Կրթությունը Կուբայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրթությունը Կուբայում
Բյուջե$2752 կուբայական պեսո[1]
Հիմնական լեզուներըիսպաներեն
Գրագիտության մակարդակը (2011)
Ընդհանուր100.0[4]
Տղա100.0[3]
Աղջիկ100.0[2]

Կրթությունը Կուբայում գտնվում է զարգացման բարձր մակարդակի վրա արդեն բազմաթիվ տարիներ։ 1959 թվականի հեղափոխությունից հետո Կաստրոյի կառավարությունը ազգայնացրեց կրթական բոլոր հաստատությունները և ստեղծեց պետական կրթական միասնական համակարգ։ Ժամանակակից Կուբայի կրթության մեջ բացակայում է ուժեղ գաղափարական տարրը և, համաձայն Սահմանադրության, պետության կրթական և մշակութային քաղաքականությունը հիմնվում է մարքսիստական գաղափարախոսության վրա[5]։

Կրթության ծախսերին շատ մեծ ուշադրություն են դարձնում. ըստ ՅՈւՆԵՍԿՈ-ի տվյալների՝ Կուբան կրթության վրա ծախսում է իր պետական բյուջեի 10 %-ը, իսկ Մեծ Բրիտանիան՝ 4 %-ը, ԱՄՆ-ը՝ միայն 2 %-ը[6]։

Կանանց մասնակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի կուբայական հեղափոխությունը երկրում հանգեցրեց բազմաթիվ փոփոխությունների, հատկապես կանանց համար։ Մինչև հեղափոխությունը բազմաթիվ կանայք տնային տնտեսուհիներ էին, իսկ նրանք, ովքեր ստիպված էին աշխատել, շատ քիչ մասնագիտությունների միջև կարող էին ընտրություն կատարել։ Գյուղական շրջանների բազմաթիվ կանայք զբաղված էին գյուղատնտեսությամբ, իսկ քաղաքաբնակ կանանց համար գործնականում աշխատանքի միակ տարբերակը տնային ծառայող կամ էլ մարմնավաճառ աշխատելն էր։ Կուբայի կանանց ֆեդերացիան հիմնադրվել է 1960 թվականի օգոստոսին՝ հստակ նպատակ ունենալով բոլոր կանանց ներգրավել Կուբայի կյանքի բոլոր բնագավառներում։ Կուբայի կյանքի վրա ինչ-որ կերպ ազդելու հնարավորությունից երկար տարիներ զրկված լինելուց հետո կանայք սկսեցին ակտիվ դեր խաղալ կառավարությունում։ Կուբայի կանանց ֆեդերացիան ցանկանում էր կանանց տեսնել Կուբայի սոցիալական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին մասնակցելիս[7]։ Նրա անդամները պահանջում էին, որ դպրոցն ու դպրոցական ծրագրերն ստեղծվեն՝ հաշվի առնելով կուբացի կանանց տարբեր կարիքները բավարարելու հնարավորությունը։

Կուբայում անգրագիտության վերացումն սկսվել է 2 նպատակով՝ բարձրացնել Կուբայի բնակչության գրագիտության մակարդակը և կապ հաստատել քաղաքի ու գյուղի միջև[8]։ Ուսանողները և կամավորներն ուղարկվեցին գյուղական վայրեր, որպեսզի տեղացիներին սովորեցնեն կարդալ ու տեղեկացնեն Կուբայի կառավարության ընթացիկ քաղաքականության մասին։ Գյուղաբնակ կանայք ստացան կրթություն և մասնագիտական վերապատրաստում, եթե նրանք դա ընտրել էին կրթությունը լրացնելու համար, ինչը նրանց թույլ տվեց աշխատել գյուղատնտեսության ոլորտից դուրս։ Քաղաքներում մարմնավաճառությամբ զբաղվող կանանց համար նոր կառավարության կողմից ստեղծվեցին վերադաստիարակության ծրագրեր, երբ 1961 թվականին մարմնավաճառությունն արգելվեց։ Աղքատների համար տեղծվեցին անհատական, բայց իրենց էությամբ համանման ​​ծրագրեր, որոնք առաջարկում էին կրթություն և մասնագիտական վերապատրաստում, ինչպես նաև անվճար մանկապարտեզ ու բնակարան, որը նման կանանց հնարավորություն էր տալիս վերադառնալ նորմալ կյանք։ Առողջապահական քաղաքականությունը կենտրոնացած էր Կուբայի այն կանանց հոգեկան առողջության վերականգնման վրա, որոնք նախկինում ճնշված էին իրենց աշխատանքում[9]։ Դրանք նաև վերականգնում էին վստահության և հպարտության զգացումը, քանի որ նոր կառավարությունը գտնում էր, որ բոլոր կանայք արժանի են հարգանքի, նույնիսկ նրանք, ովքեր նախկինում ծառաներ ու մարմնավաճառներ են եղել։ Կուբայի հեղափոխությունը հանգեցրեց կանանց գիտակցության կտրուկ փոփոխությանը` հնարավորություն տալով, որ նրանք իրենց երկրում դառնան շատ ակտիվ, ինչը հեղափոխության առաջնորդների նպատակներից մեկն էր։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին գրագիտության մակարդակը Կուբայում կազմել է 96 %[10]։

