Ճարտարապետության պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճարտարապետի երազանքը, 1840, Թոմաս Քոուլ

Ճարտարապետության պատմություն, գիտություն, որն ուսումնասիրում է ճարտարապետության պատմական զարգացումը ըստ տարբեր ավանդույթների, շրջանների, ոճական ուղղությունների և տարեթվերի։

Ճարտարապետության պատմությունը որպես գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետության պատմությունը միաժամանակ պատմական և տեսական գիտություն է։ Նրա այդ առանձնահատկությունը պայմանավորված է առարկայի ինքնատիպությամբ, այն պարունակում է միաժամանակ ճարտարապետության պատմությունն ու զարգացումը, ճարտարապետության մասին տեսական գիտելիքը, ճարտարապետական լեզուն, ճարտարապետական հորինվածքը, ինչպես նաև որոշակի ժամանակի և վայրի ճարտարապետության այնպիսի ընդհանուր գծերի և նշանների դիտարկումը, որոնք հնարավորություն են տալիս առանձնացնել ճարտարապետական ոճերը։

Ճարտարապետական ոճը որպես որոշակի ժամանակի և վայրի ճարտարապետության հիմնական գծերի ու նշանների ամբողջություն դիտարկելը բնորոշ գիծ է ճարտարապետության պատմության որոշակիացման համար։ Այն նաև որոշակիացնում է նրա ֆունկցիոնալ, կոնստրուկտիվ և գեղարվեստական առանձնահատկությունները։ Ճարտարապետական ոճը ինչպես գեղարվեստական աշխարհայացք մտնում է ընդհանուր ոճի հասկացության մեջ, որը դիտարկում է արվեստի և մշակույթի բոլոր կողմերը՝ ելնելով հասարակության սոցիալական և տնտեսական զարգացումից։

Նեոլիտյան ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկարա Բրեյ բնակավայրի պեղումները

Նեոլիտյան ճարտարապետությունը Նեոլիտ դարաշրջանի ճարտարապետությունն է։ Հարավ արևմտյան Ասիայում նեոլիտյան մշակույթը ի հայտ է եկել մոտ մթա 10000 թ.-ին, սկզբում Լեվանտում (Մինչ կերամիկական նեոլիտ Ա և Մինչ կերամիկական նեոլիտ Բ) և այնտեղից տարածվել է դեպի արևելք և արևմուտք։ Նեոլիտյան մշակույթ է եղել Հարավ-արևմտյան Անատոլիայում, Սիրիայում և Իրաքում մթա 8000 թ.-ին, իսկ սնունդ արտադրող առաջին հասարակությունը հայտնվել է Հարավ-արևելյան Եվրոպայում մթա 7000 թ-ին և Կենտրոնական Եվրոպայում մթա 5500 թ.-ից սկսած, որից ամենահիշարժանն են Ժապավենագծային կերամիկայի մշակույթը և Վինչան։ Շատ փոքր բացառություններով (մի քանի պղնձե տապարիներով և նիզակներով), մինչև եվրոպացիների հետ հաղորդակցվելը, Ամերիկայի և Խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանի ժողովուրդը մնաց նեոլիտյան ժամանակաշրջանում։

Հին Եգիպտոսի ճարտարապետությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Եգիպտոսը գտնվում էր Աֆրիկայում, որտեղ հիմնական բույսերը վատ որակի փայտանյութ տվող պալմաներն են և եղեգը։ Դրանով պայմանավորված՝ այստեղ գլխավոր շինանյութ էին հանդիսանում հում աղյուսը, կրաքարը, ինչպես նաև ավազաքարը և գրանիտը։ Քարը օգտագործվում էր դամբարանների և գերեզմանների համար, աղյուսը՝ դղյակների, ամրոցների, տաճարների ու քաղաքների շրջակայքի կառույցների համար, ինչպես նաև տաճարների օժանդակ կառույցների։ Հինեգիպտական տները կառուցվում էին Նեղոսից ստացած ցեխից։ Այն թողնում էին արևի տակ, որպեսզի չորանա և պիտանի դառնա կառուցման համար։

