերակլիոսն աչքի է ընկել Սասանյան Պարսկաստանի դեմ 580-ական թվականների պատերազմի ժամանակ։ Մոտ 600 թվականին նշանակվել է Աֆրիկայի էկզարխության եկսարքոս։ 608 թվականին ապստամբել է գահն անօրինական զավթած Փոկաս կայսեր (գահ. 602-10 թթ.)։ Օգտագործելով Աֆրիկան որպես հենակետ, Հերակլիոս Ավագի տղան՝ Հերակլիոսը գահազրկեց Փոկասին, հռչակվեց կայսր և ստեղծեց հարստություն, որը կառավարեց կայսրությունը մոտ մեկ դար։ Հերակլիոս Ավագը վախճանվեց իր որդու կայսրի դառնալու մասին լուրն իամանալուց քիչ անց։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերակլիոսն ուներ հայկական ծագում[1]։ Նրա ծագման մասին դատում են պատմիչներից մեկի հիշատակության հիման վրա[2], ըստ որի՝ «...հրամայվեց Հերակլիոսին վերադառնալ իր հայրենի քաղաք Հայաստանում...»։ Քաղաքը չի հստակեցվում, սակայն ըստ որոշ պատմաբանների Հերակլիոսն այդ ժամանակ Հռոմեական Հայաստանի մագիստեր միլիտումն էր, որից պարզ է դառնում, որ նրա հայրենի քաղաքը Կարինն է՝ Թեոդոսիոպոլիսը, քանի որ այն բարձրաստիճան պաշտոնյաների նստավայրն էր[3]։ Որպես կայսրության հյուսիսարևելյան սահմանների գլխավոր ռազմական հենակետ, քաղաքն ուներ ահռելի նշանակություն և դրա համար կատաղի կռիվներ էին ընթանում հռոմեացիների և պարսիկների միջև[4]։

Հերակլիոս Ավագի նախնիների մասին շատ բան հայտնի չէ, սակայն այն ետ չի պահել պատմաբաններին առաջ քաշել տարբեր վարկածներ։ Որոշների կարծիքով նա 5-րդ դարի հռոմեացին զորավար Հերակլիոս Եդեսացու բարեկամն է։ Մյուսները, այդ թվում Կիրիլ Թումանոֆը, հիմնվում են Սեբեոսի տեղեկության վրա, որից պարզ է դառնում, որ Հերակլիոս ծագել է Արշակունիներից։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայնտի է Հերակլիոսի մեկ եղբոր անունը՝ Գրեգորաս, ով զորավար Նիկետասի հայրն էր[2][5]։ Նշվում է նաև նրա կնոջ անունը՝ Էպիֆանիա[5]։

Նա ուներ երկու տղա՝ Հերակլիոսն Կրտսերն ու Թեոդորը և մեկ աղջիկ՝ Մարիան[2][5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպիկոսի օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերակլիոսն առաջին անգամ հիշատակվում է 586 թվականին, որպես զորավար Ֆիլիպիկոսի հրամանատարներից մեկը 572-91 թվականների հռոմեա-պարսկական պատերազմի ընթացքում։ Հերակլիոսը ղեկավարում է բանակի կենտրոնը Սոլաքոնի ճակատամարտում 586 թվականի գարնանը։ Մարտից հետո նա ուղարկվում է ստուգելւո տեղեկությունն այն մասին, որ պարիսկները ստանում են օգնական ուժեր[2][6]։

Հռոմեա-պարսկական սահմանը 565-591 թվականներին:

Այնուհետև բյուզանդացիները ներխուժեցին Աղձնիք։ Այնտեղ նրանց կողմն անցան երկու հայ զորավարներ, ովքեր համաձայնվեցին ցույց տալ պարսկական հենակետերի դիրքերը։ Հերկալիոսին, ով արդեն երկրորդն էր իր դիրքով Ֆիլիպիկոսից հետո, հրամայվեց գտնել այդ հենակետերը[2][7]։

Հերակլիոսին ուղեկցում էին 20 հոգի։ Ճանապարհին նրանք հանդիպեցին պարսկական ընտրյալ ջոկատի, որից հազիվ հազ կարողացան ճողոպրել։ Գիշերը Հերակլիոսը նամակ ուղարկեց շարժվող պարսկական զորախմբի մասին[2][8]։

