Հիմարության քարի հեռացնելը (նկար, Բոսխ)
Հիմարության քարի հեռացնելը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Հիերոնիմոս Բոսխ[1] |
տարի | 1500[2] |
բարձրություն | 48,5 սանտիմետր[1] |
լայնություն | 34,5 սանտիմետր[1] |
ուղղություն | վաղ հոլանդական գեղանկարչության[3] |
ժանր | այլաբանություն |
նյութ | յուղաներկ և փայտե տախտակ[4] |
գտնվում է | Պրադո թանգարան |
հավաքածու | Պրադո թանգարան |
մակագրություն | Meester snijt die key ras[5] և Myne name Is lubbert das[5] |
պատկերված են
| |
http://alphaomegaalpha.org/pharos/2019/Autumn/19_Autumn_Caroff.pdf, https://www.artble.com/artists/hieronymus_bosch/paintings/extracting_the_stone_of_madness, http://www.all-art.org/early_renaissance/bosch4.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Cutting the Stone by Hieronymus Bosch Վիքիպահեստում |
Հիմարության քարի հեռացնելը («Հիմարության վիրահատություն») (անգլ.՝ Cutting the Stone), նկար, վերագրվում է նիդերլանդացի նկարիչ Հիերոնիմոս Բոսխին[6]։
Այս գործը նկարչի ստեղծագործության մեջ ներկայացնում է բանահյուսական գիծը։ «Հիմարության քարի հեռացնելը» նկարում` մռայլ, միապաղաղ բնանկարի մեջտեղում, չորս մարդ է տեղավորվել։ Սեղանի կողքի թիկնաթոռին նստած է սպիտակահեր մի պարզամիտ մարդ, որի գլխավերևում կանգնած է ձագարը գլխին բժիշկ-շառլատանը և իրականացնում է «հիմարության քարի» հեռացման վիրահատություն[7]։ Նկարում Բոսխը ավանդական «քարը» փոխարինել է ծաղկի կոճղեզի հետ։ Մեկ այլ ծաղիկ կա սեղանի վրա։ Գործողության ընթացքին հետևում են վանականն ու միանձնուհին։
Բոսխի ժամանակներում գոյություն ուներ հավատալիք. խելագարին հնարավոր էր բուժել, եթե նրա գլխից հանվեին հիմարության քարերը։ Ըստ Բոսխի` խաբեբայությունը մարդկային հիմարության անքակտելի, պարտադիր ուղեկիցն է։ Նրա մոտ` հատկապես վաղ ստեղծագործություններում, բավականին հաճախ են հանդիպում շառլատանների կերպարներ։ Հոլանդական «գլխի մեջ քար ունենալ» արտահայտությունը նշանակում էր «հիմար, խելագար լինել», ինչպես ասում են` «գլխի հետ մի բան այն չէ»։ «Հիմարության քարի» հեռացման սյուժեն տեսանելի է հոլանդական փորագրանկարներում, գեղանկարչության և գրականության մեջ ընդհուպ մինչև XVII դ.: Վերևի և ներքևի դրվագավոր ոսկետառ գոթական գրության մեջ նշված է.
(Միջին նիդերլանդերեն).
