Մարիա Բլանշար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Բլանշար
Ի ծնեիսպ.՝ María Eustaquia Adriana Gutiérrez-Cueto Blanchard
ԿեղծանունMaría Blancardette
Ծնվել էմարտի 6, 1881(1881-03-06)[1][2][3][…]
ԾննդավայրՍանտանդեր, Իսպանիա[4]
Վախճանվել էապրիլի 5, 1932(1932-04-05)[1][2][3][…] (51 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Իսպանիա[5]
ԿրթությունՎիտտի ակադեմիա[6]
Մասնագիտություննկարչուհի
Ոճկուբիզմ[7]
ՈւսուցիչԷմիլիո Սալա[6], Ֆերնանդո Ալվարես դե Սոտոմայոր[6], Էրմենեհիլդո Անգլադա Կամարասա[6], Մարիա Վասիլիևա և Կեես վան Դոնգեն
ԱզգականներԽերման Կուետո, Concha Espina?, Antonio Quirós? և Matilde de la Torre?
 María Blanchard Վիքիպահեստում

Մարիա Բլանշար (իսպ.՝ María Gutierrez Cueto y Blanchard, մարտի 6, 1881(1881-03-06)[1][2][3][…], Սանտանդեր, Իսպանիա[4] - ապրիլի 5, 1932(1932-04-05)[1][2][3][…], Փարիզ), փարիզյան դպրոցի իսպանացի և ֆրանսիացի նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Բլանշարը ծնվել է 1881 թվականին, Իսպանիայի Սանտանդեր քաղաքում, լիբերալ լրագրողների և արվեստի սիրահարների ապահովված ընտանիքում։ Նա Էնրիկե Գուտերրես Կուետոյի և Կոնսեպսիոն Բլանշար Սանտ Էստեբանի դուստրն էր, մեքսիկացի նկարիչ Էրման Կուետոյի զարմուհին։

Մարիան ծննդյան օրից տառապում էր կիֆոսկոլիոզից և ազդրերի բնածին հոդախախտից, կարճահասակ էր և կաղում էր, այդ իսկ պատճառով նրան դպրոցում հալածում էին և անվանում «վհուկ»[8]։ Նկարչին մանկուց ուղեկցող տառապանքն ու ցավը, իրենց արտահայտությունն են գտել նրա բազմաթիվ ստեղծագործությունների թեմաներում։ Նկարչությունը Մարիա Բլանշարի համար դարձավ իր զգացմունքները արտահայտելու միջոց, և նրա հայրը, խրախուսելով դստեր կերպարվեստի հանդեպ ունեցած հակումները, մեծ ազդեցություն ունեցավ աղջկա հետագա ճակատագրի վրա։

1903 թվականին Մարիա Բլանշարը մեկնում է Մադրիդ՝ Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայում սովորելու համար։ Նրա ուսուցիչներն էին այնպիսի հանրաճանաչ իսպանացի նկարիչներ, ինչպիսիք են Էմիլիո Սալան, Ֆերնանդո Ալվարես դե Սոտոմայորը և Մանուել Բենեդիտո Վիվեսը։ Էմիլիո Սալայի ղեկավարությամբ Մարիա Բլանշարը սովորեց իր վաղ շրջանի կոմպոզիցիաներին բնորոշ «ճշգրտությունը» և «գույների առատ օգտագործումը»[8]։

1908 թվականին Գեղարվեստի ազգային ցուցահանդեսում գրավելով երրորդ տեղը «Primeros pasos» (Առաջին քայլեր) աշխատանքի համար` Մարիա Բլանշարը Սանտանդերի քաղաքային խորհրդից ստացավ կրթաթոշակ, Ֆրանսիայում ուսումը շարունակելու համար[9]։

1909 թվականին Բլանշարը գալիս է Փարիզ և ընդունվում Վիտտի ակադեմիա։ Նա շարունակում է իր գեղարվեստական կրթությունը Էրմենեհիլդո Անգլադա Կամարասաի և Կես վան Դոնգենի ղեկավարությամբ, որոնք նրա աշխատանքներն ուղղում են դեպի գունավորում և արտահայտչականություն, ետևում թողնելով ակադեմիական նկարչության սահմանափակումները։

Ակադեմիայում նա դառնում է ռուս երիտասարդ նկարիչ Անգելինա Բելովայի մտերիմ ընկերուհին։ 1909 թվականի ամռանը աղջիկները մեկնում են Լոնդոն և Բելգիա, որտեղ ծանոթանում են նկարիչ Դիեգո Ռիվերայի հետ։ 1912 թվականից Մոնպառնաս շրջանում բնակություն հաստատելուց հետո Մարիա Բլանշարը տունը և արվեստանոցը կիսում է ամուսնացած Անգելինայի և Ռիվերայի հետ։ Այդ ժամանակ էլ Մարիան մտնում է կուբիստական ավանգարդի շրջապատ, 1916 թվականին նա նկարում է իր առաջին կուբիստական կոմպոզիցիաները։ Նկարչի վրա հատկապես ազդեցություն էին թողել Խուան Գրիսի և Ժակ Լիպշիցի ստեղծագործությունները։

