Հայաստանում C-130 ինքնաթիռի խոցում (1958)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայաստանում C-130 ինքնաթիռի խոցում
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակինքնաթիռի կործանում
Թվականսեպտեմբերի 2, 1958
ՎայրՆերքին Սասնաշեն, ,
Թռիչքի վայրԻնջիրլիկ ավիաբազազա
Վերջնական կետԻնջիրլիկ ավիաբազազա
Մասնակիցներ17
Զոհվածներ17
Aviation Safety Network ID19580902-2
Օդանավ
ՄոդելC-130A Hercules և ՄիԳ-17
Կոորդինատներ: 40°21′42.999984100007″ հս․ լ. 43°58′58.000008099997″ ավ. ե. / 40.36194444002777715° հս․. լ. 43.98277778002777438° ավ. ե. / 40.36194444002777715; 43.98277778002777438
C 130 Ա-2 Հերկուլես ինքնաթիռ

C-130 ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել 1958 թ․ սեպտեմբերի 2-ին, երբ ամերիկյան հետախուզական ինքնաթիռը կործանվել է սովետական Միգ-17 ինքնաթիռի կողմից՝ Խորհրդային Հայաստանի տարածքում՝ Ներքին Սասնաշեն գյուղի մոտակայքում։ Ինքնաթիռի ողջ անձնակազմը՝ 17 զինծառայող զոհվել է։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ Համաշխարհային պատերազմից անմիջապես հետո ԱՄՆ Օդային ուժերը սկսել են իրականացնել հետախուզական թռիչքներ Խորհրդային Միության ու Արևելյան Եվրոպայի տարածքով[փա՞ստ]։ Հետախուզական նպատակներով դեռևս 1947 թվականից ԱՄՆ զորքերը օգտագործել են Բ-17 ու Բ-29 ինքնաթիռներ։ B-29-ներ կիրառվել են Հեռավոր Արևելքում, Կուրիլներում, Սիբիրում ու Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում, իսկ Եվրոպական տարածքում օգտագործվել են երկու Բ-17 ինքնաթիռներ։ 1947 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանատությունը խիստ կերպով արձագանքել այդ գործողություններին[1]։ Սովետական առաջին հարվածը տեղի է ունեցել 1949 թվականի հոկտեմբերի 22-ին Ճապոնական ծովում, սակայն ամերիկյան ինքնաթիռը կարողացել էր անհավանական կերպով փրկվել սովետական կործանիչներից։ Հաջորդող 23 տարիների ընթացքում ԽՍՀՄ օդուժը իրականացրել է շուրջ 30 հարձակում ԱՄՆ ու իր դաշնակիցների հետախուզական ինքնաթիռների դեմ, որոնցից 13-ի դեպքում կործանվել է ԱՄՆ օդուժի ինքնաթիռ։ Առաջին խոցումը տեղի է ունեցել 1950 թվականի ապրիլի 8-ին, վերջինը՝ 1964 թվականի մարտի 10-ին[1]։

Սովետական տարածքը հիմնականում մնում էր գաղտնիք ԱՄՆ զորքերի համար՝ բացառությամբ Մոսկվայի, Լենինգրադի, Մուրմանսկի ու մի քանի այլ տարածքների, որտեղ տարբեր ժամանակ տեղակայվել են ԱՄՆ զորքերի ստորաբաժանումներ։ 1956-ից սկսած U-2 ինքնաթիռի մի շարք թռիչքների արդյունքում պարզ է դարձել, որ ԽՍՀՄ միջմայրցամաքային հրթիռները զգալի կերպով գերազանցում են իրենց ամերիկյան մրցակիցներին։[1]։

1957 թվականին ACRP ծրագրի շրջանակներում շուրջ կես տարի արևելյան Եվրոպայում ԱՄՆ-ը իրականացրել են 1535 ժամ թռիչք։ 1958 թվականին Հետախուզության ղեկավարը կասեցրել է թռիչքները՝ վերլուծելու ստացված արդյունքերը Սովետական Միության ողջ սահմանային շրջաններից։ Ստացված արդյունքները գերազանցել են նախնական ակնկալիքները, ու թռիչքները վերսկսվել են[1]։

