Լոլա Կուետո
Լոլա Կուետո | |
---|---|
Ի ծնե | իսպ.՝ María Dolores Velázquez Rivas |
Ծնվել է | մարտի 2, 1897[1][2] |
Ծննդավայր | Azcapotzalco, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Վախճանվել է | հունվարի 24, 1978[3] (80 տարեկան) |
Մահվան վայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մասնագիտություն | նկարչուհի, տիկնիկագործ, համալսարանի դասախոս և նկարիչ-փորագրող |
Ուսուցիչ | Կառլոս Ալվարադո |
Ամուսին | Խերման Կուետո |
Զավակներ | Միրեյա Կուետո |
Լոլա Կուետո (իսպ.՝ Lola Cueto, իսկական անունը՝ Մարիա Դոլորես Վելասկես Ռիվաս, իսպ.՝ María Dolores Velázquez Rivas, մարտի 2, 1897[1][2], Azcapotzalco, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - հունվարի 24, 1978[3], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի նկարիչ, փորագրիչ, դիզայներ, տիկնիկագործ և մանկավարժ։ Առավել հայտնի է մանկական թատրոնում իր աշխատանքով, որտեղ դեկորացիաներ է ստեղծել տիկնիկային ներկայացումների համար։ Նկարչուհու աշխատանքը կապված է նաև մեքսիկական արհեստների և ժողովրդական արվեստի հետ, նա ստեղծել է papel picado և մեքսիկական ավանդական ձեռագործ խաղալիքներ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոլա Կուետոն ծնվել է 1897 թվականի մարտի 2-ին, Մեխիկո քաղաքի Azcapotzalco մունիցիպալիտետում Մանուել Սեխուդոյի (Manuel Mateos Cejudo) և Անա Մարիա Ռիվասի (Ana María Rivas de Ricard) ընտանիքում[4]։ Հետագայում նա իր համար վերցրել է Վելասկես ազգանունը՝ իր մոր երրորդ ամուսնու՝ Խուան Վելասկեսի (Juan Velázquez) անունով։
Ընդունվել է Սան Կառլոս ակադեմիա, երբ ընդամենը տասներկու տարեկան է եղել՝ լինելով առաջին աղջիկ աշակերտուհիներից մեկը՝ խախտելով այն ժամանակվա կրթության մեջ կանանց համար սահմանված նորմերը։ Ընդգրկված է եղել այն ուսանողական խմբի կազմում, որտեղ սովորում են Խոսե Դավիդ Սիկեյրոսը և Անդրես Աուդիֆրեդը[5], ովքեր ապստամբել են ակադեմիայում դասավանդման ավանդական մեթոդների դեմ։ Ենթադրվում է, որ Կուետոն առաջին աշակերտուհիներից է, որին թույլատրվել է մասնակցելու մերկ բնորդուհիների դասերի։ Մեքսիկական հեղափոխությունը ընդհատել է նրա ուսումը, նա հետագայում շարունակել է ուսանել Escuela Nacional de Bellas Artes դպրոցում, այնուհետև Escuelade Pinturaal Aire Libre դպրոցում Santa Anita-ում, որը հայտնի է նաև որպես Escuelade Barbizón (ստեղծել և ղեկավարել է Ալֆրեդո Ռամոս Մարտինեսը)։
Ավարտելուց հետո նա սկսեց իր մանկավարժական կարիերան որպես նկարչության ուսուցչուհի բանվորական երեկոյան դպրոցում։ 1919 թվականի սեպտեմբերի 24-ին նա ամուսնացավ ավանգարդ քանդակագործ Խերման Կուետոյի հետ, իսկ 1924 թվականին նրանք բնակություն են հաստատել մասնավոր առանձնատանը՝ դառնալով Դիեգո Ռիվերայի և Գուադուլուպե Մարինի հարևանները։ Ամուսնու հետ ներգրավված են եղել գեղարվեստական և ինտելեկտուալ շրջանակներում, հիմնականում, այսպես կոչված, Մեխիկոյից էստրիդենտիստների, որոնց թվում են եղել Ռամոն Ալվա դե լա Կանալը, Ֆերմին Ռևուելտասը, Հերման Լիստ Արզուբիդը, Մանուել Մեյփլս Արսեն և Արկել Վելան։