Meester snyt die keye ras Myne name Is lubbert Das. (Հայերեն). Վարպե՛տ, հեռացրու՛ քարը: Իմ անունը Լուբբերտ Դաս է: |
Լուբբերտ Դասը նիդերլանդական գրականության զավեշտական (հիմար) կերպար էր։
Ենթադրվում է, որ նկարը նկարվել է հենց Հիերոնիմոս Բոսխի կողմից կամ առնվազն նրա արհեստանոցում[փա՞ստ]:
Սիմվոլիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարի հեռացումը կտավը նկարված է տոնդոյի ձևով (տոնդոն կլոր ձև ունեցող նկար է (իտ. կրճատում` rotondo-կլոր)։ Նկարների այս ձևը հատկապես հայտնի է Վերածննդի դարաշրջանի Իտալիայում, մասնավորապես Ֆլորենցիայում։ Բոսխի մոտ բազմիցս հանդիպում է այս ձևաչափը։ Իտալացի նկարիչների աշխատանքներում Բոտիչելիից մինչև Ռաֆայել, տոնդոն իդեալի խորհրդանիշն է, քանի որ շրջանը հարթության վրա է, իսկ գունդը` տարածության մեջ, Պլատոնի ուսմունքի համաձայն` ամենակատարյալ ձևը։ Բայց Հյուսիսային Վերածննդի մեջ, և Բոսխի մոտ առաջին հերթին, շրջանն ունի այլ իմաստ. այն համընդհանրության, համաշխարհայնության նշան է։ Երբ հոլանդացի նկարիչը շրջանակի մեջ է դնում ինչ-որ կոմպոզիցիա, մենք անմիջապես պետք է ի գիտություն ընդունենք` դրանով նա ընդգծում է, որ մեր առջև ոչ թե եզակի դեպք է, այլ մարդկային ամբողջ տեսակի այլաբանություն։
Սև ֆոնի վրա զարդանախշային գրությունն ասում է. «Վարպե՛տ, հեռացրու՛ քարը։ Իմ անունը Լուբբերտ Դաս է»։ Լուբբերտը կենցաղային անուն է, որը նշանակում է թուլամտություն։
Ձագարը գլխին կերպարը մի տարբերակի համաձայն ծաղրվում է որպես տոնավաճառային ֆարս, զավեշտ` պարզամիտի մեկը կամ ամուսին-եղջյուրակիր։ Մեկ այլ վարկածի համաձայն` շրջված ձագարը խորամանկության նշան է, խաբեության առարկա, որը օգտագործվում է ոչ իր նշանակությամբ։ Բոսխի մոտ հաճախ են հայտնվում այս տեսակի խորհրդանիշներ. որևէ իր, որը իր տեղում չէ կամ օգտագործվում է ոչ այնպես, ինչպես անհրաժեշտ է` որպես ինչ-որ անբնակության նշան։ Խաբեբայի ուղեկից միանձնուհու գլխին գիրք է դրված. կեղծ իմաստության ևս մեկ նշան (կնոջ գլխին դրված գիրքը ընկալվում էր որպես «ուղեցույց» ստախոսների ու խաբեբաների համար. գիտելիքը տեղադրված է ոչ թե ներսում, այլ դրսում)։ Մեկ այլ վարկածի համաձայն` միանձնուհու գլխի վրա պատկերված փակ գիրքը և վիրաբույժի ձագարը համապատասխանաբար խորհրդանշում են, որ գիտելիքն անօգուտ է, երբ գործ ունես հիմարության հետ, և որ նման տեսակի բժշկությունը շառլատանություն է։ Կա նաև տեսակետ, որ ձագարը հղում է ալքիմիային։ Բժշկի գոտու դատարկ սափորը ցույց է տալիս անհագ, անսահման շահամոլությունը։
Վանականը կա՛մ թողություն է տալիս մեղքերին, կա՛մ շեղում է վիրահատվողի ուշադրությունը։ Նրա ձեռքի կուժը, հավանաբար, գինով է։ Եթե միաբանը ներգրավված է վիրահատության մեջ, ապա դա ցավը մոռանալու միջոց է։ Գինին կարող է մատնանշել նաև վանականի հարբեցողությունը։ Որպես կանոն` սափորը բացասական էր դիտվում։ Հիվանդը կապված է այն աթոռին, որի վրա նստած է, նա հանել է վերնահագուստը, բայց խնամքով պահում է պայուսակն ու դաշույնը կողքին։ Այս դրամապանակը հին տեսակի է, բայց մատնանշում է այն անձին, որի ֆինանսական միջոցները բավարար են, որպեսզի արթնացնեն շառլատանների ընչաքաղցությունը։ Հիվանդի դրամապանակը ծակող դաշույնը խաբեություն է խորհրդանշում։ Ավանդաբար նկարը մեկնաբանվում է որպես հակակղերական այլաբանություն, որտեղ վանականը միանձնուհու հետ դժբախտին համոզել են ենթարկվել շառլատանի անօգուտ վիրահատությանը։ Նրանք դավադրության մեջ են թշվառի դեմ։ Եվ հետո կնոջ մոտի քսակը ցույց է տալիս նրա նյութական հետաքրքրությունը, շահախարդախությունը, որ նա է Լուբբերտ Դասին դրդել վիրահատության։