ԽՍՀՄ պայքարը ԱՄՆ հետախուզական ինքնաթիռների դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-1964 թվականներին ԽՍՀՄ տարածքում ոչնչացվել է 13 ԱՄՆ հետախուզական ինքնաթիռ։ 1983 թվականին խոցված ամերիկյան ինքնաթիռների թիվը հասավ 27-ի, իսկ պարտադրված վայրէջք էր կատարել 60-ը[2]։

Ամսաթիվ Ինքնաթիռի մոդել Կործանման վայրը
Ապրիլի 8, 1950 USN PB4Y2 Privateer Բարենցի ծով
Նոյեմբերի 6, 1951 USN P2V Neptune Ճապոնական ծով
Հունիսի 13, 1952 USAF RB-29 Ճապոնական ծով
Հոկտեմբերի 7, 1952 USAF RB-29 Կուրիլյան կղզիներ
Հուլիսի 29, 1953 USAF RB-50 Ճապոնական ծով
Սեպտեմբերի 4, 1954 USN P2V Neptune Ճապոնական ծով
Նոյեմբերի 7, 1954 USAF RB-29 Կուրիլյան կղզիներ
Սեպտեմբերի 10, 1956 USAF RB-50 Ճապոնական ծով
Սեպտեմբերի 2, 1958 USAF C-130 Հայկական ՍՍՀ
Մայիսի 1, 1960 CIA U-2 Սվերդլովսկ
Հուլիսի 1, 1960 USAF RB-47 Բարենցի ծով
Մարտի 10, 1964 USAF RB-66 ԳԴՀ

C-118 պարտադրված վայրէջքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականի հունիսի 27-ին ամերիկյան C-118 «Liftmaster» տիպի լրտեսական ինքնաթիռը մուտք է գործել Հայաստանի տարածք՝ Երևանից 30 կմ հարավից։ Սովետական սահմանապահ ինքնաթիռները ստիպել են նրան վայրէջք կատարել դաշտային օդանավակայանում։ Զինվորականներից ոմանք օգտվել են պարաշյուտներից, իսկ մյուսները ձերբակալվել են հատուկ ծառայությունների կողմից[2]։

C-130-ի կործանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականի սեպտեմբերի 2-ին ԱՄՆ օդուժի C-130 հետախուզական ինքնաթիռը՝ 17 հոգի անձնակազմով, օդ է բարձրացել Ադանայի Ինջիրլիկ ռազմաբազայից ու ուղղվել դեպի Տրապիզոն։ 17 հոգուց 6-ը եղել են ռուսերեն լեզվի մասնագետ-լեզվաբաններ, 11-ը՝ սպասարկող անձնակազմ ու կապի մասնագետներ։

Ինքնաթիռը նկատվել է Սովետական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից կործանումից 32 րոպե առաջ։ Կործանումից 11 րոպե առաջ օդ է բարձրանում սովետական ՄԻԳ-17 ինքնաթիռը։ Կործանումից 8 րոպե առաջ ամերիկյան օդանավը անհասկանալի պատճառներով պտտվում է արևելք ու հատում Հայաստանի սահմանը։ Սովետական համակարգերում նրա կարգավիճակը «Թշնամական/չբացահայտված»-ից փոխվում է «Զավթիչ»-ի։ Դրանից հետո օդ է բարձրանում սովետական ևս 2 ինքնաթիռ[1]։ Խորհրդային ՄԻԳ-երը փորձում են կապ հաստատել ԱՄն ինքնաթիռի հետ, սակայն ինքնաթիռը կապի դուրս չի գալիս[փա՞ստ]։ Այնուհետև կտրուկ պտտվում է և ուղղություն վերցնում դեպի երկրի խորքը, որից հետո խորհրդային օդաչուները խոցում են հետախուզական ինքնաթիռը[2]

Սովետական օդաչուների խոսակցությունների ընթացքում ասվել է հետևյալը[փա՞ստ].

Տեսնում եմ թիրախը... Այն մեծ է... Հարձակվում եմ... Թիրախը տրանսպորտային է, 4 շարժիչով... Թիրախը այրվում է... Հարվածը հաջող է... Թիրախը կորցնում է բարձրություն... Կրակ եմ բացում ... Պոչը պոկվեց ... Նայեք, չի փախչի, արդեն ընկնում է ... Այն ընկնում է... Թիրախը կորցրել է ղեկավարումը, ընկնում է... Թիրախը շուռ է եկել .... Այն ընկնում է....

