Հայաստանի ազգային անվտանգության մարմիններ
Հայաստանի ազգային անվտանգության մարմիններ, Ազգային անվտանգությունը (ԱԱ) պետության և հասարակության այնպիսի կացությունն է, երբ ապահովված են անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութ, և հոգևոր արժեքների, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությունը ներքին ու արտաքին սպառնալիքներից։
Հայաստանի ազգային անվտանգության մարմինների կազմվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի ազգային անվտանգության մարմինները հանրապետության անվտանգության միասնական համակարգի բաղկացուցիչ մասն են և իրենց իրավասության սահմաններում ապահովում են անձի, հասարակության ու պետության անվտանգությունը։ Կազմված են կենտրոնական և մարզային մարմիններից, սահմանապահ զորքերից, ուսումնական կենտրոններից, հատուկ նշանակության և այլ ստորաբաժանումներից։
ԱԱ-յան մարմինների գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱԱ-յան մարմինների գործունեությունն իրականացվում է հետախուզության, հակահետախուզության, ռազմական, հակահետախուզության, պետական սահմանի պահպանության և հանցագործությունների դեմ պայքարի ուղղություններով։ ՀՀ անվտանգության նոր համակարգը ձևավորվել է անկախության հռչակումից (1991) հետո՝ Ադրբեջանի հետ խորացող հակամարտության և Թուրքիայի կոշտ քաղաքականության պայմաններում։ Երկրի ներքին անվտանգության ապահովման աշխատանքին զուգընթաց կատարվել են նաև արցախահայության և Ադրբեջանի հետ ՀՀ սահմանամերձ շրջանների բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման միջոցառումներ։ ՀՀ ԱԱ մարմինների, հասարակության և պետության համար լուրջ փորձություն էր 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում Նաիրի Հունանյանի հանցախմբի կատարած ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվել են Աժ-ի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և ուրիշներ։
ՀՀ Կառավարության կառուցվածքի և կազմի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]«ՀՀ Կառավարության կառուցվածքի և կազմի մասին» ՀՀ օրենքով (1991) Պետական անվտանգության կոմիտեն (ՊԱԿ) վերանվանվել է ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության (ԱԱՊՎ)։ 1995 թվականին ՀՀ ԱԱՊՎ-ն վերակազմավորվել է ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ, նախարար՝ Սերժ Սարգսյան), 1996 թվականի նոյեմբերին ԱԱՆ-ն միավորվել է ՆԳՆ-ի հետ և կոչվել ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարություն (կառույցը շարունակել է ղեկավարել Ս. Սարգսյանը՝ մինչև 1999 թվականի նոյեմբերին)։ 1999 թվականի նոյեմբերիին նախարարությունը տարանջատվել է՝ ՆԳՆ-ի և ԱԱՆ-ի (նախարար՝ Կառլոս Պետրոսյան՝ 1999-2004)։ Վերջինս 2002 թվականի դեկտեմբերին վերակազմավորվել է ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ, պետ՝ գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյան՝ 2004 թվականից)։
2016 թվականի Փետերվարի 12 Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 34-ամյա Գեորգի Կուտոյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն՝ ազատվելով գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից։
ՀՀ սահմանապահ զորքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ սահմանապահ զորքերն ստեղծվել են 1992 թվականի փետրվարին՝ ՀՀ ՊՆ կազմում, իսկ 1993 թվականի սեպտեմբերին տրվել են ՀՀ ԱԱՊՎ-ի ենթակայությանը։ 1993 թվականիի դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության հետ կնքվել է միջպետական պայմանագիր՝ «ՀՀ տարածքում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործառույթների իրագործման պայմանների մասին», որով հայ և ռուս սահմանապահները համատեղ իրականացնում են Թուրքիայի և Իրանի հետ ՀՀ 350 կմ երկարության սահմանի պաշտպանությունը։ ՀՀ սահմանապահների ներկայիս խնդիրներն են՝ ահաբեկչության, մաքսանենգության, ապօրինի