Մեծ թվով եգիպտական քաղաքներ տեղադրված էին Նեղոսի ափերին, և քանի որ վերջինիս ջրերը ամեն հազարամյակի բարձրանում էին, այդ քաղաքները չեն պահպանվել մինչև մեր օրերը։ Նոր քաղաքները կառուցվում էին հների տեղում։ Եգիպտոսի չորային կլիման պահպանել է որոշ հում աղյուսե կառույցներ՝ Դեյր-Էլ-Մեդինա գյուղը, Կահուն քաղաքը, որն իր վերելքն ապրել է Միջին Թագավորության ժամանակ, Բուհենի և Միրգիսիի ամրոցային կառույցները։ Տաճարային և որոշ այլ կառույցներ պահպանվել են մինչև մեր օրերը, քանի որ գտնվել են Նեղոսից բավականին մեծ բարձրության և հեռավորության վրա, ինչպես նաև կառուցվել են քարից։

Եգիպտական ճարտարապետության մեջ մեծագույն թվով կառույցներն ունեն պաշտամունքային բնույթ, դրանք տաճարներն ու դամբարաններն են։

Հին Եգիպտոսի ճարտարապետությունն ընդունված է բաժանել հինգ շրջանի՝ Վաղ թագավորության ճարտարապետություն, Հին թագավորության ճարտարապետություն, Միջին թագավորության ճարտարապետություն, Նոր թագավորության ճարտարապետություն, Ուշ թագավորության ճարտարապետություն։

Մինչդինաստիական շրջան և Վաղ թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնումենտալ ճարտարապետության կոթողներ համարյա չեն պահպանվել, քանի որ կառուցման հիմնական նյութը հում աղյուսն էր։ Օգտագործվում էր նաև կավ, եղեգ և փայտ։ Քարը օգտագործվում էր միայն որպես հարդարման նյութ։

Այս դարաշրջանին է բնորոշ պալատական ճակատների «սերեխ» տիպը, որոնց պատկերները I դինաստիայի փարավոնների ստելաների վրա։ Այս կառույցներին բնորոշ գծերը ոչ հազվադեպ կրկնվում էին նաև արքայական սարկոֆագների ձևերում։ Պաշտամունքային և հիշատակի կառույցները ավելի լավ են պահպանվել, քան պալատները, դրանք, առաջնահերթ, սրբավայրերն են, աղոթարանները և մաստաբաները։ Սրբավայրերի հարդարանքը դեռևս կապվում է փայտային ճարտարապետության հետ։

Վաղ Թագավորության շրջանում ձևավորվեցին գոգավոր քիվերը և զարդային ծոփորները (գեղանկարչական և քանդակային)։

Տաճարային ճարտարապետության բազմաթիվ ավանդույթներ արտացոլվեցին նաև հիշատակի կառույցներում, որոնք շատ կարևոր նշանակություն ունեին հինեգիպտական մշակույթի համար՝ կապված անդրշիրիմյան պաշտամունքի որոշիչ դերի հետ։ I—II դինաստիաների թաղումները կենտրոնացած էին Մեմփիսի և Աբիդոսի շրջաններում, որոնք դարձել էին անդրշիրիմյան պաշտամունքի կենտրոններ։ Նրանց հետ է կապված դամբարանի «մաստաբա» տիպի զարգացումը։

Հին Թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․թ․ա․ մոտ XXX դարում, I դինաստիայի փարավոն Նարմերի կամ Մենեսի կողմից մեկ թագավորության մեջ միացվեցին Հյուսիսային և Հարավային Եգիպտոսները, և մայրաքաղաք դարձավ Մեմփիսը։

