Մայիսյան բզեզ
Մայիսյան բզեզ, թերթաբեղիկավորների ընտանիքի Melolontha սեռի բզեզների 2 տեսակի ընդունված անվանումը։ Երկարությունը 22-29 մմ է։ Մարմինը՝ սև, վերնաթևերը՝ կարմրագորշ, պատված խիտ, գորշ մազիկներով։ Բզեզի 2 տեսակի թրթուրները դեղնասպիտակավուն են (երկարությունը՝ մինչև 60 մմ) և համարյա չեն տարբերվում։ Արևելյան Մայիսյան բզեզը (Melolontha hippocastani) տարածված է Եվրոպայում և Ասիայում։ Արևմտյան Մայիսյան բզեզը (Melolontha melolontha) հանդիպում է միայն Եվրոպայում։
Մեծ վնաս է հասցնում պտղատու, հատապտղային և անտառային ծառերի ու թփերի մատղաշ տնկիներին, ինչպես նաև բանջարանոցային ու դաշտային կուլտուրաներին (զանգվածային թռիչքի տարիներին լրիվ ուտում են տերևները)։ Այս բզեզների թռիչքը սկսվում է մայիսին, հարավում՝ ապրիլի վերջին։ Թռիչքի սկզբից 10-20 օր հետո զուգավորվում են, ապա էգը հողում մի քանի անգամ ձվադրելուց (50-70 ձու ընդհանուր քանակով) հետո սատկում է։
Առավել վնասակար են թրթուրները, որոնք սկզբից սնվում են հումուսով և խոտաբույսերի, ապա՝ ծառերի արմատներով։ Հողում թրթուրի զարգացումը շարունակվում է 4-5 տարի։ Հատկապես տուժում են սոճու մատղաշ տնկիները։ Թրթուրներով վարակված տնկիները և սերմնաբույսերն արագ ոչնչանում են կամ դանդաղում է դրանց բնականոն զարգացումը։
Պայքարի միջոցներն են՝ առողջ և դիմացկուն տնկարկների աճեցումն ապահովող միջոցառումներ (մեկ կամ երկու տարվա ցել, ծառա և թփատեսակների ճիշտ ընտրություն ցանքա և տնկանյութի բարձրարժեք սորտերի օգտագործում), միջատասպաններով տնկարկների (բզեզի թռիչքի շրջանում), տնկումից առաջ տնկանյութի արմատների մշակում միջատասպան նյութերով և հողում թրթուրների ոչնչացում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 203)։ |