Հայ մամուլ (շտեմարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Հայ մամուլ» շտեմարան
Изображение логотипа
tert.nla.am
ԵրկիրՀայաստան
Շտաբ կայանԵրևան
Լեզուհայերեն
ՍեփականատերՀայաստանի ազգային գրադարան
Բացված2014

«Հայ մամուլ» շտեմարան, հայկական շարունակական հրատարակությունների համահավաք գրացուցակ։ Հայաստանի ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարաններից մեկը։ 2014 թվականին հիմնադրվելով[1]՝ շտեմարանը նվիրվել է հայկական առաջին պարբերականի՝ «Ազդարարի» լույս ընծայման 220-ամյակին (1794-2014թթ.) և հայ խմբագիրներին։ ՀԱԳ հայերեն մամուլի հավաքածուում պահպանվում է 4112 անուն պարբերական։

ՀԱԳ տպագիր ժառանգության հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային  տպագիր ժառանգության ամենածավալուն հավաքածուները հայ գրքի և հայ մամուլի[2] շտեմարաններն են, և դրանց ամենամեծ քանակները պահպանվում են Հայաստանի ազգային գրադարանում։ ՀՀ փաստագրական ժառանգության պահպանության կարևորությունն ու  առաջնահերթությունը նկատի առնելով՝ Կառավարությունը 2014 թ. գերակա խնդիրների ցանկում ներառել է Հայկական ժառանգության էլեկտրոնային «Հայ պարբերական մամուլ» և «Հայ գիրք» համահավաք էլեկտրոնային շտեմարանների ձևավորումը [1]։

Ազգային գրադարանի համահավաք շտեմարաններից են նաև Հայաստանի ատենախոսությունների և սեղմագրերի համահավաք պահոցը, ՀԱԳ թվային պահոցը և այլն։

Հայկական մամուլի ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ մամուլի սկզբնավորումը[3] համարվում է 1794 թվականը, երբ Հնդկաստանի Մադրաս քաղաքում հոկտեմբերի 16-ին լույս տեսավ «Ազդարար» ամսագիրը[4]։ Ավելի քան 225 տարիների ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում լույս են տեսել լրագրեր, հանդեսներ՝  որոշակի պարբերականությամբ։ Մեկ անուն հրատարակվել է  18–րդ դ., մեկ անուն՝ 18–19– րդ դդ., 332 անուն՝ 19–րդ դ. և մնացած անունները՝ 20–21–րդ դդ.:

Սկիզբ առնելով Մադրասում՝ հայ մամուլի տպագրությունը այնուհետև տարածվել է ամբողջ աշխարում. «Տարեգրություն» (Վենետիկ, 1799 թ.), «Արմենիա» (Մարսել, 1885 թ.), «Արշալույս Արարատյան» (Զմյուռնիա, 1840 թ.), «Բազմավեպ» (Վենետիկ, 1843 թ.), «Հանդես ամսօրյա» (Վիեննա, 1887 թ.), «Արծվիկ Տարոնո» (Մուշ, 1863 թ.), «Հյուսիսափայլ» (Մոսկվա, 1858 թ.), «Մշակ» (Թիֆլիս, 1872 թ.), «Մուրճ» (Թիֆլիս, 1889 թ.), «Լումա» (Թիֆլիս, 1896 թ.) և այլն։ Հայկական պարբերականների վերաբերյալ մատենագիտական ուսումնասիրությունները երևան եկան 19–րդ դարի կեսերին, երբ հրապարակում գտնվող պարբերականների թիվը չէր անցնում մի քանի տասնյակից։ Դրանք սովորական պարզ ցուցակներ էին, որոնք տպագրվում էին ժամանակին լույս տեսնող պարբերականների՝ «Բազմավէպ» հանդեսի, «Եվրոպա» շաբաթաթերթի, «Փարիզ» թերթի էջերում։

19–րդ դարի երկրորդ կեսին, պարբերականների աճին զուգահեռ, դրանց ուսումնասիրությունը զարգացման նոր փուլ մտավ։ Սկսեցին հրատարակվել ոչ միայն պարբերականների լրիվ ցուցակներ, այլև առանձին պարբերականների կամ առանձին աշխարհագրական վայրում հրատարակված պարբերականներին վերաբերող ուսումնասիրություններ, օրինակ, Յարոյի «Հայոց մամուլը Ռուսաստանում և Կովկասի մէջ» (Թիֆլիս, 1878), Գրիգորիս Գալեմքյարյանի «Պատմություն հայ լրագրության ի սկզբանե մինչև մեր ժամանակը»[5][6] (Վիեննա, 1893), Գարեգին Լևոնյանի «Հայոց պարբերական մամուլը սկզբից մինչև մեր օրերը» (Ալեքսանդրապոլ, 1895) և այլն։

Հայկական պարբերականների թվի վերաբերյալ մամուլի մասնագետների կարծիքները հակասական են[7]։