1920 թվականի մայիսի 5-ին նրանք ունեցան դուստր՝ Անա Մարիա Կուետո Վելասկեսին (AnaMaríaCuetoVelázquez), իսկ 1922 թվականի փետրվարի 3-ին ծնվեց նրանց երկրորդ դուստրը՝ Միրեյա Կուետոն։
1927-1932 թվականներին ամուսինները բնակվում էին Եվրոպայում։ Սկզբում նրանք մեկնել են Սանտանդեր (Իսպանիա), ապա հաստատվել Փարիզում։ Նկարչուհի Մարիա Բլանշարի հետ մտերմությունը թույլ է տվել նրանց երկուսին էլ գեղարվեստականորեն զարգանալ, հենց նա էլ Հերմանին և Լոլային ծանոթացրել է Անգելինա Բելովայի հետ։ Այստեղ Լոլա Կուետոն նախ ծանոթացել է տիկնիկների ստեղծման ու ձևավորման ձեռագործ աշխատանքներին, մասնակցել է նաև գոբելենի ցուցահանդեսների Իսպանիայում, Ֆրանսիայում և Հոլանդիայում։ 1931 թվականին Լոլան և Հերմանը ծանոթացել են Հերման Արզուբիդեի հետ և միասին ստեղծում են տիկնիկային ծրագիր։ 1932 թվականին Մարիա Բլանշարի մահից հետո Կուետո Վելասկես ամուսինները որոշել են վերադառնալ Մեքսիկա։ 1923 թվականի հուլիսի 29-ին վերադառնալով հայրենիք՝ Լոլան սկսել է աշխատել որպես ուսուցիչ Ժողովրդական կրթության նախարարության տեխնիկական կրթության վարչությունում կանանց համար նախատեսված արվեստի և արհեստների արհեստանոցում։ Հեղափոխական գրողների և արվեստագետների լիգայի անդամ Անգելինա Բելովայի, Թեոդորո Մենդեսի, Էնրիկե Ասադի, Գրասիելա Ամադորի, Լեոպոլդո Մենդեսի, Ռոբերտո Լագոյի և Աբել Պլենի հետ միասին նրանք ստեղծել են առաջին տիկնիկային թատրոնը Մեքսիկայում[6], 1933 թվականին նրանք ունեցան իրենց առաջին տիկնիկային կերպարները՝ Comino, El gigante Melchor և ElRenacuajopaseador: 1934 թվականին Լոլա Կուետոն դարձել է թատրոնի անիմատոր Teatro Escolar-ի կերպարվեստի ամբիոնում։
1936 թվականին հայտնվել է Nahual ընկերությունը՝ Լոլա Կուետոյի, Ֆրանցիսկա Չավեսի, Ռոբերտո Լագոյի և Գիլերմո Լոպեսի գլխավորությամբ, որը մինչև 1966 թվականը Կոլորին խմբի հետ բեմադրել է անթիվ տիկնիկային ներկայացումներ։ Նույն թվականին Կուետոն նշանակվել է գոբելենի ուսուցիչ Colegiode La Paz Vizcaínas դպրոցում։ 1939-1942 թվականներին սովորել է փորագրություն և վիմագրություն Պլաստիկ արվեստի ազգային դպրոցում (Escuela Nacional de Artes Plásticas):
1940 թվականի հուլիսի 19-ին Լոլան բաժանվել է ամուսնուց և նույն թվականին ընդունվել Orden Rosacruz-AMORC միաբանություն, որտեղ մնացել է մինչև իր կյանքի վերջը։
1944 թվականին Լոլա Կուետոն Ռոբերտո Լագոյի հետ վարպետության դասեր է անցկացրել և դասավանդել Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում, Asociación Puppeters of America-ի հրավերով։ 1950-1961 թվականներին Mexico City Collage քոլեջում (այժմ՝ Ամերիկայի համալսարան) դասավանդել է փորագրություն։ Նրա աշակերտներից են եղել Առնոլդ Բելկինը և Խոսե Լուիս Կուևասը։