Ինքնաթիռը վայր է ընկնում Թալինի մոտակայքում՝ Սասնաշեն գյուղից 200 մետր հյուսիս։ Դեպքի վայր գյուղացիներից հետո հասնում են հատուկ ծառայության ներկայացուցիչները, սահմանազատում տարածքում ու տեղացիներին հորդորում կատարվածի մասին ոչ մեկի չպատմել[2]։

Հետաքննություն ու ինքնաթիռների հայտնաբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կործանված ինքնաթիռի թռիչքի քարտեզը

Խոցումից 4 օր անց ԱՄՆ պաշտոնապես դիմել է Սովետական Միությանը ու Իրանին՝ խնդրելով տրամադրել հնարավոր տեղեկատվություն կորած ինքնաթիռի մասին։ Նախապես ԽՍՀՄ կողմից ստացվել է պատասխան, որ տեղում որևէ տեղեկությունների չեն տիրապետում։ Սակայն սեպտեմբերի 12-ին Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը տեղեկացրել են, որ ինքնաթիռը հայտնաբերվել է Հայաստանում՝ Երևանից շուրջ 55 կմ հյուսիս-արևմուտքում։ Հայտնաբերվել է նաև 6 մահացած մարդկանց մարմնի հատվածներ, որոնք շուտով փոխանցվել են ամերիկյան կողմին։ Ըստ Մայքլ Պետերսոնի հրապարակած քարտեզի՝ կործանման վայրը մոտ է Թալին քաղաքին։ Հաջորդ օրը ԱՄՆ դեսպանը դիմում է՝ ստանալու տեղեկատվություն մնացած 11 անձանց մասին, սակայն որևէ տեղեկատվություն չի տրամադրվում։ Իշխանությունները նաև հերքում են փաստը, որ ինքնաթիռը կործանվել է սովետական հակաօդային ուժերի կողմից։ ԱՄՆ դեսպանը իր հերթին նշում է, որ ունեն տեղեկություն, որ ամերիկյան ինքնաթիռի ընթացքը կասեցվել է 3 սովետական ինքնաթիռների կողմից, որոնք ուղորդել են նրան, իսկ այնուհետև լսվել է պայթյուն ու C-130-ը վայր է ընկել[1]։ ԱՄՆ կողմից շրջանառության մեջ է դրվել վարկած, համաձայն որի, ԱՄՆ ինքնաթիռը մոլորվել է ու այդ պատճառով հայտնվել ԽՍՀՄ տարածքում[2]։

Հետագա ամսվա ընթացքում հրապարակվել են Թուրքիայում տեղակայված զինուժի կողմից արված ձայնագրությունները։ Ամերիկյան ու Բրիտանական զինուժը հրապարակել են տվյալների ու խոսակցությունների իրարամերժ երկու տարբերակ, որոնք հետագա ամսվա ընթացքում կոոդինացվել ու շտկվել են։ Նոյեմբերի 13-ին ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանին փոխանցվում են ապացույցները, որ ինքնաթիռը կործանվել է սովետական զինուժի կողմից։ Դեսպանը ընդունել է փաստաթղթերը, բայց հրաժարվել է լսել աուդիո ձայնագրությունը։

1959 թվականի հունվարի 16-ին ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի նախագահի առաջին տեղակալ Անաստաս Միկոյանը հերքել է, որ ինքնաթիռը կործանել են սովետական ուժերը ու պնդրել, որ իրենք չունեն որևէ տեղեկություն փնտրվող 11 անձանց մասին։

Վերադարձված 6 անձնանց մարմինները պատվով թաղվել են Արլինգտոնյան գերեզմանատանը՝ ԱՄՆ-ում 1959 թվականի փետրվարի 9-ին[3]։

Հետխորհրդային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին ԱՄՆ բանակի ներկայացուցիչներին տրվել է հնարավորություն այցելելու ինքնաթիռի կործանման վայրը, որտեղ հայտնաբերվել է մարդկային մնացորդների շուրջ 2000 ոսկոր, ատամի մնացորդներ, բժշկական սարքավորումների մնացորդներ, անձնական իրար ու ինքնաթիռի մնացորդներ։ Տեղանքի զննությունը ցույց է տվել, որ ինքնաթիռի անձնակազմի ոչ մի անդամ կենդանի չի մնացել[3]։

Նոր հայտնաբերված մնացորդները նույնպես թաղվել են Արլինգտոնյան գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]