1998 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կատարած ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ կուբացի սովորողներն ունեն բարձր մակարդակի կրթություն։ Երրորդ և չորրորդ դասարանների կուբացի աշակերտները լեզվի ու մաթեմատիկայի բնագավառներում հիմնական գիտելիքների ստուգումից 350 միավոր էին վաստակել` տարածաշրջանի միջին միավորից 100 միավոր բարձր։ Զեկույցում նշվում է, որ թեստերից ամենավատ արդյունքներ ստացած կուբացի աշակերտներն զգալիորեն ավելի բարձր էին, քան Կենտրոնական և Հարավային Ամերիկայի՝ բարձր միավորներ ստացած աշակերտները[11][12]։

1998 թվականի ուսումնասիրությունն ավելի հետաքրքրական էր, քանի որ դրան մասնակցած բոլոր երկրներն առաջին անգամ նախապես համաձայնվել էին գնահատման համակարգի հաստատված տարբերակին և դրանց սահմանմանը։ Բացի այդ, ուսումնասիրությունը կատարվել էր տնտեսական ճգնաժամի բուռն շրջանում. ԱՄՆ-ի կողմից արված առևտրային արգելքն զգալիորեն խոչընդոտում էր Կուբայի տնտեսական զարգացմանը։ Կուբան տարածաշրջանի ամենաաղքատ երկրներից մեկն է և չունի բավարար ռեսուրսներ, սակայն, այնուամենայնիվ, ամբողջ Լատինական Ամերիկայից առաջ է անցել տարրական կրթության որակով՝ ըստ ստանդարտ փորձերի[13]։

Թույլ զարգացած տնտեսությունը և առևտրի երկարատև ու անընդմեջ շրջափակման հանգամանքները կուբացիների ձեռքբերումներն ավելի տպավորիչ են դարձնում։ Վերջին 40 տարիների ընթացքում կրթությունը Կուբայի կառավարության քաղաքականության առաջնահերթություններից մեկն էր[14]։ Կուբան կրթական ոլորտում պետական ​​ծախսերի համար ավելի քան երկու անգամ ավելի շատ գումար է հատկացնում, քան համեմատաբար ավելի հարուստ իր հարևանները՝ համախառն ներքին արդյունքի մինչեւ 10 %-ը[15]։

Կուբայում անգրագիտության մակարդակը երիտասարդների շրջանում ձգտում է զրոյի, ինչը չունի իր հավասարը Լատինական Ամերիկայի մյուս բոլոր երկրներում[16]։ Կուբայի դպրոցները սերտորեն ինտեգրված են հասարակության մեջ։ Ուսուցիչներն ակտիվորեն ներգրավված են իրենց դպրոցներ հաճախող երեխաների կյանքում և նրանց ծնողների ու ընտանիքների հետ կառուցում են ամուր հարաբերություններ, որպեսզի բարելավեն ուսուցման գործընթացը։ Հայտնի է, որ կառավարության կողմից մեծ ուշադրություն է դարձվում կրթական ոլորտին։ Բոլոր սովորողների կողմից որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորությունները համարվում են այն փաստի բացատրության առանցքային գործոնը, որ կրթության ոլորտում Կուբայի հաջողությունները հրաշք չեն կամ էլ պատահականություն, այլ երկար տարիների համատեղ ջանքերի և ժողովրդի առաջ կառավարության ստանձնած պարտավորությունների արդյունքն են։

