Հին Եգիպտոսի գյուղատնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հնձվորներ, Թութմոս III-ի կառավարման ժամանակաշրջան, XVIII դինաստիա

Հին Եգիպտոսի գյուղատնտեսությունը կախված է եղել Նեղոսի կանխատեսվող սեզոնային հեղեղումներից։ Ամեն տարի միևնույն ժամանակ կրկնվող Նեղոսի հեղեղումները և նրա հովտի բերրի հողերը եգիպտացիներին թույլ էին տալիս զարգացնել Հին աշխարհի չափանիշներով բարձր արդյունավետություն ունեցող գյուղատնտեսություն և դրա հիման վրա կառուցել հասարակական ինստիտուտներ և պետություն։ Եգիպտացիները լայնածավալ գյուղատնտեսությամբ զբաղվող առաջին ժողովուրդներից մեկն էին[1]։ Ավազանային ոռոգումը[2] հնարավորություն է տվել մշակել սննդային մշակաբույսեր՝ ցորեն և գարի, ինչպես նաև արդյունաբերական գյուղատնտեսական մշակաբույսեր՝ կտավատ և պապիրուս։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Եգիպտոսի քաղաքակրթությունը զարգացել է Հյուսիսային Աֆրիկայի չոր կլիմայում։ Տարածաշրջանի վրա ազդել են մի քանի առանցքային աշխարհագրական գործոններ՝ Արաբական և Լիբիական անապատների[3] հարևանությունը և Նեղոս գետը, որը հոսում է Վիկտորիա լճից դեպի հյուսիս՝ Միջերկրական ծով։ Չոր կլիմայի և տեղումների բացակայության պատճառով Նեղոսի կանոնավոր հեղեղումները որոշիչ նշանակություն են ունեցել հին եգիպտական քաղաքակրթության զարգացման համար։ Գետն ապահովել է բերրի օազիս մեծ անապատի կենտրոնում, որը եգիպտացիներին թույլ էր տալիս զարգացած գյուղատնտեսության հիման վրա կառուցել պետություն։ Եգիպտոսի կախվածությունը գետից՝ որպես կյանքի աղբյուր, ամբողջությամբ եզակի չէր։ Այս կախվածությունը բնորոշ էր մի քանի այլ բարձր հնագույն մշակույթների, այդ թվում Միջագետքի քաղաքակրթության և Ինդոս հովիտտի քաղաքակրթությունը, որոնք ապավինում էին համապատասխանաբար Տիգրիս/Եփրատ և Ինդոս գետերին։

Գյուղատնտեսական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեղոսի ջրբաժան

Նեղոսը և դաշտային տնկարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին որոշվել է Նեղոս գետի երկարությունը՝ 4175 մղոն, և այն աշխարհի ամենաերկար գետն է։ Ջրի հիմնական աղբյուրը Վիկտորիա լիճն է։ Այնտեղից գետը հոսում է դեպի հյուսիս և թափվում Միջերկրական ծով։ Գետի ակունքը դժվար է ստույգ որոշել, և ենթադրվում է, որ այն գտնվում է Ռուանդայում՝ Նիունգվեի անտառում։ Գետն անցնում է 9 երկրով և շատ տարբեր վայրերով՝ անապատներ, ճահիճներ, անտառներ և լեռներ։ Նեղոսն ունի երկու հիմնական վտակներ՝ Կապույտ Նեղոսը, որն սկիզբ է առնում Եթովպիայից և Սպիտակ Նեղոսը, որն սկիզբ է առնում Ռուանդայից։ Թեև Սպիտակ Նեղոսը համարվում է ավելի երկար և նավարկելու համար ավելի մատչելի, սակայն Կապույտ Նեղոսը բերում է գետի ջրի ծավալի մոտ երկու երրորդը։ Նրանց ջրի գույնից էլ որոշվում է վտակների անունները։ Վտակները միանում են Խարթումում, իսկ գետաբերանը Եգիպտոսում ճյուղավորվում է՝ ձևավորելով Նեղոսի դելտան[4]։

Եգիպտացիներն օգտվել են Նեղոսի ջրհեղեղի բնական ցիկլիկ բնույթից։ Քանի որ գետի հեղեղումները կանխատեսելի են, դրա հիման վրա եգիպտացիները կարողացել են զարգացնել իրենց գյուղատնտեսությունը։ Գետի ջրի մակարդակը բարձրացել է օգոստոս և սեպտեմբեր ամիսներին՝ 1,5 մետրով։ Գետի տարեկան այս բարձրացումը հայտնի է որպես հորդահոսք։ Հեղեղումը նահանջել է հոկտեմբերին, ֆերմերները մշակել են խոնավ և բերրի հողը, որտեղ տնկել են իրենց բույսերը։ Հեղեղումից մնացած հողը՝ տիղմը, բերվել է Նեղոսի մերձակայքում գտնվող Եթովպիական լեռնաշխարհից։ Ցորենը ցանել են հոկտեմբերին, երբ ավարտվել է հեղեղումը, և ցորենն աճել է խնամքի նվազագույն ծախսերով մինչ մարտ ամիս, իսկ մայիսին հասունացել է։ Թեև Նեղոսի ջրհեղեղը շատ ավելի կանխատեսելի էր և հանգիստ քան մյուս գետերինը՝ Տիգրիսը և Եփրատը։ Ոռոգման համար պատրաստված ջրանցքները ավերվում և ոչնչանում էին ավերիչ ջրհեղեղի բարձր ջրերից։ Ջրհեղեղների սակավությունը ավելի լուրջ խնդիր էր ստեղծում և դրա պատճառով եգիպտացիները սովամահ էին լինում [5]։