Նկարում, հակառակ սպասումների, ոչ թե քար է հանվում, այլ ծաղիկ, ևս մի ծաղիկ սեղանի վրա է։ Կա վիճելի տարբերակ, ըստ որի, դա կակաչ է, որը միջնադարյան սիմվոլիկայում ենթադրում էր հիմար դյուրահավատություն և/ կամ խաբեություն։ Պարզվել է, որ կակաչները Եվրոպայում հայտնվել են 1530-ականներից ոչ շուտ, այսինքն` Բոսխի մահից երկու տասնամյակ անց[8]։ 1956 թվականին փորձ է արվել բացատրելու քարի և ծաղկի միջև կապը` դիմելով հին բառարաններին։ Պարզվել է, որ «tulpe» բառն ունի ենթատեքստային կապ հիմարության հետ, մեխակները կապված են «keyken» բառի հետ (մի քիչ քար)։ Հնարավոր է` Բոսխը դիմել է խորհրդանիշներին, որպեսզի ծաղիկներ պատկերի քարերի փոխարեն։ Մեկ այլ վարկածի համաձայն` ծաղիկը համեմատվում է արգելված հաճույքների գաղափարի հետ, որն աշխարհի կրոնական նկարում ոչ այլ ինչ է, քան հիմարություն։
Աթոռի տակ գտնվող հողաթափերը խորհրդանշում են ամուսնական հավատարմությունը։
Եթե ուշադիր նայեք, ապա լանդշաֆտում` դարչնակարմրավուն դաշտերում, կախաղանի պատկերն ու խոշտանգումների անիվը հայտնվում են որպես հատուցման անխուսափելի նշան, գուցե և ոչ այս աշխարհում, բայց ինչ-որ հեռավոր ապագայում։ Կախաղանը, անիվը` որպես խոշտանգումների և մահապատժի գործիքներ, Բոսխի կտավներում շատ հաճախ են հանդիպում, հետագայում այդ մոտիվները առկա կլինեն Բրեյգելի մոտ։
Միշել Ֆուկոն իր «Խելագարությունը և քաղաքակրթությունը» («Madness and Civilization». 1961) գրքում նշում է.«Բոսխի հայտնի բժիշկը շատ ավելի խելագար է, քան հիվանդը, ում փորձում է բուժել, և նրա կեղծ գիտելիքները բացահայտում են խելագարության ամենավատ ծայրահեղությունները, որոնք անմիջապես ակնհայտ են բոլորի համար, բացի հենց իրենից»։
Հեղինակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին «Հիմարության քարի հեռացնելը» վիճաբանության առիթ դարձավ Պրադոյի թանգարանի (Մադրիդ), որտեղ պահվում է կտավը, և Հյուսիսային Բրաբանտի թանգարանի միջև, որը նկարչի հայրենիքում անցկացրեց Բոսխի մեծ ցուցահանդեսը Հերտոգենբոսում։ Նկարչի մահվան 500-ամյա ցուցահանդեսին նախորդել է նրա ստեղծագործության երկարատև ուսումնասիրությունը` նախաձեռնած Նիդերլանդների թանգարանի կողմից։ Պրադոյում կարծում էին, որ «Հիմարության քարի հեռացնելը» կտավը նկարել է Բոսխը 1500-1510 թվականների միջակայքում։ Սակայն հոլանդացի հետազոտողները հայտարարեցին, որ այս աշխատանքը ստեղծվել է մոտավորապես 1510-1520 թվականներին կա՛մ Բոսխի արհեստանոցում, կա՛մ նրա հետևորդներից մեկի կողմից։ Հոլանդիայում պատրաստվում էին այն ցուցադրել «Հոլանդացի նկարիչ` Բոսխի հետևորդ» պիտակով, ինչին ընդդիմացան Պրադոյի թանգարանի աշխատակիցները, որոնք կարծում էին, որ նկարի հեղինակը Բոսխն է։ Իսպանացիները նման եզրահանգման հետ չհամաձայնեցին և վերջին պահին հրաժարվեցին տրամադրել «Հիմարության քարի հեռացնելը» Հերտոգենբոսի ցուցահանդեսի համար։
Այլ նկարներ նույն թեմայով
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Յան վան Հեմեսեն, Հիմարության քարի հեռացումը (1545-1550), Պրադո թանգարան, Մադրիդ