Բարձրագույն կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբայում բարձրագույն կրթություն տալիս են համալսարանները, բարձրագույն ինստիտուտները, բարձրագույն մանկավարժական ինստիտուտները, բարձրագույն կրթության կենտրոնները և ճարտարագիտական բարձրագույն ինստիտուտները։

2006 թվականի դրությամբ Կուբայում գործում էին Գիտությունների ակադեմիան (հիմնադրվել է 1962 թվականին), 4 համալսարաններ (Հավանայի համալսարանը, Հավանայի գյուղատնտեսական համալսարանը և այլն) և բարձրագույն ու միջին մասնագիտական ​​կրթության 47 հաստատություններ[17]։

Նրանցում ուսանողների ընդհանուր թվաքանակը կազմում է մոտ 112 հազար քաղաքացի։

Երկրի բոլոր բուհերը պետական են։ Հավանայի համալսարանը, որ երկրի ամենահին համալսարանն է, հիմնադրվել է 1728 թվականին։ Պետական մյուս​​համալսարանները ներառում են դե Օրիենտե ունիվերսիդադը (հիմնադրվել է 1947 թվականին) և Լաս-Վիլլաս համալսարանը (հիմնադրվել է 1952 թվականին)։ Գործում են նաև Սանտո-Թոմաս-դե Վիլյանուևա կաթոլիկ համալսարանը (հիմնադրվել է 1946 թվականին), Մասոնիկա և Նուևո-Վեդադոյի դե լա Սալ ունիվերսիդադները։

Հավանայի համալսարան, հիմնադրվել է 1728 թվականին

Հեռակա ուսուցում առաջարկվում է երկրի 15 կենտրոններում, որոնք աշխատող մարդկանց համար ապահովում են հետճաշյա և երեկոյան կանոնավոր դասընթացներ։ Համակարգն առաջարկում է աստիճանի ստացում հինգ մասնագիտությունների գծով՝ օրենքի ոլորտում, պատմության, գիտական և տեխնոլոգիական տեղեկատվության, ֆինանսների և հաշվապահական հաշվառման ու տնտեսագիտության։ Երկրի բոլոր կենտրոններում այդ 5 ուղղություններով սովորում են մոտավորապես 20000 ուսանողներ, որոնց մոտ 50 %-ը կապված է Հավանա համալսարանի հետ։ Այդ նույն կենտրոններն առաջարկում են երեկոյան, կիրակնօրյա ու հեռակա դասընթացներ, և սովորաբար տևում են վեց տարի։ Կան նաեւ «նախապատրաստական», ինչպես նաև անվճար դասընթացներ, որոնք հասանելի են միջնակարգ դպրոցների բոլոր աշակերտների կամ բուհերի շրջանավարտների համար[18]։

Համալսարան ընդունվելու համար սովորողները պետք է հանձնեն ընդունելության քննություններ՝ ցույց տալով, որ ունեն անհրաժեշտ հիմնական գիտելիքներ։ Հեռակա ուսուցման դիմորդները պետք է միջնակարգ կրթություն ստացած լինեն, ունենան առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, լինեն 25-35 տարեկան և հաջողությամբ հանձնեն ընդունելության քննությունները։ Կուբայում բարձրագույն կրթություն ստանալու անհրաժեշտ պայմաններն են.