միգրացիայի, մարդկանց առևտրի և այլ հանցագործությունների դեմ պայքարը։ ՀՀ սահմանապահները համագործակցում են ԱՊՀ երկրների սահմանապահների հետ տեղեկատվության փոխանակման, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում։ ՀՀ սահմանապահի օրը նշվում է ապրիլի 26-ին (1994 թվականի այդ օրն ընդունվել է ««ՀՀ պետական սահմանի մասին» ՀՀ օրենքը կիրարկելու մասին» ՀՀ ԳԽ որոշումը)։ Դեկտեմբերի 20-ը ՀՀ ԱԱ մարմիններում աշխատողի օրն է։ Հայաստանում ներքին և արտաքին ան¬վտանգության ապահովման գործն սկզբնավորվել է դեռևս հնագույն ժամանակներից։ Պետության զարգացման տարբեր փուլերում անվտանգության միջոցառումների համակարգը վստահել են ինչպես արքունիքի առանձին պաշտոնյաների ու նրանց ենթականերին, այնպես էլ նախարար, (գործակալություններ) տներին։ Երկրում պետականության կորստից հետո անվտանգության համակարգը վերացել է։ Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920) տարիներին, ի թիվս պետական այլ կառույցների, ստեղծվել է նաև ռազմական նախարարություն, որի գլխավոր շտաբում գործել է հետախուզության բաժամունք։ 1918 թվականի օգոստոսի 8-ին գլխավոր շտաբի հակահետախուզության աշխա¬տանքների ղեկավար է նշանակվել Արտեմի Հովհաննիսյանը (Հովհան Խան-Կոտորսկի կամ Դոթուրի)։ 1919 թվականիի սեպտեմբերին բաժանմունքը ղեկավարել է Ալեքսանդր Շնուրը, 1919 թվականիի հունվարից մինչև 1920 թվականի ապրիլը՝ Վահագն Մուրադյանը, 1920 թվականի ապրիլ-դեկտեմբեր՝ Տիգրան Դևոյանը։ Հետախուզության բաժանմունքում գործել են նաև հետախուզության, հակահետախուզության, հանցագործության դեմ պայքարի, դիտարկման և գործակալների աշխատանքների ղեկավարման ստորաբաժանումներ։ Հայաստանի անվտանգության համակարգի զարգացման 2-րդ փուլն սկսվել է երկրում խորհրդային ռեժիմի հաստատումով (1920 թվականի դեկտեմբերի 2-ին), երբ համակարգն իր տեղական բնույթի մասնակի յուրահատկություններով դարձել է ԽՍՀՄ հատուկ ծառայությունների մասը։ 1920 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հեղկոմի դեկրետով ստեղծվել է Հանրապետության արտակարգ հանձնաժողով (ռուսերեն հապավումը՝ ՉԿ՝ չեկա)՝ 1917 թվականին ստեղծված Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի նմանությամբ, իսկ Կարմիր բանակում՝ հակահեղափոխական հանցագործությունների դեմ պայքարի հանձնաժողովին կից՝ Հատուկ բաժին (պետեր՝ Նիկոլայ Այվազով, Շավարշ Ամիրխանյան, Սերգեյ Մելիք-Օսիպով)։ 1926 թվականին Հայաստանի անվտանգության համակարգը վերակազմավորվել է Պետական քաղաքական վարչության (ՊՔՎ), որն զբաղվել է միայն պետական անվտանգությանը վերաբերող հարցերով և ենթարկվել է 1924 թվականին ստեղծված ԽՍՀՄ Միացյալ պետքաղվարչությանը։ ՀԽՍՀ ՊՔՎ-ն ղեկավարել են Սեդրակ Մարգարյանը, Հայկ Պետրոսյանը, Սեդրակ Օտյանը, Ս. Մելիք-Օսիպովը, որոնք 1937-1938 թվականներին դարձել են ստալինյան բռնաճնշումների զոհ։ 1934-1941 թվականներ֊ին անվտանգության մարմինները գործել են ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (ՆԳԺԿ) կազմում։ 1941 թվականի փետրվարին ՆԳԺԿ-ից անջատվել է Պետանվտանգության ժողկոմատը, 1946-1953 թվականներին՝ պետանվտանգության նախարարություն (ՊԱՆ)։ Հայրենական, մեծ պատերազմի տարիներին(1941-1945) և 1952-1954 թվականներին Հայաստանի պետանվտանգության մարմինների աշխատանքները ղեկավարել է Գեորգի Մարտիրոսովը, 1945-1947 թվականներին՝ Նիկիտա Քրիմյանը, 1947-1952 թվականներին՝ Սերգեյ Կորխմազյանը։ Ստալինյան բռնապետության շրջանում պետանվտանգության մարմինների գործունեության մեջ տեղ են գտել բազմաթիվ խեղաթյուրումներ։ Նրանք վերածվել են Երկրի ղեկավարության պատժիչ քաղաքականությունն իրականացնող գործիքի և դարձել տասնյակհազարավոր մարդկանց աքսորի ու կործանման պատճառ։ 1953-1954 թվականներին ՊԱՆ-ը դարձյալ միավորվել է ՆԳՆ-ի հետ, իսկ 1954 թվականին առանձնացվել է որպես ՀԽԱՀ պետանվտանգության կոմիտե։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |