Կիլկիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կիլկիս
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Հունաստան, Հունաստան
ԲԾՄ280 մետր
Բնակչություն23 182 մարդ (2021)
Հեռախոսային կոդ23410
Փոստային դասիչ611 00
Պաշտոնական կայքe-kilkis.gr
Կիլկիս (Աշխարհ)##
Կիլկիս (Աշխարհ)

Կիլկիս (հուն․՝ Κιλκίς[1] (հուն․՝ Κιλκίς)), քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակարդակից 274 մ բարձրության վրա, Սալոնիկից 40 կմ հյուսիս և Աթենքից 343 կմ հյուսիս։ Համանուն դիմի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը 2011 թվականի մարդահամարի տվյալներով 22,194 մարդ է[1]։ Տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է, չնայած վերջին շրջանում բուռն զարգացում է ապրում նաև արդյունաբերությունը։ Քաղաքում է գտնվում «Կիլկիս» երկաթուղային կայարանը, որ Սալոնիկ-Ալեքսանդրուպոլիս գծի մեջ է մտնում։ Քաղաքի արևմտյան ծայրամասով է անցնում ազգային 65-րդ ճանապարհը, որ Սալոնիկը կապում է Աքսյուպոլիսին։ Համանուն նոմը ստեղծվել է 1934 թվականին և լուծարվել 2010 թվականին վարչական նոր բաժանման «Կալիկրատիս» ծրագրով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն իր անունը ստացել է մ․ թ․ ա․ 1-ին դարում Կալիկում (լատին․՝ Callicum, Gallicum) բնակավայրի անունից։ Կալիկում էր կոչվում կաշվե քարմաղը, որով Գալիկոս գետից ոսկի էին հանում։ Այն գտնվում էր ներկայիս քաղաքի Կոլխիս արվարձանի տեղում, որտեղ կատարվել են հռոմեական ու վաղ քրիստոնեական ժամանակաշրջանի շերտերի պեղումներ[2]։

Բյուզանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչների՝ քրիստոնեության անցնելուն պես ձևավորվել է Կալիկոսի եպիսկոպոսությունը։

6-րդ դարից հետո այստեղ ինտենսիվորեն բնակություն են հաստատել բուլղարական խմբի հարավային սլավոնները։ Բուլղարական սլավոնները քաղաքն անվանել են Կուկուշ։ 10-րդ դարի սկզբին Կուկուշն անցել է Բուլղարիային։ Նրա շատ բնակիչներ տեղափոխվել են հարավիտալական Կալաբրիա, որն այն ժամանակ մտնում էր Բյուզանդիայի կազմի մեջ։ Նրանք այնտեղ հիմնել են Գալաչանո քաղաքը, որի բնակիչները մինչ օրս հիշում են ծագումով Կալիկոնից լինելը և պահում են իրենց հունական ինքնագիտակցությունն ու ավանդույթները[3]։

10-րդ դարի ավերածություններից հետո Կալիկոնի եպիսկոպոսությունը փակվել է։ Ներկայիս քաղաքը իր այսօրվա տեղում կառուցվել է 1014 թվականից հետո, երբ կայսր Բարսեղ Բ Բուլղարասպանը ջախջախել է Բուլղարիայի Սամուել Կոմսաձագ արքայի զորքերը։

Օսմանյան տիրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուկուշը 17-րդ դարում կրկին դարձել է գյուղատնտեսական, առևտրային կենտրոն։ Կիլկիսի անունով այն հիշատակվել է հունական եկեղեցական կոդեքսում 1732 թվականին, իսկ սլավոնական Կուկուշ կամ Կուկոշ անուններով՝ 17-րդ դարի առաջին կեսի «Հիլենդարի կոդեքսում»[4][5]։ 1830 թվականին այստեղ կառուցվել է Սուրբ Գեորգիոս եկեղեցին։

19-րդ դարում Կուկուշը, որ եղել է Կուկուշի կազայի վարչական կենտրոն, գրեթե ամբողջությամբ բուլղարաբնակ է եղել։ 1878 թվականին Կոստանդնուպոլսում հրատարակված «Ադրիանապոլսի վիլայեթի ժողովրդագրություն» գրքում, որն արտացոլում է ժողովրդագրական պատկերը 1873 թվականի դրությամբ, Կուկուշը հիշատակված է որպես քաղաք՝ 1,170 տնտեսությամբ, որի բնակիչներից 155-ը եղել է մուսուլման, 5,325-ը՝ բուլղարացի և 40-ը՝ գնչու[6]։

Բուլղարները կազմել են քրիստոնյա բնակչության մեծ մասը, ինչպես 1888 թվականի դեկտեմբերի 8-ի իր հաշվետվության մեջ մատնանշել է Սալոնիկում Բրիտանիայի դեսպան Ջոն Իլաջա Բլանթը (Sir John Elijah Blunt, 1832-1916)[7]։

1857 թվականին՝ բուլղարական ազգային զարթոնքի ժամանակ, Կուկուշում բացվել է բուլղարական դպրոց, որտեղ դասավանդել է հայտնի մանկավարժ, բանահավաք Դիմիտր Միլադինովը։ Կոստնադնուպոլսի պատրիարքության հունամետ քաղաքականության պատճառով Կուկուշի բուլղար բնակչության զգալի մասն ընդունել է Արևելյան կաթոլիկ եկեղեցիների դավանանքը[8][9]։ Քաղաքի բնակչության մյուս մասը մնացել է ուղղափառ և ակտիվ մասնակցություն ունեցել Բուլղարական էկզարխատի կազմավորմանը (1870)։ Քաղաքում եղել է բուլղարական կառավարում, որը 1878 թվականին աջակցել է բուլղարական այլ բնակավայրերի կոչին՝ Մակեդոնիայի կազմի մեջ գտնվող որոշ բնակավայրեր Բուլղարական պետության մեջ ընդգրկելու մասին[10]։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին դեռևս Օսմանյան տիրապետության տակ Մակեդոնիայում սկսվել է պայքար հույն և բուլղար բնակչության միջև՝ շրջանի նկատմամբ վերահսկողության սահմանելու համար, քանի որ պարզ էր, որ Բալկաններում Օսմանյան կայսրությունն առանձին պետությունների է բաժանվելու։ Թուրքական իշխանությունները հաջող ձևով օգտագործել են երկու ազգությունների միջև եղած տարաձայնություններն ու հակասությունները։ Կուկուշը դարձել է բուլղարական կոմիտեների կենտրոն։ Մակեդոնիայի անկախության համար Մակեդոնա-օդրինական հեղափոխական կազմակերպության պայքարում, բացի ուղղափառ բուլղարներից, ներգրավված են եղել նաև Արևելյան կաթոլիկ եկեղեցիների բուլղարները[11]։

Բալկանյան պատերազմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոտիրիս Քրիստիդիսի փորագրություն․ Կիլկիսի ճակատամարտ
Կիլկիսի ավերակներ հունիսի 20-22, 1912 год, բուլղարական լուսանկար

1912 թվականին բալկանյան երկրների միությունը՝ Սերբիան, Չեռնոգորիան, Բուլղարիան ու Հունաստանը, ռազմական գործողություններ են սկսել Օսմանյան կայսրության նկատմամբ․ սկսվել է Առաջին Բալկանյան պատերազմը։ 1912 թվականի հոկտեմբերին Թոդոր Ալեքսանդրովի կամավորական ջոկատը ազատագրել է Կուկուշը բուլղարական նահանջող զորքերից[12]։ Սակայն Բուլղարիան դժգոհ էր պատերազմից հետո վերաձևվող աշխարհա-քաղաքական քարտեզից։ Գերագնահատելով իր ուժերը՝ Բուլղարիան որոշում է քարտեզը վերաձևել իր օգտին և 1913 թվականին ռազմական գործողություններ է սկսում նախկին դաշնակիցների՝ Սերբիայի ու Հունաստանի նկատմամբ՝ նրանց ստիպելով անցնել Վարդար գետից, սակայն հունական զորքը պաշտպանումից անցնում է հարձակման։

1913 թվականին տեղի է ունենում Կիլկիսի ճակատամարտը։

Բրիտանական զորքերի զինվորները Կիլկիսում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին

Կիլկիսի և Լահանի շրջանում եռօրյա մարտերից հետո (հունիսի 19-21) Կիլկիսը գրավվում է հունական զորքերի կողմից։ Հունական զորքը կորցնում է 8,562 մարդ, իսկ բուլղարական կողմը՝ մոտ 7,000։ Ռազմական գործողությունների արդյունքում քաղաքը գրեթե ամբողջովին ավերվել է հույների կողմից, իսկ տեղի բուլղարները դաժան հաշվեհարդարի են ենթարկվել[13]։ Շատ բուլղարներ լքել են քաղաքը․ ընդհանուր առմամբ նրանց թիվը կազմել է մոտ 7,000, փոխարենը քաղաքում հաստատվել են Բուլղարիայի, Ստրումիցայի, Գևգելիայի հույները։ Ստրումիցայից ներգաղթածներն այնքան շատ են եղել, որ սկզբնական շրջանում քաղաքն անվանել են Նոր Ստրումիցա։

1923 թվականին հունական բանակի փոքրասիական արշավանքից ու փոքրասիական արհավիրքից հետո քեմալական Թուրքիան Հունաստանին պարտադրել է հույն-թուրքական բնակչության փոխանակություն։ Կիլկիսի նոմի բնակավայրերում, որոնք լքվել էին թուրքերից, բուլղարներից, հաստատվել են փախստականներ Փոքր Ասիայից, Արևելյան Ռումելիայից և Պոնտոսից։ Այդ փախստականներից շատերը հետագայում աստիճանաբար հաստատվել են Կիլկիսում։