  • ավելի ցածր աստիճանի կրթությունն ավարտելու վկայական,
  • Տղամարդկանց համար՝ ներկայացնել զինվորական ծառայությունն անցած լինելու ապացույցներ (1994 թվականի № 75 օրենք) կամ էլ այլընտրանքային ծառայության (քանի որ որոշ մարդիկ առողջական, ընտանեկան կամ այլ պատճառներով չեն հավաքագրվել բանակ)։
  • Հաջողությամբ հանձնել ընդունելության քննությունները, որոնք ներառում են քննություններ մաթեմատիկայից, իսպաներեն լեզվից և գրականությունից, պատմությունից[19]։

Բարձրագույն կրթության նախարարությունը (Ministry of Education Educator Superior, MES) պատասխանատու է բուհական և հետբուհական կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության համար։ Այն վերահսկում է ուսուցման գործընթացը, մեթոդաբանությունը, դասընթացները, ծրագրերը և ուսանողների տեղաբաշխումը, ինչպես նաև բարձրագույն կրթական կենտրոնների կողմից առաջարկվող մասնագիտացված դասընթացները, որոնք պաշտոնապես գտնվում են այլ նախարարությունների վերահսկողության ներքո։ Նախարարության բոլոր գերատեսչություններն ունեն հավասար կարգավիճակ։ 1979 թվականին Կուբայի բարձրագույն կրթության նախարարությունը նախաձեռնել է հեռակա կրթական համակարգ։

Մանկավարժական կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբացի աշակերտները Գուանտանամոյի դպրոցներից մեկի դասարանում: Լուսանկարը՝ Միխայիլ Եվստաֆևի

Նախադպրոցական, տարրական և միջնակարգ կրթության համար ուսուցիչների նախապատրաստման նպատակով կա հինգ տարվա դասընթաց Institutos Superiores Pedagógicos: Նրանց շրջանավարտներն ստանում են «Licenciado en Educación Primaria» (տարրական դպրոցում դասավանդելու իրավունքի վկայագիր) կամ այլ փաստաթղթեր։ Նման դասընթացներում ընդունվելու համար անհրաժեշտ է Bachillerato աստիճան։ Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին առաջարկվում են որակավորման բարձրացման հատուկ վերապատրաստման դասընթացներ այն վայրերում, որտեղ նրանք սովորում են, ինչպես նաև հատուկ մանկավարժական դասընթացներ։ Շատ ուսուցիչներ տարբեր ոլորտների մասնագետներ են։ Մի շարք հաստատություններում ուսուցիչներն ընտրում են հատուկ ուսանողներ, ինչը վերջին տասը տարիների ընթացքում տարածված է եղել, և ուսումնական գործընթացին զուգահեռ վերջիններս ստանում են նախնական մանկավարժական պատրաստություն։

Միջազգային համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Ուելսի կառավարական անսամբլեայի կրթության նախարար Ուելսկոն և Սուոնսի ու Ուելսի Գլամորգան համալսարանների ներկայացուցիչներն այցելեցին Կուբա, որպեսզի պայմաններ ստեղծեն Մեծ Բրիտանիայի ու Կուբայի պետական պաշտոնյաների համար՝ կրթական ծրագրերի շուրջ հարաբերություններ հաստատելու նպատակով[20]։

2006 թվականին Կուբան և Վենեսուելան սկսեցին համատեղ հովանավորել Բոլիվիայում Էլ-Պալոմարեի կրթական ծրագրերը[21]։ Կուբան կրթության ոլորտում համագործակցում է նաև Մեծ Բրիտանիայի[22] և Եվրոպական Միության մյուս երկրների հետ[23]։

ԱՄՆ-ում Կուբայական և կարիբյան հետազոտությունների ինստիտուտը, որ Թուլեյնի համալսարանի մասն է, հարաբերություններ է հաստատել Կուբայի գործընկեր կազմակերպությունների հետ՝ ակադեմիական համագործակցության ու փոխանակման, ուսումնական ծրագրերի զարգացման, մշակութային փոխանակման և միջազգային զարգացման ու երկխոսության նպատակով։

Այլազգի ուսանողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբայի բուհեր ընդունվելու համար օտարերկրացի ուսանողները պետք է ունենան բակալավրի կամ համարժեք աստիճան, վիզա և անցնեն իսպաներենի պարտադիր դասընթաց։ Երկրի նախապատրաստական ​​հաստատություններն առաջարկում են իսպաներենի դասընթացներ։

1999 թվականին իրագործվեց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Լատինական Ամերիկայի, Կարիբյան ավազանի և Աֆրիկայի բնակչության անապահով խավին Կուբայում բժշկություն սովորեցնելու ծրագիրը[24]։

2000-2001 ուսումնական տարում Կուբան ամերիկացի 905 ուսանողների թույլատրեց մուտք գործել երկիր՝ սովորելու համար[25]։

