ՀՀ ներքին դրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1988 թվական Գյումրի

Հայաստանի Հանրապետության ներքին դրությունը, 1988 թվականի երկրաշարժի հետևանքով կյանքը երկրի տարածքի 1/3 մասում կազմալուծվել էր, ժողտնտեսությունն ավելի քան 13 միլիարդ ռուբլու վնաս էր կրել։ Չնայած 113 պետությունների և միջազգային բազմաթիվ կազմակերպությունների համակողմանի օգնությանը՝ հնարավոր չի եղել վերականգնել աղետի գոտին։ 1989-1992 թվականներին խորացող տնտեսական ճգնաժամին ավելացել են նաև գրեթե լիակատար շրջափակման, ինչպես նաև Արցախյան պատերազմով և 1990 թվականից հանրապետություն բռնագաղթած փախստականներով պայմանավորված դժվարությունները։ Ատոմակայանի փակման և էլեկտրաէներգիայի ու վառելանյութի բացակայության պատճառով սկսվել են զանգվածային ծառահատումները, որոնք երկիրը կանգնեցրել են բնապահպանական աղետի առջև։ Այդպիսի իրավիճակում տնտեսության մեջ անցում է կատարվել ազատ շուկայական հարաբերությունների։

Երկրաշարժից հետո առաջին քայլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» և հոկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» օրենքներով կատարվել են պետական մենատիրության վերացման և շուկայական հարաբերությունների ձևավորման առաջին քայլերը։

Տնտեսական բարեփոխման գործընթացում պետությունն ի սկգբանե որդեգրել է արտադրության մեջ իր դերը կրճատելու և մասնավոր բաժինը տնտեսական զարգացման հիմնական աղբյուր դարձնելու քաղաքականություն։ Դրա իրականացման հետևանքով արդեն 1999 թվականին համախառն ներքին արտադրանքի 85%-ը ձևավորվել է մասնավոր հատվածում, որն ապահովվել է ի հաշիվ զանգվածային սեփականաշնորհման և նոր՝ մասնավոր բիզնեսի մուտքով շուկա։

Անկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարությունը շուկայական տնտեսությանն անցնելու հիմնական բաղադրիչը համարել է գների ազատականացումը, որն անցկացվել է մի շարք փուլերով և ուղեկցվել բնակչության սոցիալական դրության կտրուկ վատթարացմամբ։ Մինչև 1994 թվականը երկրի տնտեսությունը կտրուկ անկում է ապրել, որի պատճառները ոչ միայն Հայաստանի փաստացի շրջափակումն ու նախկին տնտեսական կապերի խզումն էին, այլև տնտեսական վերափոխումների իրականացման ձևերի անարդյունավետությունն ու փորձի բացակայությունը։

Մասնավորեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարությունը ձեռնամուխ է եղել գյուղատնտեսական հողերի, պետական (հանրային) բնակարանային ֆոնդի, պետական ձեռնարկությունների ու անավարտ շինարարական օբյեկտների մասնավորեցմանը։ Հայաստանը, նախկին ԽՍՀՄ հանրապետություններից առաջինը, 1991 թվականին կարճ ժամանակամիջոցում, առանց լուրջ նախապատրաստման, հաշվառման ու գնահատման, սեփականաշնորհել է հողը, լուծարել անգամ նախկինում արղյունավետորեև գործող տնտեսությունները, որի հետևանքով գյուղում ձևավորված արտադրական ու սոցիալական ենթակաոուցվածքները մասնատվել ու փոշիացել են։ Անասնապահության բնագավառում սեփականաշնորհման անվան տակ համատարած կողոպտվել են տասնամյակների ընթացքում ստեղծված ֆերմաները։

1991-1992 թվականին լուծարվել են հանրապետության մոտ 900 կոլտնտեսություններն ու պետական տնտեսությունները, որոնք թողարկում էին ճյուղի արտադրանքի ավելի քան 90 %-ը։ Դրանց փոխարեն ձևավորվել են 320 հազարից ավելի անհատ, գյուղացիական տնտեսություններ, որոնց փոխանցվել են հողերի 66 %-ը և նախկին կոլտնտեսությունների գրեթե ողջ հիմնական միջոցները։ Այդ ամենի շնորհիվ գյուղատնտեսական արտադրությունն սկզբնական շրջանում այնպիսի ճգնաժամ չի ապրել, ինչպես արտադրությունը կամ շինարարությունը, թեև 1993 թվականին ոլորտի զուտ արտադրանքի ծավալը 1989 թվականի նկատմամբ նվազել է 18 %-ով։ Այդուհանդերձ, 1990-ական թվականներին գյուղատնտեսության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում ունեցել է աճի միտում։ Եթե խորհրդային շրջանում այն կազմել է 12-12,5 %, ապա 1990 թվականին՝ 12,2 %, 1999 թվականին՝ 25,3 %, իսկ 2001 թվականին՝ 28 %։