1914 թվականին՝ Առաջին աշխարհամարտի սկսվելուց հետո, Մարիա Բլանշարը Փարիզից վերադարձավ Մադրիդ։ Մոր տանը գտնվող իր աշխատասենյակը նա կիսում է Փարիզում ծանոթացած մի քանի նկարիչների հետ։

1915 թվականին Բլանշարի գործերը ցուցադրվեցին Կայե դել Կարմեն փողոցում գտնվող ժամանակակից արվեստի սրահում Ռամոն Գոմես դե լա Սերնայի կողմից կազմակերպած «Կենդանի նկարիչները անձեռնամխելի վիճակում» ցուցահանդեսում։ Ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին նաև Դիեգո Ռիվերան, Ագուստին Չոկոն և Լուիս Բագարիան, հարուցեց հասարակության և քննադատների չափազանց բացասական արձագանքը[10]։

1918 թվականին՝ պատերազմն ավարտվելուց հետո, Մարիա Բլանշարը վերադարձավ Փարիզ, որտեղ նա անցկացրեց իր կյանքի մնացած մասը։ Նկարիչը վերջապես միացավ կուբիստական շարժմանը, ընդունելով կուբիստական ազդեցությունը։ Նրա վաղ շրջանի նկարները, ինչպիսիք են «Հովհարով կինը», արտահայտում են հարթ, փոխկապակցված ձևեր։ Տարիների ընթացքում նրա յուրահատուկ ոճը դարձել է ավելի արտահայտիչ, վառ գույներով և մելամաղձոտ թեմաներով։ Բլանշարի գործերը առանձնանում են ուժեղ հուզական արտահայտչականությամբ[11]։

1920 թվականին Ֆրանսիայում և Բելգիայում անցկացված ցուցահանդեսներից և 1921 թվականին Նյու Յորքի Անկախ նկարիչների միության ցուցահանդեսից հետո Բլանշարի աշխատանքների պահանջարկը կտրուկ աճում է։ Նկարիչը համաձայնում է համագործակցել արվեստի խոշոր դիլերների հետ, բայց տնտեսական իրավիճակի հետզհետե վատթարանալու պատճառով շատ կոլեկցիոներներ դադարեցնում են ներդրումներ կատարել ժամանակակից արվեստում[12]։

1927 թվականին մահանում է նկարչի ընկեր Խուան Գրիսը և Բլանշարի մոտ ուժեղ դեպրեսիա է սկսվում։ Նկարչի քույրը՝ Կարմենը երեխաների հետ գալիս է Փարիզ ապրելու և նրա միայնությունը մեղմելու, բայց վատթարանում է նրա ֆինանսական վիճակը։ Առողջության վատթարացման ֆոնին Բլանշարը դիմում է կրոնին և որոշում եկեղեցի գնալ, բայց նրա այդ մտահղացումը չիրականացավ։ Նկարիչը շարունակում էր նկարել՝ իր քրոջն ու հարազատներին աջակցելու համար։

Հետագա տարիներին նրա առողջությունն աստիճանաբար վատթարանում է։ Նկարչի մոտ տուբերկուլյոզ է սկսվում, որի պատճառով նա այլևս չի կարողանում նկարել։ 1932 թվականի ապրիլի 5-ին` 51 տարեկան հասակում, Մարիա Բլանշարը մահանում է։ Նրան թաղում են Փարիզի արվարձանում՝ Բանյո գերեզմանատանը։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Բլանշարին են նվիրված Ռամոն Գոմես դե լա Սերնայի, Ֆեդերիկա Գարսիա Լորկայի էսսեները և Պոլ Կլոդելի բանաստեղծությունները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Maria BlanchardOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119287145 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://datos.gob.es/es/catalogo/e00123904-autores-espanoles-en-dominio-publico-fallecidos-desde-1900
  6. 6,0 6,1 6,2 6,3 Կատալոներեն Վիքիպեդիա (կատ.) — 2001.
  7. RKDartists (նիդերլ.)
  8. 8,0 8,1 «Spanish Painters: María Blanchard (1881–1932) ww» (անգլերեն).
  9. «María Blanchard. Painting. Biography and works at Spain is culture» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  10. López Sobrado, Esther. «María Gutiérrez-Cueto Blanchard». Diccionario biográfico España (իսպաներեն). Real Academia de la Historia.
  11. «María Blanchard-Cubismo/Cubist» (անգլերեն).
  12. Historical Avant-Garde, Modern Art Artist · Leandro Navarro. «María Blanchard · Biography» (անգլերեն).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • George W. Maria Blanchard. — Brux.: Quatre Chemins, 1927.
  • Rivière I. Maria Blanchard. — P.: R.-A. Corrêa, 1934.
  • Bonet J. M. Maria Blanchard. — Madrid: Galeria Biosca, 1976.
  • Caffin Madaule L. Catalogue raisonné des oeuvres de Maria Blanchard. 3 vols. — L.: Liliane Caffin Madaule, 1992—2007.
  • Ros X. de. Primitivismo y modernismo: el legado de María Blanchard. — Oxf.; N. Y.: Peter Lang, 2007.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Բլանշար» հոդվածին։