Կուբա (կղզի)
Կուբա | |
---|---|
Տեսակ | կղզի |
Մայրցամաք | Հյուսիսային Ամերիկա |
Երկիր | Կուբա[1] |
Վարչատարածք | Կուբա[1] |
Երկարություն | 1250 կմ |
Ամենաբարձր կետ | Տուրկինո |
Մակերես | 105 806 կմ² |
Մասն է | Մեծ Անտիլյան կղզիներ և Կարիբյան ավազան[2] |
Ջրլիցի ափին | Մեքսիկական ծոց և Կարիբյան ծով |
Կուբա (իսպ.՝ Cuba), կղզի Կարիբյան ծովում։ Մտնում է Մեծ Անտիլյան կղզիների կազմի մեջ։ Հյուսիսային Ամերիկայից հյուսիսում առանձնանում է Ֆլորիդայի նեղուցով, իսկ արևմուտքում՝ Յուկատանի նեղուցով։ Ընդհանուր մակերեսը կազմում է 105 հազար կմ²։ Կուբայի Հանրապետության խոշորագույն կղզին է։
Կուբայի ռելիեֆը մեծամասնությամբ հարթավայրային է, բարձունքները և լեռները զբաղեցնում են տարածքի մոտ 1/3-րդ մասը։ Կղզում առանձնացնում են մի քանի բնական շրջաններ։ Արևմտյան հատվածում երկրաբանական կառուցվածքը և կղզու ռելիեֆը մոզաիկ բնույթ են կրում, լայնորեն ներկայացված են կարստային գործընթացները։ Լանդշաֆտը ծածկված է գյուղատնտեսական հողատարածքներով և քաղաքային շինություններով։ Կենտրոնական հատվածն ունի խիտ գետային ցանց և մեծ քանակությամբ ճահիճներ։ Անտառները պահպանվել են միայն Գուամուայա լեռնազանգվածում, հողերը հարթավայրերում և հովիտներում մշակվում են։ Կենտրոնարևելյան շրջանն ունի ավելի հարթ լանդշաֆտ, բնական բուսականությունը փոխարինում են շաքարեղեգի պլանտացիաները և արոտավայրերը։ Կղզու հարավարևելյան հատվածում գտնվում է ուժեղ կտրտված լեռնային համակարգը, որտեղից հոսում են ջրառատ գետերը։ Լեռնալանջերին գտնվում են շաքարեղեգի և սուրճի պլանտացիաները և արոտավայրերը։ Ամենաբարձր լեռնային զանգվածը Սիերա Մաեստրան է, որը 250 կմ ձգվում է հարավարևելյան ջրափնյայի երկայնքով։ Ամենաբարձր կետը Տուրկինո գագաթն է (1974 մ)[3]։
Երկրաբանական կառուցվածք և օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուբա կղզում առկա են նիկելի, քրոմի, մանգանի, երկաթի և պղնձի, ասբեստի, քարաղի, ֆոսֆորիտների մեծ պաշարներ։ Կղզու արևմուտքում հայտնաբերվել են նավթի և գազի հանքավայրեր։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուբայի կլիման արևադարձային, պասսատային է։ Միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է 25,5 °C։ Ամենացուրտ ամսվա ջերմաստիճանը (հունվար) կազմում է 22,5 °C և ամենաշոգ ամսվա (օգոստոս)` 27,8 °C: Մակերեսային ջրերի ջերմաստիճանը ափերի մոտ ձմռանը կազմում է 22-24 °C, ամռանը` 28-30 °C։ Տեղումների տարեկան քանակությունը կազմում է 1400 մմ, որոնց մեծ մասը սովորաբար թափվում է հորդառատ անձրևների տեսքով, սակայն լինում են նաև չորային տարիներ։
Կուբայում վառ արտահայտված են երկու կլիմայական սեզոններ` անձրևային (մայիս-հոկտեմբեր) և չորային (նոյեմբեր-ապրիլ)։ Անձրևային սեզոնին թափվում է տարեկան տեղումների ¾-րդը։
Կուբայում կլիմայի առանձնահատկությունը ամբողջ տարվա ընթացքում բարձր խոնավությունն է։ Բարձր խոնավության և բարձր ջերմաստիճանների համադրությունը անբարենպաստ պայմաններ է ստեղծում մարդկանց կյանքի համար։ Սակայն ջրափնյայի մոտ ծովից եկող քամին մեղմացնում է շոգը, թարմություն բերում, իսկ երեկոյան` հովություն։
Կուբան գտնվում է արևադարձային ցիկլոնների ազդեցության տակ, որոնք ի հայտ են գալիս ամռան և աշնան սեզոնին (հունիսից մինչև նոյեմբերի կեսերը) Փոքր Անտիլյան կղզիներից դեպի արևելք և Կարիբյան ծովի արևմուտքում, այնուհետև տեղաշարժվելով դեպի Ֆլորիդայի կողմը։ Թայֆուններն ուղեկցվում են հորդառատ անձրևներով և փոթորիկներով, որոնք կարող են մեծ վնաս պատճառել տնտեսությանը և կղզու բնակչությանը։ Կուբայում գետերը կարճ են, ոչ շատ ջրառատ։ Անտառները, որոնք ծածկում են տարածքի մոտ 10 %-ը, պահպանվել են միայն լեռնային և ճահճապատ շրջաններում։ Ցամաքի կենդանական աշխարհը աղքատ է։ Մինչդեռ Կուբան շրջապատող ջրերում կան արժեքավոր առևտրային ձկներ, փափկամարմիններ, լանգուստներ, մանր ծովախեցգետիններ, ինչպես նաև սպունգներ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
- ↑ https://www.caribbeanislands.com/
- ↑ Куба — статья из Большой советской энциклопедии.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бродский А. К. Тропики, острова, биоценозы: Животный мир Кубы / Отв. ред. доктор биологических наук Д. В. Наумов. — Л.: Наука, Ленингр. отд-ние, 1983. — 160 с. — (Человек и окружающая среда). — 22 000 экз.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 703)։ |