Ծաղկակերներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծաղկակերներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Կարծրաթևավորներ
Վերնաընտանիք Քարաբզեզներ
Ընտանիք Թերթաբեղիկավորներ
Ենթաընտանիք Հացի բզեզ և մայիսյան բզեզ
Տրիբա Anomalini
Ցեղ Ծաղկակերներ
Լատիներեն անվանում
Anomala Samouelle, 1819
Տեսակներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 187487
NCBI 71817

Ծաղկակերներ (լատին․՝ Anomala), վնասատու միջատներ, որոնք սնվում են գյուղատնտեսական բույսերի ծաղկակոկոններով, ծաղիկներով կամ դրանց առանձին մասերով։ Հայտնի ծաղկակերներից առավել վնասակար են խնձորենու, տանձենու և մորենու ծաղկակերները։

Խնձորենու ծաղկակերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնձորենու ծաղկակերները երկարակնճիթների ընտանիքի բզեզներ են։ Տարածված են Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում։ Մուգ մոխրագույն են, ունեն 3, 5-4, 5 մմ երկարություն։ Ձմեռում են թափված տերևների տակ, հողում, ծառի բնի ճեղքերում։ Գարնանը՝ բողբոջների բացման շրջանում, բնի վրայով բարձրանում են դեպի սաղարթը և սնվում բողբոջներով։ Յուրաքանչյուր կոկոնի մեջ դնում են մեկական ձու։ Մի քանի օր անց դուրս է գալիս թրթուրը, որը սնվում է ծաղկի առէջներով, վարսանդով և իր մածուցիկ արտաթորանքով պսակաթերթիկները կպցնում միմյանց, որի հետևանքով ծաղկակոկոնները չեն բացվում, գորշանում և չորանում են։ Կարճ ժամանակ անց (մոտ 3 շաբաթ) վարակված կոկոնի մեջ հարսնյակավորվում է թրթուրը և 9-11 օրում դառնում բզեզ, ապա դուրս է գալիս կոկոնից և որոշ ժամանակ սնվում տերևներով, կանաչ պտուղներով։ Ամռանը՝ բարձր ջերմաստիճանի տակ, քուն է մտնում մինչև հաջորդ գարուն։ Զարգացման ցիկլը տևում է մեկ տարի։ Նույն ձևով է ընթանում նաև տանձենու ծաղկակերների զարգացման ցիկլը։

Պայքարի միջոցները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետք է կատարել միջշարային տարածությունների աշնանավար, ջրել, ծառերի բները մաքրել կիսապոկված կեղևներից, սպիտակեցնել կրակաթով, գարնանը, բողբոջների բացման շրջանում, ծառերը թափ տալ հատուկ պոլիէթիլենային սավանների վրա և բզեզները ոչնչացնել, բողբոջների ուռելու փուլում ծառերը սրսկել 80%-անոց տեխնիկական քլորոֆոսի 0, 2%-անոց էմուլսիայով, կիրառել կոնտակտ փոշիներ։

Մորենու ծաղկակերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորենու ծաղկակերները տարածված են ամենուրեք։ Վնասում են մորենուն, ելակին, երբեմն՝ մոշին։ Բզեզը սև է՝ ծածկված գորշագույն մազիկներով, մարմնի երկարությունը՝ 2-3 մմ։ Զարգացման ցիկլը գրեթե նույնն է, ինչ խնձորենու կամ տանձենու ծաղկակերներինը։

Պայքարի միջոցները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշտը և այգին մաքրել թափված տերևների, ճյուղերի և այլ մնացորդներից։ Գարնանը, մորենու և ելակի աճման սկզբին, սրսկել 80%-անոց տեխնիկական քլորոֆոսի 0, 2%-անոց էմուլսիա։

Մյուս բույսերի (բալենու, կաղամբի և այլն) ծաղկակերներն իրենց զարգացման, բազմացման առանձնահատկություններով ու վնասակարությամբ գրեթե նման են նշվածներին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 110
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծաղկակերներ» հոդվածին։