Լոլա Կուետոն մահացել է 1978 թվականի հունվարի 24-ին Մեխիկոյի իր սեփական տանը՝ մետաբոլիկ ացիդոզի և շաքարային դիաբետի հետևանքով։ Թաղված է Սան Անխել քաղաքի Էլ Կարմեն (այժմ՝ թանգարան) պատմական համալիրում։
Ստեղծագործական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոլա Կուետոն Մեքսիկայի եզակի կին նկարչուհիներից մեկն էր՝ Մարիա Իսկիերդոյի, Օլգա Կոստայի և Հելեն Էսկոբեդոյի հետ միասին, այն ժամանակ, երբ ոլորտում գերակշռել են տղամարդիկ։
Կուետոն լայնորեն հայտնի է մանկական տիկնիկային թատրոնում իր աշխատանքով, որտեղ նա ստեղծել է տիկնիկներ և թատերական դեկորացիաներ։ Համարվել է մանկապատանեկան թատրոնի համար տիկնիկների ստեղծման վարպետ և նորարար։ Իր կարիերայի ընթացքում ստեղծել է քանդակներ, գծանկարներ, ջրաներկ, յուղաներկով և գուաշով նկարներ, գոբելեններ, տպագրություններ, ակվատինտներ։ Նրա վաղ շրջանի նկարները հիմնականում իմպրեսիոնիստական բնապատկերներ են։ Նրա ավելի ուշ շրջանի աշխատանքները կենտրոնացած էին մեքսիկական արհեստագործական և ժողովրդական արվեստի վրա՝ թե՛ գեղանկարչության, թե՛ ձեռագործ աշխատանքների ոլորտում։ Նրա նշանավոր ստեղծագործությունները ներառում են գոբելեններ և այլ աշխատանքներ կտորների վրա։ Դրանց որոշ մասը ոգեշնչվել են Շարտրի և Բուրժի գոթական տաճարների վիտրաժներով, ինչի արդյունքում նկարիչը ստեղծել է կրոնական թեմաներով մի քանի գոբելեններ։
Կուետոն իր կենդանության օրոք շատ ցուցահանդեսներ չի ունեցել, ինչը նկատել են քննադատները։ Կուետոյի մահից անմիջապես հետո Մեքսիկական Պլաստիկի սրահում կազմակերպվել է նրա աշխատանքների ցուցահանդեսը։ Երեսուն տարի անց՝ 2009 թվականին, տեղի է ունեցել Կուետոյի աշխատանքի հետահայաց ցուցադրությունը՝ կազմակերպված Գեղարվեստի և գրականության ազգային ինստիտուտի կողմից։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Oscar Cid de León (2009). «Hacen justicia a Lola Cueto». Reforma (México, D. F.). p. 18.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/237895
- ↑ 2,0 2,1 Lola de Cueto (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
- ↑ Tesoros del Registro Civil Salón de la Plástica Mexicana. — Mexico: Government of Mexico City and CONACULTA, 2012. — С. 62.
- ↑ Andres C. Audiffred
- ↑ De títeres y titiriteros − Así lo relató Arqueles Vela
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lola Cueto
- Lola Cueto, 1897—1978
- «Trascendencia mágica (1897—1978)», de Lola Cueto Արխիվացված 2019-09-03 Wayback Machine
|
- Մարտի 2 ծնունդներ
- 1897 ծնունդներ
- Մեխիկո քաղաքում ծնվածներ
- Հունվարի 24 մահեր
- 1978 մահեր
- Մեխիկո քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Մեքսիկացի գրաֆիկներ
- Մեքսիկացի նկարչուհիներ
- Կին արվեստագետներ
- Մեքսիկացի կին արվեստագետներ
- Մեքսիկացի ուսուցիչներ
- Մեքսիկացի դիզայներներ
- Մեքսիկացի փորագրիչներ