Հզոր կենտրոնացված պետության ստեղծումը փարավոնի իշխանության ներքո, ով հանդիսանում էր Ռա աստծո որդին, թելադրեց նաև ճարտարապետական կառույցների հիմնական տիպը՝ դամբարանը, որն արտաքինից արտահայտում էր նրա աստվածային լինելու գաղափարը։ Բարձրագույն վերելքին Եգիպտոսը հասնում է III և IV դինաստիաների կառավարման օրոք։ Ստեղծվում են արքայական՝ չափերով ամենամեծ դամբարան-բուրգերը, որոնց վրա տասնյակ տարիներով աշխատում էին ոչ միայն ստրուկները, այլ նաև գյուղացիները։ Այս պատմական ժամանակաշրջանը հաճախ անվանում են «բուրգերի ժամանակաշրջան», և դրա առասպելական հուշարձանները չէին կարող ստեղծվել առանց Եգիպտոսում ճշգրիտ գիտությունների և արհեստների փայլուն զարգացման։

Մոնումենտալ քարե ճարտարապետության վաղ հուշարձաններից մեկն է համարվում III դինաստիայի փարավոն Ջոսերի դամբարանային կառույցների համալիրը։ Այն կառուցվեց եգիպտացի ճարտարապետ Իմհոթեփի ղեկավարմամբ և արտացոլեց հենց փարավոնի մտահղացումը (մի քանի անգամ կրելով էական փոփոխություններ)։ Մաստաբայի ավանդական ձևերից հրաժարվելով՝ Իմհոթեփը կանգ առավ վեց աստիճան պարունակող ուղղանկյուն հիմքով բուրգի վրա։ Մուտքը հյուսիսային կողմից էր, հիմքի տակ տեղադրված էին ստորգետնյա միջանցքներ։ Ջոսերի անդրշիրիմյան համալիրի մեջ էին մտնում նաև դամբարան-կենոտաֆը՝ իրեն կից աղոթարանով և խեբսեթի բակը (խեբսեթը ծես է, որը տեղի է ունենում փարավոնի՝ 30 տարի կառավարելուց հետո)։

Աստիճանավոր բուրգեր ստեղծեցին III դինաստիայի այլ փարավոններ ևս (Մեդումի և Դախշուրի բուրգեր)։

Դամբարան-բուրգի գաղափարի իդեալական արտահայտումը Գիզայում կառուցված IV դինաստիայի փարավոնների՝Քեոփսի, Քեփրեմի և Միկերինի հանգստարաններն են, որոնք դեռ հնում արդեն համարվում էին աշխարհի հրաշալիքներից մեկը։ Նրանցից ամենամեծը ստեղծվել է ճարտարապետ Հեմյունունուի կողմից՝ փարավոն Քեոփսի համար։ Յուրաքանչյուր բուրգի մոտ կանգնեցվել է տաճար, որի մուտքը գտնվում էր Նեղոսի ափին և միանում էր տաճարին երկար, փակ միջանցքով։ Բուրգերի շուրջ շարքերով դասավորված էին մաստաբաները։ Միկերինի բուրգը այս շրջանում մնաց անավարտ և կառուցումն ավարտեց փարավոնի որդու օրոք՝ ոչ թե քարով, այլ աղյուսով։

V—VI դինաստիաների հոգեհանգստյան համալիրներում հիմնական դերն անցավ տաճարներին, որոնք առանձնանում են իրենց ճոխությամբ։

Հին Թագավորության վերջին շրջանում ձևավորվում է կառույցի նոր՝ արևի տաճարի տիպը։ Այն կառուցում էին բարձունքում և շրջապատում պարսպով։ Աղոթարաններով ընդարձակ բակի կենտրոնում տեղադրում էին վիթխարի քարե օբելիսկ՝ ոսկեզօծ պղնձե կատարով և ներքևում հզոր զոհասեղանով։ Օբելիսկը խորհրդանշում էր Բեննուի սուրբ քարը, որի վրա, ըստ ավանդության, ծագում էր անդունդից ծնված արևը։ Ինչպես բուրգերը, արևի տաճարը փակ անցումներով միանում էր հովտում գտնվող դարպասներին։ Առավել հայտնի արևի տաճարների թվին է պատկանում Նիուսիրրի տաճարը Աբիդոսում[1]։