Սակայն անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների, կարգավորված արտադրական հարաբերությունների, պետական հովանավորության բացակայության պատճառով գյուղատնտեսությունը հետագայում մեծ անկում է ապրել։ Սակավահող Հայաստանում 1996 թվականին ցանքատարածությունները կրճատվել են մոտ 100 հազար հեկտարով (ավելի քան 20 %), բազմամյա տնկարկների տարածությունը՝ ավելի քան 30 հազար հեկտարով (35,9 %), խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը՝ 191,1 հազարով (27,7 %), ոչխարներինն ու այծերինը՝ 437 հազարով (33,8 %), խոզերինը՝ 245 հազարով, թռչուններինը՝8261,1 հազարով։

Արդյունքում մի շարք սխալների պատճառով գյուղատնտեսությունը չի հարմարվել շուկայական հարաբերություններին

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Միության փլուզումից հետո խոր ճգնաժամի մեջ է հայտնվել նաև Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղը՝ արդյունաբերությունը նրա մի շարք ճյուղեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով դադարել են գործել։ 1990-1993 թվականներին ԱՊՀ երկրներից ամենամեծ անկումը գրանցվել է Հայաստանի Հանրապետության արդյան մեջ՝ մոտ 60,3 %։ 1992 թվականին նախորդ տարվա համեմատությամբ արձանագրվել է ՀՆԱ-ի 41,8 %-ի անկում՝ ԱՊՀ-ի համանման միջին ցուցանիշը գերազանցելով ավելի քան 6 անգամ։

Սեփականաշնորհման վատ հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերության ոլորտում չհիմնավորված արագացված սեփականաշնորհումն ըստ էության վերածվել է վիթխարի կառույցների փոշիացման և յուրացման։ Ձեռնարկությունների սեփականաշնորհումն իրականացվել է 2 փուլով՝

  • 1992-1993 թվականից սկսվել է «փոքր օբյեկտների սեփականաշնորհումը»,
  • 1995 թվականից՝ միջին և խոշոր ձեռնարկությունների զանգվածային սեփականաշնորհումը։

«Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ 1994 թվականին սեփականաշնորհվել են արդյունաբերության նախարարության 286 և թեթև արդյունաբերության 147 ձեռնարկություններ։ 1994-1995 թվականներին սեփականաշնորհվել են մոտ 800 արդյունաբերական ձեռնարկություններ։ Միայն 1996 թվականի նոյեմբերին է ստեղծվել սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարություն, որը հետագայում վերանվանվել է սեփականաշնորհումևերի նախարարության, իսկ 2000 թվականի փետրվարին՝ պետական գույքի կառավարման նախարարության։ Արդյունաբերական ձեռնարկությունների սեփականաշնորհումից հետո հոգ չի տարվել ունեցվածքի պահպանման համար, և մետաղե թանկարժեք սարքավորումները ջարդոնի անվան տակ վաճառվել են արտասահմանյան երկրներում (հատկապես Իրանում ու Թուրքիայում), որը ծանր հարված է հասցրել արդյունաբերությանն ու ողջ տնտեսությանը։ Մեծ դժվարություններ են առաջացել արտադրանքի իրացման գործում, որը, արտահանման դժվարություններից բացի, նաև մրցունակ չէր միջազգային շուկայում։ Արդյունաբերության անկման հետևանքով ծանր կացության մեջ է հայտնվել նաև ՀՀ ֆինանսավարկային համակարգը։

Ազգային դրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբլի

Չնայած իշխանությունների ջանքերին՝ Հայաստանը չի ընդգրկվել ռուսական ռուբլու գոտու մեջ։ 1993 թվականի նոյեմբերին կառավարությունը հարկադրված շրջանառության մեջ է դրել հայոց ազգային դրամը, որն անկախ պետականության գործառնության առաջին արտահայտություններից էր։ Դրանից հետո է միայն Հայաստանը հնարավորություն ստացել ինքնուրույն տնօրինելու տնտեսական լծակները։ Սակայն տնտեսական համապատասխան երաշխիքների բացակայության պայմաններում այն արագ արժեզրկվել է, որն զգալիորեն նպաստել է սոցիալ-տնտեսական ճգնաժամի խորացմանը։ Սղաճի մակարդակն արագորեն աճել է, որի հետևանքով տեղի է ունեցել ժողովրդի խնայողությունների և ավանդների փոշիացում։ Միլիարդավոր ռուբլիներ կազմող գումարների փոխարեև ազգաբնակչությունը ստացել է դրանց արժեքից շատ քիչ փոխհատուցում, որով գների աճի պայմաններում հնարավոր չէր հոգալ անգամ ամենատարրական կարիքները։ Այդուհանդերձ, սեփական դրամը շրջանառության մեջ դնելն աստիճանաբար կառուցվածքային տեղաշարժեր է առաջ բերել հանրապետության ֆինանսական համակարգում։ Ստեղծվել է Հայաստանի կենտրոնական բանկը, ձևավորվել են շուրջ 60 առևտրային դրամատներ ու մասնավոր բանկեր։

Սերտիֆիկացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերական ձեռնարկությունները Հայաստանում սեփականաշնորհվել են սերտիֆիկատների միջոցով, իսկ նախկին պետական ձեռնարկությունները հիմնականում վերածվել են բաց կամ փակ բաժնետիրական ընկերությունների։ Եկամուտների կտրուկ անկման պայմաններում բնակչության ճնշող մեծամասնությունն իր սերտիֆիկատները վաճառել է շատ ցածր գներով՝ ընթացիկ կենցաղային հոգսերը հոգալու համար։ Հախուռն ու հապճեպ սեփականաշնորհման հետևանքով Հայաստանի ընտանիքների 8 %-ը տիրացել է մասնավորեցված գույքի ավելի քան 90 %-ին։ Դրա հետևանքով, 2000 թվականի տվյալներով, առավել հարուստ ընտանիքների 4-5 %-ը տնօրինել է ողջ ազգային հարստության կեսից ավելիին։ 1998 թվականից կառավարության որոշմամբ դադարեցվել է սեփականաշնորհման սերտիֆիկատների թողարկումը և անցում է կատարվել ձեռնարկությունների վաճառքի ու արտասահմանյան ներդրումների ներգրավման՝ միջազգային աճուրդների։

Կազմակերպությունների և գործարանների միջազգային վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականի վերջին միջազգային մրցույթով վաճառվել է ազգային հեռահաղորդակցման ձեռնարկության՝ «ԱրմենՏել»բաժնետոմսերի 90 %-ը, իսկ 1998 թվականին՝ Երևանի կոնյակի գործարանը և «Արմենիա» հյուրանոցը։ Ռուսաստանի Դաշնությունը ներդրումներ է կատարել էներգետիկայի համակարգում, միջազգային մրցույթ է հայտարարվել Երևանի հյուրանոցների, օդանավակայանի, հայկական ավիաուղիների, էլեկտրաէներգիայի արտադրության, տեղափոխման և բաշխման ձեռնարկությունների սեփականաշնորհման համար։ Լուրջ հաջողություն է համարվել 2002 թվականին «Զվարթնոց» օդանավակայանի վերաբերյալ պայմանագրի կնքումն արգենտինահայ էդուարդո էռնեկյանի հետ։ Սեփականաշնորհման այդ տարբերակի շնորհիվ ավելացել են պետբյուջեի մուտքերը։

Էներգետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

1992-1993 թվականը հատկապես ծանր էին երկրի էներգետիկայի համար։ Հանրապետության ղեկավարության անձեռնահասության պատճառով էներգիայի արտադրությունը խիստ կրճատվել է։ Չեն գործել արտադրական ձեռնարկություններն ու տրանսպորտը, երկիրը հայտնվել է համատարած խավարի մեջ, միևնույն ժամանակ էլեկտրաէներգիա է տրվել Վրաստանին։ 1999 թվականին ձեռնարկվել են միջոցառումներ 1992-1999 թվականին էներգետիկայի ոլորտում կատարված չարաշահումներն ու դրանց մեղավորներին բացահայտելու ուղղությամբ։ Սակայն 1999 թվականների հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած եղերական դեպքերի պատճառով այդ նպատակով ստեղծած ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքն ընդհատվել է 2000 թվականի հունիսին՝ առանց որևէ որոշում ընդունելու։ Ըստ հրապարակված տվյալների՝ այդ ոլորտում պետությանը հասցվել է շուրջ 200 միլիոն դոլարի վնաս։ Մյուս կողմից՝ 1992-1993 թվականի ձմռանն ընդհատումներով էլեկտրաէներգիա մատակարարելու (օրական 1-2 ժամ) հետևանքով էներգահամակարգի գերբեռնվածությունը բերել է բազմաթիվ ենթակայանների և բաշխիչ ցանցերի վթարների, էլեկտրաէներգիայի պակասի պայմաններում կատարվել են էներգիայի հսկայական չարաշահումներ։ Այս պայմաններում անխուսափելի էին ՀԱԷԿ-ի վերագործարկումը (1996) և Հրազդանի ջէկի 5-րդ բլոկի շահագործումը, որոնց շնորհիվ հաջողվել է աստիճանաբար վերացնել ստեղծված էներգետիկ ճգնաժամը և հիմք ստեղծել արդյունաբերության առանձին ճյուղերի վերագործարկման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։