«Ո՜րչափ ատեն է՝ որ ազգային լրագրաց անգին թերթերը թերևս գրատանց մութ անկիւնները փոշւոյ տակ թաղեալ կը սպասեն՝ որ արդի գրականութեան սիրովը վառեալ գրիչ մը հանէ զիրենք մոռացութեան անյատակ անդունդէն։ Թերեւս քանի քանի անգամ մեծամեծ յոյսերով սնան՝ երբ կարծեցին թէ Հայոց Մատենագրութեան հետամուտ եղողները կը մօտենան իրենց ալ, եւ կը քննեն հիմնովին, սակայն ի զուր եւ ընդ վայր։ Հայոց Մատենագրութեան այն էջերն ալ՝ որ ուրիշ կողմանէ կրնան կատարեալ կոչուիլ եւ մեծամեծ քրտանց արդիւնք համարուիլ, լրագրութեան մասին չեն այնպէս ամբողջական, եւ հետաքրքիր ընթերցողի մը յագուրդ չեն տար»։ Հայր Գրիգորիս վարդապետ Գալէմքեարեան

«Հայ մամուլ» շտեմարանի նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ մամուլ էլեկտրոնային շտեմարանի ստեղծումը մի քանի նպատակ ունի.

  • մեկ հարթակում ներկայացնել հայկական պարբերականների անունների ամբողջ հավաքածուն և փորձ անել հստակեցնելու պարբերականների թիվը,
  • հայկական պարբերականների երկարաժամկետ պահպանութունն ապահովելը։ Հայտնի փաստ է, որ հայկական պարբերականները, հատկապես օրաթերթերը, շաբաթաթերթերը, պատմական Հայաստանի տարբեր վայրերում, գավառներում ու հայկական կենտրոններում կատարվող իրողությունները արձանագրել են վավերական արժանահավատությամբ։
  • պարբերականների թվային կրկնօրինակների ստեղծումով դրանց խոցելիությունը նվազեցնելը և ապա դրանց թվային պատճեններով սպասարկումը կազմակերպելը։ Պարբերականները անսպառ նյութ են պարունակում հայ ժողովրդի պատմության, հասարակական-քաղաքական կյանքի, մշակույթի և այլ բնագավառների վերաբերյալ, և այդ առումով դրանք տարբեր հետաքրքրություններ ունեցող հետազոտողների համար համարվում են անփոխարինելի աղբյուրներ։ Թերևս այդ է պատճառը, որ պահպանության առումով պարբերականները առավել վտանգված են, քան գրքերը։
  • հայկական գրավոր ժառանգության կարևորագույն մաս կազմող պարբերականների քարոզչությունն ու հանրահռչակումը,
  • պարբերականների ոչ միայն գրառումների, այլև պատճենների ամբողջականության վերականգնումը։ Հայ մամուլի ուսումնասիրողներից շատերը մատենագիտական ցանկերի թերությունների ու բացթողումների գլխավոր պատճառներից մեկը համարում են այն, որ աշխարհով մեկ լույս տեսած մամուլի անունների մասին հաճախ մատենագետները տեղեկացված չեն լինում, և դրա հետևանքով այդ անունները կամ դուրս են մնացել ցանկերից կամ թերի են նկարագրվել։ Շտեմարանը ստեղծողները հետամուտ են եղել նաև պարբերականների ոչ միայն գրառումների, այլև պատճենների ամբողջականության վերականգնմանը։ Ուսումնասիրվել են Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի այլ գրադարաններում ու հայագիտական, մշակութային, հոգևոր կենտրոններում պահպանվող պարբերականների լրակազմերը, ձեռք են բերվել պակասող անունների և առանձին համարները թվային պատճենները։

Հայտնաբերվել են նոր, մինչ այդ տպագրված համահավաք մատենագիտական ցանկերում չներառված պարբերականներ[8]։

Շտեմարանի ամբողջականությունը վերականգնելու համար օգտագործվել են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Մատենադարանի, Հայաստանի ազգային արխիվի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի, Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարանի, Երուսաղեմի Գյուլբենկյան, Անթիլիասի Կիլիկիա, Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի մատենադարանների մամուլի հավաքածուները, անձնական գրադարանները։ Պատճեններ տրամադրած գրադարանների անունները նշվում են համարների ներքո։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտեմարանում ներառված է 1794 թվականից մինչև մեր օրերը հրատարակված պարբերականների ավելի քան 6500 գրառում՝ թերթ, ամսագիր, էլեկտրոնային թերթ, էլեկտրոնային ամսագիր, տարեգիր, տեղեկագիր՝ 7,5 միլիոնից ավելի թվայնացված էջ։ Գրացուցակում ներկայացված են ոչ միայն հայերեն, այլև հայատառ թուրքերեն, հայատառ ասորերեն, լատինատառ հայերեն, երկլեզվյան և բազմալեզվյան պարբերականներ, որոնց բնագրի լեզուներից մեկը հայերենն է։ Շտեմարանի կարևոր մաս են կազմում նաև օտարալեզու հայագիտական հանդեսները, ինչպես նաև խմորատիպ, ապակետիպ, դպրոցական ձեռագիր, մեքենագիր, միօրյա տպագիր պարբերականները, որոնք, մամուլի որոշ մատենագետների կարծիքով, մամուլ չեն կարող համարվել և այդ պատճառով չեն ընդգրկվել մատենագիտական համահավաք ցանկերում։ Շտեմարանի մաս են կազմում ՀՀ ազգային փոքրամասնությունների մամուլի անունները։

Հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայ մամուլ» շտեմարանը վիճակագրական տվյալներ ստանալու հնարավորություններ է տալիս։ Օգտագործելով բազմաշերտ և խորացված փնտրման դաշտերն ու ֆիլտրման գործիքները՝ կարող ենք որոնումներ կատարել և արդյունքներ արտածել։ Աշխարհագրական անունների, անձնանունների, կազմակերպությունների թեմատիկ խորագրերի ուղղորդող շտեմարանները թույլ են տալիս առավել արդյունավետ դարձնել որոնումները, նաև տարբերակել արևմտահայերեն, արևելահայերեն, ՀԱԳ մամուլի հավաքածուում առկա և բացակա պարբերականները։ Մատենագիտական գրառումները արտածվում են «Նորմալ դիտում»,  «MARC դիտում», «ISBD դիտում»  ձևաչափերով։ «Կարդալ առցանց» հղումից անցում է կատարվում աղյուսակին,  ընտրվում է տարեթիվը, համարը, որը կարելի է կարդալ, բեռնաթափել և օգտագործել։ «Հայ մամուլ» էլեկտրոնային շտեմարանում յուրաքանչյուր անուն պարբերականի համար ստեղծված աղյուսակները հեշտացնում են օգտվողի որոնողական աշխատանքը և pdf ձևաչափով տեղադրված թվային պատճենի դիտումը։

Շտեմարանի գրառումները կատարվել են Հայաստանի ազգային և ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանների հավաքածուների հիմքի վրա, գրառումների համար որպես սկզբնաղբյուր են ծառայել առկա մատենագիտական ցանկերը։ Հայ մամուլ շտեմարանում արդեն նշաճանաչված մոտ 1,5 միլիոն էջ է տեղադրված։ Շտեմարանի ստեղծման հեղինակային իրավունքը պատկանում է ՀԱԳ-ին և օգտագործելիս հղումը պարտադիր է։

Օգտագործված գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զարգարյան Տ.,Ղազարյան Հ., Գրիգորյան Մ.,  Հայ տպագիր ժառանգությունը պատմության հոլովույթում[9], Կաճառ, 2017, թ. էջ 459-470
  • Դանիէլեան Ժիրայր։ Բանասիրութեան բաւիղներուն մէջ, Երևան, Մուղնի, 2011, 630 էջ
  • Տէր-Խաչատուրեան Ա.,Հայ մամուլի մատենագիտական գործեր, Պէյրութ, 2014. - 693 էջ
  • Յարոյ, Հայոց մամուլը Ռուսաստանում և Կովկասի մէջ, Թիֆլիս, 1878
  • Իշխանյան Ռ., Հայ մատենագիտության պատմություն, Պրակ Ա–Գ, Եր., 1964–1968

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ստեղծվելու է Հայաստանի մշակութային արժեքների էլեկտրոնային շտեմարան». panorama.am. 07/02/2014.
  2. Ղազարյան, Հայկանուշ. ««Հայ պարբերական մամուլ» համահավաք էլեկտրոնային շտեմարանը». Arar.sci.am.
  3. «Հայ լրատվության «ազդարարը»». aravot.am. Նոյեմբեր 02,2002.
  4. «Առաջին հայ պարբերականը 225 տարեկան է». armenpress.am. Վերցված է 2024 թ․ ապրիլի 14-ին.
  5. Գալեմքարյան, Գրիգորիս (1893). Պատմութիւն հայ լրագրութեան․ Ի սկզբանէ մինչեւ մեր ժամանակը. Վիեննա, Ավստրիա: Վիեննա, Մխիթարեան տպարան. էջ 226.
  6. Ասատրյան, Ա. «Գրիգորիս Գալեմքյարյանը և հայ մամուլի պատմության հարցեր» (PDF).
  7. Բաբլոյան, Մ. «Հայ պարբերական մամուլի մատենագիտական ցուցակների մի քանի հարցերի մասին» (PDF). old.ysu.am.
  8. ««Լավագույնս պատկերացում են տալիս հայ գրքի և գրատպության անցած ուղու մասին»». Արխիվացված է օրիգինալից 19/02/2019 18:10-ին.
  9. «Հայ տպագիր ժառանգությունը պատմության հոլովույթում» (PDF). Կաճառ: 459–470. 2017.