Միջին Թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․թ․ա․ մոտ 2050 թվականին Մենտուհոտեպ I-ը նորից միավորեց Եգիպտոսը և վերականգնեց փարավոնների միասնական իշխանությունը՝ Թեբեի հովանու ներքո։ Հարյուրամյակը, որը բաժանում էր Միջին Թագավորությունը Հին Թագավորության անկումի ժամանակաշրջանից, մեծ նշանակություն ունեցավ եգիպտացիների հոգևոր կյանքի համար։ Երկրի բաժանումը, պատերազմները, կենտրոնացման և փարավոնի աստվածային իշխանության անկումը հող նախապատրաստեցին անհատականության զարգացման համար։

Յուրաքանչյուրը սկսեց հոգալ սեփական անմահության մասին։ Այժմ արդեն ոչ միայն փարավոնն ու ազնվականությունն էին հավակնում հանդերձյալ կյանքի արտոնությունների համար, այլ նաև հասարակ մահկանացուները։ Այսպես առաջացավ մահից հետո հավասարության գաղափարը, ինչը միանգամից արտացոլվեց մահացածի պաշտամունքի տեխնիկական կողմի վրա։ Այն բավականաչափ պարզեցվեց։ Մաստաբայի տիպի դամբարանները դարձան ավելորդ ճոխություն։ Հավերժ կյանքի ապահովման համար բավական դարձավ մեկ ստելան՝ քարե սալը, որի վրա գրված էին մոգական տեքստեր և այն ամենն, ինչ պետք էր մահացածին հանդերձյալ աշխարհում։

Սակայն փարավոնները շարունակում էին կառուցել բուրգերի տեսք ունեցող դամբարաններ՝ ցանկանալով ընդգծել գահին տիրելու օրինականությունը։ Դրա հետ մեկտեղ բուրգերի չափերը նկատելիորեն փոքրացան, կառուցման համար երկու տոննա կշռող քարե խորանարդների փոխարեն սկսեցին օգտագործել հում աղյուսը, փոխվեց նաև շարվածքի ձևը։ Հիմքը կազմվում էր ութ հիմնական քարե պատերից։ Վերին հատվածում բուրգերը երեսպատվում էին կրաքարե սալերով, որոնք միանում էին իրար փայտե ամրաններով։ Այնպես, ինչպես Հին Թագավորությունում, բուրգի արևելյան կողմին էր հարում դիահերձման վերին սրահը, որից փակ անցում որ գնում դեպի հովտում գտնվող տաճարը։ Մեր օրերում այս բուրգերը ավերված են։

Բուրգերի կողքին առաջացան դամբարանային նոր կառույցներ, որոնք իրենց մեջ կրում էին ավանդական՝ բրգային և ժայռափոր ձևերը։ Նմանատիպ կառույցներից առավելի նշանակալի էր Մենտուհոտեպ II-ի հանգստարանը Դեյր էլ-Բահարիում։

Միջին Թագավորության նշանավոր կառույցներից է նաև Ամենեմհետ III փարավոնի հոգեհանգստյան համալիրը Հավարայում։ Բուրգը շինված է աղյուսից և երեսպատված՝ կրաքարով։ Առավելապես հայտնի է այս բուրգի ստորին հատվածում գտնվող թաղման սրահը, որը մտել է պատմության մեջ ինչպես լաբիրինթոս։

Լաբիրինթոսը համարվում է ամենատպավորիչը Միջին Թագավորության շրջանում կառուցված բազմասյուն տաճարների մեջ։ Նրա սյուները ոճավորված էին բուսական ձևերով, ինչը համապատասխանում էր տաճարի խորհրդաբանությանը ինչպես արևի աստծու տուն։ Ըստ եգիպտական ավանդության՝ նա ծնվել էր լոտոսի ծաղկից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Афанасьева В., Луконин В., Померанцева Н. Искусство Древнего Египта. // Малая история искусств. Искусство Древнего Востока. — М., 1976.