Ֆիլիպիկոսը նահանջեց բյուզանդական տարածք, որտեղ սակայն հիվանդության պատճառով անկարող եղավ շարունակել իր գործառույթը և զորքը հանձնեց Հերակլիոսին։ Հերակլիոսը մի քանի անգամ ասպատակեց Մարզպանական Հայաստանը և ձմեռեց Թեոդոսիոպոլիսում[9][10]։

587 թվականի գարնանը Հերակլիոս ղեկաավարությամբ բանակի մեծ մասը շարժվեց պարսկական տարածք և պաշարեց անանուն ինչ-որ բերդ, որը համառ կռիվներից հետո գրավվեց[11][12]։

587 թվականի վերջում Ֆիլիպիկոսը վերադարձավ Կոստանդնուպոլիս և ձմեռվա ընթացքում մնաց Հերակլիոսի ղեկավարության տակ։ Հերակլիոսը քայլեր ձեռնարկեց բարձրացնելու զինվորների կարգապահությունը։ Շուտով տեղի ունեցավ հրամանատարների փոփոխություն և Հերակլիոսին հրամայվեց ետ վերադառնալ Բյուզանդական Հայաստան[13][14][15]"

Կոմենտիոլուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերակլիոսը հիշատակվում է մեկ տարի անց 589 թվականի աշնանը տեղի ունեցած ճակատամարտում: Բանակի հրամատարն էր Կոմենտիոլուսը, որին հետագա պատմիչներից մեկը մեղադրում է վախկոտության մեջ. ըստ նրա տեղեկության, երբ ճակատամարտը շարունակվում էր Կոմենտիոլուսը փախնում է, իսկ բանակի ղեկավարությունն իր ուսերին է վերցնում Հերակլիոս Ավագը, ով տանում է հռոմեացիներին հաղթանակի: Սակայն այս շատ կասկածելի է: Ճակատամարտի ժամանակակից պատմիչի հաղորդագրությամբ Կոմենտիոլուսն անձամբ էր կռվում ճակատամարտում, իսկ Հերակլիոս Ավագի անունն ընդհանրապես չի նշվում: Վախկոտության դրվագը կարող է հորինված լինել փառաբանելու Հերակլիոս կայսեր հորը՝ Հերակլիոս Ավագին[16][17]:

Հայկական ապստամբություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերակլիոսը նշվում է մոտ 595 թվականին, որպես Հայաստանի «մագիստեր միլիտում»։ Նա ուղարկվել էր ճնշելու հայկական ապստամբությունը Արևմտյան Հայաստանում։ Նրան օժանդակում էր Համազասպ Մամիկոնյանը[16]։

Տեղի ունեացած ճակատամարտում, բյուզանդացիները հաղթանակ տարան, իսկ հայոց ապստամբության ղեկավարները կամ սպանվեցին, կամ գերի ընկան[18]։

Չնայած Հերակլիոսը Հայաստանում քիչ մնաց, նրա կապերը հայերի հետ անկասկած ավելի ուժեղացան[19]։

Աֆրիկայի եկսարքոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերակլիոսը հաջորդ անգամ հիշատակվում է 608 թվականին որպես Աֆրիկայի եկսարքոս և պատրիկ։ Նա նշանակվել էր Մորիկ կայսեր կողմից, այդ նշանակում է, որ նա զբաղեցնում էր այդ պաշտոնը ամենաուշը 602 թվականից։ Հերակլիոսը լավ հարաբերություններ ուներ Մորիկի հետ և Աֆրիկայի պալատական կազմը ցավում էր վերջինիս մահվան կապակցությամբ[20]։