Երկրորդ աշխարհամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Հունաստանը հայտնվել է գերմանաիտալաբուլղարական եռակի օկուպացիայի մեջ։ Բուլղարիային՝ որպես նացիստական Գերմանիայի դաշնակցի, հնարավորություն է ընձեռվել միացնելու հունական տարածքների մի մասը։ Կիլկիսը սկզբնական շրջանում եղել է օկուպացված գերմանական զորքերի կողմից, սակայն 1943 թվականին գերմանական ռազմական ղեկավարությունը իր զորքերն ազատելու ու արևելյան ճակատ ուղարկելու պատրվակով բուլղարներին հնարավորություն է տվել ընդլայնել իրենց օկուպացրած տարածքները։ Այդ ողջ ընթացքում քաղաքի շրջակայքում գործել են պարտիզանական ջոկատներ՝ ընդդեմ գերմանացիների ու բուլղարների։

Բռնազավթման վերջում, երբ գերմանացիները սկսել են լքել Հունաստանը, սահմանամերձ Կիլկիսում կենտրոնացել են Հունաստանի կոլաբորացիոնիստական ուժերի մնացորդները, որոնք հրաժարվել են հանձնվել պարտիզաններին ու սպասել են անգլիացիների գալուն։

1944 թվականի նոյեմբերի 4-ին Հունաստանի ազգային-ազատագրական բանակի 13-րդ գունդը գրոհել է քաղաքի վրա։ Կիլկիսն ազատագրվել է, սակայն մարտում մահացել է ազատագրական բանակի 150 մարտիկ։

13-րդ գունդը շարունակել է իր ռազմական գործողությունները՝ մասնակցելով Դրամա և Սերես քաղաքների ազատագրմանը։

Կիլկիս համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականին ստեղծվել է Կիլկիս համայնքը[14]։ Համայնքի մեջ մտնում են ութ բնակավայրեր։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմել է 24,274 մարդ[1]։ Մակերեսը 110,23 կմ² է։

Բնակավայր Բնակչություն (2011)[1], մարդ
Արյիրուպոլիս 423
Զաքարատոն 196
Կիլկիս 22914
Կոլխիս 81
Մետալիկոն 386
Քսիրովրիսի 171
Սևաստոն 103

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Բնակչություն, մարդ
1991 12276[15]
2001 17744[15]
2011 22914[1]

Նշանավոր բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցանմուշ Կիլկիսի հնագիտական թանգարանից
  • Իվան Հաջինիկոլով (1861-1934) - բուլղար հեղափոխական
  • Գոցե Դելչև (1872-1903) - բուլղար հեղափոխական
  • Ալեքսանդր Ստանիշև (1888-1945) - բուլղար բժիշկ, գիտնական, պետական գործիչ
  • Խրիստո Սմիռնենսկի (1898-1923) - բուլղար բանաստեղծ

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլկիսում գործում են ռազմական, հնագիտական թանգարաններ։

Միջազգային փառատոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի՝ սեպտեմբերին, քաղաքում անցկացվում է տիկնիկային թատրոնի ու մնջախաղի միջազգային փառատոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  2. «Κολχίδα Κιλκίς. Παράνομο λατομείο δίπλα σε αρχαιολογικό χώρο!» (հունարեն). Μακεδονία. 2008 թ․ մայիսի 9. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  3. [1] sito del Comune di Condofuri
  4. Ιστολόγιο Δουμπιά, ιστορικά τεκμήρια
  5. Хилендарската кондика от ХVІІІ век. Представена от Божидар Райков, София 1998, с. 41, 43 (записы в кодекса Хилендарского манастира, 1741 г.).
  6. Македония и Одринско. Статистика на населението от 1873 г., София 1995, с.160-161.
  7. «Out of report of British general consul in Thessalonica J.E. Blunt with enclosed report of vice-consul Shippley to British ambassador in Constantinople W.A. White and data concerning the ethnical structure, religious belief and language of the population in Macedonia,//Британски дипломатически документи по българския национален въпрос. Т. 1. 1878—1893. София 1993, 277, 286». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
  8. A petition from the Bulgarians in Koukoush to Pope Pius IX, in which they voice their discontent with the assimilative policy of the Greek Patriarchate in Constantinople and express their desire to join the Catholic Church, 1859,//Macedonia — Documents and Materials, Sofia 1978
  9. Vacalopulos, Konstandinos A. Modern history of Macedonia, Thessaloniki 1988, p. 61 — «In the late 1850s large numbers of Slav-speaking Christians with Bulgarian national consciousness, chiefly in Kilkis district … began to convert in Roman Catholicism».
  10. «Обръщение на българи от Македония до великите сили с искане да не ги откъсват от България //Македония. Сборник от документи и материали. София 1978, с. 336—338». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
  11. Лабаури, Дмитрий Олегович. Болгарское национальное движение в Македонии и Фракии в 1894—1908 гг: Идеология, программа, практика политической борьбы, София 2008, с. 146.
  12. Галев, Димитар Тодор Александров — од автономиjа до самостоjна држава. — Скопjе, 1995. — С. 30.
  13. Report of the International Commission to Inquire into the Causes and Conduct of the Balkan Wars. — Washington, D.C.: Carnegie Endowment for International Peace, 1914. — P. 97—99.
  14. «Διοικητικές μεταβολές δήμων και κοινοτήτων. Κ. Κιλκίς (Θεσσαλονίκης)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  15. 15,0 15,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիլկիս» հոդվածին։