2004 թվականին 23 երկրներից Կուբա սովորելու եկան 3432 բժիշկ-ուսանողներ[26]։

Կուբան պետական ​​սուբսիդավորում է ապահովում օտարերկրացի ուսանողների՝ հատուկ ծրագրերով կրթության համար, այդ թվում նաև Միացյալ Նահանգների ուսանողների համար, որոնք բժշկություն են սովորում Լատինամերիկյան բժշկական դպրոցում։ Ծրագիրը նախատեսում է նաև լիարժեք կրթաթոշակի վճարում և բնակարանի ապահովում, իսկ շրջանավարտները խոստանում են վերադառնալ Միացյալ Նահանգներ և մարդկանց ապահովել մատչելի բուժօգնությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tabla NoArchived 13 March 2007 at the Wayback Machine.
  2. unstats | Millennium Indicators
  3. unstats | Millennium Indicators
  4. unstats | Millennium Indicators
  5. Report on the situation of human rights in Cuba, prepared by the
  6. Latin lessons: What can we Learn from the World’s most Ambitious Literacy Campaign? by The Independent, November 7, 2010
  7. “Federation of Cuban Women”. Cuba, 2010.
  8. Thrupkaew, Noy. “Cuba: Cuban Women, Beyond Prostitution”. Green Left Weekly #461 (2001).
  9. Lewis, Oscar & Ruth. “The ‘Rehabilitation’ of Prostitutes”. The Cuban Reader. Duke University Press, 2003: 395.
  10. Kirby Smith and Hugo Llorens։ «Renaissance and decay: A comparison of socioeconomic indicators in pre-Castro and current-day Cuba»։ Արխիվացված է օրիգինալից 2009-07-13-ին։ Վերցված է 2017-09-30 
  11. UNESCO report ranks Cuban students first in international math and reading tests 1998
  12. Cultivating Minds Joel E. Cohen and David E. Bloom International Monetary Fund Magazine 2005
  13. Marquis, Christopher. Cuba Leads Latin America in Primary Education, Study Finds // "The New York Times", 14 Dec. 2001.
  14. Kirk, Margo. “Early Childhood Education in Revolutionary Cuba during the Special Period” The Cuba Reader. Ed. Phillip Brenner, Marguerite Rose Jimenez, John M. Kirk, William M. LeoGrande. Lanham, MD.: Rowman & Littlefield Publishers, Oct. 2007.
  15. ^ Gasperini, Lavinia. The Cuban Educational System: Lessons and Dilemmas. Country Studies Education Reform and Management Publication. Washington, D.C.: The World Bank, LAC, Human Development Dept. 1999.
  16. History of Education. Ed. Daniel Schugurensky. 1998. 3 Mar. 2010 <http://fcis.oise.utoronto.ca/~daniel_schugurensky/assignment1/1998cuba.html>.
  17. Куба // Большая энциклопедия (в 62-х тт.). / редколл., гл. ред. С. А. Кондратов. том 24. М., ТЕРРА, 2006. стр.358-375
  18. CADE: Journal of Distance Education/ Revue de l'enseignement à distance Archived 2008-04-12 at the Wayback Machine. 1993
  19. См. официальные требования: http://www.mes.edu.cu/index.php?option=com_content&view=article&id=189:ingreso-a-la-educacion-superior&catid=4:ingreso&Itemid=21 Archived 2012-07-07 at the Wayback Machine.
  20. Cuba Solidarity Campaign : Cuba Si : Welsh Education Minister meets Fidel
  21. Venezuelan and Cuban aid win fans in Bolivia // "International Herald Tribune" от 14 мая 2006
  22. House of Commons Hansard Written Answers for 18 Apr 2006 (pt 23)
  23. External assistance and Latin America
  24. Cuba trains disadvantaged US medical students Archived 2005-03-15 at the Wayback Machine. Kay Brennan. Student British Medical Journal online
  25. Students eye Cuba for study abroad Archived 2007-05-29 at the Wayback Machine. Կաղապար:Dead Cable News Network January 7, 2003. Accessed 4th October 2006
  26. US medical students in Cuba may be forced to leave British Medical Journal online 3 July 2004

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]