Եկսարքոսներն ունեին ահռելի իշխանություն. նրանք օժտված էին և ռազմական, և քաղաքացիական լիազորություններով։ Հերակլիոսի նստավայրն էր Կարթագենը։ 19-րդ և 20-րդ դարի պատմաբանները կապ էին փորձում գտնել Հերակլիոսի Աֆրիկայում եկսարքոս նշանակվելու և նրա ծագմամբ Արևմտյան Հռոմեական կայսրությունից կամ Աֆրիկայից։ Սակայն ներկայում պարզ է, որ այդպիսի կապ չկա։ 6-րդ դարում Արևելահռոմեական կայսրությունում սովորական երևույթ էր դառնալ նշանավոր զորավար արևելքում, հատկապես վերին Միջագետքում, և հետագայում տեղափոխվել Աֆրիկա[20]։

Չնայած որոշ պատմաբաններ համարում են, որ Աֆրիկայի էկզարխությունն անկում էր ապրում 7-րդ դարում բերբերական անընդհատ հարձակումների պատճառով, ներկայումս գերիշխում է այն տեսակետը, որ այդ ժամանակ Աֆրիկան կայսրության ամենահարուստ նահանգներից էր։ Այնտեղ շատ ավելի քիչ ռազմական գործողություններ էին տեղի ունենում, քան Բալկաններում, Միջագետքում և Հայկական լեռնաշխարհում։ Առևտուրը ծաղկում էր. հատկապես ուժեղ էր կապը ֆրանկական Գալիայի հետ։ Զարգացած գյուղատնտեսությունը թույլ էր տալիս աճեցնել ցորեն, ձիթապտուղ և խաղաղ, որը կուշտ էր պահում տեղի բնակչությանը։ Զարգացած էր նաև ձկնորսությունը։

Հերակլիոսն օգտվեց իրենց ընձեռած հնարավորությունից և սկսեց կապեր հաստատել տեղի ազնվականության հետ. օրինակ նրա տղան ամուսնացած էր Աֆրիկայի հողատերերից մեկի աղջկա հետ.[21]։

Ապստամբությունն ընդդեմ Փոկասի[խմբագրել | խմբագրել կոդը]

608 թվականին Հերակլիոս Ավագի գլխավորությամբ Աֆրիկա նահանգն ապստամբեց Փոկաս կայսեր դեմ[21][22]։ Պատմիչները նշում են, որ հիմնական պատճառը Փոկասի կողմից Մորիկի սպանությունն էր, սակայն պատմաբանները համարում էր, որ կար նաև սառը դատողություն[20]։ Կարթագենը գտնվում էր մեծ հեռավարության վրա Կոստանդնուպոլսից, և Փոկասի համար դժվար կլիներ զորք ուղարկել այնտեղ։ Նահանգի հարստութունը կարող էր ֆինանսավորել ապստամբություն։ Կայսրությանը պետք էր ցորեն, իսկ նահանգը բավական հարուստ էր այդ հումքով։ Այդ նույն ժամանակ պարիսկներն իրականավնում էին լայնածավալ հարձակում կայսրության վրա, որը հիանալի հնարավորություն էր ստեղծում ապստամբության համար[23]։

Ոսկե սոլիդուս, որի վրա պատկերված են երկու Հերակլիոսները կոնսուլների հագուստով:

Ապստամբությունից հետո, Հերակլիոս Ավագն ու Կրտսերը հռչակվեցին կոնսուլներ։ Այս քայլով Հերակլիոս Ավագը փորձում էր օրինականացնել իր կայսր դառնալու հավակնությունները, քանի որ կոսնուլի կոչում ունեին միայն կայսրերը[24]։

609-10 թվականներին Փոկասի վիճակը վատթարանում էր։ Կայսրության պաշտպանությունը ճեղքվել էր Սասանյան Պարսկաստանի կողմից։ Նրանք ասպատակում էին Միջագետքը, Հայաստանը, Սիրիան, Փոքր Ասիան։ Հերակլիոսին հավատարիմ ուժերը գրավել էին Եգիպտոսը, սլավոննեն ու ավարները գրավել էին Բալկանների մեծ մասը։ Իսկ Սիրիայում հրեաներն ապստամբություն էին բարձրացրել[22]։