Ոռոգման համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրելու համար մարդիկ օգտվել են ջրամբարներից, Իբուի դամբարանը Դեյր Էլ Մեդինում

Եգիպտացիները Նեղոսի ջրերն սկսել են օգտագործել ոռոգման համար՝ գյուղատնտեսական գործունեության վրա ավելի մեծ վերահսկողություն սահմանելով։ Քաղաքներն ու այգիները հեղեղումից պաշտպանելու համար ջրի հոսքը դուրս է բերվել որոշ գոտիներից։ Ոռոգումը օգտագործվում էր նաև եգիպտացիներին խմելու ջուր ապահովելու համար։ Չնայած նրան, որ ոռոգումը առանցքային գործոն էր գյուղատնտեսական գործունեության մեջ, պետության մասշտաբով ջրային ռեսուրսների վերահսկման նորմատիվ ակտեր չեն եղել։ Ամենայն հավանականությամբ, ոռոգումը տեղի ֆերմերների պարտականությունն էր։ Սակայն եգիպտական հնագիտության մեջ առավել վաղ և ամենատարածված ոռոգման հիշատակումը հայտնաբերվել է փարավոն Կարիճի գավազանի վերին մասում (մ.թ.ա. 3100 թվական)։ Գավազանի վերին մասում պատկերված է մարկեղը ձեռքին ջրանցքի վրա կանգնած փարավոնը, որը ոռոգման ցանցի մասն է կազմում[6]։

Ավազանային ոռոգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին եգիպտացիները մշակել և օգտագործել են ջրի կառավարման հատուկ ձև, որը հայտնի է որպես ավազանային ոռոգում։ Այս եղանակով հնարավոր է եղել վերահսկել գետի ջրի մակարդակի բարձրացումը ու իջեցումը և դրանով իսկ բավարարել ոռոգման հարցում գյուղատնտեսության պահանջները։ Ցանքատարածությունների ոլորտում ձևավորվել է հողային հենասյուների խաչմերուկային ցանց։ Նեղոսի ջրհեղեղից հետո ջուրը պահվել է հողապատնեշներով ձևավորված ավազաններում։ Այս ցանցի ավազաններում ջուրը պահվել ավելի երկար, քան բնական պայմաններում, և հետագայում օգտագործվել է գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ոռոգման համար։ Այնուհետև ավազանում մնացած հեղեղային ջուրն ուղղվել է ջրի մեծ ծավալների կարիք ունեցող այլ ավազաններ։

Այգեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսում այգեգործությունն ու բանջարաբուծությունը նույնպես զարգացել են։ Այգեգործությունն ու բանջարեղենային բույսերի մշակումը, որպես կանոն, Նեղոսի ջրհեղեղներից ողողված տարածքներից ավելի բարձր տեղ են զբաղեցրել, և արդյունքում դրանց մշակման համար մեծ ուժ ու ջանք է պահանջվել[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Julie Solometo Ancient Egypt (англ.) // James Madison University : Лекция. — 2011.
  2. Herman Kees Ancient Egypt: A Cultural Topography. — Chicago: University of Chicago Press, 1978. — ISBN 9780226429144
  3. «Egyptian civilization - Geography - Nile river and desert»։ Canadian Museum of Civilization։ www.historymuseum.ca։ Վերցված է 2019-01-17 
  4. Hoyt, Alia (2008-04-07)։ «How the Nile River Works» (անգլերեն)։ HowStuffWorks։ Վերցված է 2019-01-17 
  5. Postel, Sandra։ «Egypt's Nile Valley Basin Irrigation»։ www.waterhistory.org։ Վերցված է 2019-01-17 
  6. Agriculture. — The Oxford Encyclopedia of ancient Egypt. — 2001. — Т. 1.
  7. Dollinger, Andre։ «An Introduction to the History and Culture of Pharaonic Egypt» (անգլերեն)։ www.reshafim.org.il։ Վերցված է 2019-01-17 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Е. В. Черезов Техника сельского хозяйства Древнего Египта. — Черновцы: ИГУ, 1969.