-
Մարցելուս Կոֆերմանս (պատճեն Հիերոնիմոս Բոսխի նկարից), Հիմարության քարերի հեռացումը գլխից (պատճենը մոտավորապես 1550-1599). Հյուսիսային Բրաբանտի թանգարան, Հերտոգենբոս
-
Տոդեսկինի, Խելագարության քարի հեռացումը, Ժամանակակից արվեստի թանգարան Անդրե Մալրո, Հավր
Երաժշտության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս նկարը, ինչպես Բոսխի մյուս աշխատանքները, ոգեշնչել է ամերիկյան Wire փանկ ռոք խմբին։ Նրանց The Ideal Copy ալբոմում մի կոմպոզիցիա, որը կոչվում է Madman's Honey (ֆր.՝ le miel du fou), որի բառերը` «վարպետը հանել է քարը, իմ անունն է Լուբբերտ Դաս» (Maître, coupe cette pierre, mon nom est Lubbert Das), ուղղակիորեն վերաբերում են Բոսխի նկարին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.museodelprado.es/en/the-collection/art-work/extracting-the-stone-of-madness/313db7a0-f9bf-49ad-a242-67e95b14c5a2
- ↑ https://www.museodelprado.es/coleccion/obra-de-arte/wd/313db7a0-f9bf-49ad-a242-67e95b14c5a2
- ↑ https://balat.kikirpa.be/object/40002087
- ↑ https://rkd.nl/explore/images/61213
- ↑ 5,0 5,1 https://www.museodelprado.es/en/the-collection/art-work/the-extraction-of-the-stone-of-madness/313db7a0-f9bf-49ad-a242-67e95b14c5a2
- ↑ Ilsink, Matthijs; Koldeweij, Jos; Spronk, Ron; Hoogstede, Luuk (2016). Hieronymus Bosch: Painter and Draughtsman – Catalogue raisonné. New Haven: Yale University Press. ISBN 978-0300-2201-48.
- ↑ Povoledo, Elisabetta (2008 թ․ հոկտեմբերի 27). «In Rome, a New Museum Invites a Hands-On Approach to Insanity». The Economist. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 28-ին. «The logo of the Mind's Museum is an overturned funnel. It is a reference to a 15th-century painting by Hieronymus Bosch that depicts a doctor using a scalpel to extract an object (the supposed "stone of madness") from the skull of a patient. The doctor is wearing a funnel as a hat.»
- ↑ Christenhusz, M. et al. Tiptoe through the tulips – cultural history, molecular phylogenetics and classification of Tulipa (Liliaceae)(անգլ.) // Botanical Journal of the Linnean Society : журнал. — 2013. — В. 3. — Т. 172. — С. 280-328. — ISSN 1095-8339. —
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիմարության քարի հեռացնելը (նկար, Բոսխ)» հոդվածին։ |
|
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Коплстоун Т. Хиеронимус Босх. Жизнь и творчество. - М.: «Лабиринт-К», 1998.
- Девитини А. Босх: Пер. с итал. - М.: ООО «Издательство АСТ»: ООО «Издательство Астрель», 2002.
- Баттилотти Д. Босх: Пер. с итал. - М.: «Белый город», 2000.
- Бозинг В. Босх: Пер. с нем. - М.: Арт-Родник, 2001.
- История искусства зарубежных стран. Средние века, Возрождение / Под ред. Ц. Г. Нессельштраус. - М., 1982.
- Фомин Г. И. Иероним Босх. - М., 1974.
- де Тольнай Ш. Босх. - М., 1992.
- Мартин Г. Босх. - М., 1992.
- Егорова К. С. Три картины Босха на тему «Мыслитель и природа». - М., 1985. - (Советское искусствознание, вып. 19).
- Марейниссен Р. Х., Рейфеларе П. Иероним Босх: художественное наследие. - М., 1998.