Հին քարի դարի ուշ շրջանի կայաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վերին պալեոլիթի կայանները, վերին պալեոլիթի մշակույթն ընդգրկում է մոտավորապես մ. թ. ա. 40.000—12.000 թվականների միջև ընկած ժամանակաշրջանը, որ մասամբ համապատասխանում է սառցային երևույթների զարգացման վյուրմյան փուլին։

Վյուրման փուլը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլեյստոցենի վյուրմյան փուլը, չնայած սառցային ծածկույթի փոքր չափերին, բնորոշվում է բացառիկ դաժան կլիմայով։ Ժամանակակից տունդրայի նման աղքատ բուսականության գոտին ընդգրկում է երկրի կենտրոնական գոտիները։ Հայաստանում վյուրմյան ժամանակին է պատկանում Սևանա լճի ավազանի ֆաունան` ցուլը, հյուսիսային եղջերուն և բևեռային ֆաունայի այլ ներկայացուցիչները։ Չորրորդական ժամանակի վերջին և ժամանակակից շրջանի (հոլոցենի) սկզբին են պատկանում Երևան քաղաքից 7 կմ հարավ գտնված ազնիվ եղջերուի, եղջերուի, էշի, ձիու ոսկորները, ինչպես նաև մար­դու գանգը։

Վերին պալեոլիթի դարաշրջանը Հայկական լեռնաշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերին պալեոլիթի դարաշրջանում Հայկական լեռնաշխարհի նախաբնիկները հասնում են տնտեսական, մշակութային և հասարակական զարգացման մի աստիճանի, որը նախնադարյան հասարակության պատմության առավել կարևոր փուլերից մեկն է։ Ներկայումս Հայկական լեռնաշխարհում հայտնի են այդ ժամանակաշրջանի բազմաթիվ կայաններ Արտին լեռան ստորոտներում (Սատանի դար, Արեգունի և Հարավային բլուրներ), Հրազդանի միջին հոսանքում (Արզնի, Նոնոլնիս, Տաճարաբակ, Ճապկերան), Հրազդանի շրջանի (Ջրա­բեր, Ֆանտան, Լուսավան և այլն), ինչպես նաև Աղինի շրջանի Զորաշեն, Բա­լինի շրջանի Սարունչի և Մաստարա գյուղերի սահմաններում, որտեղ քարայ­րային կայաններ կան։ Հրազդանի միջին հոսանքի վերին պալեոլիթյան գորքները հայտնաբերվել են գետի ավելի ուշ դարավանդի վրա, աշելյան և մուստյերյան կայաններից առանձին։ Ակներև է, որ բնակատեղիի ընտրությունն այս շրջանում կապված է եղել այլ հանգամանքների հետ, քանի որ վյուրմյան դարավանդների տեսքը գնալով մոտենում էր այժմեականին։

Նշված կայանների սահմաններում հայտնաբերված են ուշ պալեոլիթյան շրջանի գործիքների բազմաթիվ բնորոշ կոմպլեքսներ, որոնք իրենց նախորդներից տարբերվում են ոչ միայն մշակման տեխնիկական կատարելությամբ, ձևերով ու չափերով, այլև գործիքների զգալի տարբերակմամբ։ Այժմ յուրաքանչյուր գործիք հարմարեցված է աշխատանքային հատուկ պրոցեսի` փայտի, ոսկրի, մորթու մշակմանը, որսի, ձկնորսության և այլ զբաղմունքների համար։

Աշխատանքային գործիքները վերին պալեոլիթի շրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերին պալեոլիթի նոր տիպի գործիքները մեծ չեն, պատրաստված են պրիզմայաձև միջուկից անջատված բարակ շեղբերից, ունեն բազմազան ձևեր, շատ սուր բանող եզրեր, մակերեսի մանրակրկիտ երկակի հարդարում, ամրացված են փայտե կամ ոսկրե կոթերին ու բռնակներին։ Մուստյերյան շրջանի երկու հաստատուն գործիքի (սրածայր և քերիչ) փոխարեն այժմ մարդն իր տրամադրության տակ ունի օբսիդիանե և դացիտե մասնագիտացված և կատարելագործված գործիքների ամբողջ հավաքածու, որն օգտագործվում էր բարդացող տնտեսության զանազան ճյուղերում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ ժողովրդի պատմություն