610 թվականին պարսից Շահրբարազ զորավարը մոտենում էր Անտիոքին։ Սակայն Փոկասին ավելի անհանգստացնում էին ապստամբները, ովքեր ներխուժել էին Կիպրոս և Սիրիա, իսկ Հերակլիոս Կրտսերը մեծ նավատորմով մոտենում էր մայրաքաղաք Կոստանդնուպոլսին։ Ապստամբները հասան մայրաքաղաք 610 թվականի հոկտեմբերին։ Քաղաքի միակ պաշտպանները կայսեր անձնական պահակախումբ էր և ձիարշավների երկրպագուների կանաչ և կապույտ խմբավորումներից կազմված անկանոն ջոկատները։ Սակայն Հերակլիոսի մոտենալուն պես կանաչ խմբավորումն ու պահակախումբն անցան ապստամբների կողմից։ Մայրաքաղաքը հեշոտությամբ ընկավ Հերակլիոսի ձեռքը[25]։

Հերակլիոս Կրտսերը հռչակվեց կայսր, իսկ Փոկասն ու նրա մի շարք աջակիցներ սպանվեցին[25]։ Համաձայն պատմիչների Հերակլիոս Ավագը հրճվել էր իր որդու կայսր հռչակվելու մասին լուրերը ստանալով[26]։

Գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Հերակլիոս Ավագն իր ժամանակաշրջանի ակնառու զորավարներից էր, նրա ռազմական հաջողությունները բավական համեստ էին։ Հետագա պատմիչներն անկասկած փորձել են մեծացնել նրա գործողությունների ազեցությունները, որպեսզի ապահովեն Հերակլիոս Կրտսերին մեծ նախնով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կամերոն, Ուորդ Պերկինս և Ուիթբի (2000), էջ. 561
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Մարտինդալ, Ջոնաս և Մորիս (1992), էջ. 584
  3. Թեոֆիլակտ Սիմոկատա, III.1.1; խմբ. Ուիթբի (1986), էջ. 72
  4. Բաբկեն Առաքելյան, "Հայաստանի Խոշոր Քաղաքները", Հայ ժողովրդի պատմություն. հատոր. III. Երևան. Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիա, 1976, էջ. 232
  5. 5,0 5,1 5,2 Cawley, Family of Emperor Heraklius
  6. Թեոֆիլակտ Սիմոկատա, II.5.9–11; (1986), էջեր. 49–50
  7. Թեոֆիլակտ Սիմոկատա, II.7.1, 7.6–11; (1986), էջեր. 51–52
  8. Թեոֆիլակտ Սիմոկատա, II.8.1–5; (1986), էջեր 52–53
  9. Թեոֆիլակտ Սիմոկատա, II.9.16–10.1, 10.4–5; (1986), էջեր. 55–56
  10. Մարտինդալ, Ջոնաս և Մորիս (1992), էջեր. 584–585, 1023
  11. Թեոֆիլակտ Սիմոկատա, II.10.6–7, 18.1–6; (1986), էջեր. 57, 68
  12. Մարտինդալ, Ջոնաս և Մորիս (1992), էջեր. 585, 1023
  13. Մարտինդալ, Ջոնաս և Մորիս (1992), էջեր. 1052–1053
  14. Գրետրիքս և Լյու (2002), էջ. 170
  15. Ութիբի (1988), էջեր. 154, 286–288
  16. 16,0 16,1 Մարտինդալ, Ջոնաս և Մորիս (1992), էջ. 585
  17. Ութիբի (1988), էջ. 290
  18. Ռոբերտ Բեդրոսյան, 1985 թվականի Սեբեոսի թարգամանություն, գլուխ 6-7
  19. Կայեգի (2003), էջ. 22
  20. 20,0 20,1 20,2 Կայեգի (2003), էջ. 25
  21. 21,0 21,1 Կայեգի (2003), էջ. 36
  22. 22,0 22,1 Թրեդգոլդ (1997), էջ. 240 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Treadgold240» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  23. Կայեգի (2003), էջ. 39
  24. Կայեգի (2003), էջ. 40
  25. 25,0 25,1 Թրեդգոլդ (1997), էջ. 241
  26. Հովհաննես Նիկիու, գլուխ CX, 11–13

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող:
Փոկաս
Հռոմեական կայսրության կոնսուլներ
608
համատեղ իշխող Հերակլիոս Կրտսեր
Հաջորդող:
Հերակլիոս Ա