Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 45, 2022 թ.
Խորհրդային Միություն, պաշտոնապես՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն (ԽՍՀՄ), նախկին դաշնային սոցիալիստական կոմունիստական պետություն Եվրասիայում, որը կազմավորվել է 1922 թվականի դեկտեմբերի 30-ին և կազմալուծվել 1991 թվականի դեկտեմբերի 26-ին։ Անվանապես մի քանի ազգային հանրապետություններից բաղկացած դաշնային միավորում էր, իսկ գործնականում կառավարությունն ու տնտեսությունը խիստ կենտրոնացված էին, ընդհուպ մինչև պետության փլուզումը։ ԽՍՀՄ-ն միակուսակցական պետություն էր (մինչև 1990 թվականը), որը կառավարում էր Կոմունիստական կուսակցությունը։ Մայրաքաղաքը Մոսկվան էր, իսկ տարածքով և բնակչությամբ ամենամեծ հանրապետությունը՝ Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը։ Խոշոր քաղաքների թվում էին Լենինգրադը (ՌԽՖՍՀ), Կիևը (Ուկրաինական ԽՍՀ), Մինսկը (Բելառուսական ԽՍՀ), Տաշքենդը (Ուզբեկական ԽՍՀ), Ալմա-Աթան (Ղազախական ԽՍՀ) և Նովոսիբիրսկը (ՌԽՖՍՀ)։ Իր գոյության տարիներին աշխարհի խոշորագույն պետությունն էր, որի տարածքը կազմում էր 22 402 200 կմ և ընդգրկված էր 11 ժամային գոտիներում։
Խորհրդային Միության արմատները ձգվում են 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխություն, երբ բոլշևիկները Վլադիմիր Լենինի գլխավորությամբ տապալեցին ժամանակավոր կառավարությանը, որն ավելի վաղ՝ Փետրվարյան հեղափոխությունից հետո, փոխարինման էր եկել Ռոմանովների արքայատոհմին։ Նրանք հիմնադրեցին Ռուսական Խորհրդային Հանրապետությունը՝ աշխարհում սահմանադրորեն ամրագրված առաջին սոցիալիստական պետությունը։ Բոլշևիկների (Կարմիր բանակ) և հակաբոլշևիկյան ուժերի միջև սրված հարաբերությունները նախկին Ռուսական կայսրության տարածքում վերածվեցին քաղաքացիական պատերազմի։ Հակաբոլշևիկյան ուժերի մեջ ամենամեծ խմբակցությունը Սպիտակ գվարդիան էր։ Վերջինս ներգրավված էր բոլշևիկների նկատմամբ դաժան հակակոմունիստական բռնաճնշումների մեջ, որն առավել հայտնի է Սպիտակ տեռոր անվամբ։ Կարմիր բանակը տարածվեց և տեղի բոլշևիկներին օգնեց վերցնելու իշխանությունը՝ ստեղծելով սովետներ, Կարմիր տեռորի միջոցով ճնշելով նրանց քաղաքական ընդդիմախոսներին և ապստամբ գյուղացիներին։ 1922 թվականին իշխանության բալանսը փոխվեց, և բոլշևիկները հաղթանակ տարան՝ ձևավորելով Խորհրդային Միությունը, որի կազմում էին Ռուսական, Անդրկովկասյան, Ուկրաինական և Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունները։ Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո՝ Լենինի կառավարությունը ներկայացրեց Նոր տնտեսական քաղաքականությունը (ՆԷՊ), որը ենթադրում էր մասնակի վերադարձ ազատ շուկայական հարաբերություններին և մասնավոր սեփականությանը...Ավելին⇒